|19.09.2007|«Աքսա»-ի գործով դեռևս շարունակվում է ավանդատուների ժառանգների դիմումների ընդունումը

19/09/2007


«Աքսա» ապահովագրական ընկերության գործով ՀՀ արդարադատության նախարարությունում դեռևս շարունակվում է ավանդատուների ժառանգների դիմումների ընդունման գործընթացը: ՉԻ նվազել ինչպես քաղաքացիների ակտիվ հոսքը նախարարություն, այնպես էլ հնչող բազմաթիվ հեռախոսազանգերը` գործընթացի պարզաբանման հարցերի շուրջ: Այս կապակցությամբ տեղեկություններ է հաղորդում ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Թամարա Շաքարյանը: Ըստ խորհրդականի, դիմում կարող են ներկայացնել բոլոր այն անձինք, որոնց նախնիների անուն-ազգանունները ներաոված են «Աքսա» ընկերության կողմից ներկայացված ցանկում, որը տեղադրված է նաև նախարարության պաշտոնական կայքէջում ([link=http://moj.am/am/download.php?list.25]www.moj.am[/link]): Ընդ որում հիշյալ ցանկում ներառված տեղեկությունները սպառիչ են, և արդարադատության նախարարությանը որևէ այլ նոր տեղեկություն «Աքսա» ապահովագրական ընկերության կողմից չի տրամադրվել (ցանկում հիմնականում բացակայում են ավանդատուների անուններն ու հայրանունները, ինչպես նաև ներդրած ավանդի չափը) Դիմումները կարող են ուղարկվել ինչպես անհատական նախաձեռնությամբ, այնպես էլ արդարադատության նախարարության միջոցով, որն անհրաժեշտ իրավական և տեխնիկական օգնություն է ցույց տալիս քաղաքացիներին դիմումներ կազմելու և ուղարկելու, իսկ փաստաթղթերի անբավարարության դեպքում` նաև անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Ընդ որում նշենք, որ դիմողը ավանդատուի հետ իր ազգակցական կապը հիմնավորելու համար պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերի [b]պատճենները[/b]` անձնագիր, ծննդյան, մահվան, ամուսնության վկայական, զինվորական և աշխատանքային գրքույկներ, արխիվային տեղեկանքներ, տոհմածառ, նամակներ, լուսանկարներ, շիրմաքարի կամ այլ նկարներ, թերթերից և գրքերից նյութեր, հոդվածներ, ինչպես նաև ազգակցական կապ հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ: Ցանկին ծանոթանալու, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու, դիմումներ կազմելու և դրան կից անհրաժեշտ փաստաթղթեր ուղարկելու ողջ գործընթացը արդարադատության նախարարությունը իրականացնում է [b][u]անվճար:[/u][/b] Միաժամանակ տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարարությունը արդեն քաղաքացիներից ստացել է շուրջ 1000 դիմում, որից 30 դիմում արդեն ուղարկվել է, իսկ 120 դիմում արդեն պատրաստ է և մոտ օրերս կուղարկվի: Հիշեցնենք նաև, որ արդարադատության նախարարությունում դեռևս շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը