696 մահացած անձանց անձնագրերը չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին
16/04/2012
ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են կատարվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում:
Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ 2003-ից մինչև 2010թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրերը (դրանց բացակայության դեպքում տրվող տեղեկանքները) չեն ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներին` ինչից ելնելով էլ նրանց վերաբերյալ տվյալները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից և հայտնվել են ընտրացուցակներում:
Թվով 696 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Հայտնաբերված խախտումների կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի 13.04.2012թ. թիվ 55-Ա հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժնում: