|22.10.2009| ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

22/10/2009

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում ս.թ. հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն` քրեակատարողական հիմնարկների պետերի և վարչության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին նախորդ ինն ամիսներին ծառայությունում կատարված աշխատանքները, համակարգի ձեռքբերումներն ու բացթողումները: Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքներից կարևորվեց օպերատիվ ծառայության դերը, որի շնորհիվ հայտնաբերվում և կանխվում են կալանավորված և դատապարտված անձանց կողմից կատարված հանցագործությունները ինչպես քրեակատարողական հիմնարկներում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներից դուրս: Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է նման ապօրինի արարքների, այդ թվում արգելված առարկաներ և թմրամիջոցներ փոխանցելու փորձերի հայտնաբերման, կանխման և բացահայտման նշանակալի աճ, ինչը վկայում է ծառայության պրոֆեսիոնալ աշխատանքի մասին: Այսպես, 2009թ. ինն ամիսների ընթացքում Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներում բացահայտվել է թվով 57 հանցագործություն` նախորդ տարվա 31-ի փոխարեն: Հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ քրեակատարողական հիմնարկներից դուրս բացահայտված հանցագործությունները կազմում են 33, նախորդ տարվա 11-ի փոխարեն: Խուզարկությունների և օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների արդյունքում ծառայությունը հայտնաբերել և առգրավվել է թվով 4528 արգելված իր, որը նախորդ տարում եղել է 3035: Կրկնակի ավելացել է թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների բացահայտման դեպքերը: Ավելացել է նաև ծառայողների կողմից թույլ տրված հանցավոր արարքների բացահայտումների քանակը, որը հաշվետու ժամանակահատվածում հասել է 7-ի, նախորդ տարվա 4-ի փոխարեն: Խորհրդակցության ընթացքում ուշադրության արժանացավ կադրերի հետ տարվող աշխատանքների կարևորությունը, քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման կատարելագործմանն ուղղված քայլերը և արդեն իսկ կատարված որոշ աշխատանքներ «Վարդաշեն» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում: «Սևան» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են ժամանակակից ինժեներատեխնիկական հակափախուստային միջոց հանդիսացող «փշալարեր», իսկ մյուս հիմնարկներում արդիական «փշալարերը» կտեղադրվեն մինչև տարեվերջ: Օրենսդրական դաշտում բարեփոխումներ և լրացումներ կատարելու նպատակով մշակվել և հաստատման է ներկայացվել «Անվտանգության և պահպանության ապահովման բաժինների» կանոնակարգի նախագիծը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը տվեց համապատասխան հանձնարարականներ: Մասնավորապես, պահանջ դրվեց բարելավել դատապարտյալների և կալանավորված անձանց կենցաղային պայմանները, բացառել յուրաքանչյուր ոչ օբյեկտիվ և անիրավաչափ մոտեցում դատապարտյալների նկատմամբ, ուղենիշ ընդունել յուրաքանչյուր դատապարտյալի` հասարակություն վերադարձնելու այնպիսի գործունեություն, որը կբացառի վերջինիս կողմից հանցավոր հակումները, կբարձրացնի ազատության մեջ գտնվելու ընթացքում նրա նկատմամբ մարդկանց վստահությունը, հատուկ ուշադրություն դարձնել ծառայողական կարգապահությանը: Վարչության պետը հիշեցրեց, որ բացահայտվելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու այն ծառայողները, որոնք թույլ կտան իրավախախտման որևէ դեպք: