|08.12.2009| ԱՎԱՐՏՎԵԼ Է ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

08/12/2009

Ավարտվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում ներքին կանոնակարգի խախտումներով կատարված լուսանկարահանման փաստի առնչությամբ նշանակված ծառայողական քննությունը: Քրեակատարողական վարչության պետ Ա.Գիզիրյանի հրամաններով ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար կարգապահական տույժ է կիրառվելª «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի, ցմահ ազատազրկման դատապարտվածների պահպանության բաժնի պետի, անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալի, երկրորդ կարգի մասնագետի և կրտսեր մասնագետի նկատմամբ: Ինչպես նախկինում հայտնվել է, հիմնարկի պետը հրաժարական էր ներկայացրել, որն ընդունվել է: Պարզաբանման կարգով հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների» Ներքին կանոնակարգի 186-188-րդ կետերի համաձայն, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին` վերջիններիս համաձայնությամբ և հիմնարկի պետի թույլտվությամբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են իրականացնել լուսանկարահանում կամ տեսանկարահանում կամ նրա հետ ունենալ հարցազրույց, պարզապես տվյալ դեպքում խախտվել են սահմանված ներքին կանոնակարգի պահանջները, որոնք վերաբերում են այցելության կարգին ու պայմաններին: