|21.11.2009| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

22/11/2009

ՀՀ արդարադատության նախարարն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար պարոն Յանեշ Լենարչիչը, Հայաստանում ԵԱՀԿ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կապինոսը, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ այլ պաշտոնյաներ, հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ Վ. Դեմիրճյանը: Հանդիպման հիմնական թեման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների կողմից պատրաստված ՙՀայաստանում դատավարությունների դիտարկում՚ մոնիտորինգային զեկույցի նախնական տարբերակի քննարկումն էր: ԺՀՄԻԳ-ի տնօրենը շնորհակալություն հայտնեց Գ. Դանիելյանին զեկույցի պատրաստման հարցում ցուցաբերած գործուն աջակցության համար: ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը նկատեց, որ ինքն անձամբ հանդիպել է մոնիտորինգ իրականացնող փորձագետների հետ և նրանց խորհորդներ է տվել մոնիտորինգի իրականացման ճիշտ և արդյունավետ ուղիներ ընտրելու ուղղությամբ: Նախարարը նշեց, որ զեկույցի նախնական տարբերակը կուսումնասիրվի ՀՀ արդարադադատության նախարարության համապատասխան մասնագետների և անձամբ իր կողմից. դրա վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության դիտարկումները կներկայացվեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որոնք ամփոփելուց հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ՀՀ արդարադատության համագործակցությամբ կկազմակերպվի ընդլայնված քննարկում, որտեղ և կներկայացվի զեկույցի արդեն վերջնական տարբերակը: Յանեշ Լենարչիչի խոսքով, դատաիրավական բարեփոխումների խնդիրը այժմ լուրջ մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար, նա գոհունակություն հայտնեց Հայաստանի Հանրապետություն իրականացվող դատաիրավական բարեփոխումների ընթացքի կապակցությամբ և հույս հայտնեց, որ դրանց հետագա ընթացքը ևս կլինի գոհացնող: Նա պատրաստակամություն հայտնեց հետագա համագործակցության համար, որի հաջողված օրինակ կարելի է համարել նաև ՙՀայաստանում դատավարությունների դիտարկում՚ մոնիտորինգային զեկույցի պատրաստումը: