|21.11.2009| ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱԳՈՅԻ ԽՄԲԻՆ
22/11/2009
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը ս.թ. նոյեմբերի 20-ին ընդունել է Ագոյի խմբին` ԵԽ-ում Ռումինիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստելիան Ստոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եխ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Զ.Մնացականյանը: Պատվիրակության խնդրանքով քննարկման առարկա դարձան հետևյալ հարցադրումները` ա) դատաիրավական բարեփոխումները, բ) քրեակատարողական համակարգի և, հատկապես, պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի վիճակը, գ) կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության հիմնադրույթները և գործնական արդյունքները և դ) ժողովրդավարական ինստիտուտների ներդրման ուղղությունները: Պարոն Գ.Դանիելյանը, անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին, նշեց, որ ներդրվել է նոր մեթոդաբանություն, ըստ որի, նախ, մշակվել ու շրջանառության մեջ է դրվել բարեփոխումների հստակ հայեցակարգ, որը կանխատեսելի է դարձրել ողջ իրավաստեղծ գործունեությունը, այսինքն, հանրությունը իրազեկ է, թե կոնկրետ ինչ ուղղություններով է բարելավվելու գործող օրենսդրությունը, ինչ հիմնադրույթներ են ներդրվելու և ինչ ինստիտուտներ են դադարեցվելու: Այս մոտեցումը, ըստ նախարարի, դատաիրավական բարեփոխումների նկատմամբ նկատելիորեն մեծացնում է հանրության վստահությունը և նպաստում հասարակայնության մասնակցության հնարավորությունը: Նշվեց, որ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի բարելավման նկատառումով մշակվել ու շրջանառության մեջ են դրվել բալային գնահատման կոնկրետ չափանիշներ, որոնք հնարավորինս կբացառեն կամայական մոտեցումները: Պատվիրակության ղեկավար պարոն Ս.Ստոյանի գնահատմամբ, Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից հիրավի տարվում է համարժեք աշխատանք` վերը նշված հարցադրումների ուղղոսւթյամբ: Խոսվեց նաև այն մասին, որ իշխանությունները համարժեք են արձագանքել նաև մարտյան իրադարձություններին այն առումով, որ համալիր կերպով վերլուծվել են դրանց պատճառները և ձեռնարկվել քայլեր, որոնք կարող են ունենալ կանխարգելիչ նշանակություն: Պարոն Ս.Ստոյանը հորդորեց նախարարին` իրավական ակտերի նախագծերի առնչությամբ հնարավորինս ընդլայնել համագործակցությունը ԵԽ-ի փորձագետների հետ, վերջիններիս քննարկման առարկա դարձնելով մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին առնչվող յուրաքանչյուր օրինագիծ:
