15/01/2020

Հաշվետվություն ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրով 2019թ. երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ իրավասությանն առնչվող կետերի կատարման վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019թթ. Գործողությունների ծրագրով 2019թ. երկրորդ կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող կետերի կատարման վերաբերյալ

 

Միջոցառում 9

Մշակել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթղթեր՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասով արդյունավետ քննության իրականացման և փաստաթղթավորման մասին ձեռնարկի (Ստամբուլի արձանագրություն) չափանիշներին համապատասխան:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և հաստատվել է «Կալանավորված անձի կամ դատապարտյալի ամբուլատոր բժշկական քարտի, հիվանդության պատմագրի, հիվանդության պատմագրի (բժշկական քարտի) քաղվածքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման և դեպքերի արձանագրման ձևերը և դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» Արդարադատության նախարարի հրամանը:

 

Միջոցառում 26

Կատարել ուսումնասիրություն ԵԽ-ի նախարարների կոմիտեի 1997 թ. և ԵԽ-ի Խորհրդարանական վեհաժողովի 2007 թ. առաջարկություններին համապատասխան ատելության խոսքի քրեականացման հնարավոր մոդելների ներդրման նպատակահարմարության վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է վերոնշյալ ուսումնասիրությունը, միևնույն ժամանակ հայտնում եմ, որ այս ուղղությամբ միջոցառումները կրում են շարունակական բնույթ և որ 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի Հավելված 2-ի 42-րդ կետով նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան պատախանատվություն սահմանել ատելության խոսքի համար, որի իրականացումը վերապահված է ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին։ Գործողության կատարման ժամկետ է սահմանված 2021թ. առաջին կիսամյակը: Բացի այդ, այս գործողության իրականացմանը նախատեսվում է ներգրավել միջազգային փորձագետների։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ատելության խոսքի քրեականացման մոդելների մշակման նպատակով առավել խորը և համապարփակ ուսումնասիրություն կիրագործվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի Հավելված 2-ի 42-րդ կետով նախատեսված գործողության շրջանակներում։

 Միևնույն ժամանակ հավելենք, որ ԳԾ-ի 45-րդ կետով նախատեսվում է նաև  ատելության խոսքի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

Միջոցառում 43

Իրականացնել վերապատրաստում անչափահասների գործերով արդարադատության ոլորտում ներգրավված պաշտոնատար անձանց համար

1. 2019 թվականի նոյեմբերի 04-15-ը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացներ, որի որտեղ դասավանդվել են՝ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից  երեխայի հետ տեսակցությունների կազմակերպման ու երեխային ծնողից ծնող փոխանցելու գործընթացի առանձնահատկությունները և անհրաժեշտ հոգեբանական մոտեցումները» և «Սոցիալական աշխատողների դերակատարությունը հարկադիր կատարման գործընթացում ներգրավված երեխաների հետ աշխատանքում» թեմաներին:

2. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության  դեսպանության աջակցությամբ իրականացված «Հայաստանի ներուժի ամրապնդում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագիրը պատշաճ իրականացնելու համար՝ երեխաների իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ ընտանիքում բռնության դեպքերի կանխարգելման և արձագանքման նպատակով» ծրագրի շրջանակում, համայնքային սոցիալական աշխատողների, հարկադիր կատարման ծառայողների, խնամակալության և հոգաբարձության խորհրդի անդամների, քննիչների, ոստիկանների և դատախազների համար կազմակերպվել է կարողությունների զարգացման երկօրյա վերապատրաստման դասընթացներ՝ երեխաների առևանգման դեպքերին միջգերատեսչական, բազմակողմանի արձագանքի վերաբերյալ:

Միջոցառում 77

Ստեղծել օրենսդրական կառուցակարգեր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավահավասարության ապահովման համար 

ՀՀ արդարադատության նախարարությունը 2019թ. դեկտեմբերի 13-ի թիվ /10.1/29394-2019 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը: «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։

Օրենքի նախագծի հիմնական նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։

Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ սույն միջոցառումը նախատեսվել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող 2020-2022թթ. ԳԾ-ի 39-րդ կետով, որով նախատեսվում է օրենսդրորեն սահմանել խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները և մեխանիզմները, իրավահավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման, գործունեության երաշխիքները` միջազգային չափանիշներին համապատասխան: Գործողության վերջանաժամկետ է սահմանվել 2020թ. առաջին կիսամյակը:

 

Միջոցառում 78

Ձևավորել ընդհանուր հավասարության ապահովման և խտրականության արգելքի անկախ և արդյունավետ մարմին

           «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագծի 3-րդ գլխով  նախատեսվում են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմնի՝ Իրավահավասարության խորհրդին առնչվող իրավակարգավորումները: Նախագծի 12-րդ հոդվածի համաձայն՝ Խորհուրդը գործում է իրավահավասարության, անաչառության, հրապարակայնության, թափանցիկության,  մատչելիության, ներառականության, չվնասելու և ներկայացուցչականության սկզբունքների հիման վրա: Իրավահավասարության խորհուրդը ստեղծվում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով և գործում է այդ օրենքների, Իրավահավասարության խորհրդի գործունեության կարգի և այլ իրավական ակտերի հիման վրա:

           Հարկ է նշել, որ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2019թ. դեկտեմբերին ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:

 

Միջոցառում 79

          Մշակել հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ ուսումնա-տեղեկատվական նյութեր

          Հարկ է ընդգծել, որ հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ ուսումնա-տեղեկատվական նյութերը պետք է մշակվեն և տարածվեն «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի նախագիծը դեռևս չի ընդունվել, ՄԻՊ ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. ԳԾ-ի 41-րդ կետով նախատեսվել է իրավահավասարության, բոլոր հիմքերով խտրականության արգելքի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում 2020-2022թթ. պարբերաբար, որի շրջանակներում, ի թիվս այլնի,  կմշակվեն հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ ազգային օրենսդրության կիրառման վերաբերյալ ուսումնա-տեղեկատվական նյութերը:

 

Միջոցառում 82

          Մշակել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրենց ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի պահպանման և զարգացման իրավունքի իրականացումը կարգավորող օրենք:

           ՀՀ արդարադատության նախարարությունը 2019թ. դեկտեմբերի 13-ի թիվ /10.1/29394-2019 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը:

Օրենքի նպատակն է կարգավորել ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել դրանց հետ կապված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները, ինչպես նաև կանոնակարգել Ազգային փոքրամասնությունների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) ձևավորման և գործունեության կազմակերպաիրավական հիմքերը։ 

          Միջոցառում 89

Բարելավել որդեգրման գործընթացի կանոնակարգումը, ապահովել որդեգրման գործընթացի թափանցիկությունը, ներդնել որդեգրման ենթակա երեխաների անձնական (սահմանափակ) տվյաները, որդեգրել ցանկացող անձանց տրամադրելու մեխանիզմները

          Արդարադատության նախարարության կողմից, ի դեմս ՔԿԱԳ գործակալության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող անձանց որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման, որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրված երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նախագիծ):

          ՀՀ վարչապետի 08.01.2019թ. թիվ 02/14.10/12-19 հանձնարարությամբ  նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի աշխատակազմում 25.12.2018թ.-ին և 27.12.2018թ.-ին տեղի ունեցած քննարկման արդյունքները: Վերը նշված քննարկումների ընթացքում որոշվել է նախագծի քննարկումները հետաձգել մինչև նախագծով նախատեսվող որոշ եզրույթների, ինչպես նաև ՀՀ կառավարությանը վերապահվող գործառույթները ՀՀ ընտանեկան օրենսգրքում ամրագրելը, որն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ:

          «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 17.12.2019թ. թիվ ԶԲ/ԳԳ-2-2/28232-2019 գրությամբ, ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 17-ի N 02/11.4/56456-2019 հանձնարարականի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է Արդարադատության նախարարություն՝ համաձայնեցման, որը գտնվում է քննարկման փուլում:

 

Միջոցառում 90

Ստորագրել ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիայի անձնական հաղորդումների ընթացակարգերի մասին կամընտիր արձանագրությունը 

ՀՀ արդարադատության նախարարությունն ապահովել է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող ներպետական ընթացակարգերի իրականացումը և ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով՝ 2019թ. օգոստոսի 2-ի թիվ 01/14.2/17487-2019 գրությամբ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել «Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայի՝ հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր Արձանագրության վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը, Արձանագրության հայերեն տեքստը, Արձանագրության ստորագրման նպատակահարմարության հիմնավորումը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի ստորագրման արտաքին քաղաքական նպատակահարմարության և Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին,  ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության տրամադրած միջազգային պայմանագրի կողմերի ցանկը, արձանագրության ներպետական համաձայնեցումը հավաստող փաստաթղթերը, դրանց հիման վրա կազմված ամփոփաթերթը:

 

 

Միջոցառում 94

ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի պահանջներին:

Կոնվենցիայով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է «Որդեգրել ցանկացող անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, և որդեգրման ենթակա երեխաների հաշվառման, որդեգրել ցանկացող անձանց որդեգրման ենթակա երեխաների մասին տեղեկությունների տրամադրման, որդեգրել ցանկացող անձանց և որդեգրման ենթակա երեխաների համադրման, որդեգրել ցանկացող անձանց կողմից երեխայի որդեգրման, օտարերկրյա պետությունից երեխա որդեգրելու համար որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրության, վերջիններիս կողմից որդեգրված երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու թույլտվության տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 269-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» (Տես նաև Կետ 89): Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ՄԻՊ ռազմավարությունից բխող 2020-2022թթ. ԳԾ-ի 81-րդ կետով նախատեսվում է բարելավել երեխայի որդեգրման ընթացակարգերը, որի շրջանակներում ևս ընթացակարգերը կհամապատասխանեցվեն «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայի պահանջներին: Գործողության կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2021թ. առաջին կիսամյակը:

Միջոցառում 102

Ուսումնասիրել «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և այդ կարգավիճակի հետ կապված իրավական հետևանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանելու նպատակահարմարության հարցը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվել է «քաղաքական բանտարկյալ» հասկացությունը և այդ կարգավիճակի հետ կապված իրավական հետևանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը, որի արդյունքներից հետևում է, որ «քաղաքական բանտարկյալ» հասկացության սահմանումը օրենսդրական մակարդակում աննպատակահարմար է՝ հաշվի առնելով, որ այն իրավական հետևանքները, որոնք առաջանում են անձի քաղաքական բանտարկյալ կարգավիճակ ունենալու դեպքում, նախատեսված են ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ: