ՆԱԽԱՐԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
22/06/2009
[b]Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ [/b] Ձեր քննարկմանն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը` համաներում հայտարարելու վերաբերյալ: Հիշյալ առաջարկությամբ ամրագրված պայմանները համահունչ են առ այսօր հայտարարված համաներումների` արդեն ավանդաբար ամրագրված հիմնադրույթներին ու մոտեցումներին: Միաժամանակ, այն, պայմանավորված ներկա քաղաքական իրավիճակով, ներառում է մի շարք էական նորամուծություններ և լուծումներ: Առաջարկությամբ Ձեր քննարկմանը ներկայացվող պայմանները շահեկանորեն տարբերվում են նաև այն իմաստով, որ առաջադրում են առավել հստակ լուծումներ: Մինչ այս պահը, անկախության ձեռք բերման իրավաքաղաքական հիմքով մեր երկրում հայտարարվել է 6 համաներում, որոնցից 5-ը` Ազգային ժողովի որոշման տեսքով: Դրանք են` 1) 1992թ. հոկտեմբերի 5-ին` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, 2) 1995թ. սեպտեմբերի 26-ին` «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, 3) 1997թ. ապրիլի 29-ին (ուժի մեջ է մտել մայիսի 8-ին)` «Համաներում հայտարարելու մասին» որոշումը, 4) 1998թ. սեպտեմբերի 15-ին (ուժի մեջ է մտել սեպտեմբերի 21-ին)` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, 5) 2001թ. հունիսի 12-ին (ուժի մեջ է մտել հունիսի 18-ին)` «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը, 6) 2006թ. հուլիսի 7-ին (ուժի մեջ է մտել հուլիսի 8-ին)` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշումը: Ավանդաբար` սկսած 1995թ. սեպտեմբերի 26-ին հայտարարած համաներումից, համաներման ակտը ներառում է մի քանի պայմաններ` ա) նախ, ազատ են արձակվում մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, բ) ազատ են արձակվում մինչև 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված որոշ կատեգորիայի անձինք: Մասնավորապես, 1995թ. և 1997թ. համաներման ակտերով այդ կատեգորիայի մեջ ներառվել են 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները, մինչև 18 տարեկան հասակում հանցագործություն կատարողները, կանայք և 60 տարին լրացած տղամարդիկ: Հետագա համաներման ակտերով այդ ցանկը համալրվել է Հայրենական պատերազմի մասնակիցներով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտերին մասնակցած անձանցով, ինչպես նաև այդ անձանց մերձավոր ազգականներով: Ի դեպ, վերջին հավելումը իր արտացոլումն է գտել նաև Ձեր քննարկմանը ներկայացվող առաջարկությունում, գ) որոշ կատեգորիայի անձանց նկատմամբ նշանակված պատիժն է կրճատվել, դ) սահմանվել են համաներում չկիրառելու հիմքերն ու կոնկրետ հոդվածները, ե) որոշվել են համաներում կիրառող մարմինները և կիրառման կանոնակարգմանն առնչվող այլ հարցերը` կիրառման ժամկետները, լրացուցիչ պայմանները և այլն: Ներկայացված առաջարկությունը վերը նշված մոտեցումներն ընդհանուր առմամբ պահպանել է: Նախ, 1-ին կետով առաջարկվում է պատժից ազատել առավելագույնը 3 տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց (այս կետով պատժից կազատվի շուրջ 280 մարդ), այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է (այս կետը կվերաբերի 985 դատապարտվածների) և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց (այս կետը կվերաբերի 445 դատապարտվածի): 2-րդ կետով պատժից կազատվեն առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված որոշ կատեգորայի անձինք: Մասնավորապես, այս կետը բաղկացած է 6 ենթակետից, որոնք համապատասխանաբար ներառում են 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամներին, 60 տարին լրացած անձանց, հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, ովքեր նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել, Հայրենական պատերազմի և Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին և բռնադատվածներին, եթե նախկինում կատարված դիտավորյալ հանցագործության համար պատիժ չեն կրել կամ դատվածությունը մարել է, հիշյալ զոհված անձանց ամուսնուն, զավակին, ծնողներին, 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց: 3-րդ կետը տարածվում է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված այն անձանց վրա, որոնք կրել են պատժի որոշ մասը: Մասնավորապես, առավելագույնը 5 տարի ժամկետով դատապարտված այն անձանց վրա, որոնք կրել են պատժաչափի 1/3-ը (կտարածվի 21 անձի վրա), իսկ առավելագույնը 10 տարի ժամկետով դատապարտված այն անձանց վրա, որոնք կրել են պատժաչափի կեսը: 4-րդ կետը համահունչ է նախորդ 3-րդ կետին, այն տարբերությամբ, որ վերաբերում է անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց: Այս դեպքում, բնականաբար, մոտեցումները համեմատաբար մեղմ են. մասնավորապես, առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք անվերապահորեն ազատվում են, իսկ առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք ազատվում են, եթե կրել են պատժի 1/3-ը: 5-րդ կետը կանոնակարգում է դեռևս մինչդատական կամ դատական վարույթում գտնվող գործերի կամ նյութերի քննության կարգը: Մասնավորապես, այն մոտեցումն է ամրագրված, որ, եթե արդեն մինչդատական վարույթում ակնհայտ է, որ համաներման կիրառման դեպքում անձը պետք է ազատվի պատժից, ապա քրեական գործի վարույթը կարճվում է: Միաժամանակ, կանխորոշված են համապատասխան որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող մարմինները. մինչդատական փուլում այդպիսիք են հետաքննության և նախաքննության մարմինները, իսկ դատաքննության փուլում` գործը քննող դատարանը: 6-րդ կետը վերաբերում է պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վերահսկողությունը դադարեցնելուն: Մասնավորապես, այս կանոնը վերաբերում է այն անձանց, որոնք, եթե պայմանական վաղաժամկետ չազատվեին, ապա պատժից կազատվեին համաներման հիմքով: Թերևս, այս հիմքն է նկատի ունեցվել առաջարկության 17-րդ կետում պայմանական վաղաժամկետ ազատված անձանց ներառելիս, այսինքն` այս անձանց վրա ևս վերահսկողությունը դադարեցնելու կտրվածքով տարածվում է համաներումը: 7-րդ կետը ամրագրում է համաներման մասնակի կիրառման իրավական հիմքեր, որոնց դեպքում պատժաչափը մասնակիորեն է կրճատվում: Այս կետի ձևակերպումը շահեկանորեն տարբերվում է նախորդ համաներման ակտերից այն իմաստով, որ նշանակություն չի տրվում դատական ակտը կայացնելու ժամկետին, այսինքն` իրավական ոչ մի նշանակություն չունի այն կայացվել է մինչև համաներման որոշումն ուժի մեջ մտնելը, թե` դրանից հետո: Սա նշանակում է, որ համաներման ակտը այս ձևակերպմամբ կտարածվի նաև հետագայում կայացվելիք դատական ակտերի պարագայում ևս, եթե, իհարկե, խոսքը վերաբերի այն հոդվածներին ու պայմաններին, որոնք չեն բացառում համաներման կիրառումը: Պատժաչափը կրճատելու 3 հիմքեր են առաջարկվում: «Ա» ենթակետի համաձայն, պատժաչափը 2/3-րդով կրճատվում է անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ: Նկատի ունեցեք, 4-րդ կետի համադրմամբ, սա վերաբերում է այն դեպքին, երբ անձը դատապարտվել է 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկման և դեռևս չի կրել պատժաչափի 1/3-ը, հակառակ դեպքում, անձը լրիվ կազատվեր: «Բ» ենթակետը համահունչ է առաջարկության 2-րդ կետին, այսինքն` այս ենթակետը վերաբերում է սոցիալական պայմաններից բխող արտոնություններ ունեցող անձանց` հաշմանդամներ, 60 տարին լրացած անձինք, Հայաստանի պաշտպանության համար մղված մարտերի մասնակիցներ և այլն: Այս անձանց դեպքում պատժաչափը կրճատվում է կիսով չափ: Այս ենթակետը, բնականաբար, վերաբերում է այն դեպքերին, երբ անձը դատապարտվել է ազատազրկման 5 տարուց ավել ժամկետով, քանի որ հակառակ դեպքում առաջարկության 2-րդ կետի համաձայն, նրանք կազատվեին պատիժը կրելուց: «Գ» ենթակետը, համընդհանուր բնույթ ունի և վերաբերում է բոլոր այն անձանց, որոնք դատապարտվել են առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման` մասնավորապես պատժաչափը կրճատվում է 1/3-ով: (Ազտավելու է 28 մարդ): 8-րդ կետը վերաբերում է համաներումը չկիրառելու պայմաններին ու կոնկրետ այն հոդվածներին, որոնց վրա համաներումը չի տարածվում: «Ա» ենթակետի համաձայն, համաներում չի կիրառվում կիրառելու օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտողների նկատմամբ: Տվյալ դեպքում հարկ է նկատել, որ «չարամիտ խախտումների» բնորոշումը տրված է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածով. «Ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի երկու կամ ավելի խախտումները, եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի»: «Բ» ենթակետի համաձայն համաներում չի կիրառվում այն անձանց նկատմամբ, որոնք նախկինում համաներման հիմքով ազատվել են, կամ քրեական գործերը կարճվել են և կրկին կատարել են դիտավորյալ հանցագործություն, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածության մարումից հետո անցել է 10 տարի: «Գ» ենթակետը վերաբերում է համաներման կիրառման օրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկում դիտավորյալ հանցագործություն կատարած անձանց: «Դ» ենթակետը վերաբերում է հետախուզվողներին: Տվյալ դեպքում լրացուցիչ պայմանն այն է, որ հետախուզվողների վրա տարածվում է, եթե վերջիններս ներկայացել են իրավապահ մարմիններ կամ դատարան, մինչև` հուլիսի 31-ը: «Ե» ենթակետի համաձայն համաներում չի կիրառվում հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում: Այս ինստիտուտի բնորոշումը տրված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով: Մասնավորապես, հանցագործությունների ռեցիդիվը համարվում է առանձնապես վտանգավոր, եթե` ա) անձը դատապարտվել է ազատազրկման` դիտավորյալ հանցագործության համար և նախկինում 3 անգամից ոչ պակաս դատապարտվել է ցանկացած հաջորդականությամբ միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, բ) ծանր հանցագործության համար դատապարտվել է ազատազրկման և նախկինում 2 անգամ ազատազրկման է դատապարտվել ծանր, կամ առանձնապես ծանր հանցագործության համար, գ) առանձնապես ծանր հանցագործություն կատարելու դեպքում, եթե անձը նախկինում դատապարտվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար: «Զ» ենթակետը վերաբերում է տուժողին պատճառված վնասի հատուցմանը, որը պայման է համաներումը կիրառելու համար: «Է» ենթակետով թվարկված են թվով 134 հոդվածներ, որոնցով նախատեսված հանցագործությունները կատարած կամ դատապարտված անձանց վրա համաներում չի տարածվում: «Ը» ենթակետի համաձայն, մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում չի տարածվում, եթե դրանցից թեկուզ մեկի համար համաներում չի նախատեսվում: «Թ» ենթակետի համաձայն, համաներում չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր պատժից պայմանական վաղակետ ազատվել են, սակայն կրկին դատապարտվել են պատժի չկրած ժամակահատվածում դիտավորությամբ կատարված հանցագործության համար: Եվ, վերջապես, «ժ» ենթակետի համաձայն, համաներում չի կիրառվում նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու ու փորձաշրջանի ընթացքում դիտավորությամբ կատարված հանցագործության համար: 9-11-րդ կետերը կանոնակարգում են դատավճռով նշանակված լրացուցիչ պատիժների կիրառմանը, ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց, այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված անձանց առնչվող հարաբերությունները: 12-13-րդ կետերով կանխորոշված են համաներումը կիրառելու համար պատասխանատու մարմինները, ինչպես նաև դատախազության հսկողական լիազորությունները: Ըստ 14-րդ կետի համաներումը տարածվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2009թ. հունիսի 1-ը: Համաներման ակտով դատվածության հարցերի լուծում նախատեսված չէ, այն 16-րդ կետի համաձայն, իրականացվում է գործող օրենսդրությանը համապատասխան:
