|05.12.2008| ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

08/12/2008

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության օպերատիվ ծառայության կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկություններ իրացնելիս պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՙՍևան՚ քրեակատարողական հիմնարկի սոցիալ–հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Ազիզյանը պատրաստվում է նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին փոխանցել թմրանյութ: Քրեակատարողական վարչության օպերատիվ ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ դեկտեմբերի 5-ին ժամը 09:00-ի սահմաններում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում Արտակ Ազիզյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է թմրանյութանման զանգված: Արտակ Ազիզյանը ձերբակալվել է: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հավաստիացնում է, որ հետևողականորեն շարունակելու է իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները` համակարգում ցանկացած իրավախախտում հայտնաբերելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում 2008 թվականի ընթացքում կարգապահական պատասխանատվության են ենթարկվել թվով 128 քրեակատարողական ծառայող: Նրանցից 74-ի նկատմամբ կիրառվել է նկատողություն, 44-ի նկատմամբ` խիստ նկատողություն և 10-ի նկատմամբ` պաշտոնի իջեցում` կարգապահական տույժեր: Հաշվետու ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտի արգելված իր` այդ թվում դանակ, գումար, բջջային հեռախոս, թմրանյութ, ինչպես նաև ոչ սթափ վիճակում ծառայության ներկայանալու, քրեակատարողական ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսևորելու, ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու համար քրեակատարողական ծառայությունից ազատվել են թվով 9 անձ: Համակարգում դադարեցվել են թվով 4 քրեակատարողական ծառայողի լիազորությունները` բնակելի գոտի թմրանյութ տեղափոխելու, քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնական լիազորություններն անցնելը), քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթուղթ` դիպլոմ օգտագործելը) նախատեսված արարքների առթիվ հարուցված քրեական գործերի կապակցությամբ: