|24.10.2009| «ԴԱՏԱԼԵՔՍ»-Ը ՄԱՏՉԵԼԻ ԿԴԱՐՁՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ

24/10/2009

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Դատալեքս» հանրային տեղեկատվական կրպակի շնորհանդեսը: Միջոցառման ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիրգրան Սարգսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, նախարարներ և իրավապահ համակարգի աշխատակիցներ: ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Արթուր Թունյանը, ներկայացնելով ծրագիրն, նշեց, որ «Դատալեքս»-ը հանդիսանում է հանրապետությունում գործարկվող էլեկտրոնային կառավարման և տեղեկությունների տրամադրման հանրային տեղեկատվական առաջին համակարգը: Նրա տեղեկացմամբ, այն հնարավորություն է տալիս իրական ռեժիմով մանրամասն տեղեկություններ ստանալ հանրապետության բոլոր ատյանների դատարաններում քննվող գործերի վերաբերյալ, տեղեկանալ գործի կարգավիճակին և պատմությանը, ուսումնասիրել ժամկետները, որոշումները, ինչպես նաև վերջնական դատական ակտերի ամբողջական տեքստերը: Տվյալ պարագայում բացառություն են կազմելու միայն դռնփակ ռեժիմով ընթացող դատական գործերի վերաբերյալ տեղեկությունները: Բացի այդ համակարգն հնարավորություն է տալիս որոնում կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության «ԱՐԼԻՍ» շտեմարանում, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություններ`ՀՀ պետական կառավարման մարմինների ինտերնետային կայքեր այցելելու եղանակով: Նշված համակարգերի ներդրումը նպատակ ունի հանրությանը մատուցել իրական գործիք` դատական համակարգի նկատմամբ հանրային վերահսկություն իրականացնելու համար, քանզի այժմ այն ապահովում է դատական համակարգում ընթացող ցանկացած դատավարության վերաբերյալ ընթացակարգային և բովանդակային թափանցիկություն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կարևորում է այս միջոցառումը, որովհետև մեր քաղաքացիների համար ժամանակակից ծառայություն են մատուցում, որը բարձրացնելու է աշխատանքների արդյունավետությունը: «Ես համոզված եմ, որ այս համակարգը էական օժանդակություն է լինելու արդարատադության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց իրականացման համար մենք ստանում ենք նաև Համաշխարհային Բանկի տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը: Այս միջոցառումը լուրջ ներդրում է լինելու այս բարեփոխումների ընթացքի մեջ»,- հավելեց վարչապետը: ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը նշեց, որ «Դատալեքս » հանրային տեղեկատվական կրպակ տեղադրված է ՀՀ վճռաբեկ դատարանում, Սահմանադրական դատարանում, ՀՀ արդարադատության նախարարությունում, ՀՀ գլխավոր դատախազության շենքում, ՀՀ կառավարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, իսկ մի քանի օրից այն կտեղադրվի նաև ՀՀ փաստաբանների պալատում և ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շենքում: Կրապակները տեխադրված են Երևանի բոլոր դատարաններում, որոշ պետական կառավարման մարմիններում և որոշ մարզային դատարններում: Հանրապետություն այս պահին ընդհանուր տեղեդրված է 30 կրպակ և 13 մոնիտոր: Գևորգ Դանիելյանի խոսքով, այս սարքի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի տեղեկություն ստանալ հանրապետության բոլոր ատյանների դատարաններում քննվող գործերի վերաբերյալ: «Մենք հետագայում նպատակ ունենք, որ յուրքանչյուր քաղաքացիական կամ քրեական գործ թվայնացված լինեն դատաքննության սկզբնական փուլում: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որի համար պետք է պետական տուրք վճարվի, ապա դրա իրականացման համար դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որոնք կշտկվեն առաջիկայում»,- հավելեց նա: Նրա վստահեցմամբ, վճարովի տեղեկատվությունը այս լորոտում չափազանց նեղ շրջանակներ է ընդգրկում, իսկ դրա համար մուծվելիք գումարները լինելու են շատ մատչելի: «Կարճ ժամանակում մենք կընդունենք իրավական ակտեր, որոնք կկանոնակարգեն այս ոլորտը: Հետագայում պայմանագիր կկնքենք որևէ կազմակերպության հետ, որը կկարգավորի գանձումները և պետք է որոշենք, թե ով է լինելու պատասխանատու այդ գումարները ինկասացիա անելու համար»,- հավելեց նախարարը: Սարքը ընդունելու է և մետաղադրամ, և թղթադրամ, ինչպես նաև վճարումներ հնավրավոր է իրականացնել բանկային քարտերի միջոցով: Նշենք, որ «Դատալեքս» հանրային տեղեկատվական համակարգը մշակվել է «Դատական բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում: Համակարգի մշակմանը ֆինանսկան և տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Նիդերլանդների Թագավորության կառավարությունը, Համաշխարհային Բանկը: