|05.09.2009|«ԱՔՍԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

05/09/2009

Դեռևս 2007 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում սկսվել էր ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով դիմումների ընդունման գործընթացը: Արդարադատության նախարարության առաքելությունն արդեն իսկ ավարտվել է. այն կայանում էր միայն իրավաբանական խորհրդատվության, հայցերի նախապատրաստման և հետևյալ հասցեով` Kurkjian and Ouzounian v. AXA Settlement Administrator AXA Settlement Claim fund 900 Wilshire Blvd., Suite 614 Los Angeles, CA 90017, ուղարկելու մեջ: Սահմանված ժամկետում Արդարադատության նախարարություն ներկայացված բոլոր հայցադիմումները ուղարկվել են կարգավորող հանձնաժողովին մինչև 2008 թվականի հունվարի 7-ը: Քաղաքացիների անհանգստությունը, իհարկե, հասկանալի է, սակայն հետագա գործընթացի, այսինքն` հայցերի բավարարման կամ մերժման և գումարների փոխհատուցման հետ կապված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը որևէ պարտավորություն չունի: Ուղարկված դիմումները դատարանի որոշմամբ ուսումնասիրելու են երեք ֆրանսահայերից կազմված խորհուրդը` Հ.Զոբոյանը, Զ.Գաբրիելյանը, Ս. Շնորոքյանը, իսկ ժառանգորդ ճանաչվելու կամ չճանաչվելու փաստը հաստատվելու է միմիայն դատարանի վճռով: «ԱՔՍԱ»-ի կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն պարոն Բ. Գարթալյանը հայտնում է իր ներողամտությունը ժամկետների երկարաձգման հետ կապված և նշում, որ դատական գործընթացի ավարտվելուն պես, որը, ըստ նրա կավարտվի մինչև այս տարվա վերջ, նրանք անմիջական նամակագրական կապ կհաստատեն դիմումատուների հետ առանց Արդարադատության նախարարության միջնորդության և գիտության: Այդ նամակով նրանք կտեղեկացվեն իրենց հայցի բավարարման կամ մերժման մասին, ինչպես նաև ապահովագրական գումարի չափի մասին: Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է 7100 ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների և դատական ծախսերի համար: Ի դեպ հայտնենք նաև, որ Միացյալ նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել Օսմանյան կայսրությունում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգորդներին կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը, չի տարածվում «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով սկսված գործընթացի վրա: