04/08/2017
Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծված համակարգող խորհրդի նիստի արձանագրություն
ք. Երևան, ՀՀ կառավարական տուն 1
«01» օգոստոսի 2017թ., ժ 15:00-16:10
Համակարգող խորհրդի նախագահ` |
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան
|
Համակարգող խորհրդի քարտուղար, Ծրագրի համակարգող`
|
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյան |
Համակարգող խորհրդի նիստի մասնակիցներ/անդամներ`
Էրիկ Գրիգորյան |
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Վաչե Տերտերյան |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Տիգրան Սահակյան |
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Շամամ Հարությունյան |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի |
Մանուկ Մկրտչյան |
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ալիկ Ավետիսյան |
ՀՀ պաշտպանության նախարարություն |
Աշոտ Հովակիմյան |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Դավիթ Կարապետյան |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ |
Գաբրիել Ղազարյան |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարի տեղակալ |
Կարեն Թամազյան |
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Տիգրան Խաչատրյան |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Սերժիկ Սրապիոնյան |
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ |
Արև Սամուելյան |
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Դավիթ Մելքոնյան |
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ |
Վարդան Եղիազարյան |
ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Կամո Արեյան |
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Հրաչյա Պալյան |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար |
Համակարգող խորհրդի նիստը մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բացման խոսքով: Իր խոսքում վարչապետը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը հանդիսանում է կառավարության գործունեության հիմնական ուղղություններից և առաջնահերթություններից մեկը: Վարչապետի խոսքով, հանրապետական գործադիր մարմինների գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով՝ կառավարության կողմից 2017 թվականի մայիսի 4-ին հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. գործողությունների ծրագիրը, որում սահմանված են 96 գործողություն և յուրաքանչյուր գործողության իրականացման հստակ ժամանակացույցը, չափանիշները, ակնկալվող արդյունքը և պատասխանատու մարմինները: Բացի դրանից, ծրագրի մշտադիտարկման և համակարգման նպատակով ստեղծվել է համակարգող խորհուրդ, որը բաղկացած է կառավարության տարբեր օղակների և պետական մարմինների ներկայացուցիչներից: Վարչապետը պարզաբանեց, որ Համակարգող խորհուրդն ամեն եռամսյակ կկազմակերպի քննարկումներ, որոնց ընթացքում կներկայացվեն գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքները: Իր խոսքում ՀՀ վարչապետը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համակարգող խորհրդի կողմից կիսամյակային կտրվածքով հանրային քննարկումների կազմակերպումը, որոնք կարող են արդյունավետ հարթակ հանդիսանալ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից ծրագրի ընթացքի վերաբերյալ իրենց դիտողությունները և առաջարկությունները ներկայացնելու համար: Ամփոփելով խոսքը՝ Կարեն Կարապետյանը շեշտեց, որ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված այս ծրագրի սահմանված ժամկետներում իրագործումը գտնվելու է ՀՀ կառավարության և անձամբ իր ուշադրության կենտրոնում:
ՄԻՊ Ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգելու և մշտադիտարկելու նպատակով ստեղծված համակարգող խորհրդի գործունեության կարգին առնչվող բովականդակային հարցերին անդրադարձավ Համակարգող խորհրդի նախագահ, ՀՀ արադարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Իր խոսքում նախարարն առանձնացրեց որոշ հարցեր, որոնք հատուկ ուշադրության են արժանի համակարգող խորհրդի գործունեության արդյունավետությունն ապահովելու տեսանկյունից, մասնավորապես.
Խորհրդի նախագահը հիշեցրեց, որ պատասխանատու հանրապետական գործադիր և օրենքի հիման վրա ստեղծված մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն են ներկայացնում գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի կատարման ընթացքի մասին և հավելեց, որ անհրաժեշտ է հաշվետվություններում ներառել տեղեկություններ այն միջոցառումների մասին, որոնք նախատեսված չէ ավարտել հաշվետու կիսամյակում, սակայն արդեն որոշ գործողություններ արվել են այդ ուղղությամբ` նշելով նաև դրանց կատարման ժամկետները: Խորհրդի նախագահն իր խոսքում հորդորեց զերծ մնալ նույնաբովանդակ հաշվետվությունների ներկայացումից, ինչպես նաև հետևել պահանջվող կարգին` այն է 5-օրյա ժամկետում ներկայացված հաշվետվությունները տեղադրել պատասխանատու հանրապետական գործադիր մարմինների և օրենքի հիման վրա ստեղծված մարմինների պաշտոնական կայքերում:
Այնուհետ, օրակարգի համաձայն` ՀՀ արդարադատության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ Ոստիկանության, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ բնապահպանության, ՀՀ սփյուռքի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց կիսամյակային հաշվետվություններն ինչպես 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում նախատեսված միջոցառումների, այնպես էլ այն գործողությունների վերաբերյալ, որոնց իրականացման համար արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել:
Նիստի ավարտին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Համակարգող խորհրդի քարտուղար Վիգեն Քոչարյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո համակարգող խորհուրդը պետք է կազմակերպի հանրային քննարկում` ծրագրով նախատեսված գործողությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Հանրային քննարկումներն առաջին կիսամյակային հաշվետվությունների շուրջ առաջարկվեց անցկացնել ս.թ. նոյեմբեր ամսվա ընթացքում, երբ հնարավորություն կլինի արդեն զգալի առաջընթաց ապահովել միջոցառումների կատարման գործում:
Համակարգող խորհրդի նախագահ,
ՀՀ արդարդատության նախարար՝
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ