11/07/2017

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի՝ ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվություն

«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N483–Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N1 հավելվածի 9-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Կալանավորած անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի, հիվանդության պատմագրից քաղվածքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևերը ու  խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևի լրացման,  կալանավորված անձի  և դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի լրացման ուղեցույցները հաստատելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի հրամանի նախագիծը: Հրամանի նախագծի Հավելված N 4-ը վերաբերում է խոշտանգման և վատ վերաբերմունքի հետ կապված բժշկական հետազոտությունների արձանագրության ձևին, որը լիովին համապատասխանում է Ստամբուլյան արձանագրության չափանիշներին:

Որոշման Հավելված N1-ի 21-րդ կետի առնչությամբ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2017թ. մայիսի 10-ի թիվ 01/17.2/7642-17 գրությամբ ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել «Քրեական գործերով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև դրանից բխող Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունները:

Նախագիծը շրջանառվել է «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով և դրա վերաբերյալ ստացվել են շահագրգիռ բոլոր մարմինների դիտողություններն ու առաջարկությունները:

Նախագիծը տեղադրվել է նաև www.e-draft.am կայքում՝ հանրային քննարկումներն ապահովելու համար:

Այդուհանդերձ, օրենքի նախագծի վերաբերյալ կարծիքները ներկայացնելուց բացի, մի քանի գերատեսչությունների կողմից բարձրացվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի և օրենքի նախագծի համապատասխանեցման որոշ խնդիրներ, որոնք առանձին և համալիր լրացուցիչ քննարկման կարիք ունեն:

Այդ նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը անհրաժեշտ է համարում քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում համապատասխան փոփոխություններ կատարելու հարցը օրենսգրքի նախագծման աշխատանքային խմբի անդամների հետ՝ օրենքի նախագծի և ՀՀ ՔԴՕ նախագծի ընդունման դեպքում հնարավոր անհամապատասխանությունները բացառելու համար: