|23.02.2009|ՆԱԽԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՊԵՏԻՆ

23/02/2009

Այսօր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ներկայացրեց այդ ծառայության նորանշանակ ղեկավար Աշոտ Գիզիրյանին: Նախարարի դիտարկմամբ քրեակատարողական ծառայության նկատմամբ պահանջները մնում են նույնը, ավելին, հաշվի առնելով Հանրապետության Նախագահի հանձնարարականները, հարկ է դրանց շրջանակն էլ ավելի ընդլայնել և առանցքային համարել ինչպես կալանավորների և դատապարտյալների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը, այնպես էլ նրանց ըստ ամենայնի պատրաստումը` հասարակության ինտեգրմանը: Ըստ նախարաի, պետք է ուղենիշ ընդունել յուրաքանչյուր դատապարտյալին հասարակություն վերադարձնելու այնպիսի գործունեություն, որը կբացառի վերջինիս կողմից հանցավոր հակումները, կբարձրացնի ազատության մեջ գտնվելու ողջ ընթացքում նրա նկատմամբ մարդկանց վստահությունը: Նախարարի կողմից շեշտվեց այն, որ չպետք է խորշել համակարգի ներսում առկա հիմնախնդիրների մասին բացահայտ քննարկումներից ու լուծումներից, համակարգում միայն անձնական շահ հետապնդող ու տարաբնույթ այլ չարաշահումներ թույլ տվող ծառայողներին մերկացնելուց ու պատասխանատվության ենթարկելուց.«Թույլատրելի չեմ համարում որևէ ծայրահեղություն, այսինքն` պաշտպանելու եմ համակարգը և համակարգի ծառայողներին մերկապարանոց ու սոսկ քաղաքական շահարկումներով պայմանավորված զանազան միջամտության փորձերից և, միաժամանակ, անհանդուրժող եմ լինելու հիրավի իրավախախտների նկատմամբ»: Նորանշանակ պետից նախարարն ակնկալում է զուսպ ու հետևողական աշխատանք, կադրային կշռադատված քաղաքականություն, անընդունելի ավանդույթներն արմատախիլ անելուն ուղղված ջանքերի ներդրում և օրինականության ամրապնդում: Իսկ այդ պահանջների իրագործումը հնարավոր համարվեց, եթե դրանց նկատմամբ ցուցաբերվի համակարգային մոտեցում, եթե դրանք համարվեն նաև յուրաքանչյուր ծառայողի պարտականությունները: