|22.01.2010| ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ամփոփեց 2009 թվականը

22/01/2010

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2007 թվականից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը գրանցվել է բռնագանձված գումարների 175% աճ: Այդ մասին հունվարի 22-ին տեղի ունեցած ծառայության ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է վերլուծական եւ կազմտեսչական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը: 2009 թվականին գրանցվել է կատարողական վարույթների աճ` հարուցվել են 62 580 գործ (2008թ.` 55991, 2007թ.` 44487): 2009 թվականի ընթացքի մեջ եղել են ընդամենը 85973 կատարողական վարույթ: Զգալիորեն նվազել է դիմում-բողոքների քանակը: 2009 թ. ծառայություն մուտք է եղել և ընթացք է տրվել 13586 դիմումի, որից 521 դիմում-բողոքների (2008թ.` 1513, 2007թ. 1612): Ըստ զեկուցողի, իրականացված կազմակերպական միջոցառումների եւ կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ վերահսկողության ուժեղացման եւ աշխատանքների արդյունավետ կազմակերպման էական առաջընթաց է կատարվել համակարգի գործունեության բոլոր ուղղություններում: Ծառայությունում էապես բարելավվել է կադրերի որակական կազմը, նրանց ընտրության, ատեստավորման եւ ուսուցման աշխատանքները: Կատարողական վարույթներին օրենքով սահմանված ժամկետներում ընթացք տալու հսկողության ուժեղացման հետևանքով ստացված կատարողական թերթերի աճին զուգընթաց նվազել է մեկ հարկադիր կատարողի վարույթում գտնվող կատարողական վարույթների միջին ամսական քանակը (նախորդ տարիների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 300-310 վարույթ ներկայիս 50-60 կատարողական վարույթի դիմաց): Նկատելի աշխատանքներ են կատարվել ծառայությունում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման ուղղությամբ: Ընդ որում, դրանք իրականացվել են ԴԱՀԿ ապահովող ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ծառայությունում միջոցառումներ են ձեռնարկվել աշխատանքային կարգապահության ամրապնդման ուղղությամբ: 2009թ. ընթացքում կատարվել են 10 ծառայողական քննություններ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 20 հարկադիր կատարողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոնցից 4-ը հեռացվել են ծառայությունից: 2010 թվականի հիմնական անելիքների շարքում նշվեց, որ լիովին ավարտել են նոր տեխնոլոգիաների ներդրմամբ համակարգի ավտոմատացման աշխատանքները` ընդհուպ մինչև կատարողական վարույթի բոլոր հիմնական գործընթացների ավտոմատացումը: Ինչպես նաև պարբերաբար սեմինարներ անցկացնելու միջոցով կատարելագործել է հարկադիր կատարողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը: