27/04/2020
«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան և բացատրական զեկույցը
Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք. թիվ 201
«Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիա
Լանզարոտե, 25.X.2007
_________________________________________________________________________
Նախաբան
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները եւ մյուս ստորագրող կողմերը, համարելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջեւ ավելի մեծ միասնության, համարելով, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության եւ պետության կողմից ստանալու պաշտպանության այնպիսի միջոցներ, ինչպիսիք անհրաժեշտ են իր՝ որպես անչափահասի կարգավիճակից ելնելով,
դիտարկելով, որ երեխաների սեռական շահագործումը, մասնավորապես մանկական պոռնոգրաֆիան եւ երեխաների մարմնավաճառությունը, ինչպես նաեւ երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության բոլոր ձեւերը, ներառյալ՝ արտերկրում կատարված արարքները կործանիչ են երեխայի առողջության եւ հոգեբանական ու սոցիալական զարգացման համար,
դիտարկելով, որ երեխաների սեռական շահագործումը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունը հասնում են անհանգստացնող չափերի ազգային եւ միջազգային մակարդակում, մասնավորապես երեխաների եւ հանցագործություն կատարողների կողմից տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ավելի լայնորեն կիրառման մասով, եւ որ երեխաների այդպիսի սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության կանխարգելումն ու դրանց դեմ պայքարը պահանջում են միջազգային համագործակցություն,
հաշվի առնելով, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են, եւ դրանք պետք է խթանել առանց խտրականության,
վկայակոչելով Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովում ընդունված Գործողությունների ծրագիրը (Վարշավա, 2005 թվականի մայիսի 16-17), որը կոչ է անում մշակել միջոցառումներ՝ դադարեցնելու երեխաների սեռական շահագործումը,
վկայակոչելով մասնավորապես «Երեխաների եւ երիտասարդների սեռական շահագործման, պոռնոգրաֆիայի եւ մարմնավաճառության, ինչպես նաեւ թրաֆիքինգի մասին» Նախարարների կոմիտեի թիվ R (91) 11 առաջարկությունը, «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» թիվ Rec(2001)16 առաջարկությունը եւ «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան (ԵՊՇ թիվ 185), հատկապես դրա 9-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (ԵԽՊՇ թիվ 197),
նկատի ունենալով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան (1950, ԵՊՇ թիվ 5), վերանայված Եվրոպական սոցիալական խարտիան (1996, ԵՊՇ թիվ 163) եւ «Երեխաների իրավունքների իրականացման մասին» եվրոպական կոնվենցիան (1996, ԵՊՇ թիվ 160),
նկատի ունենալով նաեւ «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան, հատկապես դրա 34-րդ հոդվածը, «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը, «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան լրացնող՝ «Մարդկանց, հատկապես կանանց եւ երեխաների առեւտրի կանխարգելման, արգելման եւ պատժի մասին» արձանագրությունը, ինչպես նաեւ «Մանկական աշխատանքի վատթարագույն ձեւերի արգելման ու վերացման ուղղությամբ անհետաձգելի գործողությունների մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիան,
հաշվի առնելով «Երեխաների սեռական շահագործման եւ մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը (2004/68/JHA), «Քրեական վարույթում տուժողի կարգավիճակի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը (2001/220/JHA) եւ «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը (2002/629/JHA),
պատշաճ կերպով հաշվի առնելով այս ոլորտում մյուս վերաբերելի միջազգային փաստաթղթերը եւ ծրագրերը, մասնավորապես՝ Առեւտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ առաջին համաշխարհային կոնգրեսի կողմից ընդունված՝ Ստոկհոլմի հռչակագիրը եւ Գործողությունների ծրագիրը (27-31-ը օգոստոսի, 1996 թվական), Առեւտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ երկրորդ համաշխարհային կոնգրեսի կողմից ընդունված՝ Յոկոհամայի գլոբալ պարտավորությունը (17-20-ը դեկտեմբերի, 2001 թվական), Առեւտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ երկրորդ համաշխարհային կոնգրեսի նախապատրաստական խորհրդաժողովի ժամանակ ընդունված՝ Բուդապեշտի պարտավորությունը եւ Գործողությունների ծրագիրը (20-21-ը նոյեմբերի, 2001 թվական), Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի՝ «Երեխաներին հարմարեցված աշխարհ» թիվ Տ-27/2 բանաձեւը եւ Միավորված ազգերի կազմակերպության երրորդ գագաթնաժողովից հետո ընդունված եւ Մոնակոյի խորհրդաժողովով մեկնարկած (4-5-ը ապրիլի, 2006 թվական) «Կառուցել Եվրոպա երեխաների համար եւ երեխաների հետ» եռամյա ծրագիրը,
հաստատակամ լինելով արդյունավետորեն նպաստել սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության համընդհանուր նպատակին՝ անկախ այն հանգամանքից, թե ով է հանցագործություն կատարողը, ինչպես նաեւ նպաստել զոհերին օժանդակության տրամադրման համընդհանուր նպատակին,
հաշվի առնելով երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ձեւերի դեմ պայքարի կանխարգելիչ, պաշտպանիչ եւ քրեական իրավունքի ասպեկտները կարգավորող եւ մոնիթորինգի հատուկ մեխանիզմ սահմանող համապարփակ միջազգային փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը,
համաձայնեցին հետեւյալի մասին.
Գլուխ I. Նպատակները, խտրականության արգելման սկզբունքը եւ սահմանումները
Հոդված 1. Նպատակները
1. Սույն կոնվենցիայի նպատակներն են՝
ա) երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը,
բ) սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնությունների երեխա զոհերի իրավունքների պաշտպանությունը,
գ) երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարի մասով ազգային եւ միջազգային համագործակցության խթանումը:
2. Կողմերի կողմից սույն կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու համար դրանով ստեղծվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ:
Հոդված 2. Խտրականության արգելման սկզբունքը
Կողմերի կողմից սույն կոնվենցիայի դրույթների կիրարկումը, մասնավորապես զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով միջոցառումների իրականացումը, երաշխավորվում է առանց որեւէ հիմքով խտրականության, ինչպիսիք են սեռը, ռասան, մաշկի գույնը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքներ, ազգային կամ սոցիալական ծագումը, ազգային փոքրամասնության պատկանելությունը, գույքային դրությունը, ծնունդը, սեռական կողմնորոշումը, առողջական վիճակը, հաշմանդամությունը կամ այլ կարգավիճակ:
Հոդված 3. Սահմանումները
Սույն կոնվենցիայի նպատակներով՝
ա) «երեխա» նշանակում է 18 տարին չլրացած ցանկացած անձ,
բ) «երեխաների սեռական շահագործումը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները» ներառում են սույն կոնվենցիայի 18-23-րդ հոդվածներով սահմանված վարքագիծը,
գ) «զոհ» նշանակում է սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության ենթարկված ցանկացած երեխա:
Գլուխ II. Կանխարգելիչ միջոցները
Հոդված 4. Սկզբունքները
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ երեխաների սեռական շահագործման ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ձեւերը կանխարգելելու եւ երեխաներին պաշտպանելու համար:
Հոդված 5. Երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի ընդունումը, վերապատրաստումը եւ իրազեկության բարձրացումը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական եւ իրավապահ, ինչպես նաեւ սպորտի, մշակույթի եւ հանգստի ոլորտներում երեխաների հետ պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանության եւ իրավունքների մասին իրազեկությունը խթանելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերությունում նշված անձինք ունենան երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների, դրանց բացահայտման միջոցների եւ 12-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված հնարավորության վերաբերյալ համապատասխան գիտելիքներ:
3. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաների հետ պարբերաբար շփումներ ենթադրող մասնագիտություններն ստանալու պայմաններով ապահովվեն, որ այս մասնագիտություններն ստանալու թեկնածուները դատապարտված չեն եղել երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների համար:
Հոդված 6. Երեխաների կրթությունը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին: Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, եւ պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին:
Հոդված 7. Կանխարգելիչ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները
Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ այն անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ կարող են կատարել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործություններից որեւէ մեկը, անհրաժեշտության դեպքում կարողանան մասնակցել արդյունավետ միջամտության ծրագրերին կամ միջոցառումներին, որոնք նախատեսված են գնահատելու եւ կանխարգելելու կատարվող հանցագործությունների ռիսկը:
Հոդված 8. Հանրության լայն շրջանակների համար միջոցառումները
1. Յուրաքանչյուր Կողմ խթանում կամ իրականացնում է իրազեկության բարձրացմանն ուղղված արշավներ՝ հանրության լայն շրջանակների համար՝ տրամադրելով երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների երեւույթի, ինչպես նաեւ հնարավոր ձեռնարկվելիք կանխարգելիչ միջոցների վերաբերյալ տեղեկություններ:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները գովազդող նյութերի տարածումը կանխարգելելու կամ արգելելու համար անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ:
Հոդված 9. Երեխաների, մասնավոր հատվածի, մեդիայի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը
1. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է երեխաների՝ իրենց զարգացող կարողություններին համապատասխան մասնակցությունը երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարին ուղղված պետական քաղաքականությունների, ծրագրերի կամ այլ նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը:
2. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է մասնավոր հատվածի, մասնավորապես տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության ոլորտի եւ բանկային ու ֆինանսական հատվածների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը երեխաների սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը եւ ներքին նորմերն ինքնակարգավորման կամ համատեղ կարգավորման միջոցով կիրարկելուն ուղղված պետական քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը:
3. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ասպեկտներին վերաբերող համապատասխան տեղեկությունների տրամադրումը մեդիայի կողմից՝ պատշաճ կերպով պահպանելով մեդիայի անկախությունը եւ մամուլի ազատությունը:
4. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանն ու երեխաների պաշտպանությանը նպատակաուղղված՝ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում հիմնադրամներ ստեղծելու միջոցով:
Գլուխ III. Մասնագիտացված եւ համակարգող մարմինները
Հոդված 10. Համակարգման եւ համագործակցության ազգային միջոցառումները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության, դրանց կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի համար պատասխանատու տարբեր գործակալությունների միջեւ ազգային կամ տեղական մակարդակով համակարգումն ապահովելու համար անհրաժեշտ միջոցներ՝ հատկապես կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների ոլորտներում, ինչպես նաեւ իրավապահ եւ դատական մարմիններում:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ստեղծելու կամ նշանակելու՝
ա) անկախ իրավասու ազգային կամ տեղական կառույցներ՝ երեխաների իրավունքները խթանելու եւ պաշտպանելու համար՝ ապահովելով, որ այդ կառույցներն օժտված լինեն հատուկ ռեսուրսներով եւ պարտականություններով,
բ) ազգային կամ տեղական մակարդակներում եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ տվյալների հավաքման մեխանիզմներ կամ համակարգող մարմիններ՝ երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների երեւույթը դիտարկելու եւ գնահատելու նպատակով՝ պատշաճ կերպով պահպանելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված պահանջները:
3. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում է իրավասու պետական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի միջեւ համագործակցությունը՝ երեխաների սեռական շահագործումը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնություններն առավել արդյունավետորեն կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու համար:
Գլուխ IV. Պաշտպանական միջոցները եւ զոհերին աջակցելը
Հոդված 11. Սկզբունքները
1. Յուրաքանչյուր Կողմ ստեղծում է արդյունավետ սոցիալական ծրագրեր եւ բազմապրոֆիլ կառույցներ՝ զոհերին, նրանց մերձավոր ազգականներին եւ նրանց խնամքի համար պատասխանատու ցանկացած անձի անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ` ապահովելու համար, որ եթե զոհի տարիքը հայտնի չէ, եւ հիմքեր կան ենթադրելու, որ զոհը երեխա է, ապա երեխաների համար նախատեսված պաշտպանության եւ աջակցության միջոցները պետք է տրամադրվեն նրան՝ մինչեւ նրա տարիքը պարզելը:
Հոդված 12. Սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության վերաբերյալ կասկածների մասին հաղորդելը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաների հետ աշխատող որոշակի մասնագետների նկատմամբ իր ներպետական իրավունքով սահմանված գաղտնիության կանոնները չխոչընդոտեն այդ մասնագետների՝ երեխայի համար պատասխանատու ծառայություններին որեւէ իրավիճակի մասին հաղորդում ներկայացնելու հնարավորությունն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ երեխան սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության զոհ է:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ խրախուսելու, որ ցանկացած անձ, որը, բարեխղճության սկզբունքի հիման վրա, տեղյակ է կամ կասկածում է երեխաների սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության մասին, այդ փաստերը հաղորդի իրավասու ծառայություններին:
Հոդված 13. Թեժ գծերը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ խրախուսելու եւ աջակցելու տեղեկատվական ծառայությունների՝ հեռախոսային կամ ինտերնետային օգնության թեժ գծերի ստեղծմանը՝ զանգահարողներին խորհրդատվություն տրամադրելու համար՝ նույնիսկ գաղտնիության պայմանով կամ պատշաճ կերպով հաշվի առնելով նրանց անանունությունը:
Հոդված 14. Զոհերին աջակցելը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով աջակցելու համար զոհերին՝ նրանց ֆիզիկական եւ հոգեբանական ու սոցիալական վերականգնման հարցում: Սույն պարբերության համաձայն ձեռնարկված միջոցների շրջանակներում պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն երեխայի կարծիքը, կարիքները եւ մտահոգությունները:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքով նախատեսված պայմանների համաձայն ձեռնարկում է միջոցներ՝ զոհերին աջակցելու հարցում ներգրավված հասարակական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների կամ քաղաքացիական հասարակության այլ տարրերի հետ համագործակցելու համար:
3. Եթե ծնողները կամ երեխաներին խնամող անձինք ներգրավված են նրա սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության մեջ, ապա 11-րդ հոդվածի 1-ին պարբերության կատարման նպատակով ձեռնարկված միջամտության ընթացակարգերը ներառում են՝
- ենթադրյալ հանցագործություն կատարողին հեռացնելու հնարավորությունը.
- զոհին նրա ընտանեկան միջավայրից հեռացնելու հնարավորությունը: Այդպիսի հեռացման պայմաններն ու տեւողությունը սահմանվում են երեխայի լավագույն շահերին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ զոհի հետ սերտ կապի մեջ գտնվող անձինք կարողանան անհրաժեշտության դեպքում օգտվել թերապեւտիկ օգնությունից, հատկապես անհետաձգելի հոգեբանական աջակցությունից:
Գլուխ V. Միջամտության ծրագրերը կամ միջոցառումները
Հոդված 15. Ընդհանուր սկզբունքները
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում կամ խթանում է 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված անձանց համար արդյունավետ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները՝ երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործությունների կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով: Նման ծրագրերը կամ միջոցառումները պետք է հասանելի լինեն վարույթի ընթացքում ցանկացած պահի, բանտից դուրս եւ ներս՝ ներպետական իրավունքով սահմանված պայմանների համաձայն:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում կամ խթանում է իրավասու մարմինների, մասնավորապես առողջապահական ծառայությունների եւ սոցիալական ծառայությունների, ինչպես նաեւ դատական մարմինների ու 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված անձանց համար պատասխանատու այլ մարմինների միջեւ գործընկերության կամ համագործակցության այլ ձեւերի զարգացումը:
3. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան գնահատում է սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված անձանց կողմից կրկին կատարելու վտանգավորությունը եւ հնարավոր ռիսկերը՝ համապատասխան ծրագրերը կամ միջոցառումները նախանշելու նպատակով:
4. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան գնահատում է իրականացված ծրագրերի եւ միջոցառումների արդյունավետությունը:
Հոդված 16. Միջամտության ծրագրերի եւ միջոցառումների շահառուները
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որեւէ հանցագործության առնչությամբ քրեական վարույթում ընդգրկված անձինք կարողանան մասնակցել 15-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված ծրագրերին կամ միջոցառումներին այն պայմաններով, որոնք ոչ վնաս են հասցնում, ոչ էլ հակասում են պաշտպանության կողմի իրավունքներին եւ արդար ու անաչառ դատավարության պահանջներին, եւ մասնավորապես՝ պատշաճ կերպով պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը կարգավորող կանոնները:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որեւէ հանցագործության համար դատապարտված անձինք կարողանան մասնակցել 15-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված ծրագրերին կամ միջոցառումներին:
3. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ միջամտության ծրագրերն ու միջոցառումները մշակվեն կամ հարմարեցվեն այնպես, որ բավարարեն սեռական բնույթի հանցագործություններում ընդգրկված երեխաների զարգացման կարիքները, ներառյալ այն երեխաների, որոնց տարիքը ցածր է քրեական պատասխանատվության ենթարկվելու համար սահմանված տարիքից՝ նրանց սեռական վարքագծի հետ կապված խնդիրները հասցեագրելու նպատակով:
Հոդված 17. Տեղեկատվությունը եւ համաձայնությունը
1. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ 16-րդ հոդվածում նշված անձինք, որոնց առաջարկվել են միջամտության ծրագրերը կամ միջոցառումները, ամբողջությամբ տեղեկացված լինեն առաջարկի պատճառների մասին եւ համաձայն լինեն ծրագրին կամ միջոցառմանը՝ ամբողջությամբ իրազեկ լինելով փաստերի մասին:
2. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքին համապատասխան ապահովում է, որ այն անձինք, որոնց առաջարկվել են միջամտության ծրագրերը կամ միջոցառումները, կարողանան հրաժարվել դրանցից, իսկ դատապարտված անձանց դեպքում նրանք իրազեկվեն դրանցից հրաժարման հնարավոր հետեւանքների մասին:
Գլուխ VI. Նյութական քրեական իրավունքը
Հոդված 18. Սեռական բնույթի բռնությունը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու դիտավորությամբ կատարված հետեւյալ արարքների քրեականացումը.
ա) այն երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, որը, ազգային իրավունքի համապատասխան դրույթների համաձայն, չի հասել սեքսուալ բնույթի գործողությունների համար օրենքով սահմանված տարիքին,
բ) երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելը, եթե
- գործադրվել է հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, կամ
- բռնությունը կատարվել է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում՝ ընտանիքում, կամ
- բռնությունը կատարվել է՝ օգտվելով երեխայի առանձնապես խոցելի իրավիճակից՝ պայմանավորված մասնավորապես մտավոր կամ ֆիզիկական արատներով կամ կախյալ վիճակով:
2. Վերը նշված 1-ին պարբերության նպատակներով յուրաքանչյուր Կողմ որոշում է այն տարիքը, որից ցածր տարիքի դեպքում արգելվում է երեխայի հետ սեքսուալ բնույթի գործողություններում ներգրավվելը:
3. 1-ին պարբերության «ա» կետի դրույթները նախատեսված չեն անչափահասների միջեւ փոխադարձ համաձայնությամբ սեքսուալ բնույթի գործողությունների կարգավորման համար:
Հոդված 19. Երեխայի մարմնավաճառության հետ կապված հանցագործությունները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու դիտավորությամբ կատարված հետեւյալ արարքների քրեականացումը.
ա) երեխային մարմնավաճառության մեջ ներգրավելը կամ երեխային մարմնավաճառության դրդելը,
բ) երեխային մարմնավաճառության հարկադրելը կամ դրանից շահույթ ստանալը կամ այդպիսի նպատակներով երեխային այլ կերպ շահագործելը,
գ) երեխայի մարմնավաճառության ծառայություններից օգտվելը:
2. Սույն հոդվածի նպատակներով «երեխայի մարմնավաճառություն» եզրույթը նշանակում է երեխայի օգտագործումը սեքսուալ բնույթի գործողությունների մեջ՝ գումար կամ ցանկացած այլ տեսակի վարձատրություն կամ հատուցում վճարելու կամ դրանք վճարելու խոստումի դիմաց՝ անկախ այն հանգամանքից, թե այդ վճարումը, խոստումը կամ հատուցումը կատարվում է երեխային, թե երրորդ անձին:
Հոդված 20. Մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու դիտավորությամբ՝ ոչ իրավաչափորեն կատարված հետեւյալ արարքների քրեականացումը.
ա) մանկական պոռնոգրաֆիա արտադրելը,
բ) մանկական պոռնոգրաֆիա առաջարկելը կամ հասանելի դարձնելը,
գ) մանկական պոռնոգրաֆիա տարածելը կամ փոխանցելը,
դ) անձնական նպատակներով կամ մեկ այլ անձի համար մանկական պոռնոգրաֆիա ձեռք բերելը,
ե) մանկական պոռնոգրաֆիա տիրապետելը,
զ) մանկական պոռնոգրաֆիային տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով գիտակցաբար հասանելիություն ձեռք բերելը:
2. «Երեխաների պոռնոգրաֆիա» եզրույթը սույն հոդվածի նպատակներով նշանակում է ցանկացած նյութ, որը տեսողական ձեւով պատկերում է իրական կամ նմանակված՝ սեռական գործողություններում ներգրավված երեխայի, կամ երեխայի սեռական օրգանների ցանկացած ցուցադրում՝ գլխավորապես սեռական նպատակներով:
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու 1-ին պարբերության «ա» եւ «ե» կետերն այն պոռնոգրաֆիկ նյութերի արտադրության ու տիրապետման նկատմամբ, որոնք՝
- բացառապես բաղկացած են իրականում գոյություն չունեցող երեխայի նմանակված պատկերումներից կամ ռեալիստական պատկերներից,
- ընդգրկում են երեխաների, որոնք հասել են 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված տարիքին, եթե այդ պատկերներն արտադրվել ու տիրապետվել են նրանց կողմից իրենց համաձայնությամբ եւ միայն նրանց անձնական օգտագործման համար:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու 1-ին պարբերության «զ» կետը:
Հոդված 21. Պոռնոգրաֆիկ ներկայացումներում երեխայի մասնակցության հետ կապված հանցագործությունները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու դիտավորությամբ կատարված հետեւյալ արարքների քրեականացումը.
ա) երեխային պոռնոգրաֆիկ ներկայացումներում մասնակցության համար ներգրավելը կամ երեխային այդպիսի ներկայացումներին մասնակցելուն դրդելը,
բ) երեխային պոռնոգրաֆիկ ներկայացումներին մասնակցելուն հարկադրելը կամ դրանից շահույթ ստանալը կամ այդպիսի նպատակներով երեխային այլ կերպ շահագործելը,
գ) երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ներկայացումներին գիտակցաբար հաճախելը:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել 1-ին պարբերության «գ» կետը կիրառելու միայն այն դեպքերի նկատմամբ, երբ երեխաներին ներգրավել կամ հարկադրել են մասնակցել 1-ին պարբերության «ա» կամ «բ» կետերին համապատասխան:
Հոդված 22. Երեխաների սեռական այլասերումը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ քրեականացնելու 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված տարիքին չհասած երեխային սեռական նպատակներով սեռական բնույթի բռնությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններին ականատես լինելուն դիտավորյալ դրդելը՝ նույնիսկ առանց դրանց մասնակցելու:
Հոդված 23. Երեխաներին սեռական նպատակներով առաջարկ անելը [սոլիսիթինգ]
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ քրեականացնելու չափահասի կողմից տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված տարիքին չհասած երեխայի հետ հանդիպելու նպատակով դիտավորությամբ կատարված առաջարկը՝ երեխայի նկատմամբ 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին կամ 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին համապատասխան սահմանված հանցագործություններից որեւէ մեկի կատարման նպատակով, եթե տվյալ առաջարկին հետեւել են այդպիսի հանդիպմանը հանգեցնող գործնական քայլեր:
Հոդված 24. Օժանդակելը կամ դրդելը եւ հանցափորձը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ քրեականացնելու սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որեւէ հանցագործության կատարմանը դիտավորությամբ օժանդակելը կամ դրան դրդելը:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ քրեականացնելու սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների՝ դիտավորությամբ կատարված հանցափորձերը:
3. Յուրաքանչյուր Կողմ կարող է իրեն իրավունք վերապահել ամբողջությամբ կամ մասամբ չկիրառելու 2-րդ պարբերությունը 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ», «դ», «ե» եւ «զ» կետերին, 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետին, 22-րդ եւ 23-րդ հոդվածներին համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ:
Հոդված 25. Իրավազորությունը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է՝
ա) իր տարածքում, կամ
բ) այդ Կողմի դրոշը կրող նավի վրա, կամ
գ) այդ Կողմի օրենքների համաձայն գրանցված ինքնաթիռում, կամ
դ) իր քաղաքացիներից որեւէ մեկի կողմից, կամ
ե) այն անձի կողմից, որի հիմնական բնակության վայրն իր տարածքում է:
2. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիներից որեւէ մեկի նկատմամբ կամ այն անձի նկատմամբ, որի հիմնական բնակության վայրն իր տարածքում է:
3. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է հանդես գալ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ այն մասին, որ իրեն իրավունք է վերապահում չկիրառելու կամ միայն հատուկ դեպքերում կամ պայմաններում կիրառելու սույն հոդվածի 1-ին պարբերության «ե» կետով նախատեսված՝ իրավազորության մասով կանոնները:
4. Սույն կոնվենցիայի 18-րդ, 19-րդ հոդվածներին, 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին եւ 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» եւ «բ» կետերին համապատասխան սահմանված հանցագործությունների քրեական հետապնդումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության «դ» կետի առնչությամբ իրավազորությունը կախված չլինի այն պայմանից, որ այդ արարքները պետք է քրեականացված լինեն դրանց կատարման վայրում:
5. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս կարող է հանդես գալ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ այն մասին, որ իրեն իրավունք է վերապահում սույն հոդվածի 4-րդ պարբերությունը 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետի երկրորդ եւ երրորդ պարբերույթներին համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ կիրառելու միայն այն դեպքերում, երբ նրա քաղաքացու հիմնական բնակության վայրն իր տարածքում է:
6. Սույն կոնվենցիայի 18-րդ, 19-րդ հոդվածներին, 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետին եւ 21-րդ հոդվածին համապատասխան սահմանված հանցագործությունների քրեական հետապնդումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերության «դ» եւ «ե» կետերի առնչությամբ իրավազորությունը կախված չլինի այն պայմանից, որ քրեական հետապնդումը կարող է նախաձեռնվել միայն զոհի կողմից հաղորդում ներկայացվելուց հետո կամ այն վայրի պետության կողմից տեղեկություններ տրամադրվելուց հետո, որտեղ կատարվել է հանցագործությունը:
7. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների նկատմամբ իրավազորություն սահմանելու համար այն դեպքում, երբ ենթադրյալ հանցագործություն կատարողը գտնվում է իր տարածքում, եւ այդ Կողմը չի հանձնում նրան մեկ այլ Կողմի՝ բացառապես նրա քաղաքացիության հիմքով:
8. Այն դեպքում, երբ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ենթադրյալ հանցագործության նկատմամբ իրավազորություն կիրառելու պահանջ ներկայացնում են մեկից ավելի Կողմեր, ներգրավված Կողմերն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում են միմյանց հետ՝ քրեական հետապնդման համար առավել նպատակահարմար իրավազորությունը որոշելու նպատակով:
9. Չխախտելով միջազգային իրավունքի ընդհանուր կանոնները՝ սույն կոնվենցիան չի բացառում որեւէ Կողմի կողմից իր ներպետական իրավունքին համապատասխան իրականացվող որեւէ քրեական իրավազորություն:
Հոդված 26. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ հնարավոր լինի իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցագործության համար, որը կատարվել է այդ իրավաբանական անձի օգտին որեւէ ֆիզիկական անձի կողմից, որը գործել է առանձին կամ որպես այդ իրավաբանական անձի որեւէ մարմնի մի մաս եւ տվյալ իրավաբանական անձում զբաղեցնում է ղեկավար պաշտոն՝ հետեւյալի հիման վրա.
ա) իրավաբանական անձին ներկայացնելու լիազորություն,
բ) իրավաբանական անձի անունից որոշումներ կայացնելու իրավասություն,
գ) իրավաբանական անձի շրջանակներում վերահսկողություն իրականացնելու իրավասություն:
2. 1-ին պարբերությամբ արդեն իսկ նախատեսված դեպքերից բացի՝ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ հնարավոր լինի իրավաբանական անձին պատասխանատվության ենթարկել այն դեպքում, երբ 1-ին պարբերությունում նշված ֆիզիկական անձի կողմից վերահսկողության կամ հսկողության բացակայությունը հանգեցրել է սույն կոնվենցիային համապատասխան սահմանված որեւէ հանցագործություն կատարելուն տվյալ իրավաբանական անձի օգտին՝ վերջինիս իրավասության ներքո գործող ֆիզիկական անձի կողմից:
3. Պահպանելով Կողմի իրավական սկզբունքները՝ իրավաբանական անձը կարող է ենթարկվել քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվության:
4. Այդպիսի պատասխանատվության սահմանումը չի բացառում հանցագործությունը կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությունը:
Հոդված 27. Պատժամիջոցները եւ ձեռնարկվող միջոցները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար նախատեսվեն արդյունավետ, համաչափ եւ զսպող պատժամիջոցներ՝ հաշվի առնելով դրանց ծանրության աստիճանը: Այդ պատժամիջոցները ներառում են ազատազրկում նախատեսող պատիժներ, որոնք կարող են հանգեցնել հանձնման:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ 26-րդ հոդվածին համապատասխան պատասխանատվության ենթարկված իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվեն արդյունավետ, համաչափ եւ զսպող պատժամիջոցներ, որոնք ներառում են քրեական կամ ոչ քրեական դրամական տուգանքներ, ինչպես նաեւ կարող են ներառել այլ միջոցներ, մասնավորապես՝
ա) պետական նպաստներից կամ աջակցությունից զրկելը,
բ) առեւտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքը ժամանակավորապես կամ մշտապես դադարեցնելը,
գ) դատական վերահսկողության տակ դնելը,
դ) լուծարման մասին դատական ակտը:
3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ, որ՝
ա) նախատեսի հետեւյալի առգրավումն ու բռնագրավումը.
- սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները կատարելու կամ դրանց կատարմանը նպաստելու համար օգտագործված ապրանքներ, փաստաթղթեր եւ այլ գործիքներ.
- այդ հանցագործություններից ստացված եկամուտ կամ գույք, որի արժեքը համապատասխանում է այդպիսի եկամուտներին.
բ) հնարավոր դարձնի սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործություններից որեւէ մեկի կատարման նպատակով օգտագործվող ցանկացած հաստատության ժամանակավոր կամ մշտական փակումը՝ չխախտելով բարեխիղճ (bona fide) երրորդ կողմերի իրավունքները, կամ ժամանակավորապես կամ մշտապես արգելի հանցագործությունը կատարողի կողմից մասնագիտական կամ կամավոր հիմունքներով երեխաների հետ շփում ներառող այն գործունեության իրականացումը, որի ընթացքում կատարվել է հանցագործությունը:
4. Յուրաքանչյուր Կողմ կարող է հանցագործությունը կատարողի առնչությամբ ընդունել այլ միջոցներ, ինչպես ծնողական իրավունքներից զրկումը կամ դատապարտված անձանց նկատմամբ հսկողությունը կամ վերահսկողությունը:
5. Յուրաքանչյուր Կողմ կարող է սահմանել, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կամ գույքը, որոնք առգրավվել են սույն հոդվածին համապատասխան, կարող են հատկացվել հատուկ հիմնադրամի՝ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների զոհերի համար նախատեսված՝ կանխարգելման եւ աջակցության ծրագրերը ֆինանսավորելու նպատակով:
Հոդված 28. Ծանրացնող հանգամանքները
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար պատժամիջոցներ սահմանելիս հնարավոր լինի հետեւյալ հանգամանքները ներպետական իրավունքի համապատասխան դրույթների համաձայն հաշվի առնել որպես ծանրացնող հանգամանքներ այնքանով, որքանով դրանք արդեն իսկ հանցագործության բաղկացուցիչ տարրերի մաս չեն կազմում.
ա) հանցագործությունը լուրջ վնաս է պատճառել զոհի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը.
բ) հանցագործությանը նախորդել է կամ այն ուղեկցվել է խոշտանգման կամ ծանր բռնության գործողություններով.
գ) հանցագործությունը կատարվել է առանձնապես խոցելի զոհի նկատմամբ.
դ) հանցագործությունը կատարվել է ընտանիքի անդամի, երեխայի հետ համատեղ բնակվող անձի կամ այն անձի կողմից, որը չարաշահել է իր դիրքը.
ե) հանցագործությունը կատարվել է մի քանի անձանց կողմից՝ հանցակցությամբ.
զ) հանցագործությունը կատարվել է հանցավոր խմբի կողմից.
է) հանցագործությունը կատարողը նախկինում դատապարտվել է նույն բնույթի հանցագործության համար:
Հոդված 29. Նախկին դատվածությունները
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ պատժամիջոցները սահմանելիս հնարավոր լինի հաշվի առնել սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների առնչությամբ մեկ այլ Կողմի կայացրած վերջնական դատավճիռները:
Գլուխ VII. Քննությունը, քրեական հետապնդումը եւ դատավարական իրավունքը
Հոդված 30. Սկզբունքները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ քննություններն ու քրեական վարույթներն իրականացվեն՝ ելնելով երեխայի լավագույն շահերից եւ հարգելով նրա իրավունքները:
2. Յուրաքանչյուր Կողմ որդեգրում է զոհի նկատմամբ պաշտպանական մոտեցում՝ ապահովելով, որ քննություններն ու քրեական վարույթները չխորացնեն երեխայի ստացած տրավման, եւ որ անհրաժեշտության դեպքում քրեական արդարադատության իրականացմանը հաջորդի աջակցության տրամադրումը:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ քննություններն ու քրեական վարույթները դիտարկվեն որպես առաջնահերթություն եւ իրականացվեն առանց անհիմն ուշացումների:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն գլխի ներքո կիրառելի միջոցները չխախտեն պաշտպանության կողմի իրավունքները եւ արդար ու անաչառ դատավարության պահանջները՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածին համապատասխան:
5. Յուրաքանչյուր Կողմ իր ներպետական իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝
- ապահովելու համար սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների արդյունավետ քննությունն ու քրեական հետապնդումը՝ անհրաժեշտության դեպքում թույլատրելով գաղտնի օպերացիաների իրականացման հնարավորությունը.
- հնարավորության տալու համար ստորաբաժանումներին կամ քննչական ծառայություններին՝ նույնականացնելու 20-րդ հոդվածին համապատասխան սահմանված հանցագործությունների զոհերին՝ մասնավորապես վերլուծելով մանկական պոռնոգրաֆիկ նյութերը, ինչպիսիք են լուսանկարները եւ տեսալսողական ձայնագրությունները, որոնք հեռարձակվել են կամ հասանելի են դարձվել տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով:
Հոդված 31. Պաշտպանության ընդհանուր միջոցները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ քննությունների ու քրեական վարույթների բոլոր փուլերում պաշտպանելու զոհերի իրավունքներն ու շահերը, ներառյալ՝ նրանց հատուկ կարիքները որպես վկաներ, մասնավորապես՝
ա) տեղեկացնելով նրանց իրենց իրավունքների եւ նրանց համար նախատեսված ծառայությունների մասին, ինչպես նաեւ նրանց բողոքների ընթացքի, վճարումների եւ քննության կամ վարույթի ընդհանուր ընթացքի եւ դրանում նրանց դերի, ինչպես նաեւ նրանց գործով ելքի մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք չեն ցանկանում ստանալ այդպիսի տեղեկություններ.
բ) ապահովելով, որ առնվազն այն դեպքերում, երբ զոհերը եւ նրանց ընտանիքները կարող են վտանգի մեջ լինել, անհրաժեշտության դեպքում տեղեկացվեն, որ քրեական հետապնդման ենթարկված կամ դատապարտված անձը ժամանակավորապես կամ անորոշ ժամկետով ազատված է.
գ) հնարավորություն տալով նրանց՝ ներպետական իրավունքի դատավարական նորմերին համապատասխան կարգով լսվելու, ներկայացնելու ապացույցներ եւ ընտրելու իրենց տեսակետները, կարիքներն ու մտահոգություններն ուղղակիորեն կամ միջնորդի միջոցով ներկայացնելու եւ ուսումնասիրելու եղանակները.
դ) նրանց տրամադրելով աջակցության համապատասխան ծառայություններ այնպես, որ նրանց իրավունքներն ու շահերը պատշաճորեն ներկայացվեն եւ հաշվի առնվեն.
ե) պաշտպանելով նրանց մասնավոր կյանքը, ինքնությունը եւ կերպարը, ինչպես նաեւ ներպետական իրավունքին համապատասխան ձեռնարկելով միջոցներ՝ կանխարգելելու հանրության շրջանում որեւէ տեղեկության տարածումը, որը կարող է հանգեցնել նրանց նույնականացմանը.
զ) ապահովելով նրանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքների եւ նրանց անունից հանդես եկող վկաների անվտանգությունն ահաբեկումից, վրեժխնդրությունից եւ կրկնակի վիկտիմիզացիայից.
է) ապահովելով, որ դատարանում եւ իրավապահ մարմնի տարածքում զոհերի եւ հանցագործությունը կատարողների միջեւ շփում տեղի չունենա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ իրավասու մարմիններն այլ բան են սահմանում՝ ելնելով երեխայի լավագույն շահերից, կամ երբ նման շփում պահանջվում է քննության կամ վարույթի նպատակներով:
2. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ իրավասու մարմինների հետ նրանց առաջին շփումից սկսած՝ զոհերին հասանելի լինեն համապատասխան դատական եւ վարչական վարույթների վերաբերյալ տեղեկությունները:
3. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ զոհերը (նախատեսված լինելու դեպքում՝ անվճար հիմունքներով) օգտվեն իրավաբանական օգնությունից այն դեպքում, երբ նրանք կարող են քրեական վարույթով կողմի կարգավիճակ ձեռք բերել:
4. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ դատական մարմինները հնարավորություն ունենան զոհի համար նշանակելու հատուկ ներկայացուցիչ այն դեպքում, երբ ներպետական իրավունքի համաձայն զոհը կարող է ձեռք բերել քրեական վարույթով կողմի կարգավիճակ, եւ երբ ծնողական պատասխանատվությամբ օժտված անձինք զրկվել են այդ վարույթներում երեխային ներկայացնելու հնարավորությունից՝ նրանց եւ զոհի միջեւ շահերի բախման հետեւանքով:
5. Յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական իրավունքով նախատեսված պայմաններին համապատասխան, օրենսդրական կամ այլ միջոցներով ապահովում է, որ խմբերը, հիմնադրամները, ասոցիացիաները կամ պետական կամ հասարակական կազմակերպությունները հնարավորություն ունենան սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների հետ կապված քրեական վարույթների ընթացքում աջակցելու եւ (կամ) օժանդակելու զոհերին՝ նրանց համաձայնությամբ:
6. Յուրաքանչյուր Կողմ ապահովում է, որ սույն հոդվածի դրույթների համաձայն զոհերին ներկայացված տեղեկությունները տրամադրվեն նրանց տարիքին եւ հասունությանը հարմարեցված եղանակով, ինչպես նաեւ նրանց հասկանալի լեզվով:
Հոդված 32. Վարույթ հարուցելը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների քննությունը կամ քրեական հետապնդումը պայմանավորված չլինի զոհի կողմից հաղորդում կամ մեղադրանք ներկայացնելու հանգամանքով, եւ որ հնարավոր լինի վարույթները շարունակել, նույնիսկ եթե զոհը հետ է վերցրել իր հայտարարությունները:
Հոդված 33. Վաղեմության ժամկետը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ 18-րդ հոդվածին, 19-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» եւ «բ» կետերին եւ 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» եւ «բ» կետերին համապատասխան սահմանված հանցագործությունների առնչությամբ վարույթների հարուցման վաղեմության ժամկետը շարունակվի այնքան ժամանակ, որքան բավարար կլինի զոհի՝ չափահասության տարիքին հասնելուց հետո վարույթն արդյունավետորեն սկսելու համար, եւ որը կհամապատասխանի տվյալ հանցագործության ծանրության աստիճանին:
Հոդված 34. Քննությունը
1. Յուրաքանչյուր Կողմ ընդունում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են անհրաժեշտ լինել՝ ապահովելու համար, որ քննություն իրականացնելու համար պատասխանատու անձինք, ստորաբաժանումները կամ ծառայությունները մասնագիտացված լինեն երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարի ոլորտում, կամ որ այդ անձինք այդ նպատակով վերապատրաստվեն: Այդպիսի ստորաբաժանումները կամ ծառայությունները պետք է ունենան բավարար ֆինանսական ռեսուրսներ:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ զոհի իրական տարիքի հետ կապված անորոշությունը չխոչընդոտի քրեական գործով քննության հարուցումը:
Հոդված 35. Երեխայի հետ հարցազրույցները
1. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ՝
ա) երեխայի հետ հարցազրույցներն իրականացվեն իրավասու մարմիններին փաստերի մասին հաղորդելուց հետո՝ առանց անհիմն ուշացումների.
բ) անհրաժեշտության դեպքում երեխայի հետ հարցազրույցներն իրականացվեն այդ նպատակով նախատեսված կամ հարմարեցված վայրում.
գ) երեխայի հետ հարցազրույցներն իրականացվեն այդ նպատակով վերապատրաստում անցած մասնագետների կողմից.
դ) հնարավորության եւ անհրաժեշտության դեպքում երեխայի հետ բոլոր հարցազրույցներն իրականացվեն նույն անձանց կողմից.
ե) հարցազրույցների թիվը հնարավորինս սահմանափակվի այնքանով, որքանով խիստ անհրաժեշտ է քրեական վարույթի նպատակներով.
զ) երեխայի օրինական ներկայացուցիչը կամ անհրաժեշտության դեպքում երեխայի ընտրությամբ որեւէ չափահաս անձ հնարավորություն ունենա ուղեկցելու նրան՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հակառակի մասին պատճառաբանված որոշում է կայացվել այդ անձի առնչությամբ:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ զոհի կամ անհրաժեշտության դեպքում երեխա վկայի հետ բոլոր հարցազրույցները հնարավոր լինի տեսաձայնագրել, եւ այդ բոլոր տեսաձայնագրված հարցազրույցները հնարավոր լինի որպես ապացույց ընդունել դատական վարույթների ժամանակ՝ համաձայն իր ներպետական իրավունքով սահմանված կանոնների:
3. Եթե զոհի տարիքն անհայտ է, սակայն հիմքեր կան կարծելու, որ զոհը երեխա է, կիրառվում են 1-ին եւ 2-րդ պարբերություններով սահմանված միջոցները՝ մինչեւ նրա տարիքը պարզելը:
Հոդված 36. Քրեական դատարանում վարույթները
1. Յուրաքանչյուր Կողմ, պատշաճ կերպով պահպանելով իրավաբան մասնագետների անկախությունը կարգավորող կանոնները, ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաների իրավունքների եւ երեխաների սեռական շահագործման ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ վերապատրաստումները հասանելի լինեն վարույթներում ներգրավված բոլոր անձանց, մասնավորապես՝ դատավորների, դատախազների եւ փաստաբանների համար:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ իր ներպետական իրավունքով նախատեսված կանոնների համաձայն ապահովելու, որ՝
ա) դատավորը կարողանա կարգադրել, որ լսումը տեղի ունենա առանց հանրության ներկայության.
բ) զոհը կարողանա լսվել դատարանում՝ առանց ներկա գտնվելու՝ մասնավորապես համապատասխան հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
Գլուխ VIII. Տվյալների գրանցումը եւ պահպանումը
Հոդված 37. Սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ ազգային տվյալների գրանցումը եւ պահպանումը
1. Սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների կանխարգելման ու քրեական հետապնդման նպատակով յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ իր ներպետական իրավունքով նախատեսված՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ համապատասխան դրույթների եւ այլ կիրառելի կանոնների ու երաշխիքների համաձայն հավաքելու եւ պահպանելու սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց ինքնության եւ գենետիկ բնութագրի (ԴՆԹ) վերաբերյալ տվյալներ:
2. Յուրաքանչյուր Կողմ ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին հաղորդում է 1-ին պարբերության նպատակներով պատասխանատու ազգային միասնական մարմնի անվանումը եւ հասցեն:
3. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ 1-ին պարբերությունում նշված տեղեկությունները հնարավոր լինի փոխանցել մեկ այլ Կողմի իրավասու մարմնին՝ իր ներպետական իրավունքով եւ վերաբերելի միջազգային փաստաթղթերով սահմանված պայմաններին համապատասխան:
Գլուխ IX. Միջազգային համագործակցությունը
Հոդված 38. Միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքները եւ միջոցները
1. Կողմերը սույն կոնվենցիայի դրույթներին համապատասխան, ինչպես նաեւ վերաբերելի միջազգային ու տարածաշրջանային փաստաթղթերի, միասնական կամ փոխհամաձայնեցված օրենսդրության եւ ներքին օրենքների հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունների կիրառման միջոցով հնարավորինս լայնորեն համագործակցում են միմյանց հետ՝
ա) երեխաների սեռական շահագործումը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու նպատակով,
բ) զոհերին պաշտպանելու եւ աջակցություն տրամադրելու նպատակով,
գ) սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների քննության եւ վարույթների իրականացման նպատակով:
2. Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործության զոհերը կարողանան մեկ այլ Կողմի տարածքում, որն իրենց բնակության վայրը չէ, բողոք ներկայացնել իրենց բնակության վայրի պետության համապատասխան մարմիններ:
3. Եթե Կողմը, որը քրեական գործերով կամ հանձնման հետ կապված հարցերով իրավական օգնության տրամադրումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, ստանում է իրավական օգնության կամ հանձնման վերաբերյալ հարցում այն Կողմից, որի հետ չի կնքել այդպիսի պայմանագիր, ապա այն կարող է սույն կոնվենցիան ընդունել որպես իրավական հիմք՝ սույն կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների կապակցությամբ քրեական գործերով կամ հանձնման հետ կապված հարցերով իրավական օգնություն տրամադրելու համար:
4. Յուրաքանչյուր Կողմ ձգտում է համապատասխան դեպքերում երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը կամ դրանց դեմ պայքարն ընդգրկել երրորդ պետություններին ուղղված՝ զարգացման ոլորտում աջակցության ծրագրերում:
Գլուխ X. Մոնիթորինգի մեխանիզմը
Հոդված 39. Կողմերի կոմիտեն
1. Կողմերի կոմիտեն կազմված է սույն կոնվենցիայի Կողմերի ներկայացուցիչներից:
2. Կողմերի կոմիտեի նիստը գումարվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից: Կոմիտեի առաջին նիստը տեղի է ունենում սույն կոնվենցիան այն վավերացրած տասներորդ ստորագրողի համար ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Դրա հաջորդ նիստերը գումարվում են ցանկացած ժամանակ՝ Կողմերի առնվազն մեկ երրորդի կամ Գլխավոր քարտուղարի կողմից նման պահանջ ներկայացվելու դեպքում:
3. Կողմերի կոմիտեն ընդունում է իր ընթացակարգային կանոնները:
Հոդված 40. Մյուս ներկայացուցիչները
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների հանձնակատարը, Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (ՔՀԵԿ), ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մյուս համապատասխան միջկառավարական կոմիտեները յուրաքանչյուրը նշանակում են ներկայացուցիչ Կողմերի կոմիտեում:
2. Նախարարների կոմիտեն կարող է Եվրոպայի խորհրդի այլ մարմինների առաջարկել ներկայացուցիչ նշանակել Կողմերի կոմիտեում՝ վերջինիս հետ խորհրդակցելուց հետո:
3. Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ մասնավորապես հասարակական կազմակերպությունները կարող են ընդգրկվել Կողմերի կոմիտեում որպես դիտորդներ՝ Եվրոպայի խորհրդի համապատասխան կանոններով սահմանված ընթացակարգի համաձայն:
4. 1-3-րդ պարբերությունների համաձայն նշանակված ներկայացուցիչները Կողմերի կոմիտեի հանդիպումներին մասնակցում են առանց ձայնի իրավունքի:
Հոդված 41. Կողմերի կոմիտեի գործառույթները
1. Կողմերի կոմիտեն մոնիթորինգի է ենթարկում սույն կոնվենցիայի կիրարկումը: Կողմերի կոմիտեի ընթացակարգային կանոններով սահմանվում է սույն կոնվենցիայի կիրարկումը գնահատելու կարգը:
2. Կողմերի կոմիտեն նպաստում է տեղեկությունների հավաքմանը, վերլուծությանը եւ տեղեկությունների, փորձի ու արդյունավետ գործելակերպերի փոխանակմանը պետությունների միջեւ՝ բարելավելու համար երեխաների սեռական շահագործումը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարելու մասով նրանց կարողությունները:
3. Կողմերի կոմիտեն անհրաժեշտության դեպքում նաեւ՝
ա) նպաստում է սույն կոնվենցիայի արդյունավետ կիրառմանն ու կիրարկմանը, ներառյալ՝ ցանկացած խնդրի վերհանումը եւ սույն կոնվենցիայի շրջանակներում արված ցանկացած հայտարարության կամ վերապահման ազդեցության բացահայտումը,
բ) կարծիք է ներկայացնում սույն կոնվենցիայի կիրառման հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ եւ նպաստում է իրավական, քաղաքական կամ տեխնոլոգիական էական զարգացումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակմանը:
4. Կողմերի կոմիտեին սույն հոդվածի համաձայն իր գործառույթների իրականացման հարցում աջակցում է Եվրոպայի խորհրդի քարտուղարությունը:
5. Քրեական հարցերով եվրոպական կոմիտեն (ՔՀԵԿ) պարբերաբար տեղեկացվում է սույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ պարբերություններում նշված գործողությունների վերաբերյալ:
Գլուխ XI. Այլ միջազգային փաստաթղթերին առնչությունը
Հոդված 42. Առնչությունը «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիային եւ դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությանը
Սույն կոնվենցիան չի ազդում «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի եւ դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության եւ մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության դրույթներից բխող իրավունքների եւ պարտավորությունների վրա եւ նախատեսված է ամրապնդելու դրանցով նախատեսված պաշտպանությունը եւ զարգացնելու ու լրացնելու դրանցում սահմանված չափանիշները:
Հոդված 43. Այլ միջազգային փաստաթղթերին առնչությունը
1. Սույն կոնվենցիան չի ազդում այլ միջազգային փաստաթղթերի դրույթներից բխող իրավունքների եւ պարտավորությունների վրա, որոնց Կողմ են կամ Կողմ են դառնալու սույն կոնվենցիայի Կողմերը, եւ որոնք պարունակում են սույն կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ դրույթներ եւ ապահովում են սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության երեխա զոհերի պաշտպանության եւ աջակցության ավելի բարձր մակարդակ:
2. Կոնվենցիայի Կողմերը կարող են սույն կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ միմյանց հետ կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր՝ դրա դրույթները լրացնելու կամ ամրապնդելու կամ դրանում նախատեսված սկզբունքների կիրառմանը նպաստելու նպատակով:
3. Եվրոպական միության անդամ հանդիսացող Կողմերը Համայնքի եւ Եվրոպական միության կանոններն իրենց փոխհարաբերություններում կիրառում են այնքանով, որքանով Համայնքի կամ Եվրոպական միության կանոնները կարգավորում են համապատասխան խնդրո առարկան կամ կիրառելի են առանձնահատուկ դեպքի համար՝ չհակասելով սույն կոնվենցիայի առարկային եւ նպատակին, ինչպես նաեւ չխախտելով մյուս Կողմերի հետ դրա ամբողջական կիրառումը:
Գլուխ XII. Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
Հոդված 44. Փոփոխությունները
1. Սույն կոնվենցիայում փոփոխություն կատարելու վերաբերյալ Կողմի ցանկացած առաջարկ ներկայացվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, որն իր հերթին այն փոխանցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ցանկացած ստորագրող կողմի, ցանկացած Կողմ պետության, Եվրոպական համայնքին, ցանկացած պետության, որին 45-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներին համապատասխան առաջարկվել է ստորագրել սույն կոնվենցիան, եւ ցանկացած պետության, որին 46-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթներին համապատասխան առաջարկվել է միանալ սույն կոնվենցիային:
2. Կողմի կողմից առաջարկված ցանկացած փոփոխություն ներկայացվում է Քրեական հարցերով եվրոպական կոմիտե (ՔՀԵԿ), որն այդ առաջարկված փոփոխության վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է Նախարարների կոմիտե:
3. Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է առաջարկված փոփոխությունն ու ՔՀԵԿ-ի ներկայացրած կարծիքը եւ սույն կոնվենցիայի Կողմ չհանդիսացող պետությունների հետ խորհրդակցելուց հետո կարող է ընդունել փոփոխությունը:
4. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության տեքստ փոխանցվում է Կողմերին՝ ընդունման համար:
5. Սույն հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն ընդունելու մասին բոլոր Կողմերի կողմից Գլխավոր քարտուղարին տեղեկացնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Գլուխ XIII. Եզրափակիչ դրույթներ
Հոդված 45. Ստորագրումը եւ ուժի մեջ մտնելը
1. Սույն կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար, դրա մշակման աշխատանքներին մասնակցած՝ անդամ չհանդիսացող պետությունների համար, ինչպես նաեւ Եվրոպական համայնքի համար:
2. Սույն կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:
3. Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում հինգ ստորագրող կողմերի, այդ թվում՝ առնվազն Եվրոպայի խորհրդի երեք անդամ պետությունների կողմից նախորդ պարբերության դրույթներին համապատասխան սույն կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իրենց համաձայնությունը տալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
4. 1-ին պարբերությունում նշված որեւէ պետության կամ Եվրոպական համայնքի համար, որը հետագայում է հայտնում սույն կոնվենցիայով պարտավորված լինելու վերաբերյալ իր համաձայնությունը, կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 46. Կոնվենցիային միանալը
1. Սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է սույն կոնվենցիայի Կողմերի հետ խորհրդակցելուց եւ նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո առաջարկել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության, որը չի մասնակցել կոնվենցիայի մշակման աշխատանքներին, միանալ սույն կոնվենցիային՝ Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի դ կետով նախատեսված՝ մեծամասնության կողմից ընդունված որոշմամբ եւ Նախարարների կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների կողմից միաձայն ընդունված որոշմամբ:
2. Միացող ցանկացած պետության համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 47. Տարածքային կիրառությունը
1. Յուրաքանչյուր պետություն կամ Եվրոպական համայնքը կարող է ստորագրման պահին կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն կոնվենցիան:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է հետագայում՝ ցանկացած ժամանակ, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ սույն կոնվենցիայի կիրառությունը տարածել հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ, որի միջազգային հարաբերությունների համար այն պատասխանատու է, կամ որի անունից այն լիազորված է պարտավորություններ ստանձնելու: Այդպիսի տարածքի համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
3. Նախորդ երկու պարբերությունների համաձայն արված ցանկացած հայտարարություն կարող է այդ հայտարարությունում նշված ցանկացած տարածքի առնչությամբ հետ վերցվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցմամբ: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 48. Վերապահումները
Բացառությամբ հստակ սահմանված վերապահումների՝ սույն կոնվենցիայի որեւէ դրույթի առնչությամբ վերապահում չի կարող արվել: Ցանկացած վերապահում կարող է ցանկացած ժամանակ վերացվել:
Հոդված 49. Չեղյալ հայտարարելը
1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել սույն կոնվենցիան:
2. Այդպիսի չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից հետո եռամսյա ժամկետը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:
Հոդված 50. Ծանուցումը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ցանկացած ստորագրող պետության, ցանկացած Կողմ պետության, Եվրոպական համայնքին, ցանկացած պետության, որին 45-րդ հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկվել է ստորագրել սույն կոնվենցիան, եւ ցանկացած պետության, որին 46-րդ հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկվել է միանալ սույն կոնվենցիային՝
ա) ցանկացած ստորագրման,
բ) վավերացման, հաստատման, ընդունման կամ միանալու մասին որեւէ փաստաթուղթ ի պահ հանձնելու,
գ) 45-րդ եւ 46-րդ հոդվածներին համապատասխան սույն կոնվենցիան ուժի մեջ մտնելու ամսաթվի,
դ) 44-րդ հոդվածին համապատասխան ընդունված ցանկացած փոփոխության եւ այդ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսաթվի,
ե) 48-րդ հոդվածի համաձայն արված ցանկացած վերապահման,
զ) 49-րդ հոդվածի դրույթների համաձայն ցանկացած չեղյալ հայտարարման,
է) սույն կոնվենցիային առնչվող ցանկացած այլ ակտի, ծանուցման կամ հայտարարության մասին:
Ի հաստատումն որի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն կոնվենցիան:
Կատարված է Լանզարոտեում 2007 թվականի հոկտեմբերի 25-ին, մեկ բնօրինակից՝ անգլերեն եւ ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կփոխանցի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, սույն կոնվենցիայի մշակման աշխատանքներին մասնակցած՝ անդամ չհանդիսացող պետություններին, Եվրոպական համայնքին եւ ցանկացած պետության, որին առաջարկվել է միանալ սույն կոնվենցիային:
Սույնով հավաստվում է, որ կցված տեքստը 2007 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունն է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն
Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք. - թիվ 201
Բացատրական զեկույց
«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի [1]
Լանզարոտե, 25.X.2007
———————————————————————————————————
I. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն սույն բացատրական զեկույցը հաշվի է առել 2007 թվականի հուլիսի 12-ին իր՝ տեղակալների մակարդակով անցկացված 1002-րդ հանդիպմանը: Կոնվենցիան ստորագրման համար բացվել է Լանզարոտեում (Իսպանիա) 2007 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպական երկրների արդարադատության նախարարների 28-րդ խորհրդաժողովի կապակցությամբ:
II. Սույն բացատրական զեկույցի տեքստը Կոնվենցիայի պաշտոնական մեկնաբանություն տրամադրող փաստաթուղթ չէ, թեև այն կարող է նման բնույթ ունենալ՝ դրանում պարունակվող դրույթների կիրառումը հեշտացնելու նպատակով:
I. Ներածություն
ա. Երեխաների սեռական շահագործումն ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները և միջազգային հեղինակավոր փաստաթղթերը
1. Սեռական շահագործումն ու սեռական բնույթի բռնությունը երեխաների նկատմամբ բռնության ամենավատ դրսևորումներից են։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ ամեն տարի «սեքս-արտադրության» ոլորտում օգտագործվում է մոտավորապես երկու միլիոն երեխա։ Համացանցում տեղադրված է սեռական բնույթի բռնության ենթարկված մոտավորապես տասից քսան հազար երեխաների ավելի քան մեկ միլիոն պատկեր:
2. Այդ տասից քսան հազար երեխաներից միայն մի քանի հարյուրի ինքնությունն է պարզված: Մյուսներն անանուն են, լքված և ամենայն հավանականությամբ դեռևս շարունակում են ենթարկվել նման բռնությունների։
3. Եվրոպայում երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների ընդհանուր թվի վերաբերյալ վիճակագրություն չկա, սակայն հայտնի է, որ ոստիկանական և սոցիալական ծառայություններ երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ հաղորդված դեպքերի և փաստացի դեպքերի թվերի միջև զգալի տարբերություն կա: Հայտնի է նաև այն, որ երեխաների համար սովորաբար ծայրահեղ դժվար է որևէ մեկին պատմել այն մասին, որ իրենք ենթարկվում են սեռական բնույթի բռնության, քանի որ շատ հաճախ նրանք բռնության են ենթարկվում իրենց անմիջական սոցիալական կամ ընտանեկան շրջանակում գտնվող անձի կողմից, կամ քանի որ նրանց վախեցնում են։ Այսպիսով, ըստ հասանելի տվյալների, Եվրոպայի խորհրդի երկրներում երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում ընտանեկան շրջանակում՝ երեխայի մտերիմ անձանց կամ երեխայի սոցիալական միջավայրում գտնվող անձանց կողմից:
4. Երեխաների իրավունքների, այդ թվում՝ սեռական շահագործումից պաշտպանության ոլորտում գոյություն ունեցող հիմնական միջազգային փաստաթուղթը «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան է (այսուհետև՝ ԵԻԿ, ՄԱԿ, 1989 թվական): Այն երեխաներին պաշտպանում է սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների բոլոր ձևերից, առևանգումից, վաճառքից և թրաֆիքինգից, շահագործման ցանկացած այլ ձևից, ինչպես նաև դաժան կամ անմարդկային վերաբերմունքից: ԵԻԿ-ի համապատասխան դրույթները, ինչպիսիք են, օրինակ՝ 1-ին, 11-րդ, 21-րդ և 32-37-րդ հոդվածներում ամրագրված դրույթները, ձևակերպված են ընդհանուր և լայն իմաստով:
5. ԵԻԿ-ի 34-րդ հոդվածով պահանջվում է, որ մասնակից պետությունները երեխաներին պաշտպանեն «սեռական շահագործման բոլոր ձևերից և սեռական բնույթի բռնություններից», որոնք ներառում են երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը, շահագործման նպատակով երեխաներին պոռնկության մեջ կամ այլ ապօրինի սեռական պրակտիկայում օգտագործելը և շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիկ ներկայացումներում և պոռնոգրաֆիկ նյութերի մեջ օգտագործելը։
6. Ինչ վերաբերում է երեխաների սեռական շահագործմանը, միակ համընդհանուր փաստաթուղթը, որը հատուկ անդրադառնում է այս թեմային, ԵԻԿ-ի «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունն է (ՄԱԿ, 2000 թվական): Արձանագրությամբ քրեականացվում են մանկավաճառության, մանկական պոռնոգրաֆիայի և երեխաների մարմնավաճառության հետ կապված որոշակի գործողություններ, այդ թվում՝ դրանց հանցափորձը, հանցակցությունը և մասնակցությունը: Դրանով, սակայն, համապարփակ և մանրամասն կերպով չեն կարգավորվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են երեխաների պահանջներին համապատասխանեցված դատական ընթացակարգերը, թեև սահմանվում են քրեական արդարադատության գործընթացներում երեխա զոհի պաշտպանության նվազագույն չափանիշները: Արձանագրությամբ նախատեսվում է զոհերի՝ փոխհատուցում ստանալու իրավունքը: Դրանով խրախուսվում է միջազգային համագործակցության և աջակցության ամրապնդումը և արտատարածքային օրենսդրության ընդունումը, սակայն չի նախատեսվում կրկնակի քրեականացման սկզբունքից ազատում:
7. ԵԻԿ-ին և դրա արձանագրություններին համապատասխանությունը մոնիթորինգի է ենթարկվում Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի կողմից, որը եկել է այն եզրահանգման, որ երեխաները Եվրոպայում սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից բավարար չափով պաշտպանված չեն։ Մասնավորապես, Կոմիտեն ընդգծում է մասնակից պետություններում այդ ոլորտի վերաբերյալ սպառիչ ազգային քրեական օրենսդրության բացակայությունը հատկապես այնպիսի հարցերում, ինչպիսիք են երեխաների թրաֆիքինգը, «սեքս-զբոսաշրջությունը» և մանկական պոռնոգրաֆիան, սեռական հարաբերություններին համաձայնություն տալու համար հստակ սահմանված նվազագույն տարիքային շեմի բացակայությունը և համացանցի միջոցով գործադրվող բռնությունից երեխաների պաշտպանության բացակայությունը: Այն, օրինակ, խորհուրդ է տվել պետություններին երեխաների նկատմամբ զգայուն կերպով իրականացվող քննության և դատական վարույթի շրջանակներում մշակել հաղորդման և քննության իրականացման արդյունավետ համակարգ՝ խուսափելով երեխա զոհերի կրկնակի հարցաքննություններից` երեխա զոհերի համար լավագույն պաշտպանություն, այդ թվում՝ նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանությունն ապահովելու նպատակով:
8. Եվրոպական սոցիալական խարտիայի (ԵՊՇ 035, Եվրոպայի խորհուրդ, 1961 թվական, վերանայված՝ 1996 թվականին) 7-րդ հոդվածով սահմանվում է, որ երեխաները և երիտասարդներն ունեն ֆիզիկական և բարոյական վտանգներից, որոնց նրանք ենթարկվում են, հատուկ պաշտպանության իրավունք։ Վերանայված սոցիալական խարտիայի 17-րդ հոդվածը (ԵՊՇ 163) ներառում է երեխաների և երիտասարդների պատշաճ սոցիալական, իրավական և տնտեսական պաշտպանության իրավունքը: 17-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանվում է, որ կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր համապատասխան և անհրաժեշտ միջոցները՝ ուղղված երեխաներին և երիտասարդներին անուշադրությունից, բռնությունից կամ շահագործումից պաշտպանելուն։
9. Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն մեկնաբանել է Խարտիայի դրույթները որպես երեխաների` սեռական շահագործման բոլոր ձևերից, մասնավորապես` «սեքս-արտադրության» մեջ ներգրավվելուց պաշտպանության իրավունք: Կոմիտեն տվել է «երեխաների մարմնավաճառություն», «մանկական պոռնոգրաֆիա» և «սեռական նպատակներով երեխաների թրաֆիքինգ» եզրույթների սահմանումները: Շահագործման բոլոր այդ ձևերը պետք է քրեականացնել, եթե երեխայի 18 տարին չի լրացել: Կոմիտեն հաշվի է առել նաև տեխնոլոգիական զարգացումը՝ պահանջելով, որ ինտերնետ ծառայություն մատուցողները պատասխանատվություն կրեն իրենց կողմից պահվող նյութը վերահսկելու, ինտերնետով իրականացվող գործունեության և գրանցման ընթացակարգերի նկատմամբ մոնիթորինգի լավագույն համակարգ ապահովելու համար:
10. «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի (ԵՊՇ 185, Եվրոպայի խորհուրդ, 2001 թվական) 9-րդ հոդվածում առկա է հատուկ դրույթ, որով քրեականացվում է համակարգչային համակարգի օգտագործմամբ իրականացվող մանկական պոռնոգրաֆիան: Այն ներառում է «մանկական պոռնոգրաֆիա» եզրույթի սահմանումը և մասնակից պետություններին կոչ է անում քրեականացնել մանկական պոռնոգրաֆիա արտադրելը, առաջարկելը կամ հասանելի դարձնելը, տարածելը կամ հեռարձակելը, ձեռք բերելը և տիրապետելը: Սույն Կոնվենցիայում պարունակվող կարևոր ընթացակարգային և միջազգային համագործակցության միջոցները կիրառվում են նաև համակարգչային համակարգի օգտագործմամբ կատարվող այլ հանցագործությունների և հանցագործության վերաբերյալ ապացույցներն էլեկտրոնային եղանակով հավաքելու նկատմամբ (օրինակ՝ երեխաների սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության դեպքում):
11. «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (ԵԽՊՇ 197) ընդունվել է 2005 թվականի մայիսին: Կոնվենցիայի 4-րդ հոդվածում սահմանվում է «մարդկանց շահագործում (թրաֆիքինգ)» եզրույթը՝ հատուկ ուշադրություն դարձնելով 18 տարին չլրացած զոհերին: Այն ներառում է թրաֆիքինգի զոհերի համար պաշտպանության որոշ մեխանիզմներ, ինչպիսիք են վերականգնման և խորհրդածության ժամանակաշրջանի և կացության թույլտվության հետ կապված իրավունքները: Այն պարունակում է հատուկ դրույթներ թրաֆիքինգի ենթարկված երեխա զոհերի առնչությամբ, օրինակ՝ կրթության հասանելիության իրավունքը: Բացի այդ, քննության ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև դատական վարույթի ընթացքում զոհերը պետք է ստանան հատուկ պաշտպանություն։ Ինչ վերաբերում է երեխաներին, ապա պետք է հաշվի առնվեն երեխայի լավագույն շահերը:
12. 2001 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ընդունել է «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» թիվ 16 (2001) առաջարկությունը: Դրանով կոչ է արվում քրեականացնել այն արարքները, որոնք վերաբերում են երեխաների սեռական շահագործմանը, մասնավորապես՝ երեխաների մարմնավաճառությանը, մանկական պոռնոգրաֆիային և սեռական նպատակներով երեխաների թրաֆիքինգին: Դրանով նաև նախատեսվում է, որ պետությունները պետք է սեռական շահագործման ենթարկված երեխա զոհերի համար դատական վարույթի ընթացքում ապահովեն հատուկ միջոցներ և երաշխավորեն, որ երեխայի իրավունքները վարույթի ողջ ընթացքում լինեն պաշտպանված, որ դատական մարմինները այդ գործերին առաջնահերթություն տան, և որ քրեական վարույթի համար հայցային վաղեմության ընթացքն սկսվի այն ժամանակ, երբ երեխան դառնա չափահաս: Նաև դրանով կոչ է արվում բարելավել միջազգային համագործակցությունը և արտատարածքային իրավազորության ընդունումն ու կիրարկումը՝ առանց կրկնակի քրեականացման պահանջի:
13. Եվրոպական միության խորհուրդը 2003 թվականին ընդունել է «Երեխաների սեռական շահագործման և մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին» շրջանակային որոշումը (2004/68/JHA), համաձայն որի՝ անդամ պետությունները պարտավոր են քրեականացնել վարքագծի որոշակի դրսևորումներ և նախատեսել այդ հանցագործությունների համար առաջացող առավելագույն պատիժների նվազագույն աստիճան: Սեռական շահագործման հետ կապված հանցագործությունները վերաբերում են մարմնավաճառությանը և սեռական հարաբերությունների համար ուժի/սպառնալիքի գործադրմանը կամ վստահության/իշխանության դիրքի օգտագործմանը: Մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունները քրեականացվում են՝ անկախ նրանից՝ դրանք ներառում են համակարգչային համակարգի օգտագործում, թե՝ ոչ: Բացի այդ, պետք է քրեականացվեն նաև վերոնշյալ հանցագործությունների կատարմանը հրահրելը, օժանդակելը, դրդելը և դրանց հանցափորձերը: Շրջանակային որոշմամբ սահմանվում է, որ արտատարածքային իրավազորությունը պետք է գործադրվի «aut dedere aut judicare» («հանձնում կամ հետապնդում») սկզբունքի հիման վրա, և որ զոհերը պետք է քրեական վարույթում համարվեն հատկապես խոցելի (հղում անելով «Քրեական վարույթում տուժողի կարգավիճակի մասին» ԵՄ շրջանակային որոշմանը):
14. 2001 թվականին Եվրոպական միության խորհուրդն ընդունել է «Քրեական վարույթում տուժողի կարգավիճակի մասին» շրջանակային որոշումը (2001/220/JHA), որում հանցագործությունների զոհերի համար սահմանվում են հատուկ պաշտպանական միջոցներ: Երբ անհրաժեշտ է լինում զոհին դռնբաց դատական նիստում ցուցմունք տալուց պաշտպանել, դատարանը կարող է որոշել, որ զոհը կարող է ցուցմունք տալ այնպիսի եղանակով, որը հնարավոր կդարձնի այդ նպատակի իրականացումը։ Պետությունները պետք է խրախուսեն դատական վարույթում ներգրավված կամ զոհերի հետ աշխատող անձնակազմին հատուկ վերապատրաստում անցնել, մասնավորապես՝ առավել խոցելի խմբերի առնչությամբ:
15. Այնուհետև Եվրոպական միության խորհուրդն ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» շրջանակային որոշումը (2002/629/JHA), որով մասնավորապես նախատեսվում է այդ ոլորտում հանցագործությունների ներդաշնակեցում:
16. «Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման ու վերացման ուղղությամբ անհետաձգելի գործողությունների մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիայի (1999 թվական) 3-րդ հոդվածում՝ «մանկական աշխատանքի վատթարագույն ձևեր» հասկացության սահմանման մեջ, ներառվում է «մարմնավաճառության, պոռնոգրաֆիա արտադրելու նպատակներով կամ պոռնոգրաֆիկ ներկայացումներում երեխային օգտագործելը, գնելը կամ առաջարկելը»:
17. Հիշատակման են արժանի 1996 թվականին Ստոկհոլմում և 2001 թվականին Յոկոհամայում անցկացված՝ Առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման վերաբերյալ երկու համաշխարհային կոնգրեսները, քանի որ դրանց եզրակացությունների իրականացման հարցում առաջընթացի նկատմամբ մոնիթորինգ է իրականացվել Եվրոպայի խորհրդի կողմից: Այդ կոնգրեսների շրջանակներում ընդունվել են Ստոկհոլմի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրն ու Յոկոհամայի գլոբալ պարտավորությունը:
18. Ստոկհոլմի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը խթանում են համագործակցությունը պետությունների և հասարակության բոլոր հատվածների միջև և ներառում առաջարկություններ՝ առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործումը և երեխաների սեռական շահագործման այլ ձևեր քրեականացնելու, ինչպես նաև հանցանք կատարած անձանց պատժելու համար: Կատարողները պետք է ենթարկվեն ոչ միայն իրավական պատժամիջոցների, այլև նրանց պետք է տրվեն վերականգնման հնարավորություններ: Հռչակագրով և Գործողությունների ծրագրով պետություններին առաջարկվում է նաև գործողության մեջ դնել արտատարածքային օրենսդրություն: Դրանով սահմանվում են երեխաների պահանջներին համապատասխանեցված դատական ընթացակարգերի համար նախատեսված ստանդարտներ, և ամրապնդվում զոհերի՝ իրավաբանական օգնության և դատական պաշտպանության միջոցների իրավունքները: Դրանով կոչ է արվում մշակել և իրականացնել գործողությունների ազգային ծրագրեր և ձևավորել ազգային համակարգող մարմիններ: Ավելին, դրանով զոհերի համար նախատեսվում է երեխաների պահանջներին համապատասխանեցված անձնակազմի և աջակցության ծառայությունների հասանելիության հնարավորություն բոլոր բնագավառներում, մասնավորապես՝ իրավական, սոցիալական և առողջապահական ոլորտներում:
19. Յոկոհամայի գլոբալ պարտավորությունը, որն ընդունվել է երկրորդ համաշխարհային կոնգրեսի ժամանակ, վերահաստատել է Ստոկհոլմի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը: Դրանում նաև սահմանվում է, որ բոլոր դերակատարները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն նորագույն տեխնոլոգիաների բացասական կողմերին՝ մասնավորապես ինտերնետում մանկական պոռնոգրաֆիային անդրադառնալու նպատակով:
20. Նախքան երկրորդ համաշխարհային կոնգրեսը՝ Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար կազմակերպել է նախապատրաստական հանդիպում, որի ժամանակ ընդունվել է Բուդապեշտի պարտավորությունը և Գործողությունների ծրագիրը: Այդ փաստաթղթի նպատակն ազգային և միջազգային իրավապահ մարմինների միջև համագործակցության ցանցերն ամրապնդելը և թրաֆիքինգով զբաղվող անձանց ձերբակալման մասին միջազգային որոշումեր մշակելու գործընթացը խթանելն է: Եվրոպայի խորհուրդը նշանակվել է այդ պարտավորությունների կատարման գործընթացում առաջընթացի նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու և այդ հարցում պետություններին աջակցելու համար:
21. 2005 թվականին Լյուբլյանայում տեղի է ունեցել Յոկոհամային հաջորդող հանդիպում: Յոկոհամայի պարտավորությունների ստուգման այդ խորհրդաժողովի եզրակացություններում ընդգծվել են Ստոկհոլմում և Յոկոհամայում ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետ գործելակերպերը, և ուշադրությունը հրավիրվել է նոր և ծագող խնդիրների վրա: Առանձին աշխատանքային խումբ զբաղվել է երեխաների պահանջներին համապատասխանեցված դատական վարույթի հետ կապված հարցերով՝ առաջարկելով հատուկ այս խնդրին անդրադառնալու նպատակով մշակել նոր կոնվենցիա։
բ. Եվրոպայի խորհրդի գործողությունները
22. Եվրոպայի խորհուրդն ավելի քան 15 տարի աշխատել է իր անդամ պետություններին երեխաների սեռական շահագործման և երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնության ապակառուցողական երևույթի դեմ պայքարելու հարցում օգնելու ուղղությամբ: Այն մշակել է մի շարք տեքստեր, որոնք հատկապես առնչվում են այդ խնդիրներին: Եվրոպայի խորհուրդն ակտիվորեն մասնակցել է Առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ երկու համաշխարհային կոնգրեսներին, որոնք անց են կացվել 1996 թվականին Ստոկհոլմում և 2001 թվականին Յոկոհամայում: 2002 թվականի սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է Երեխաների սեռական շահագործման վերաբերյալ 1307 (2002) բանաձևը. բացարձակ անհանդուրժողականություն: Վեհաժողովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին անպատժելիության վերաբերյալ որդեգրել դինամիկ քաղաքականություն, ինչպես նաև ընդունել այնպիսի ընթացակարգեր, որոնցով առաջնահերթությունը կտրվի երեխա զոհերի իրավունքներին և նրանց տեսակետներին, և որոնք ուղղված կլինեն հանցագործներին ձերբակալելուն՝ առանց նրանց արդարադատությունից խուսափելու աննշան հնարավորություն տալու:
23. Երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի գործում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների քաղաքական պարտավորությունը հաստատվել է Պետությունների և կառավարությունների ղեկավարների երկրորդ գագաթնաժողովի ժամանակ (Ստրասբուրգ, 1997 թվականի նոյեմբեր): Այդ գագաթնաժողովում ընդունված Գործողությունների ծրագրով անդամ պետություններին կոչ է արվել վերանայել ազգային օրենսդրությունը՝ անմարդկային վերաբերմունքից տուժող կամ անմարդկային վերաբերմունքի ռիսկի ենթարկված երեխաների պաշտպանության միասնական ստանդարտներ ապահովելու նպատակով, ընդլայնել իրենց համագործակցությունը Եվրոպայի խորհրդի շրջանակներում՝ երեխաների շահագործման բոլոր ձևերը, այդ թվում՝ երեխաների ներգրավմամբ պոռնոգրաֆիկ նյութերի արտադրությունը, վաճառքը, մարքեթինգը և տիրապետումը կանխարգելելու նպատակով:
24. Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարները վերահաստատել են այդ պարտավորությունը 2005 թվականի մայիսին Վարշավայում կայացած իրենց երրորդ գագաթնաժողովում: Այդ գագաթնաժողովի ժամանակ բռնության բոլոր ձևերից երեխաների պաշտպանությունը հայտարարվել է Կազմակերպության շրջանակներում գլխավոր առաջնահերթություն: Գործողությունների ծրագիրը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.
«Մենք կձեռնարկենք հատուկ գործողություններ երեխաների նկատմամբ բռնության բոլոր ձևերը վերացնելու համար: Այսպիսով մենք որոշում ենք մեկնարկել գործողությունների եռամյա ծրագիր՝ երեխաների նկատմամբ բռնության տարբեր ձևերի՝ սոցիալական, իրավական, առողջապահական և կրթական հարթություններին անդրադառնալու նպատակով: Մենք նաև կմշակենք միջոցներ, անհրաժեշտության դեպքում՝ նաև իրավական փաստաթղթեր՝ երեխաների սեռական շահագործումը դադարեցնելու, ինչպես նաև այդ գործընթացում քաղաքացիական հասարակությանը ներգրավելու նպատակով: Այս ոլորտում ՄԱԿ-ի հետ համակարգումը կարևոր է, մասնավորապես` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության հետ համապատասխանության առումով»։
25. Այդ Գործողությունների ծրագրից հետո Եվրոպայի խորհուրդը մեկնարկել է «Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ» ծրագիրը: Դա արձագանք է Կազմակերպության մանդատին՝ երաշխավորելու համապարփակ մոտեցում երեխաներին բռնության տարբեր ձևերից պաշտպանելու՝ սոցիալական, իրավական, կրթական և առողջապահական հարթություններն ընդգրկող երեխաների իրավունքների խրախուսման մասով: Այն բաղկացած է սերտորեն կապված երկու դիրքորոշումից` երեխաների իրավունքների խրախուսում և երեխաների պաշտպանություն բռնությունից: Ծրագրի հիմնական նպատակն է օգնել որոշումներ կայացնելու գործընթացում ներգրավված բոլոր անձանց և շահագրգիռ դերակատարներին՝ երեխաների իրավունքների պաշտպանության և երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման ազգային ռազմավարություններ մշակելու և իրականացնելու հարցում:
գ. «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան
26. 2002 թվականին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նշանակել է Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության հարցերով մասնագիտական խումբ (ՍՇ-ԵՊ-ՄԽ): ՍՇ-ԵՊ-ՄԽ-ն սեռական շահագործումից երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող ազգային համակարգող մարմինների համար կազմել է օրինակելի տեխնիկական առաջադրանք: Այն նաև ներկայացրել է այդ ոլորտում անդամ պետությունների օրենսդրության գնահատում: Այնուամենայնիվ, սպառիչ և բավարար գնահատում ներկայացնելու դժվարություններից ելնելով՝ ՍՇ-ԵՊ-ՄԽ-ն որոշեց մշակել գրանցման սխեմա, որը կուղարկվեր պետություններին` լրացնելու նպատակով:
27. «Երեխաների սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների նկատմամբ ԱՐՁԱԳԱՆՔ» փաստաթուղթը մշակվել և անդամ պետություններ է ուղարկվել 2004 թվականին. այն մի գործիք է, որը պետություններին հնարավորություն է տալիս կատարել տարբեր պարտավորություններ, որոնք նրանք ստանձնել են երեխաների նկատմամբ սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարի ոլորտում: Փաստաթղթում ներկայացվել են վերը նշված փաստաթղթերի շրջանակներում պետությունների կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները, ինչպես նաև դրանով պետություններին տրվել է լրացուցիչ տեղեկություններ ներկայացնելու հնարավորություն:
28. 2004 թվականի վերջին 23 պետություն պատասխանել է, և նրանց պատասխանները 2005 թվականի սկզբին վերլուծության են ենթարկվել անկախ փորձագետի կողմից: Վերլուծությունը ցույց է տվել, որ անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունները մի շարք ուղղություններով լիովին չեն կատարվել: Քրեական հարցերով եվրոպական կոմիտեի (ՔՀԵԿ) միջոցով անդամ պետություններին են ներկայացվել մի շարք առաջարկություններ:
29. ԱՐՁԱԳԱՆՔ-ի վերլուծության հիման վրա՝ ՍՇ-ԵՊ-ՄԽ-ն կազմակերպել է Առևտրային նպատակներով երեխաների սեռական շահագործման դեմ երկրորդ համաշխարհային կոնգրեսին հաջորդող խորհրդաժողով։ «Երեխաների սեռական շահագործման դեմ պայքար — Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար Յոկոհամայի պարտավորությունների ստուգում» խորհրդաժողովն անցկացվել է Լյուբլյանայում 2005 թվականի հուլիսին: Աշխատանքային խմբերի և սեմինարների որոշ առաջարկություններ ուղղվել են Եվրոպայի խորհրդին` հետագա գործողություններ ձեռնարկելու համար: Հատկապես կարևորվել է այն առաջարկությունը, որով Եվրոպայի խորհուրդը պետք է սեռական շահագործման և սեռական բնույթի բռնության դեպքերում երեխաների պահանջներին համապատասխանեցված դատական ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր փաստաթուղթ մշակի:
30. Հետևելով 2005 թվականի մայիսին Վարշավայում կայացած Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովի եզրակացություններին, որոնցով կոչ է արվում երեխաների սեռական շահագործումը դադարեցնելու նպատակով մշակել միջոցներ, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում իրավական փաստաթղթեր, Նախարարների կոմիտեն 2006 թվականի մարտի 22-ին ընդունել է հատուկ տեխնիկական առաջադրանք, որով ստեղծվել է Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության հարցերով փորձագիտական կոմիտե (ՍՇ-ԵՊ-ՓԿ), որի խնդիրն էր կատարել «սեռական շահագործումից երեխաների պաշտպանության վերաբերյալ գոյություն ունեցող միջազգային փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ իրավական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի իրականացման ստուգում՝ նպատակ ունենալով գնահատել հետագա գործողությունների մեխանիզմ պարունակող պարտադիր իրավական ուժ ունեցող լրացուցիչ միջազգային փաստաթղթի կամ պարտադիր ուժ չունեցող փաստաթղթի և (կամ) առկա փաստաթղթերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը», և «լրացուցիչ փաստաթղթի անհրաժեշտություն առաջանալու դեպքում ՔՀԵԿ-ի համաձայնությամբ կազմել այդպիսի փաստաթուղթ»:
31. 2006 թվականի մայիսին ՍՇ-ԵՊ-ՓԿ-ն սկսել է իր աշխատանքները՝ ստուգելով երեխաների սեռական շահագործման վերաբերյալ դրույթները և պարտավորությունների կատարումն ու միջազգային փաստաթղթերի իրականացումը.
- «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան,
– «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունը,
– «Մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի արգելման ու վերացման ուղղությամբ անհետաձգելի գործողությունների մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 182 կոնվենցիան,
– Եվրոպական սոցիալական խարտիան (վերանայված),
- «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան,
– «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան,
– «Երեխաների սեռական շահագործման և մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը,
– «Քրեական վարույթում տուժողի կարգավիճակի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշումը,
– Ստոկհոլմի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը,
– Յոկոհամայի գլոբալ պարտավորությունը,
– Բուդապեշտի պարտավորությունը և Գործողությունների ծրագիրը,
– «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» թիվ Rec(2001)16 առաջարկությունը:
32. Այն եզրակացրել է, որ երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանելու վերաբերյալ պարտադիր ուժ ունեցող նոր փաստաթղթի անհրաժեշտություն կա: Նոր փաստաթուղթը կազմելու ընթացակարգն սկսվել է 2006 թվականի սեպտեմբերին: Տեքստը կազմելու նպատակով կազմակերպված Կոմիտեի հանդիպումները տեղի են ունեցել 2006 թվականի մայիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին, դեկտեմբերին և 2007 թվականի փետրվարին և մարտին:
II. Մեկնաբանություն՝ Կոնվենցիայի դրույթների վերաբերյալ
Նախաբան
33. Նախաբանում ներկայացված են Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության, Միավորված ազգերի կազմակերպության և Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում երեխաների սեռական շահագործմանը և երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնություններին ուղղակիորեն վերաբերող ամենակարևոր միջազգային իրավական փաստաթղթերը, ծրագրերը և գործողությունների ծրագրերը: Մասնավորապես պետք է ընդգծել, որ, ինչպես նշվել է վերևում, Եվրոպայի խորհուրդը մի շարք կարևոր փաստաթղթեր է կազմել երեխաների սեռական շահագործումն ու երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնությունները տարբեր ասպեկտներից ուսումնասիրելու և դրանց դեմ պայքարելու նպատակով: Սույն Կոնվենցիայի բանակցային գործընթացում այդ բոլոր միջազգային իրավական փաստաթղթերը հաշվի են առնվել:
34. Նախաբանում սահմանվում են Կոնվենցիայի հիմնական նպատակները, այդ թվում՝ մասնավորապես սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանությունը՝ անկախ այն բանից, թե ովքեր են կատարողները, զոհերին աջակցություն տրամադրելը և երեխաների սեռական շահագործման ու երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարը խրախուսելը՝ պայմանավորված հատկապես այդ երևույթների աճով:
35. Ուշադրություն է դարձվում այն փաստի վրա, որ սույն Կոնվենցիայով նախատեսված միջոցները չեն հակասում կանխարգելիչ մեխանիզմների, հետաքննության միջոցների և համագործակցության ձևերի մշակմանը` համաձայն այլ միջազգային կոնվենցիաների, մասնավորապես՝ «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի, որը ներառում է համակարգչային համակարգերի օգտագործմամբ տարածված մանկական պոռնոգրաֆիան կանխարգելելու և պատժելու գործընթացն ավելի հեշտացնելու նպատակով նախատեսված դրույթներ:
36. Այդ միջոցները չեն հակասում «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով (այսուհետ՝ ՄԻԵԿ) ճանաչված իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների դրական պարտավորություններին։
Գլուխ 1. Նպատակները, խտրականության արգելման սկզբունքը և սահմանումները
Հոդված 1. Նպատակները
37. 1-ին պարբերությունը վերաբերում է Կոնվենցիայի նպատակներին, որի երկու հիմնական խնդիրներն են երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելումը և դրանց դեմ պայքարը (ա) և երեխա զոհերի իրավունքների պաշտպանությունը (բ):
38. «Գ» ենթակետը վերաբերում է ազգային և միջազգային համագործակցությանը: Ազգային մակարդակում ձեռնարկվելիք միջոցառումներն ընդգրկված են II գլխում (Կանխարգելիչ միջոցները), III գլխում (Մասնագիտացված և համակարգող մարմինները), IV գլխում (Պաշտպանական միջոցները և զոհերին աջակցելը), V գլխում (Միջամտության ծրագրերը կամ միջոցառումները), VI գլխում (Նյութական քրեական իրավունքը), VII գլխում (Քննությունը, քրեական հետապնդումը և դատավարական իրավունքը) և VIII գլխում (Տվյալների գրանցումը և պահպանումը): Ազգային միջոցառումներն ընդգծում են այն տարբեր իրավասու մարմինների և ծառայությունների միջև համակարգման և համագործակցության կարևորությունը, որոնք կարող են ներգրավվել:
39. Կոնվենցիայով սահմանված միջազգային համագործակցությունը (Գլուխ IX) չի սահմանափակվում միայն քրեական գործերով, այլև նախատեսում է սեռական շահագործումը և սեռական բնույթի բռնությունները կանխարգելելու, ինչպես նաև զոհերին աջակցելու և պաշտպանելու նպատակով լայն համագործակցություն:
40. 2-րդ պարբերության մեջ ընդգծվում է այն հանգամանքը, որ Կողմերի կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ կիրարկումն ապահովելու համար դրանով ստեղծվում է մոնիթորինգի հատուկ մեխանիզմ: Դա Կողմերի կողմից Կոնվենցիայի կատարումն ապահովելու միջոց է և Կոնվենցիայի երկարաժամկետ արդյունավետության երաշխիք (տե՛ս IX գլխի վերաբերյալ մեկնաբանությունները)։
Հոդված 2. Խտրականության արգելման սկզբունքը
41. Սույն հոդվածով արգելվում է խտրականությունը Կողմերի կողմից Կոնվենցիայի կիրարկման և մասնավորապես զոհերի իրավունքների պաշտպանության ու խրախուսման նպատակով միջոցառումների իրականացման հարցում: 2-րդ հոդվածում նշված «խտրականություն» եզրույթի իմաստը նույնն է, որը տրվել է ՄԻԵԿ-ի 14-րդ հոդվածով։
42. «Խտրականություն» եզրույթը հետևողականորեն մեկնաբանվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իր՝ ՄԻԵԿ-ի 14-րդ հոդվածի մասին նախադեպային իրավունքում: Մասնավորապես, այդ նախադեպային իրավունքով հստակեցվել է, որ տարբերակված վերաբերմունքի ոչ բոլոր դրսևորումներն են խտրականություն համարվում: Ինչպես Դատարանը նշել է, օրինակ՝ Աբդուլազիզը, Կաբալեսը և Բալկանդալին ընդդեմ Միացյալ Թագավորության [Abdulaziz, Cabales and Balkandali v. the United Kingdom] գործով վճռում, «տարբերակված վերաբերմունքը խտրական է, եթե այն զուրկ է «օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորումից», այլ կերպ ասած՝ եթե այն չի հետապնդում «իրավաչափ նպատակ», կամ եթե չկա «ողջամիտ համաչափություն կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև»:
43. 2-րդ հոդվածում նշված խտրականության արգելման հիմքերի ցանկը նույնական է ՄԻԵԿ-ի 14-րդ հոդվածում նշված և ՄԻԵԿ-ի թիվ 12 արձանագրության մեջ պարունակվող ցանկին: Այնուամենայնիվ, բանակցողները ցանկացել են ներառել նաև սեռական կողմնորոշման, առողջական վիճակի և հաշմանդամության հիմքերով խտրականության արգելումը: Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայում «երեխա» եզրույթին տրված սահմանումը՝ հետևաբար ընդգրկելով նաև այն դեռահասներին, որոնք գտնվում են իրենց առաջին հուզական հարաբերությունների փուլում և բացահայտում սեռը և իրենց սեփական սեռական կողմնորոշումը, և հաշվի առնելով այն փաստը, որ վերջին հետազոտություններում ընդգծվել է համասեռական կողմնորոշում ունեցող անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնությունների, սեռական ոտնձգության և շահագործման հատուկ ռիսկը, որոշվել է «սեռական կողմնորոշումը» ներառել սույն հոդվածում նշված խտրականության արգելման գործոնների շարքում: «Առողջական վիճակ» եզրույթը ներառում է մասնավորապես ՄԻԱՎ կարգավիճակը: Խտրականության արգելման հիմքերի ցանկը սպառիչ չէ, սակայն հատկանշական է: Հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 14-րդ հոդվածը կիրառել է այդ դրույթում ուղղակիորեն չնշված խտրականության հիմքերի նկատմամբ (տե՛ս, օրինակ՝ սեռական կողմնորոշման հիմքի առնչությամբ 1999 թվականի դեկտեմբերի 21-ի՝ Սալգեիրո դա Սիլվա Մոուտան ընդդեմ Պորտուգալիայի [Salgueiro da Silva Mouta v. Portugal] գործով վճիռը: «Կամ այլ կարգավիճակ» հղումը կարող է վերաբերել, օրինակ՝ փախստականների կամ ներգաղթյալների երեխաներին կամ «թափառաշրջիկ երեխաներին», որոնց իրավական կարգավիճակը հստակ չէ:
44. 2-րդ հոդվածը վերաբերում է «Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կիրարկմանը»: Այդ բառերի նպատակն է հստակեցնել, թե խտրականության արգելքն ինչ չափով պետք է կիրառվի: Մասնավորապես, 2-րդ հոդվածով արգելվում է զոհի նկատմամբ խտրականության կիրառումը Կոնվենցիայի IV գլխով նախատեսված կարգով իր իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներից օգտվելիս:
Հոդված 3. Սահմանումները
45. 3-րդ հոդվածում տրվում են մի քանի սահմանումներ, որոնք կիրառվում են Կոնվենցիայի շրջանակներում։
«Երեխա» եզրույթի սահմանումը
46. «Երեխա» եզրույթի սահմանումը նույնն է, ինչ նախատեսված է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով, այսինքն՝ 18 տարին չլրացած ցանկացած անձ: Հարկ է նշել, որ հանցագործությունների վերաբերյալ Կոնվենցիայի որոշ հոդվածներում այլ տարիք է նշվում: Օրինակ՝ երեխաներին սեռական նպատակներով առաջարկ անելը հանցագործություն է միայն այն երեխաների նկատմամբ կատարվելու դեպքում, որոնք չեն հասել օրենքով սահմանված այն տարիքին, որից ցածր լինելու դեպքում նրանց հետ սեքսուալ բնույթի գործողությունների մեջ ներգրավվելն արգելվում է օրենքով:
«Երեխաների սեռական շահագործում և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնություններ» հասկացության սահմանումը
47. 3-րդ հոդվածի «բ» կետը պարունակում է «երեխաների սեռական շահագործում և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնություններ» հասկացության սահմանումը, որը ներառում է սույն Կոնվենցիայի 18-24-րդ հոդվածներով սահմանված վարքագծի բոլոր դրսևորումները:
48. Միջազգային փաստաթղթերում երեխաների պաշտպանության համար կանոններ սահմանելիս հիմնականում հաշվի են առնվել առևտրային նպատակներով կատարված փաստերը (մարմնավաճառություն, մանկական պոռնոգրաֆիա, երեխաների թրաֆիքինգ): Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ այդ մոտեցումը չափազանց նեղ է՝ երաշխավորելու երեխաների պաշտպանությունն այնպիսի բռնություններից, որոնք ցանկացած չափահաս անձ կարող է գործադրել՝ ուղղված նրանց ֆիզիկական և հոգեկան բարեկեցությանը: Երեխաները կարող են զոհ լինել իրենց ընտանիքում նույնքան հեշտությամբ, որքան իրենց անմիջական սոցիալական միջավայրում: Նման դեպքերը, թեև դրանցում առևտրային ասպեկտը հիմնականում բացակայում է, այնուամենայնիվ, ամենատարածվածն են, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնություն գործադրողները սովորաբար զոհին մտերիմ մարդիկ են (ծնողները, տատերը, պապերը, հարևանները, ուսուցիչները և այլն):
49. Գոյություն ունեցող առանցքային միջազգային փաստաթղթերում հիմնականում օգտագործվում է «սեռական ոտնձգություն» եզրույթը՝ որպես երեխաների նկատմամբ բոլոր տեսակի սեռական ոտնձգությունների համար ընդհանուր եզրույթ: Բանակցողների կարծիքով՝ ավելի նպատակահարմար է կիրառել «սեռական բնույթի բռնություն» արտահայտությունը, որը տվյալ համատեքստին ավելի շատ է համապատասխանում:
«Զոհ» եզրույթի սահմանումը
50. «Զոհ» եզրույթին բավականին շատ հղումներ են արվում, մասնավորապես՝ IV գլխում (Պաշտպանական միջոցները և զոհերին աջակցելը), որում թվարկված են երեխաների օգտին ձեռնարկվող մի շարք միջոցներ: Ուստի բանակցողներն անհրաժեշտ են համարել սահմանել այդ արտահայտությունը:
51. Զոհ է «սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության ենթարկված ցանկացած երեխա»: Անհրաժեշտ է նշել, որ սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության փաստերը պարտադիր չէ, որ հաստատվեն՝ նախքան երեխային զոհ համարելը:
Գլուխ II. Կանխարգելիչ միջոցները
52. Այս գլխում ներառված են ազգային մակարդակում իրականացվելիք միջոցները՝ երեխաների սեռական շահագործումն ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները կանխարգելելու վերաբերյալ քաղաքականություններ կամ ռազմավարություններ, այն հնարավոր ազդանշանների մասին իմացություն, որոնք երեխաները կարող են տալ, ինչպես նաև սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների, դրանց ազդեցությունների, հետևանքների և դրանց դեմ պայքարի լավագույն միջոցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում և դրանց հեշտ հասանելիություն:
Հոդված 4. Սկզբունքները
53. Այս հոդվածն արտացոլում է Կոնվենցիայի հիմնական նպատակը, այն է՝ կանխարգելել երեխաների սեռական շահագործումը և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունները։
Հոդված 5. Երեխաների հետ աշխատող անձանց աշխատանքի ընդունումը, վերապատրաստումը և իրազեկության բարձրացումը
54. 1-ին և 2-րդ պարբերությունների նպատակն է ապահովել, որ այն անձինք, որոնք կանոնավոր կերպով շփվում են երեխաների հետ, երեխաների իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ բավարար չափով իրազեկված լինեն, ինչպես նաև երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ համապատասխան գիտելիքներ ունենան: Այդ դրույթում թվարկվում են ներգրավված անձանց կատեգորիաները. նրանք, ովքեր երեխաների հետ աշխատում են կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև նրանք, ովքեր երեխաների հետ շփվում են սպորտի, մշակույթի և հանգստի ոլորտներում: Դրույթը չի վերաբերում երեխաների հետ մասնագիտական շփում ունեցողներին, այլ տեղ է թողնում ընդգրկելու բոլոր նրանց, ովքեր երեխաների հետ շփում ունեն ցանկացած այլ համատեքստում: Դա, մասնավորապես, նախատեսված է ընդգրկելու այն անձանց, ովքեր երեխաների հետ կամավոր աշխատանքներ են իրականացնում:
55. «Երեխայի իրավունքներ» եզրույթին հղումը ներառում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված իրավունքները, ներառյալ, օրինակ՝ կյանքի իրավունքը (6-րդ հոդված), տնտեսական շահագործումից պաշտպանված լինելու իրավունքը (32-րդ հոդված), ֆիզիկական կամ հոգեկան բռնության բոլոր ձևերից, այդ թվում՝ սեռական բնույթի բռնություններից պաշտպանված լինելու իրավունքը (19-րդ հոդված):
56. 2-րդ պարբերությամբ նաև պահանջվում է, որ երեխաների հետ պարբերաբար շփում ունեցող անձինք ունենան համապատասխան գիտելիքներ և լինեն իրազեկված՝ ճանաչելու սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների դեպքերը, ինչպես նաև երեխայի համար պատասխանատու ծառայություններին հաղորդում ներկայացնելու հնարավորություն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ երեխան սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության զոհ է, ինչպես սահմանված է 12-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ: Հարկ է նշել, որ այդ դրույթով վերապատրաստման որևէ հատուկ պարտավորություն չի նախատեսվում: «Համապատասխան գիտելիքներ» ունենալը կարող է ենթադրել երեխաների հետ շփվող անձանց վերապատրաստում կամ այլ եղանակով նրանց տեղեկությունների տրամադրում, որպեսզի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության զոհ դարձած երեխաները հնարավորինս շուտ հայտնաբերվեն, սակայն դա իրագործելու եղանակների որոշումը թողնված է Կողմերին։
57. 3-րդ պարբերությամբ Կողմերի համար սահմանվում է պարտավորություն՝ ապահովելու, որ նախքան երեխաների հետ պարբերաբար շփումներ ենթադրող մասնագիտություններն ստանալը թեկնածուները ստուգվեն՝ երաշխավորելու համար, որ նրանք դատապարտված չեն եղել երեխաների սեռական շահագործման կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների համար: Որոշ անդամ պետություններում այդ պարտավորությունը կարող է կիրառվել նաև կամավոր աշխատանքների մասով: «Իր ներպետական իրավունքին համապատասխան» արտահայտությունը թույլ է տալիս Պետություններին դրույթը կիրարկել այնպես, որ այն համատեղելի լինի ներքին կանոնների, մասնավորապես հանցանք կատարած անձանց վերականգնման և վերաինտեգրման վերաբերյալ դրույթների հետ: Ավելին, այդ դրույթով չի նախատեսվում միջամտել այն Պետությունների հատուկ իրավական դրույթներին, որոնց օրենսդրությամբ նախատեսվում է որոշակի ժամանակահատվածից հետո հանցանք կատարած անձանց դատվածության վերացում:
Հոդված 6. Երեխաների կրթությունը
58. Բանակցողները դիտարկել են, որ երեխաներին ընդհանրապես սեռական բնույթի հարցերի և սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ կրթելը նախ և առաջ ծնողների պարտականությունն է: Այնուամենայնիվ, կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ ծնողներն ի վիճակի չեն կամ չեն ուզում դա անել, օրինակ, երբ ծնողը ներգրավված է երեխայի նկատմամբ բռնության գործընթացում, կամ երբ համայնքի մշակութային ավանդույթները թույլ չեն տալիս այդպիսի հարցերը բացահայտ կերպով քննարկել: Ավելին, երբեմն երեխաներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ իրենց բացատրվում է այլ միջավայրում, քան տանը՝ հատկապես դպրոցում, երբ համապատասխան տեղեկություններ իրենց տրամադրում են մասնագետները (օրինակ՝ ուսուցիչները, բժիշկները, հոգեբանները): Հետևաբար 6-րդ հոդվածով նախատեսվում է պետությունների պարտավորությունը՝ երաշխավորելու, որ երեխաներին կրթության տարրական [առաջնային օղակ] և միջնակարգ [երկրորդային օղակ] մակարդակներում ուսուցանվեն սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգները, և այն, թե ինչպես նրանք իրենց պաշտպանեն ու օգնություն խնդրեն:
59. Այս տեղեկությունների նպատակն է երեխաներին տալ սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգներից ավելի լավ պաշտպանվելու հնարավորություն: Այդպիսի տեղեկությունների տրամադրումը, այնուամենայնիվ, չի ենթադրում, որ չափահաս անձինք և պետական իշխանություններն ազատվում են երեխաներին սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների բոլոր ձևերից պաշտպանելու պարտավորությունից:
60. Հոդվածում նշվում է, որ այդ տեղեկությունները պետք է տրամադրվեն «տարրական և միջնակարգ կրթության ընթացքում»: Դպրոցների վերաբերյալ որևէ հղում չի արվում, քանի որ որոշ երեխաներ կրթություն են ստանում տանը, իսկ դրույթը վերաբերում է նաև այդ երեխաներին: Նշված տեղեկությունները պարտադիր չէ, որ դասավանդման ծրագրի մաս կազմեն, այլ կարող են տրամադրվել ոչ պաշտոնական կրթական համատեքստում: Այդ առումով դպրոցը, միանշանակ, կարևոր դեր ունի, սակայն «անհրաժեշտության դեպքում» պահանջվում է նաև ծնողների համագործակցությունը: Դա կարող է անհրաժեշտ չլինել այնպիսի իրավիճակներում, երբ երեխան որբ է, կամ երբ ծնողները ներգրավված են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության գործով քննությանը կամ վարույթին:
61. Բանակցողների կարծիքով՝ կարևոր է, որ երեխաներն այդ տեղեկություններն ստանան իրենց կյանքի հնարավորինս վաղ փուլերում, և որ ցանկացած տեղեկություն նրանց հասանելի դարձվի «իրենց զարգացող կարողություններին հարմարեցված» ձևով, այլ կերպ ասած՝ իրենց տարիքին և հասունությանը համապատասխան:
62. Սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների վերաբերյալ տեղեկությունները նորմալ սեռականության ընդհանուր համատեքստից դուրս տրամադրելը կարող է երեխաների համար մտահոգիչ լինել: Հետևաբար, սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ տրամադրվելիք տեղեկությունները պետք է ներկայացվեն սեռական կրթության ընդհանուր համատեքստում: Պետք է նաև ուշադիր լինել, որ այդ տեղեկությունները բացասաբար չանդրադառնան երեխաների մոտ չափահաս անձանց նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա: Կարևոր է, որ երեխաները նաև կարողանան վստահել չափահաս անձանց:
63. Հոդվածի վերջին մասը վերաբերում է վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին: Դրանք սովորաբար դիտարկվում են որպես տվյալների փոխանցման միջոց և նախատեսված են, որ մասնավորապես վերաբերեն ինտերնետի և երրորդ սերնդի տեխնոլոգիայի (3G) օգտագործմանը, որը տալիս է բջջային հեռախոսների միջոցով ինտերնետ մուտք գործելու հնարավորություն: Շատ կարևոր են ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ բոլոր երեխաների համար կրթական և իրազեկման ծրագրերը:
Հոդված 7. Կանխարգելիչ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները
64. Բանակցողները ցանկացել են նախատեսել այնպիսի հնարավորություն, որ անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ իրենք, ըստ էության, կարող են վարվել այնպես, որ դա համարվի երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություն, ինչպես նաև այն անձինք, ովքեր նման հանցագործություններ են կատարել, սակայն իշխանությունների ուշադրության կենտրոնում չեն հայտնվել, ցանկության դեպքում կարողանան օգտվել միջամտության ծրագրից կամ միջոցառումից: Դրույթը, որը վերաբերում է այն անձանց, որոնց նկատմամբ քննություն կամ հետապնդում չի իրականացվում, կամ որոնք պատիժ չեն կրում, և որն ունի կանխարգելիչ նշանակություն, լավագույնս ընդգրկված է կանխարգելիչ միջոցառումների մասին գլխում: Ինչպես V գլխում նախատեսված միջամտության ծրագրերի և միջոցառումների դեպքում, բանակցողները չեն ցանկացել հատուկ մոդելներ պարտադրել Կողմ պետություններին, որոնք պետք է պարզապես «ապահովեն» այդ ծրագրերի կամ միջոցառումների հասանելիությունը 16-րդ հոդվածում նշված անձանց համար, եթե վերջիններս ցանկանան օգտվել դրանցից, և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատել՝ արդյոք դիմող անձը կարող է օգտվել դրանցից:
Հոդված 8. Հանրության լայն շրջանակների իրազեկության բարձրացումը
65. 8-րդ հոդվածով Կողմերից պահանջվում է խթանել կամ իրականացնել իրազեկության բարձրացմանն ուղղված արշավներ՝ հանրության լայն շրջանակների համար:
66. 2-րդ պարբերության նպատակն է կանխարգելել կամ արգելել Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների ցանկացած գովազդ: Սույն դրույթի կիրարկումը թողնված է Կողմերին, սակայն վերջիններս պետք է ակնհայտորեն հաշվի առնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որով ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի հիման վրա երաշխավորվում է արտահայտվելու ազատության իրավունքը, որի իրականացումը կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու նպատակով:
Հոդված 9. Երեխաների, մասնավոր հատվածի, մեդիայի և քաղաքացիական հասարակության մասնակցությունը
67. 1-ին պարբերությամբ ճանաչվում է, որ երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների դեմ պայքարին ուղղված քաղաքականությունների և միջոցառումների, այդ թվում՝ գործողությունների ծրագրերի մշակման ընթացքում պետք է, ըստ անհրաժեշտության, հաշվի առնել երեխաների տեսակետները և փորձը՝ իրենց զարգացող կարողություններին համապատասխան:
68. 2-րդ պարբերությամբ Կողմերից պահանջվում է խրախուսել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, զբոսաշրջության ոլորտի և բանկային ու ֆինանսների հատվածների մասնակցությունը երեխաների սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանն ուղղված քաղաքականությունների մշակմանն ու իրականացմանը:
69. «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ» լայն եզրույթի կիրառումը, որն ապահովում է, որ այդ ոլորտում ցանկացած հետագա զարգացում նույնպես կընդգրկվի, վերաբերում է մասնավորապես ինտերնետ ծառայություն մատուցողներին, ինչպես նաև բջջային հեռախոսային ցանցի օպերատորներին և որոնման համակարգերին: Կասկած չի կարող լինել, որ ինտերնետը երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության նպատակներով շատ է օգտագործվում: Մանկական պոռնոգրաֆիայի արտադրության և տարածման մեջ, ինչպես նաև սեռական շահագործման նպատակներով երեխաների թրաֆիքինգում ինտերնետի օգտագործումը հաստատված է բազմաթիվ փաստաթղթերով և գրավում է ազգային ու միջազգային մի շարք մարմինների ուշադրությունը: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ ինտերնետ ծառայություն մատուցողներն անձամբ ներգրավվեն սեռական շահագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկմանը, և որ հնարավորության սահմաններում քաղաքականություններ մշակվեն՝ իրենց համակարգերի միջոցով ինտերնետի օգտագործումը կարգավորելու նպատակով:
70. Զբոսաշրջությունը ներառված է՝ հատկապես թիրախավորելու, այսպես կոչված, «մանկական սեքս-զբոսաշրջություն» երևույթը: Օրինակ՝ որոշ անդամ պետություններում ավիաընկերությունները և օդանավակայաններն ուղևորներին աուդիովիզուալ կանխարգելիչ հաղորդագրություններ են տրամադրում՝ ներկայացնելով հետապնդման այն ռիսկերը, որոնց արտերկրում սեռական բնույթի հանցագործություն կատարած անձինք ենթարկվում են:
71. Ֆինանսական և բանկային հատվածների ընդգրկումը շատ կարևոր է, քանի որ ֆինանսական հաստատությունները, համագործակցելով իրավապահ մարմինների հետ, հնարավորություն ունեն խաթարել երեխաների նկատմամբ բռնություն ներառող կայքերի դիտելիության համար վճարմանն աջակցող ֆինանսական մեխանիզմների գործունեությունը և նպաստել դրանց ոչնչացմանը:
72. Ներքին նորմերի կիրարկմանն արվող հղումը նպատակաուղղված է ընդգրկել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանությանն ուղղված վարքագծի կանոնագրքերը կամ ձեռնարկությունների կանոնադրությունները: Այդ ոլորտում արդյունավետ գործելակերպի օրինակ է «Երեխաներին ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտում սեռական շահագործումից պաշտպանելու վարքագծի կանոնագիրքը», որը նախաձեռնվել է 1998 թվականին «Վերջ երեխաների մարմնավաճառությանը և թրաֆիքինգին» կազմակերպության` ԷՔՓԱԹ-ի [ECPAT] կողմից՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) հետ համատեղ, և այժմ իրականացվում է ավելի քան 45 ընկերությունների, զբոսաշրջային օպերատորների, ճանապարհորդական գործակալությունների, զբոսաշրջային ասոցիացիաների և հյուրանոցային ցանցերի կողմից աշխարհի ավելի քան 16 երկրներում: Դրա միջոցներից մեկը ճանապարհորդներին երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության թեմայի շուրջ կատալոգների, պաստառների, բրոշյուրների, թռիչքային ֆիլմերի, տոմսերի անդորրագրերի, կայքերի և այլնի միջոցով տեղեկությունների տրամադրումն է:
73. «Ինքնակարգավորումը» մասնավոր հատվածի կողմից իրականացվող կարգավորումն է, «համատեղ կարգավորումը»՝ մասնավոր հատվածի և պետական իշխանությունների միջև գործընկերության համատեքստում իրականացվող կարգավորումը:
74. 3-րդ պարբերությունն անդրադառնում է երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների բոլոր ասպեկտներին վերաբերող համապատասխան տեղեկությունների տրամադրման գործում մեդիայի դերակատարությանը: Այդ գործառույթը պետք է իրականացվի մեդիայի անկախության և մամուլի ազատության հիմնարար սկզբունքի պատշաճ պահպանմամբ, մասնավորապես` տրամադրված տեղեկությունների «համապատասխանության» գնահատման մասով: Կասկած չկա, որ մեդիան առանցքային դեր ունի երեխաների վերաբերյալ տեղեկությունների և, առհասարակ, մանկության պատկերների տրամադրման գործում, ինչն էականորեն ազդում է երեխաների մասին հանրության ունեցած կարծրատիպերի, ընկալումների և գիտելիքների վրա: Դրանք, չնայած, ոչ պակաս դրական նշանակություն կարող են ունենալ նաև սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության ենթարկված երեխաների, ինչպես նաև սեռական շահագործման և սեռական բնույթի բռնության բուն էության և խնդրի մասշտաբի վերաբերյալ իրազեկության բարձրացմանն աջակցելու հարցում: Դրույթի նպատակն է նաև կարգավորել երեխա զոհերի մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը հարգելու կարևոր խնդիրը:
75. 4-րդ պարբերությամբ պահանջվում է, որ Կողմերը խրախուսեն երեխաների սեռական շարագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանն ու երեխաների պաշտպանությանը նպատակաուղղված՝ քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորումը: Բանակցողները ցանկանում են այստեղ ճանաչել և ընդգծել ՀԿ-ների կողմից իրականացվող կարևոր աշխատանքն այդ ոլորտում:
Գլուխ III. Մասնագիտացված եւ համակարգող մարմինները
Հոդված 10. Համակարգման եւ համագործակցության ազգային միջոցառումները
76. Առաջին պարբերությունը վերաբերում է համակարգման բազմապրոֆիլ մոտեցումը խթանելուն՝ պահանջելով Կողմերից ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու ազգային կամ տեղական մակարդակում տարբեր գերատեսչությունների գործունեության համակարգումը, որոնք պատասխանատու են երեխաների սեռական շահագործումը եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունը կանխարգելելու եւ դրանց դեմ պայքարի համար, մասնավորապես՝ կրթության եւ առողջապահության ոլորտները, սոցիալական ծառայությունները, իրավապահ ու դատական մարմինները: Ցանկն ամբողջական չէ։ Ինչ վերաբերում է դատական մարմիններին, նշված ոլորտների գործողությունների համակարգումը պետք է իրականացվի՝ ամբողջությամբ հաշվի առնելով նրանց անկախությունը եւ իշխանությունների տարանջատման սկզբունքը:
77. Կասկած չկա, որ երեխաների սեռական շահագործման եւ բռնության խնդրի լուծմանն ուղղված միջգերատեսչական եւ բազմապրոֆիլ մոտեցման մշակումը կարեւոր է՝ ելնելով այն փաստից, որ ոչ մի առանձին գերատեսչություն չի կարող լուծել այսպիսի բարդության խնդիր:
78. Հղումը «տեղական» մակարդակին նշանակում է ազգային մակարդակից ներքեւ ցանկացած մակարդակ եւ մասնավորապես վերաբերում է դաշնային պետություններին:
79. 2-րդ պարբերության «ա» կետով Կողմերից պահանջվում է ստեղծել կամ նշանակել անկախ կառույցներ ազգային կամ տեղական մակարդակում՝ երեխայի իրավունքները խրախուսելու եւ պաշտպանելու համար: Երեխաների իրավունքների խրախուսումն ու պաշտպանությունն ապահովելու համար պետությունները պետք է նշանակեն անկախ անձ կամ գերատեսչություն, որի հանձնառություններից մեկը պետք է լինի բարձրացնել երեխաների սեռական շահագործման եւ բռնության եւ դրանց երկարաժամկետ բացասական հետեւանքների վերաբերյալ հանրային իրազեկվածությունը, ինչպես նաեւ ապահովել երեխաների իրավունքների իրագործումը:
80. Մի շարք երկրներ ստեղծել են այնպիսի պաշտոններ, որոնք ունեն տարբեր անվանումներ եւ ենթադրում են տարբեր պարտականություններ եւ գործառույթներ՝ Երեխաների իրավունքների պաշտպան, Երեխաների իրավունքների հարցերով լիազոր, Երեխայի իրավունքների հանձնակատար, Երեխայի իրավունքների հարցերով կոմիտե եւ այլն: Սոցիալական եւ հանրային կյանքում առկա են քաղաքականության շատ քիչ ոլորտներ, որոնք որեւէ կերպ չեն ազդում երեխաների վրա, եւ Մարդու իրավունքների պաշտպանի կամ Հանձնակատարի գործառույթներից մեկը կարող է լինել ապահովելը, որ կենտրոնական եւ տեղական կառավարման մակարդակում բոլոր համապատասխան քաղաքականություններում ու գործելակերպերում հաշվի առնվի երեխաների շահերի ապահովումը, կամ դրանք մշակվեն՝ հիմք ընդունելով երեխայի վրա հնարավոր ազդեցության որեւէ գնահատում:
81. Բացի այդ, կարեւոր է նաեւ այդպիսի մոտեցման մշակման պարագայում պատշաճ կերպով ապահովել անհրաժեշտ ռեսուրսները եւ սահմանել հստակ պարտականություններ:
82. Պետք է հաշվի առնել նաեւ, որ բացի անդամ պետությունների մակարդակում անկախ մարմիններ նշանակելուց, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն առաջարկել է, որ եվրոպական մակարդակում Երեխաների իրավունքների եվրոպական պաշտպան նշանակելը հզոր միջոց կլինի ամբողջ Եվրոպայում բազմաթիվ երեխաների վիճակի մասին իրազեկվածության բարձրացման եւ նրանց կյանքի ու կենսափորձի բարելավմանն ուղղված քաղաքականությունների համակարգման ուղղությամբ (տե՛ս Խորհրդարանական վեհաժողովի թիվ 1460 առաջարկությունը (2000 թվական)):
83. 2-րդ պարբերության «բ» կետով Կողմերից պահանջվում է քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ ստեղծել կամ նշանակել ազգային կամ տեղական մակարդակում տվյալների հավաքման մեխանիզմներ կամ համակարգող կենտրոններ, որոնք նպատակաուղղված կլինեն երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների երեւույթը դիտարկելուն եւ գնահատելուն: Չնայած որեւէ կասկած չի կարող լինել, որ երեխաների սեռական շահագործումն ու սեռական բնույթի բռնությունը լուրջ եւ ահագնացող խնդիր է, այնուամենայնիվ երեւույթի բնույթի եւ ներգրավված երեխաների թվի վերաբերյալ ճշգրիտ եւ հուսալի վիճակագրության պակաս կա: Հնարավոր չէ լավագույն կերպով մշակել եւ պատշաճորեն թիրախավորել քաղաքականություններն ու միջոցառումները՝ ոչ ճշգրիտ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության վրա հիմնվելու դեպքում: 2-րդ պարբերության «բ» կետով նախատեսված պարտավորության նպատակն է միջոցներ ձեռնարկել տեղեկատվության պակասին առնչվող խնդիրը լուծելու համար:
84. Նշված տվյալները պետք է ներառեն ոչ թե անհատների վերաբերյալ անձնական տվյալները, այլ միայն զոհերի եւ հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալները: Այնուամենայնիվ, բանակցող կողմերը ցանկացել են ընդգծել ցանկացած տվյալի հավաքագրման ժամանակ տվյալների պաշտպանության կանոնների պահպանության կարեւորությունը՝ ներառելով «պատշաճ կերպով պահպանելով անձնական տվյալների պաշտպանության հետ կապված պահանջները» արտահայտությունը:
85. Բազմակողմանի եւ բազմապրոֆիլ մոտեցման անհրաժեշտության հետ կապված՝ 3-րդ կետով Կողմերից պահանջվում է խրախուսել համագործակցությունն իրավասու պետական մարմինների, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի միջեւ՝ երեխաների սեռական շահագործման եւ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով: Քաղաքացիական հասարակությունը, որին հղում է արվում, ընդհանուր եզրույթ է, որը ներառում է հասարակական կազմակերպությունները եւ կամավորական ոլորտը: Սույն պարբերությամբ, ինչպես 2-րդ պարբերության «բ» կետով, ընդունվում է երեխաների սեռական շահագործումն ու սեռական բռնությունը կանխարգելելու մեջ քաղաքացիական հասարակության դերի կարեւորությունը, եւ օժանդակություն է ցուցաբերվում դրա մասով: Բազմաթիվ երեխաների եւ ընտանիքների համար ՀԿ-ներն ավելի ընդունելի են իրենց ցուցաբերած աջակցության առումով, քան պետական պաշտոնական կառույցներն ու մարմինները: Այդ պատճառով, 10-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների կատարման մասով պատասխանատու լինելուց բացի, Կողմերը կանխարգելիչ միջոցառումների իրականացման գործընթացում պետք է ներառեն այդ մարմիններին:
Գլուխ IV. Պաշտպանական միջոցները եւ զոհերին աջակցելը
86. Թեեւ սեռական բնույթի բռնության եւ սեռական շահագործման դեմ պայքարի վերջնական նպատակը պետք է լինի այդ գործողությունների իրականացումը կանխելը, կարեւոր է նաեւ ապահովել, որ այն երեխաները, որոնք արդեն այդ հանցագործությունների զոհն են դարձել, ստանան հնարավոր լավագույն աջակցությունը, պաշտպանությունը եւ օգնությունը, ինչն այս գլխի հոդվածների նպատակն է:
Հոդված 11. Սկզբունքները
87. 1-ին պարբերության համաձայն՝ բանակցող կողմերը ցանկացել են ընդգծել բազմապրոֆիլ մոտեցման անհրաժեշտությունը երեխա զոհերին, նրանց մերձավոր ազգականներին, ընտանիքներին կամ զոհերի խնամատար անձանց անհրաժեշտ աջակցություն տրամադրելու եւ նրանց՝ սեռական բնույթի հանցագործություններից պաշտպանելու նպատակով: Պաշտպանության եւ աջակցության այս միջոցները նախատեսված չեն բոլոր ծնողների եւ ընտանիքի անդամների համար՝ լայն իմաստով, այլ միայն նրանց համար, որոնք անչափահասի հետ սերտ հարաբերությունների պատճառով կարող են անմիջականորեն տուժել:
88. 2-րդ պարբերության էությունն այն է, որ թեեւ երեխաները կարիք ունեն հատուկ պաշտպանական միջոցների, երբեմն դժվար է որոշել՝ արդյոք անձի 18 տարին լրացել է, թե՝ ոչ: Հետեւաբար, 2-րդ պարբերության համաձայն, Կողմերից պահանջվում է առաջնորդվել այն ենթադրությամբ, որ զոհը երեխա է, եթե առկա են հիմքեր հավատալու, որ դա այդպես է, եւ եթե անորոշ է նրա տարիքը: Նախքան նրանց տարիքը պարզելը նրանց պետք է տրամադրվեն երեխաների համար նախատեսված հատուկ պաշտպանական միջոցներ:
Հոդված 12. Սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության վերաբերյալ կասկածների մասին հաղորդելը
89. 1-ին պարբերության համաձայն՝ Կողմերը պետք է ապահովեն, որ սովորաբար մասնագիտական գաղտնիության վերաբերյալ կանոններով պարտավորված մասնագետները (ինչպիսիք են, օրինակ՝ բժիշկները եւ հոգեբույժները) ունենան հնարավորություն՝ երեխաների պաշտպանության հարցերով ծառայություններին հաղորդելու յուրաքանչյուր դեպքի մասին, երբ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ երեխան դարձել է սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության զոհ: Չնայած բազմաթիվ անդամ պետություններում պարտադիր հաղորդելու մեխանիզմներն արդեն առկա են եւ առանցքային են համարվում բռնության դեպքերի հայտնաբերման եւ երեխաներին հետագա վնաս պատճառելու կանխարգելման առումով, Կոնվենցիայով երեխայի սեռական շահագործման կամ նրա նկատմամբ սեռական բնույթի բռնության վերաբերյալ հաղորդելու պարտավորություն չի սահմանվում այդ մասնագետների համար: Դրանով այդ անձանց միայն ընձեռվում է այդպես վարվելու հնարավորություն՝ առանց վստահությունը չարաշահելու ռիսկի։ Կարեւոր է նշել, որ սույն դրույթի նպատակը ավելի շուտ երեխաների պաշտպանությունն ապահովելն է, քան քրեական գործով քննություն սկսելը: Հետեւաբար, 1-ին պարբերության համաձայն, նախատեսվում է երեխաների պաշտպանության հարցերով ծառայություններին հաղորդելու հնարավորությունը: Սա չի բացառում որոշ պետություններում սահմանված՝ այլ իրավասու ծառայություններին տեղեկացնելու հնարավորությունը:
90. Յուրաքանչյուր Կողմ պատասխանատու է այն մասնագետների կատեգորիաները սահմանելու համար, որոնց նկատմամբ կիրառվում է սույն դրույթը։ «Երեխաների հետ աշխատող մասնագետներ» արտահայտությունը նախատեսում է ընդգրկել այն մասնագետներին, որոնց գործառույթները ներառում են կանոնավոր շփումներ երեխաների հետ, ինչպես նաեւ այն մասնագետներին, որոնք իրենց աշխատանքում կարող են միայն հազվադեպ շփում ունենալ երեխաների հետ:
91. 2-րդ պարբերության համաձայն՝ Կողմերից պահանջվում է խրախուսել ցանկացած անձի, որը տեղյակ է կամ կասկածներ ունի երեխաների նկատմամբ սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության մասին, այդ մասին հաղորդելու իրավասու մարմիններին: Յուրաքանչյուր Կողմի պարտականությունն է սահմանել այն իրավասու մարմիններին, որոնց այդպիսի կասկածների մասին կարելի է հաղորդել։ Այդ իրավասու մարմինների շրջանակը չպետք է սահմանափակվի երեխաների պաշտպանությամբ զբաղվող ծառայություններով կամ համապատասխան սոցիալական ծառայություններով: «Բարեխղճության սկզբունքի հիման վրա» կասկածի պահանջը նպատակաուղղված է չար մտադրությամբ բացառապես մտացածին կամ կեղծ փաստերի մասին հաղորդելու լիազորության իրավունք վերապահող դրույթի կիրառումը կանխարգելելուն:
Հոդված 13. Թեժ գծերը
92. Սույն հոդվածը մասնավորապես նախատեսված է այն անձանց համար, որոնք կարող են բախվել սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության իրավիճակի հետ: Կարող է պատահել, որ այն անձինք, որոնց խնամքի տակ է գտնվում երեխան, չգիտեն՝ ինչպես արձագանքել: Ավելին, երեխա զոհերը կարող են նաեւ ցանկանալ աջակցություն կամ խորհուրդ ստանալ՝ չիմանալով՝ ում դիմել: Սա ընդգծում է այն միջոցների մշակման կարեւորությունը, որոնց օգնությամբ մարդիկ կարող են բացեիբաց ասել, որ իրենք գիտեն սեռական բնույթի բռնության կամ սեռական շահագործման դեպքի մասին կամ սեռական բնույթի բռնության կամ սեռական շահագործման զոհ են եղել կամ կարող են պարզապես խոսել իրենց սովորական միջավայրից դուրս գտնվող որեւէ անձի հետ: Հետեւաբար Կողմերը պետք է խրախուսեն եւ աջակցեն այնպիսի տեղեկատվական ծառայությունների ստեղծումը, ինչպիսիք են աջակցության հեռախոսային կամ ինտերնետային թեժ գծերը՝ զանգահարողներին խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Կոնվենցիայով Կողմերի հայեցողությանն է թողնվում ստացված զանգերի առնչությամբ որեւէ ընթացք տալու պատասխանատվությունը: Աջակցության այս ծառայությունները պետք է առավելագույն կերպով հասանելի լինեն: Օրինակ՝ որոշ պետություններում այդ ծառայությունները հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
Հոդված 14. Զոհերին աջակցելը
93. 14-րդ հոդվածով սահմանվում են աջակցության տրամադրման մասով միջոցառումները, որոնք Կողմերը պետք է ապահովեն սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնության զոհերի համար: 1-ին պարբերությամբ նախատեսված աջակցության նպատակն է «կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով աջակցելու զոհերին՝ նրանց ֆիզիկական և հոգեբանական ու սոցիալական վերականգնման հարցում»: Հետեւաբար իշխանությունները պետք է մեխանիզմներ մշակեն աջակցություն տրամադրելուն առնչվող այդ միջոցառումների համար՝ հաշվի առնելով այդ նպատակի առանձնահատուկ բնույթը:
94. Պարբերությամբ սահմանվում է, որ զոհերը պետք է աջակցություն ստանան «կարճաժամկետ եւ երկարաժամկետ կտրվածքով»: Սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնության արդյունքում երեխային հասցված ցանկացած վնաս էական է, եւ այդ խնդիրը պետք է լուծվի: Սեռական շահագործմամբ եւ սեռական բնույթի բռնությամբ հասցված վնասի էությունն այն է, որ այդ աջակցությունը պետք է շարունակվի տրամադրվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է երեխայի ֆիզիկական առողջացման եւ սոցիալ-հոգեբանական լիարժեք վերականգնման համար: Չնայած այս Կոնվենցիան վերաբերում է առաջին հերթին երեխաներին, երեխաների սեռական շահագործման եւ սեռական բնույթի բռնության հետեւանքները կարող են տեւել մինչեւ չափահաս տարիքը: Այդ պատճառով կարեւոր է մշակել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս նաեւ այն չափահասներին, որոնք սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության են ենթարկվել անչափահաս տարիքում, բացահայտելու այդ փաստերը եւ ստանալու համապատասխան աջակցություն եւ օգնություն, եթե այդ օգնությունը դեռ անհրաժեշտ է:
95. Զոհերի «ֆիզիկական վերականգնման» մասով նրանց ցուցաբերվող աջակցությունը ներառում է շտապ օգնությունը կամ բժշկական այլ օգնություն: Բանակցող կողմերը ցանկացել են հատուկ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ հաշվի առնելով սույն Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների բնույթը՝ պարտավորությունը կարող է ներառել բժշկական սքրինինգի բոլոր տեսակները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններին, ՄԻԱՎ վարակին եւ դրանց հետագա բուժմանը:
96. «Հոգեբանական ու սոցիալական» աջակցությունն անհրաժեշտ է օգնելու զոհերին հաղթահարելու այն տրավման, որը ստացել են, եւ վերադառնալու նորմալ կյանքի՝ հասարակություն:
97. Դրույթն ընդգծում է, որ սույն պարբերության համաձայն միջոցառումներ ձեռնարկելիս պետք է հաշվի առնվեն երեխայի կարծիքը, կարիքները եւ մտահոգությունները:
98. Հասարակական կազմակերպությունները հաճախ էական դեր են խաղում զոհերին աջակցություն ցուցաբերելու հարցում: Այդ պատճառով, 2-րդ պարբերությամբ սահմանվում է, որ Կողմերը, ազգային օրենսդրության պահանջների համաձայն, պետք է ձեռնարկեն միջոցառումներ՝ զոհերի աջակցությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այլ համապատասխան կազմակերպությունների կամ քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ փոխհամագործակցելու նպատակով: Շատ երկրներում հասարակական կազմակերպությունները պետական մարմինների հետ աշխատում են գործընկերության սկզբունքով՝ նրանց միջեւ համագործակցությունը կարգավորող համաձայնագրերի հիման վրա:
99. 3-րդ պարբերությամբ նախատեսվում է ենթադրյալ կատարողին կամ զոհին ընտանեկան միջավայրից հեռացնելու հնարավորությունը, եթե զոհի ծնողները կամ խնամակալները ներգրավված են սեռական շահագործման կամ բռնության գործում: Կարեւոր է ընդգծել, որ այդպիսի հեռացումը պետք է նախատեսվի որպես երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցառում, այլ ոչ որպես ենթադրյալ կատարողի նկատմամբ կիրառվող պատժամիջոց: Լավ լուծում կարող է լինել իր երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնություն գործադրելու մասով ենթադրյալ կատարող հանդիսացող ծնողին հեռացնելը, եթե մյուս ծնողն աջակցում է զոհ երեխային: Մյուս տարբերակը կարող է լինել երեխային ընտանեկան միջավայրից հեռացնելը: Այդ դեպքում հեռացման ժամկետի տեւողությունը պետք է սահմանվի՝ ելնելով երեխայի շահերից:
100. Բանակցող կողմերն ընդունել են, որ 4-րդ պարբերության կիրառումը սահմանափակ կլինի, սակայն գտել են, որ որոշ առանձնակի լուրջ դեպքերում արդարացված կլինի, եթե զոհին մոտ գտնվող անձինք, այդ թվում, օրինակ՝ ընտանիքի անդամները, ընկերները եւ դասընկերներն օգտվեն շտապ հոգեբանական աջակցությունից: Սեռական շահագործման եւ բռնության մասով ենթադրյալ կատարողները չպետք է օգտվեն աջակցության այս միջոցներից. նրանք փոխարենը կարող են օգտվել V գլխում ներկայացվող միջամտության ծրագրերից եւ միջոցառումներից:
Գլուխ V. Միջամտության ծրագրերը կամ միջոցառումները
Հոդված 15. Ընդհանուր սկզբունքները
101. Այս գլխում ներկայացված դրույթները Կոնվենցիային հավելյալ արժեք տվող կարեւոր առանձնահատկություններն են: Երեխաների սեռական շահագործումն ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունը կանխելու նպատակով բանակցող կողմերն անհրաժեշտ են համարել մշակել դրույթներ՝ նախատեսված միջամտության ծրագրերի կամ միջոցառումների միջոցով երեխաների նկատմամբ հանցագործությունների կրկնման ռիսկերը կանխարգելելու նպատակով՝ թիրախավորելով սեռական բնույթի բռնարարքներ կատարած անձանց: Նրանք համաձայնել են, որ անհրաժեշտ է լայն, ճկուն մոտեցում՝ նպատակաուղղված սեռական բնույթի բռնարարքներ կատարած անձանց առաջարկվող միջամտության ծրագրերի կամ միջոցառումների բժշկական եւ սոցիալ-հոգեբանական ասպեկտներին եւ առաջարկվող միջամտությունների կամ միջոցառումների ոչ պարտադիր բնույթին: Ինչ վերաբերում է խնամքի ոչ պարտադիր բնույթին, սա նշանակում է, որ այս ծրագրերը պարտադիր կերպով սանկցիաների եւ պատժիչ համակարգի մաս չեն կազմում, սակայն փոխարենը կարող են առողջապահության եւ սոցիալական ապահովության համակարգերի մաս կազմել: Գլուխ V-ում սահմանված ծրագիրը չպետք է խանգարի հոգեկան խանգարումներ ունեցող անձանց բուժման համար ստեղծված ազգային ծրագրերին։
102. Հոգեբանական միջամտությունը վերաբերում է մի քանի թերապեւտիկ մեթոդների, օրինակ՝ ճանաչողական վարքագծային թերապիային կամ հոգեբանական դինամիկ մոտեցում կիրառող թերապիային: Բժշկական միջամտությունը հիմնականում վերաբերում է հակահորմոնային թերապիային (բժշկական ամորձատում): Վերջապես, սոցիալական միջամտությունը վերաբերում է հանցագործի սոցիալական վարքագիծը կարգավորելու եւ կայունացնելու մասով սահմանված միջոցառումներին (օրինակ` կոնկրետ վայրեր այցելելու կամ կոնկրետ անձանց հանդիպելու արգելքը), ինչպես նաեւ վերաինտեգրմանը նպաստող կառույցներին (օրինակ՝ վարչական հարցերում, աշխատանք որոնելու հարցում օգնության տրամադրում):
103. Հաշվի առնելով միջոցառումների լայն շրջանակը, որոնք կարող են իրականացվել, եւ պետության փորձն այս ոլորտում՝ բանակցող կողմերը ձգտել են երաշխավորել այս դրույթի մեծ ճկունությունը՝ մասնավորապես Կողմերի ներքին իրավունքին հաճախակի հղում կատարելու միջոցով: Հետեւաբար V գլխում առկա դրույթները պարզապես սահմանում են որոշ հիմնարար սկզբունքներ՝ առանց ներառելու մանրամասներ՝ ներդրվող միջոցառումների կամ ծրագրերի վերաբերյալ: Մյուս կողմից՝ մասնակից պետությունների հայեցողությանն է թողնվում քիչ թե շատ կանոնավոր կերպով գնահատելու ներդրվող ծրագրերի եւ միջոցառումների արդյունավետությունը եւ նրանց գիտական նշանակությունը:
104. V գլխի երեք հոդվածներով սահմանված հիմնարար սկզբունքները հետեւյալն են.
- միջամտության ծրագրերից կամ միջոցառումներից օգտվող անձինք պետք է տան իրենց նախնական համաձայնությունը. միջամտության որեւէ ծրագիր կամ միջոցառում չի կարող պարտադրվել նրանց.
- միջամտության ծրագրերը կամ միջոցառումները պետք է հասանելի լինեն հնարավորինս շուտ՝ հաջողության հասնելու հնարավորությունը մեծացնելու նպատակով.
- պետք է միջոցներ ձեռնարկվեն ներգրավված մարդկանց վտանգավորության աստիճանը եւ նրանց կողմից հանցագործությունը կրկնելու ռիսկը գնահատելու համար.
- պետք է միջոցներ ձեռնարկվեն միջամտության ծրագրերը եւ միջոցառումները գնահատելու նպատակով.
- պետք հատուկ ուշադրություն դարձնել այն ներգրավված անձանց, որոնք հենց իրենք են երեխաներ.
- պետք է համակարգված լինեն տարբեր պատասխանատու ծառայությունները, մասնավորապես՝ առողջապահության եւ սոցիալական ծառայությունները, քրեակատարողական հիմնարկների վարչակազմը եւ դատական մարմինները՝ պատշաճ կերպով հաշվի առնելով վերջիններիս անկախությունը:
Հոդված 16. Միջամտության ծրագրերի կամ միջոցառումների շահառուները
105. 16-րդ հոդվածով սահմանվում է անձանց երեք կատոգերիա, որոնց պետք է առաջարկվեն միջամտության ծրագրերը կամ միջոցառումները.
- սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկվող անձինք,
- սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված որեւէ հանցագործության համար դատապարտված անձինք,
- սեռական բնույթի հանցագործություն կատարած երեխաները (18 տարին չլրացած անձինք):
106. Պետք է հիշել, որ 7-րդ հոդվածով նախատեսվում է նաեւ միջամտության ծրագրերի եւ միջոցառումների հասանելիությունը սույն զեկույցի 64-րդ կետում նշված անձանց համար:
107. Հետապնդվող, սակայն դեռ չդատապարտված անձանց դեպքում բանակցող կողմերը հնարավոր են համարել առաջարկել նրանց օգտվելու (սակայն ոչ հարկադրանքի ձեւով) միջամտության ծրագրերից կամ միջոցառումներից նախաքննության կամ դատաքննության ընթացքում ցանկացած ժամանակ: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ բանակցող կողմերն արտահայտել են այն կարծիքը, որ չպետք է որեւէ կապ սահմանել միջամտության միջոցառումներից օգտվելու եւ դատավարության ընթացքում կայացվող որոշումների միջեւ, եւ որ ներգրավված անձինք պետք է ազատ լինեն որոշում կայացնելիս այն հարցի առնչությամբ՝ արդյոք ցանկանում են օգտվել այդ միջոցառումից: 16-րդ հոդվածի 1-ին պարբերությունում հղում է արվում պաշտպանության կողմի երաշխիքներին, արդար դատավարության պահանջներին եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի նորմերը պահպանելու անհրաժեշտությանը: Այս դրույթները կիրառելիս Կողմերին առաջարկվում է ապահովել, որ պատժի նվազեցման հեռանկարը միջամտության ծրագրերից եւ միջոցառումներից օգտվելու մասով անհիմն ճնշում չհանդիսանա:
108. «Դատապարտված» անձինք այն անձինք են, որոնք դատավորի կամ դատարանի կողմից ստացել են վերջնական մեղադրական դատավճիռ:
109. 16-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում առկա է դրույթ, որը մասնավորապես վերաբերում է միջամտության այն ծրագրերին կամ միջոցառումներին, որոնք կարող են առաջարկվել սեռական բնույթի հանցագործություններ կատարած երեխաներին՝ նրանց զարգացման հետ կապված կարիքները բավարարելու եւ նրանց սեռական վարքագծին առնչվող խնդիրները լուծելու համար: Միջամտության ծրագրերը եւ միջոցառումները պետք է հարմարեցվեն անչափահասներին:
Հոդված 17. Տեղեկատվությունը եւ համաձայնությունը
110. 17-րդ հոդվածում հատուկ ընդգծվում է այն անձանց լիակատար համաձայնությունը ստանալու անհրաժեշտությունը, որոնց առաջարկվել է միջամտության ծրագրերը կամ միջոցառումները, քանի որ, ինչպես երեւում է, դեպքերի մեծ մասում, եթե ոչ բոլոր դեպքերում, դրանց հաջողությունը կախված է ներգրավված անձանց՝ իրականացվող միջոցառումներին կամ ծրագրերին համապատասխանությունից: 1-ին պարբերությունում ընդգծվում է, որ լիակատար համաձայնությունը ենթադրում է ազատ եւ գիտակցված համաձայնություն, ինչը նշանակում է, որ ներգրավված անձը տեղեկացվել է այն պատճառների մասին, որոնց հիման վրա նրան առաջարկվել է միջամտության ծրագիրը կամ միջոցառումը:
111. Համաձայնություն տալու վերաբերյալ պահանջը նշանակում է, որ ներգրավված անձը պետք է իր ազատ կամքով հրաժարվի առաջարկված ծրագրից կամ միջոցառումից, ինչպես նշված է 2-րդ պարբերությունում: Այնուամենայնիվ, դատապարտված անձանց դեպքում պետությունների ներպետական իրավունքով կարող է սահմանված լինել, որ դատավճռի կատարման հետաձգումը կամ մեղմացումը (օրինակ, դատավճռի կատարման հետաձգումը կամ պատիժը պայմանականորեն չկրելը) պայմանավորված է միջամտության ծրագրին մասնակցությամբ: Պատիժը պայմանականորեն չկրելը Նախարարների կոմիտեի թիվ Rec(2003)22 առաջարկության՝ պատիժը պայմանականորեն չկրելու վերաբերյալ հավելվածում սահմանվում է որպես «ազատազրկման դատապարտվածների վաղաժամկետ ազատում՝ ազատումից հետո կիրառվող անհատականացված պայմաններով»: Տվյալ հանգամանքներում ներգրավված անձինք պետք է ամբողջովին իրազեկված լինեն իրենց կողմից միջամտության ծրագրերից կամ միջոցառումներից հրաժարվելու հետեւանքների մասին, ինչպիսին է ըստ օրենքի պատիժը մեղմացնող միջոցի կիրառելիության անհնարինությունը:
Գլուխ VI. Նյութական քրեական իրավունքը
112. 18-23-րդ հոդվածները վերաբերում են հանցանք համարվող որոշակի արարքներին: Ներդաշնակեցումն այս կերպ նպաստում է ազգային եւ միջազգային մակարդակով հանցագործությունների դեմ պայքարին՝ մի շարք պատճառներով։ Առաջինը՝ պետությունների ներպետական իրավունքի ներդաշնակեցումը միջոց է խուսափելու որեւէ Կողմի տարածքում այնպիսի քրեական արարքներ կատարելու նախապատվությունից, որոնց համար նախկինում սահմանված են եղել առավել մեղմ կանոններ: Երկրորդ՝ հնարավոր է դառնում ընդհանուր օգտակար տվյալների եւ փորձի փոխանակումը խթանելը: Ընդհանուր սահմանումները կարող են նաեւ օգնել հետազոտություններում եւ նպաստել ազգային եւ տարածաշրջանային մակարդակներում տվյալների համեմատելիությանը՝ այդպիսով առավել հեշտացնելով հանցագործության ընդհանուր պատկերը ստանալը: Վերջապես, հեշտանում է միջազգային համագործակցությունը (մասնավորապես արտահանձնումը եւ իրավական փոխօգնությունը) (տե՛ս վերեւում՝ 10-րդ կետը):
113. Այս հոդվածներում նշված հանցագործությունների մասով նվազագույն համակարծություն է ձեւավորվում, ինչը չի խոչընդոտում դրանցում լրամշակումների կատարմանը կամ ներպետական իրավունքում ավելի բարձր չափանիշների սահմանմանը։
114. Այս գլուխը նաեւ պարունակում է դրույթներ, որոնք վերաբերում են օժանդակելուն կամ դրդելուն եւ հանցափորձին (24-րդ հոդված), իրավասությանը (25-րդ հոդված), իրավաբանական անձանց պատասխանատվությանը (26-րդ հոդված), պատժամիջոցներին եւ միջոցառումներին (27-րդ հոդված), ծանրացնող հանգամանքներին (28-րդ հոդված) եւ նախկին դատվածություններին (29-րդ հոդված):
115. Հաշվի առնելով այս հարցի մասով ներպետական իրավունքի լայն շրջանակը եւ նախադեպային իրավունքը՝ բանակցող կողմերը նպատակահարմար չեն գտել Կոնվենցիայում ներառել ենթադրյալ կատարողի՝ զոհի տարիքի մասին տեղեկացված լինելու կամ չլինելու վերաբերյալ դրույթներ: Հետեւաբար այս հարցը յուրաքանչյուր Կողմի օրենսդրությամբ եւ նախադեպային իրավունքով կարգավորվող խնդիր է:
116. Բացի այդ, բանակցող կողմերն ընդունել են, որ որոշակի հանգամանքներում, երբ հանցագործություններ են կատարվում անչափահասների կողմից (ինչպես օրինակ, երբ նրանք արտադրում են մանկական պոռնոգրաֆիա իրենց շրջանում՝ անձնական օգտագործման համար, սակայն հետագայում տարածում են այդ պատկերները կամ հասանելի են դարձնում համացանցում), հնարավոր է, որ գտնվեն դրանց դեմ պայքարելու առավել նպատակահարմար մեթոդներ, եւ քրեական հետապնդումը պետք է վերջին միջոցը լինի:
Հոդված 18. Սեռական բնույթի բռնությունը
117. 18-րդ հոդվածով սահմանվում են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության հետ կապված հանցագործությունները: Այս հանցագործության համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար այն պետք է կատարված լինի դիտավորությամբ: «Դիտավորությամբ» բառի մեկնաբանությունը վերապահվել է ներպետական իրավունքին, սակայն դիտավորությամբ կատարված արարքի մասով պահանջը վերաբերում է հանցագործության բոլոր տարրերին։
118. 18-րդ հոդվածով տարբերակվում է անչափահասների նկատմամբ սեռական բնույթի բռնության երկու տեսակ:
119. Առաջին՝ 1-ին պարբերության «ա» կետով քրեական պատասխանատվություն է սահմանվում այն փաստի հիմքով, երբ անձը ներգրավվել է սեռական բնույթի գործողություններում երեխայի հետ, որր, ներպետական իրավունքի համաձայն, դեռեւս չի հասել օրենքով սահմանված տարիքի՝ այդպիսի գործողություններով զբաղվելու համար:
120 Երկրորդ՝ 1-ին պարբերության «բ» կետով քրեական պատասխանատվություն է սահմանվում այն փաստի հիմքով, երբ անձը ներգրավվել է սեռական բնույթի գործողություններում երեխայի հետ՝ անկախ երեխայի տարիքից՝ գործադրելով հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, կամ երբ այդ անձը չարաշահում է երեխայի՝ իր նկատմամբ ունեցած վստահության, երեխայի նկատմամբ իշխանության կամ ազդեցության ընդունված դիրքը, կամ երբ բռնությունը կատարվել է՝ օգտվելով երեխայի առանձնապես խոցելի վիճակից:
121. Հանցագործությունների բաղկացուցիչ տարրերը գնահատելիս Կողմերը պետք է հաշվի առնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը. այս առնչությամբ բանակցող կողմերը ցանկացել են վկայակոչել հնարավոր մեկնաբանություններով Էմ.Սի.-ն ընդդեմ Բուլղարիայի [M.C. v. Bulgaria] գործով 2004 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, որում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ «համոզված է, որ սեռական բնույթի հանցագործությունների քրեական հետապնդման մասով ցանկացած ոչ ճկուն մոտեցում, ինչպիսին է բոլոր հանգամանքներում ֆիզիկական դիմադրություն ցույց տալու վերաբերյալ ապացույցներ պահանջելը, առաջացնում է բռնաբարության որոշ տեսակներ անպատիժ թողնելու ռիսկ եւ այդպիսով վտանգում է անհատի սեռական ինքնավարության արդյունավետ պաշտպանությունը»: Այդ ոլորտում ժամանակակից չափանիշներին եւ միտումներին համապատասխան՝ Կոնվենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածներով սահմանված՝ անդամ պետությունների դրական պարտավորությունները պետք է ներառեն ցանկացած ոչ փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողություն պատժելու եւ արդյունավետորեն հետապնդելու պահանջ, այդ թվում՝ զոհի կողմից ֆիզիկական դիմադրության բացակայության պարագայում» (§ 166)։ Դատարանը նաեւ նշում է հետեւյալը. «Անկախ օրենսդրի կողմից ընտրված կոնկրետ ձեւակերպումից՝ մի շարք երկրներում ոչ փոխհամաձայնեցված սեռական գործողությունների հետապնդումը ցանկացած պարագայում գործնականում կատարվում է համապատասխան օրենքի եզրույթների մեկնաբանման («պարտադրանք», «բռնություն», «ճնշում», «սպառնալիք», «խորամանկություն», «անակնկալ» կամ այլն) եւ ապացույցների կոնկրետ իրավիճակային գնահատման միջոցով» (§ 161):
122. Համաձայն 1-ին պարբերույթի՝ այն դեպքում, երբ կիրառվում է հարկադրանք, ուժ կամ սպառնալիք, սեռական գործողություններով զբաղվելու համաձայնության բացակայության մասին կարելի է ենթադրել այն դեպքերում, երբ երեխայի տարիքը 18-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում նշված տարիքից բարձր է:
123. Երկրորդ պարբերույթը վերաբերում է երեխայի վստահության, նրա նկատմամբ իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքը չարաշահելուն: Սա կարող է վերաբերել, օրինակ, այն իրավիճակներին, երբ երեխայի հետ հաստատվել են վստահության վրա հիմնված հարաբերություններ, երբ հարաբերություններն առաջանում են մասնագիտական գործունեության համատեքստում (հաստատություններում խնամքի ծառայություններ մատուցողները, ուսուցիչները, բժիշկները եւ այլն) կամ այլ հարաբերություններ, երբ, օրինակ, առկա է անհավասար ֆիզիկական, տնտեսական, կրոնական կամ սոցիալական իշխանություն:
124. Երկրորդ պարբերույթով նախատեսվում է, որ երեխաները որոշակի հարաբերություններում պետք է լինեն պաշտպանված, եթե նույնիսկ նրանք արդեն հասել են օրենքով նախատեսված սեռահասուն տարիքի, եւ եթե ներգրավված անձը չի կիրառում հարկադրանք, ուժ կամ սպառնալիք: Դրանք այն իրավիճակներն են, երբ ներգրավված անձինք, բնական, սոցիալական կամ կրոնական իշխանության ուժով չարաշահում են երեխայի հետ ունեցած վստահության վրա հիմնված հարաբերությունները, ինչը նրանց հնարավորություն է տալիս վերահսկելու, պատժելու կամ խրախուսելու երեխային հուզականորեն, տնտեսապես կամ նույնիսկ ֆիզիկապես: Վստահության վրա հիմնված հարաբերություններ սովորաբար գոյություն ունեն երեխայի եւ նրա ծնողների, ընտանիքի անդամների, խնամատար կամ որդեգրող ծնողների միջեւ, սակայն դրանք կարող են գոյություն ունենալ նաեւ այն անձանց մասով, որոնք՝
- իրականացնում են ծնողական կամ խնամատարության գործառույթներ, կամ
- կրթում են երեխային, կամ
- ապահովում են էմոցիոնալ, հոգեւոր, թերապեւտիկ կամ բուժական խնամք, կամ
- հանդիսանում են երեխայի գործատուն կամ նրա նկատմամբ ունեն ֆինանսական հսկողություն, կամ
- այլ կերպ հսկողություն են իրականացնում երեխայի նկատմամբ:
Կամավորները, որոնք հոգ են տանում երեխաների մասին իրենց ազատ ժամերին կամ կամավորական գործունեության ընթացքում, օրինակ՝ հանգստյան ճամբարներում կամ երիտասարդական կազմակերպություններում, նույնպես կարող են համարվել վստահության վրա հիմնված դիրք ունեցող անձինք: Այս ցանկը սպառիչ չէ, սակայն դրա նպատակն է տալ ընդունված վստահության, հեղինակության կամ ազդեցության մի շարք կարգավիճակների նկարագրությունը:
125. «Ներառյալ ընտանիքում» հղումը հստակ նպատակ ունի ընդգծելու ընտանիքում կատարված սեռական բնույթի բռնությունը: Հետազոտությունները ցույց են տվել, որ սա երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնության ամենահաճախ պատահող եւ հոգեբանական տեսանկյունից ամենավնասակար ձեւն է, որն ունենում է երկարատեւ հետեւանքներ զոհի համար: Բացի այդ, «ընտանիք» եզրույթը վերաբերում է ընտանիքին՝ լայն առումով:
126. Երրորդ պարբերույթը վերաբերում է այն դեպքերին, երբ բռնությունը կատարվել է՝ օգտվելով երեխայի հատկապես խոցելի վիճակից՝ պայմանավորված մասնավորապես մտավոր կամ ֆիզիկական հաշմանդամությամբ կամ կախյալ վիճակով։ Հաշմանդամությունը ներառում է ֆիզիկական եւ զգայական թերությունները, մտավոր հաշմանդամությունը եւ աուտիզմը, ինչպես նաեւ հոգեկան խանգարումներ ունեցող երեխաներին: «Կախյալ վիճակ» արտահայտությունը վերաբերում է ոչ միայն թմրանյութերից կամ ալկոհոլից կախվածության խնդիրներ ունեցող երեխաներին, այլ նաեւ այն իրավիճակներին, երբ երեխան գտնվում է ոչ սթափ վիճակում ալկոհոլի կամ թմրանյութերի պատճառով՝ անկախ նրանից՝ իրավիճակն առաջացել է սեփական գործողությունների, թե կատարողի գործողությունների արդյունքում, եւ այնուհետեւ չարաշահվել է երեխայի խոցելիությունը: «Կախյալ վիճակ» եզրույթը ներառում է նաեւ այլ իրավիճակներ, երբ երեխայի միակ իրական եւ ընդունելի այլընտրանքը ոտնձգությանը հնազանդվելն է: Այդ իրավիճակների պատճառները կարող են լինել ֆիզիկական, էմոցիոնալ, ընտանեկան, սոցիալական կամ տնտեսական վիճակը, ինչպես օրինակ՝ ոչ կայուն կամ անօրինական վարչական կարգավիճակը, տնտեսապես կախյալ կամ անկայուն առողջական վիճակը: Այդ դեպքում երեխան կարող է տալ իր համաձայնությունը սեռական հարաբերություններ ունենալու մասով, սակայն նրա՝ խոցելի վիճակում գտնվելու փաստը համաձայնություն տալն անվավեր է դարձնում: «Երեխայի առանձնապես խոցելի վիճակ» եւ «կախյալ վիճակ» հասկացությունները կարող են ներառել նաեւ սեկտաների գործունեության շրջանակում ընդդեմ երեխաների ուղղված գործողությունները, որոնք բնութագրվում են երեխայի ֆիզիկական եւ հոգեւոր մեկուսացմամբ, որը կտրված է արտաքին աշխարհից եւ շատ հաճախ ենթարկվում է «ուղեղի լվացման» տարբեր ձեւերի: Առանց ուղեկցողի փախստական անչափահասների կարգավիճակը նույնպես կարող է դիտարկվել որպես առանձնապես կախյալ կամ խոցելի վիճակ:
127. «Սեռական բնույթի գործողություններ» եզրույթը սահմանված չէ Կոնվենցիայով: Բանակցող կողմերը նախընտրել են Կողմերի հայեցողությանը թողնել այս եզրույթի սահմանումը եւ ընդգրկման շրջանակը:
128. 2-րդ պարբերության համաձայն՝ իրավական որոշակիության նպատակով Կոնվենցիայի բոլոր Կողմերի համար ամրապնդվում է այն պահանջը, ըստ որի պետք է սահմանել տարիք, որը լրացած չլինելու դեպքում արգելվում է երեխայի հետ սեռական հարաբերություններ ունենալը: Բանակցող կողմերը դիտարկել են այս ոլորտում քրեական իրավունքի ներդաշնակեցման հնարավորությունը՝ Կոնվենցիայում սահմանելով իրավական տարիք՝ սեռական հարաբերություններ ունենալու համար, սակայն այդ տարիքը շատ տարբեր կարող է լինել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում (13-17 տարեկան) եւ անգամ յուրաքանչյուր անդամ պետությունում՝ կախված այն հանգամանքից, թե ինչ հարաբերություններ կարող են գոյություն ունենալ կատարողի եւ երեխա զոհի միջեւ: Այս պատճառներից ելնելով՝ որոշվել է սահմանումը թողնել յուրաքանչյուր Կողմի հայեցողությանը:
129. Սույն Կոնվենցիան նպատակ չունի քրեական պատասխանատվություն սահմանելու այն երիտասարդ դեռահասների կողմից իրականացված սեռական բնույթի գործողությունների համար, որոնք բացահայտում են իրենց սեքսուալությունը եւ սեռական զարգացման շրջանակում սեռական հարաբերություններ են ունենում միմյանց հետ: Այն նաեւ նախատեսված չէ համանման տարիքի եւ հասունության անձանց միջեւ սեռական բնույթի գործողությունների ներառման համար: Այդ պատճառով 3-րդ պարբերությունում նշվում է, որ Կոնվենցիան նպատակ չունի կարգավորելու անչափահասների միջեւ փոխհամաձայնեցված սեռական բնույթի գործողությունները, եթե նույնիսկ նրանք չեն հասել ներպետական իրավունքով սեռական բնույթի գործողությունների համար սահմանված տարիքին: Կողմերի հայեցողությանն է թողնված որոշելու, թե ինչ է նշանակում «անչափահաս»:
Հոդված 19. Երեխայի մարմնավաճառության հետ կապված հանցագործությունները
130. Սույն հոդվածով հանցագործություններ են համարվում երեխայի մարմնավաճառության հետ կապված որոշակի արարքները, այդ թվում՝ երեխային մարմնավաճառության մեջ ներգրավվելը կամ մարմնավաճառության հարկադրելը եւ երեխայի մարմնավաճառության «ծառայություններից օգտվելը», այլ կերպ ասած՝ երեխա մարմնավաճառի «սեռական բնույթի ծառայություններից» օգտվելը:
131. Երեխա մարմնավաճառների պահանջարկը զգալիորեն մեծացել է, եւ դա հաճախ կապված է կազմակերպված հանցավորության հետ եւ ներառում է թրաֆիքինգ: Երեխաների մասնակցությամբ սեքս-առեւտուրն ավելի մեծ չափով, քան չափահասների պոռնկությունը, կախված է այն մարդկանցից, որոնք խրախուսում, կազմակերպում են դա եւ շահույթ են ստանում դրանից: Հետեւաբար, հոդվածով սահմանվում են երեխա մարմնավաճառների պահանջարկի եւ առաջարկի միջեւ կապերը՝ պահանջելով քրեական պատժի կիրառում թե՛ երեխաներին ներգրավողների, եւ թե՛ երեխա մարմնավաճառների ծառայություններից օգտվողների համար: Այն երեխաների թվում, որոնց ներգրավում են մարմնավաճառության մեջ, կան բազմաթիվ երեխաներ, որոնք գտնվում են բարդ իրավիճակներում, օրինակ՝ փախուստի մեջ գտնվող երեխաներ, լքված երեխաներ եւ երեխաներ, որոնք զրկված են նյութական կամ բարոյական աջակցությունից: Երեխաներին ներգրավողները նրանց մարմնավաճառության են դրդում համոզելով կամ ճնշելով՝ օգտվելով նրանց հոգեբանական եւ էմոցիոնալ տառապանքներից: Բանակցող կողմերը երեխաների մարմնավաճառության հետեւանքով հասցված լուրջ վնասների պատճառով հիմնավորված են համարել երեխա մարմնավաճառների ծառայություններից օգտվողների համար պատիժ սահմանելը:
132. «Երեխայի մարմնավաճառություն» եզրույթի սահմանումը տրվում է 2-րդ պարբերությունում: Մարմնավաճառության մեջ երեխային օգտագործելու դեպքերը կարող են հազվադեպ լինել, եւ ոչ միայն դրամական վճարի տեսքով տրված ցանկացած տեսակի վարձատրություն կամ օգուտ (օրինակ՝ դեղամիջոցներ, կացարան, հագուստ, սնունդ եւ այլն)՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք տրվել են, թե խոստացվել, բավարար է հանցագործության իրավական պահանջներին համապատասխանելու համար։ Ավելին, պարտադիր չէ, որ վարձատրությունը կամ հատուցումը կամ դրա խոստումը տրվի երեխային, այլ կարող է տրվել երրորդ անձին, օրինակ՝ նրանց, ովքեր ֆինանսական շահույթ են ստանում երեխայի մարմնավաճառությունից։
Հոդված 20. Մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունները
133. Մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ 20-րդ հոդվածի համար հիմք է Եվրոպայի խորհրդի «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան (9-րդ հոդված՝ «Մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործություններ»), որի նպատակն է ուժեղացնել երեխաների մասով պաշտպանական միջոցառումները՝ արդիականացնելով քրեական իրավունքի դրույթները՝ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը եւ շահագործումը խթանելու նպատակով համակարգչային համակարգերի օգտագործումը կանխելու համար:
134. Այս Կոնվենցիայում հանցանքը չի սահմանափակվում համակարգչային համակարգերի կիրառմամբ կատարված մանկական պոռնոգրաֆիայով: Այնուամենայնիվ, համացանցի՝ մշտապես ընդլայնվող կիրառման պայմաններում սա այդպիսի նյութերի առեւտրի առաջնային միջոց է: Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ այդ նյութերը եւ առցանց պրակտիկաները որոշակի դեր են խաղում երեխաների նկատմամբ կատարվող սեռական բնույթի հանցագործություններին աջակցելու, խրախուսելու կամ խթանելու հարցում:
135. 1-ին պարբերության «ա» կետով քրեական պատասխանատվություն է սահմանվում մանկական պոռնոգրաֆիայի արտադրության համար, եւ դա անհրաժեշտ է պայքարելու համար սեռական բնույթի բռնություն եւ շահագործում ներառող արարքների դեմ՝ հենց աղբյուրի մոտ:
136. 1-ին պարբերության «բ» կետով քրեական պատասխանատվություն է սահմանվում մանկական պոռնոգրաֆիա «առաջարկելու կամ հասանելի դարձնելու» համար: Ենթադրվում է, որ նյութերն առաջարկող անձինք իրականում կարող են տրամադրել դրանք: «Հասանելի դարձնել» արտահայտությամբ նպատակ է դրվում ներառել, օրինակ, մանկական պոռնոգրաֆիկ կայքեր ստեղծելու միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տեղադրումն առցանց՝ այլ անձանց կողմից օգտագործման նպատակով: Այս պարբերությամբ նպատակ է հետապնդվում նաեւ ընդգրկելու մանկական պոռնոգրաֆիկ կայքերի գերկապերի ստեղծումը կամ կազմումը՝ մանկական պոռնոգրաֆիայի հասանելիությունը խթանելու նպատակով:
137. 1-ին պարբերության «գ» կետով քրեական պատասխանատվություն է սահմանվում մանկական պոռնոգրաֆիայի տարածման կամ փոխանցման համար: «Տարածումը» նյութերն ակտիվորեն հանրամատչելի դարձնելն է: Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիան այլ անձի ուղարկելը, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիկ նյութերը, ինչպիսիք են լուսանկարները կամ ամսագրերը, վաճառելը կամ տալը ներառվում է «փոխանցել» եզրույթում:
138. 1-ին պարբերության «դ» կետով սահմանված «անձնական նպատակներով կամ մեկ այլ անձի համար ձեռք բերել» արտահայտությունը նշանակում է ակտիվորեն ձեռք բերել մանկական պոռնոգրաֆիա՝ սեփական օգտագործման կամ մեկ այլ անձի համար, օրինակ՝ ներբեռնելով համակարգչային տվյալներ կամ գնելով մանկական պոռնոգրաֆիկ նյութեր, ինչպիսիք են ֆիլմերը կամ պատկերները:
139. 1-ին պարբերության «ե» կետով քրեական պատասխանատվություն է սահմանվում մանկական պոռնոգրաֆիա տիրապետելու համար ցանկացած միջոցներով, ինչպիսիք են ամսագրերը, տեսաերիզները, խտասկավառակները կամ շարժական հեռախոսները, այդ թվում՝ համակարգչային համակարգում կամ տվյալների կրիչում պահպանված նյութերը, ինչպես նաեւ տվյալների պահպանման առանձնացող սարքերը, ճկուն սկավառակները կամ CD-Rom-ը: Մանկական պոռնոգրաֆիայի արտադրությունը նվազեցնելու արդյունավետ միջոց է արտադրությունից մինչեւ տիրապետելն ընկած ամբողջ շղթայի յուրաքանչյուր մասնակցի գործողությունների համար քրեական հետեւանքներ նախատեսելը:
140. 1-ին պարբերության «զ» կետը սույն Կոնվենցիայում ներդրված նոր բաղադրիչ է: Դրանով նախատեսվում է ներառել այն անձանց, որոնք, մուտք գործելով մանկական պոռնոգրաֆիկ կայքեր, դիտում են մանկական պատկերներն առցանց, սակայն չեն ներբեռնում, եւ որոնց հետեւաբար որոշ իրավազորություններում հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել ձեռք բերելու կամ տիրապետելու հիմքով: Պատասխանատվության ենթարկելու համար անձը պետք է եւ՛ մանկական պոռնոգրաֆիկ կայք մուտք գործելու դիտավորություն ունենա, եւ՛ գիտակցի, որ այնտեղ կարող են լինել նման պատկերներ: Պատժամիջոցներ չպետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, որոնք չկանխամտածված են մուտք գործում մանկական պոռնոգրաֆիկ կայքեր: Հանցագործության՝ դիտավորությամբ կատարված լինելու մասին կարելի է եզրակացնել հիմնականում այն փատից, որ այն կրկնվում է, կամ այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է վճարի դիմաց տրամադրված ծառայությամբ:
141. «Ոչ իրավաչափորեն» եզրույթը թույլ է տալիս Կողմին ապահովել պաշտպանություն այն գործողությունների առնչությամբ, որոնք վերաբերում են գեղարվեստական, բժշկական, գիտական կամ համանման բովանդակությամբ «պոռնոգրաֆիկ նյութերին»: Այն նաեւ թույլ է տալիս քրեական վարույթ հարուցելու նպատակով իշխանությունների կողմից մանկական պոռնոգրաֆիկ նյութերը պահպանելու մասով ներպետական իրավունքով նախատեսված լիազորությունների շրջանակներում իրականացվող գործողությունների ապահովումը: Բացի այդ, այն չի բացառում իրավական պաշտպանությունը կամ համանման սկզբունքները, որոնք որոշակի հանգամանքների պարագայում ազատում են անձին պատասխանատվությունից:
142. 2-րդ պարբերության հիմքում ընկած է Միավորված ազգերի կազմակերպության՝ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունը: Այն «մանկական պոռնոգրաֆիա» տերմինը սահմանում է որպես իրական կամ նմանակված՝ բացահայտ սեռական գործողություններում ներգրավված երեխայի ցանկացած տեսողական ձեւով պատկերում կամ երեխայի սեռական օրգանների ցանկացած ցուցադրում` «գլխավորապես սեռական նպատակներով»: Այդ պատկերների մասով կարգավորումն իրականացվում է մարմնական վնասվածքներին վերաբերող ազգային ստանդարտներով կամ անպարկեշտ կամ հանրային բարոյականությանը չհամապատասխանող նյութերի դասակարգմամբ: Հետեւաբար գեղարվեստական, բժշկական, գիտական կամ համանման բովանդակություն ունեցող նյութերը, այսինքն՝ եթե սեռական նպատակներ առկա չեն, չեն ներառվում այս դրույթի շրջանակներում: Տեսապատկերը ներառում է համակարգչի ճկուն սկավառակի կամ այլ էլեկտրոնային միջոցների կամ տվյալների պահպանման այլ սարքերի վրա պահպանված տվյալները, որոնք կարելի է վերածել տեսողական պատկերի:
143. «Բացահայտ սեռական գործողություններ» արտահայտությունը պետք է սահմանվի Կողմերի կողմից: Այն ներառում է հետեւյալ իրական կամ նմանակված գործողությունները. ա) նույն սեռի կամ հակառակ սեռի երեխաների միջեւ կամ չափահասի եւ երեխայի միջեւ սեռական հարաբերություններ, այդ թվում՝ սեռական օրգան սեռական օրգան, օրալ-սեռական օրգան, անալ-սեռական օրգան կամ օրալ-անալ ճանապարհով, բ) անասնապղծություն, գ) մաստուրբացիա, դ) սադիստական կամ մազոխիստական բռնություն սեռական համատեքստում, կամ ե) սեռական օրգանների կամ երեխայի ցայլքի շրջանի անառակաբարո ցուցադրում: Նշանակություն չունի՝ պատկերված գործողությունն իրական է, թե նմանակված:
144. 3-րդ պարբերության համաձայն՝ Կողմերը կարող են իրավունք վերապահել չկիրառելու 1-ին պարբերության «ա» եւ «ե» կետերը, այսինքն՝ այնպիսի պատկերների արտադրության եւ տիրապետման համար քրեական պատասխանատվություն չսահմանելու իրավունք, որոնք բաղկացած են բացառապես նմանակող ցուցադրումներից կամ իրականում գոյություն չունեցող երեխայի՝ իրականին մոտ պատկերներից, կամ որոնցում պատկերված են երեխաներ, որոնք հասել են սեռական գործողությունների համար ներպետական օրենսդրությամբ սահմանված տարիքին, երբ պատկերներն արտադրվել եւ իրենց տիրապետության ներքո են գտնվում իրենց համաձայնությամբ եւ բացառապես իրենց անձնական օգտագործման համար: 3-րդ պարբերությամբ նախատեսվող երկու հնարավոր վերապահումները կիրառելի են միայն այդպիսի պոռնոգրաֆիկ նյութերի արտադրության եւ պահպանման դեպքում: Այնուամենայնիվ, այդպիսի վերապահում կատարելիս Կողմ պետությունները պետք է իրազեկ լինեն տեխնոլոգիայի արագ առաջընթացի մասին, ինչի շնորհիվ հնարավոր է լինում արտադրել մանկական պոռնոգրաֆիայի չափազանց իրական պատկերներ, որոնցում որեւէ իրական երեխա ներգրավված չէ, եւ վերապահում անելով՝ պետք չէ բացառել այդպիսի արտադրությունները:
145. Ինչ վերաբերում է 4-րդ պարբերությանը, բանակցող կողմերը ներառել են 1-ին պարբերության «զ» կետի մասով ամբողջությամբ կամ մասամբ վերապահում անելու հնարավորությունը: Այս դրույթի առնչությամբ վերապահում անելու հնարավորության շուրջ համաձայնություն է ձեռք բերվել մասնավորապես այն փաստի կապակցությամբ, որ դրանով ներմուծվում է նոր հանցատեսակ, որի դեպքում Կողմերից կպահանջվի համապատասխանեցնել իրենց օրենսդրությունն ու պրակտիկան:
Հոդված 21. Պոռնոգրաֆիկ ներկայացումներում երեխայի մասնակցության հետ կապված հանցագործությունները
146. «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 34-րդ հոդվածով Կողմերից պահանջվում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու «շահագործման նպատակով երեխաներին պոռնոգրաֆիկ ներկայացումներում եւ նյութերում օգտագործելը»: Նմանապես, «Երեխաների սեռական շահագործման եւ մանկական պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին» Եվրոպական միության խորհրդի շրջանակային որոշման (2004/68/JHA) 2-րդ հոդվածի «բ» կետով սահմանվում է երեխաներին պոռնոգրաֆիկ ներկայացումներում մասնակցելու նպատակով ներգրավելու հանցանքը: Այս փաստաթղթերում որեւէ սահմանում չի տրվում այն առնչությամբ, թե ինչ է նշանակում երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ներկայացումներ:
147. Նմանապես, բանակցող կողմերը որոշել են «պոռնոգրաֆիկ ներկայացումներ» արտահայտության սահմանումը թողնել Կողմերի հայեցողությանը՝ հաշվի առնելով, օրինակ, ներկայացման հանրային կամ մասնավոր կամ առեւտրային կամ ոչ առեւտրային բնույթը: Այնուամենայնիվ, դրույթն ըստ էության նախատեսված է երեխաների մասնակցությամբ բացահայտ սեռական գործողություններ ներառող կազմակերպված կենդանի ներկայացումների համար:
148. 21-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում պոռնոգրաֆիկ ներկայացումներին երեխաների մասնակցության հետ կապված որոշակի գործողությունների համար: 1-ին պարբերության «ա» եւ «բ» կետերը երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ներկայացումների կազմակերպմանը վերաբերող բաղադրիչներ են, մինչդեռ «գ» կետը վերաբերում է հանդիսատեսին: Ինչ վերաբերում է երեխայի մարմնավաճառությանը եւ մանկական պոռնոգրաֆիային, ապա դրույթով նախատեսվում է առաջարկի եւ պահանջարկի միջեւ կապը՝ քրեական պատասխանատվություն սահմանելով պոռնոգրաֆիկ ներկայացումների կազմակերպչի եւ հաճախորդի համար: Կախված պետություններից՝ այս դրույթը կարող է տարածվել նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք հանդես են գալիս որպես երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ներկայացումների հանդիսատես հաղորդակցության այնպիսի միջոցներով, ինչպիսիք են վեբ-տեսախցիկները:
149. Բոլոր գործողությունները պետք է կատարված լինեն դիտավորությամբ, որպեսզի հնարավոր լինի քրեական պատասխանատվություն սահմանել դրանց համար: «Գիտակցաբար» եզրույթը ներառվել է հանցանքի կանխամտածված բնույթն ընդգծելու համար, ինչը նշանակում է, որ անձը պետք է ոչ միայն մտադրված լինի հաճախելու պոռնոգրաֆիկ ներկայացումների, այլ նաեւ պետք է իմանա, որ պոռնոգրաֆիկ ներկայացումը տեղի է ունենալու երեխաների մասնակցությամբ:
150. 2-րդ պարբերության համաձայն՝ Կողմերին իրավունք է վերապահվում սահմանափակելու 1-ին պարբերության «գ» կետի կիրառումն այն դեպքերում, երբ պոռնոգրաֆիկ ներկայացումներում ընդգրկված երեխաներին հավաքագրել են կամ հարկադրել են մասնակցել այդպիսի ներկայացումներին:
Հոդված 22. Երեխաների սեռական այլասերումը
151. 22-րդ հոդվածով նախատեսվում է նոր հանցատեսակ, որը ներառում է այն գործողությունը, որի դեպքում երեխային ստիպում են դիտել սեռական բնույթի գործողություններ կամ կատարում են այդպիսի գործողություններ երեխաների ներկայությամբ, ինչը կարող է վնաս հասցնել զոհի հոգեբանական առողջությանը՝ ենթարկելով նրան անհատականությանը լուրջ վնաս հասցնելու, այդ թվում՝ սեռական հարաբերությունների եւ անձնական հարաբերությունների վերաբերյալ խաթարված պատկերացում կազմելու ռիսկի:
152. Այս հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանվում սեռական գործողությունների համար նախատեսված տարիքը դեռ չլրացած երեխային այլ երեխաների կամ չափահասների նկատմամբ սեռական բռնության կամ սեռական բնույթի գործողության դրսեւորումներին ներկա գտնվելուն միտումնավոր կերպով դրդելու համար: Անհրաժեշտ չէ, որ երեխան որեւէ ձեւով մասնակցություն ունենա սեռական բնույթի գործողություններին:
153. Հանցագործությունը պետք է կատարված լինի դիտավորությամբ եւ «սեռական նպատակներով»:
154. Կոնվենցիայով Կողմերի հայեցողությանն է թողնվում «դրդել» եզրույթի մեկնաբանությունը, սակայն այն կարող է ներառել ցանկացած միջոց, որի կիրառմամբ երեխային ստիպում են ներկա գտնվել գործողություններին. այդ միջոցներից են ուժի գործադրումը, հարկադրանքը, դրդելը, խոստումը և այլն:
Հոդված 23. Երեխաներին սեռական նպատակներով առաջարկ անելը [սոլիսիթինգ]
155. 23-րդ հոդվածով Կոնվենցիայում ներմուծվում է նոր հանցատեսակ, որն առկա չէ տվյալ ոլորտը կարգավորող այլ միջազգային փաստաթղթերում: Երեխաներին սեռական նպատակներով առաջարկ անելն առավել հաճախ հայտնի է որպես «գրումինգ»: Բանակցող կողմերը կարևոր են համարել Կոնվենցիայում արտացոլել հանդիպումների ժամանակ երեխաներին այն չափահաս անձանց կողմից սեռական բնույթի վնաս պատճառելու՝ վերջերս ի հայտ եկած, սակայն ավելի ու ավելի անհանգստացնող երևույթը, որոնց նրանք նախապես «հանդիպել են» կիբեռտարածության մեջ, մասնավորապես՝ համացանցային զրուցասենյակներում կամ խաղային կայքերում:
156. «Գրումինգ» եզրույթը վերաբերում է երեխային սեռական բնույթի բռնության համար նախապատրաստելուն՝ պայմանավորված սեռական բավարարվածության համար երեխային օգտագործելու շարժառիթով: Դա կարող է ներառել երեխայի հետ ընկերանալը՝ հաճախ չափահաս անձի կողմից մեկ այլ երիտասարդ ձևանալով, մղելով երեխային ինտիմ հարցեր քննարկել և աստիճանաբար նրան ցույց տալով սեռական բնույթի նյութեր՝ սեռական հարաբերությունների նկատմամբ դիմադրությունը կամ արգելքները նվազեցնելու նպատակով: Երեխային կարող են նաև ներքաշել մանկական պոռնոգրաֆիայի արտադրության մեջ` ուղարկելով վարկաբեկող անձնական լուսանկարներ` օգտագործելով թվային տեսախցիկ, վեբ-տեսախցիկ կամ հեռախոսային տեսախցիկ, ինչը գրումինգով զբաղվող անձի համար ապահովում է սպառնալիքների միջոցով երեխային վերահսկելու միջոց: Ֆիզիկական հանդիպում կազմակերպելու դեպքում երեխան կարող է սեռական բնույթի բռնության ենթարկվել կամ այլ կերպ վնասվել:
157. Բանակցող կողմերը համարել են, որ երեխայի հետ պարզապես սեռական բնույթի նամակագրություն վարելը, չնայած որ այն երեխային սեռական բռնության համար նախապատրաստելու մաս է կազմում, ինքնին բավարար չէ քրեական պատասխանատվություն առաջացնելու համար: Դրա համար մեկ այլ տարր է պահանջվում: Հետևաբար 23-րդ հոդվածով Կողմերից պահանջվում է քրեականացնել «18-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում սահմանված տարիքին չհասած երեխայի հետ հանդիպելու նպատակով չափահասի առաջարկը», որն արվել է նրա նկատմամբ 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետում կամ 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետում սահմանված հանցագործություններից որևէ մեկի կատարման նպատակով: Այսպիսով, հարաբերություններ հաստատելուն ուղղված շփումներին պետք է հաջորդի երեխային հանդիպելու առաջարկը:
158. Հանցանքի բոլոր տարրերը պետք է կատարված լինեն դիտավորյալ կերպով: Բացի այդ, նշված հանցանքներից որևէ մեկի կատարման համար երեխային հանդիպելու առաջարկի «նպատակը» պետք է հաստատվի մինչեւ քրեական պատասխանատվություն կիրառելը:
159. Հանցանքը կարող է կատարված լինել միայն «տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով»։ Իրական շփումների կամ ոչ էլեկտրոնային հաղորդակցման միջոցով իրականացվող գրումինգի մյուս ձևերը տվյալ դրույթի գործողության շրջանակից դուրս են։ Հաշվի առնելով այդպիսի տեխնոլոգիաների կիրառման արդյունքում դրանք վերահսկելու դժվարության պատճառով առաջացող առանձնահատուկ վտանգը՝ բանակցող կողմերը ցանկացել են դրույթը կենտրոնացնել բացառապես երեխաներին գրումինգի ենթարկելու ամենավտանգավոր եղանակի վրա, որն իրականացվում է համացանցի և բջջային հեռախոսների օգտագործման միջոցով, որոնցից այժմ նույնիսկ շատ փոքր երեխաներն են ավելի ու ավելի լայնորեն օգտվում:
160. Բացի վերոնշյալ տարրերից՝ հանցանքն ավարտուն է ճանաչվում միայն այն դեպքում, երբ հանդիպման առաջարկին «հաջորդել են այդպիսի հանդիպմանը հանգեցնող գործնական քայլեր»: Սա պահանջում է կոնկրետ գործողություններ, ինչպես օրինակ՝ կատարողի կողմից հանդիպման վայր ժամանելու փաստը:
Հոդված 24. Օժանդակելը կամ դրդելը և հանցափորձը
161. Սույն հոդվածի նպատակն է սահմանել Կոնվենցիայով սահմանված հանցանքների կատարմանն օժանդակելուն կամ դրդելուն և դրանցից որոշները կատարելու փորձին առնչվող լրացուցիչ հանցատեսակներ։
162. 1-ին կետով Կողմերից պահանջվում է որպես քրեական իրավախախտում սահմանել Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքներից որևէ մեկի կատարմանն օժանդակելը կամ դրդելը: Օժանդակելու կամ դրդելու համար պատասխանատվություն ծագում է այն դեպքում, երբ հանցագործություն կատարող անձին օժանդակում է մեկ այլ անձ, որը նույնպես ունի այդ հանցագործությունը կատարելու մտադրություն:
163. Հանցափորձի վերաբերյալ 2-րդ պարբերության առնչությամբ բանակցող կողմերը համարել են, որ որոշ հանցանքներ կամ հանցանքների տարրեր որպես հանցափորձ դիտարկելը հայեցակարգային բարդություններ է առաջացրել։ Ավելին, որոշ իրավական համակարգեր սահմանափակում են այն հանցանքների շրջանակը, որոնց հանցափորձերը պատժելի են։ Այդ պատճառներով 3-րդ պարբերությամբ Կողմերին թույլատրվում է իրենց իրավունք վերապահել չքրեականացնել հետևյալ հանցանքները կատարելու փորձը՝
մանկական պոռնոգրաֆիա առաջարկելը կամ հասանելի դարձնելը, անձնական նպատակով կամ մեկ այլ անձի համար մանկական պոռնոգրաֆիա ձեռք բերելը, մանկական պոռնոգրաֆիա տիրապետելը և մանկական պոռնոգրաֆիային տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների միջոցով գիտակցաբար հասանելիություն ձեռք բերելը (20-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ», «դ», «ե» և «զ» կետեր), երեխաների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ ներկայացումներ գիտակցաբար հաճախելը (21-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետ), երեխաների սեռական այլասերումը (22-րդ հոդված) և երեխաներին սեռական նպատակներով առաջարկ անելը (23-րդ հոդված): Սա նշանակում է, որ ցանկացած Կողմ, որը վերապահում է անում այդ դրույթի մասով, ընդհանրապես չի ունենա հանցափորձը քրեականացնելու որևէ պարտավորություն կամ կարող է ընտրել հանցանքները կամ հանցանքների մասերը, որոնց նկատմամբ կկիրառի հանցափորձի համար քրեական պատժամիջոցներ: Այդ վերապահումն ուղղված է Կոնվենցիայի հնարավորինս լայնամասշտաբ վավերացման համար հնարավորություն ստեղծելուն՝ միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով Կողմերին պահպանելու իրենց որոշ սկզբունքային իրավական հայեցակարգեր։
164. Ինչպես Կոնվենցիայով սահմանված բոլոր հանցատեսակների դեպքում, օժանդակելը կամ դրդելը և հանցափորձը պետք է լինեն դիտավորությամբ կատարված:
Հոդված 25. Իրավազորությունը
165. Սույն հոդվածով նախատեսվում են մի շարք պահանջներ, ըստ որոնց՝ Կողմերը պետք է իրավազորություն սահմանեն Կոնվենցիայով կարգավորվող հանցանքների նկատմամբ։
166. 1-ին պարբերության «ա» կետը հիմնված է տարածքային սկզբունքի վրա. յուրաքանչյուր Կողմից պահանջվում է պատժել Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար այն դեպքում, երբ դրանք կատարվել են իր տարածքում։
167. 1-ին պարբերության «բ» և «գ» կետերը հիմնված են տարածքայնության այլ սկզբունքի վրա։ Այդ կետերով պահանջվում է, որ յուրաքանչյուր Կողմ իրավազորություն սահմանի իր դրոշի տակ նավարկող նավի կամ իր օրենքների համաձայն գրանցված ինքնաթիռի վրա կատարված հանցանքների նկատմամբ։ Այդ պարտավորությունն արդեն գործում է շատ երկրների իրավական համակարգերում, որոնցով նավերի և ինքնաթիռների նկատմամբ հաճախ սահմանվում է այն պետության իրավազորությունը, որտեղ դրանք գրանցված են։ Իրավազորության այս տեսակը հատկապես օգտակար է այն դեպքերում, երբ նավը կամ ինքնաթիռը հանցագործության կատարման պահին չեն գտնվում այդ երկրի տարածքում, ինչի արդյունքում 1-ին պարբերության «ա» կետը կիրառելի չէր լինի որպես իրավազորության որոշման հիմք։ Նավի վրա կամ ինքնաթիռում՝ Կողմի դրոշի կամ գրանցման երկրի տարածքից դուրս կատարված հանցագործության դեպքում հնարավոր է, որ առանց այս կանոնի որևէ երկիր չկարողանար իրավազորություն իրականացնել։ Բացի այդ, եթե հանցագործություն է կատարվել այն նավի կամ օդանավի վրա, որը պարզապես անցնում է մեկ այլ պետության ջրային կամ օդային տարածքով, հնարավոր է գործնականում էական խոչընդոտներ առաջանան վերջին հիշատակված պետության համար՝ իր իրավազորությունն իրականացնելու տեսանկյունից, և հետևապես կարևոր է, որ գրանցման պետությունը նույնպես իրավազորություն ունենա։
168. 1-ին պարբերության «դ» կետը հիմնված է քաղաքացիության սկզբունքի վրա։ Քաղաքացիության տեսությունը ամենից հաճախ կիրառվում է քաղաքացիաիրավական [մայրցամաքային] համակարգի երկրների կողմից։ Այդ սկզբունքի համաձայն՝ երկրի քաղաքացիները պարտավոր են ենթարկվել այդ երկրի օրենքներին նույնիսկ այն դեպքում, երբ գտնվում են նրա տարածքից դուրս։ Համաձայն «դ» կետի՝ եթե երկրի քաղաքացիներից որևէ մեկը հանցանք է կատարում արտերկրում, ապա տվյալ Կողմը պարտավոր է նախատեսել իր կողմից նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու հնարավորություն։ Բանակցող կողմերն այս դրույթը հատկապես կարևոր են համարել «սեքս-տուրիզմի» դեմ պայքարի համատեքստում: Իրականում որոշ պետություններ, որտեղ երեխաները սեռական բռնության կամ շահագործման են ենթարկվում, կա՛մ չունեն կամք կամ անհրաժեշտ միջոցներ՝ հաջող քննություն իրականացնելու համար, կա՛մ էլ չունեն համապատասխան իրավական դաշտ: 4-րդ պարբերությամբ հնարավորություն է տրվում այդ գործերով դատական քննություն իրականացնելու նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք քրեականացված չեն այն պետությունում, որտեղ կատարվել է հանցանքը։
169. 1-ին պարբերության «ե» կետը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց հիմնական բնակության վայրը գտնվում է տվյալ Կողմի տարածքում։ Դրանով նախատեսվում է, որ Կողմերն իրավազորություն են սահմանում այն անձանց կողմից արտերկրում կատարված արարքները քննելու համար, որոնց հիմնական բնակության վայրը գտնվում է իրենց տարածքում՝ այդպիսով նպաստելով «սեքս- տուրիզմը» պատժելի դարձնելու գործընթացին։ Այնուամենայնիվ, անձի՝ պետության հետ կապելու չափորոշիչը [անձի ապրելը երկրում որպես հիմնական բնակության վայր] քաղաքացիության չափորոշիչից պակաս կարևոր լինելով՝ 3-րդ պարբերությամբ թույլատրվում է Կողմերին չիրականացնել այդ իրավազորությունը կամ այն իրականացնել միայն հատուկ դեպքերում կամ պայմաններում:
170. 2-րդ պարբերությունն առնչվում է տուժողի քաղաքացիությանը և քաղաքացի հանդիսացող զոհերի մասնավոր շահը նույնացնում է տվյալ պետության ընդհանուր շահերի հետ: Ուստի, համաձայն 2-րդ պարբերության, եթե արտերկրում կատարված իրավախախտման զոհ է իր քաղաքացին կամ այն անձը, որի հիմնական բնակության վայրը գտնվում է այդ երկրի տարածքում, ապա Կողմն իրավազորություն սահմանելու համար ձգտում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ վարույթ սկսելու նպատակով։ Այնուամենայնիվ, ինչպես երևում է «ձգտում է» արտահայտության կիրառումից, Կողմերի վրա չի դրվում որևէ պարտավորություն։
171. 4-րդ պարբերությունը ներկայացնում է սույն Կոնվենցիայի նպատակներով գործնական նշանակություն ունեցող կարևոր մի տարր, ինչպես նաև սեռական շահագործման և բռնության որոշ գործողություններից երեխաների պաշտպանության գործում լուրջ առաջընթաց: Սույն դրույթով Կոնվենցիայով սահմանված ամենածանր հանցանքների առնչությամբ բացառվում է կրկնակի դատապարտման վերաբերյալ սովորաբար ընդունված կանոնը, համաձայն որի՝ արարքները պետք է հանցագործություն համարվեն այն վայրում, որտեղ դրանք կատարվել են։ Դրա նպատակն է պայքարել «սեքս-տուրիզմ» երևույթի դեմ, երբ անձինք հնարավորություն ունեն մեկնելու արտերկիր՝ այնտեղ այնպիսի արարքներ կատարելու նպատակով, որոնք իրենց քաղաքացիության երկրում դասակարգվում են որպես հանցանքներ: 4-րդ պարբերությամբ հնարավորություն է տրվում այդ գործերը դատական քննության առարկա դարձնելու նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք քրեականացված չեն այն պետությունում, որտեղ կատարվել է հանցանքը։ Այս պարբերությունը կիրառվում է բացառապես 18-րդ հոդվածով (սեռական բնույթի բռնությունը), 19-րդ հոդվածով (երեխայի մարմնավաճառության հետ կապված հանցագործությունները), 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետով (մանկական պոռնոգրաֆիա արտադրելը) և 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» կետերով (պոռնոգրաֆիկ ներկայացումներին երեխայի մասնակցության հետ կապված հանցագործությունները) սահմանված և Կողմ հանդիսացող պետության քաղաքացիների կողմից կատարված հանցանքների նկատմամբ:
172. 5-րդ պարբերությամբ բանակցող կողմերը ցանկացել են ներմուծել 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետի երկրորդ և երրորդ պարբերույթներին համապատասխան սահմանված հանցանքների նկատմամբ Կողմերի կողմից 4-րդ կետի կիրառությունը սահմանափակելու իրավունք վերապահելու հնարավորությունը: Հետևաբար վերապահումը կարող է կիրառվել միայն այն իրավիճակների առնչությամբ, երբ բռնությունն իրականացվում է երեխայի նկատմամբ վստահության, իշխանության կամ ազդեցության՝ ընդունված դիրքի օգտագործմամբ, այդ թվում՝ նրա ընտանիքում, կամ երբ բռնությունն իրականացվում է՝ օգտվելով երեխայի առանձնապես խոցելի իրավիճակից: Համարվել է, որ այդ տեսակի հանցանքները սովորաբար չեն կատարվում «սեքս-զբոսաշրջիկների» կողմից: Այսպիսով, Կողմերը պետք է հնարավորություն ունենան սահմանափակել 4-րդ պարբերության կիրառումն այն դեպքերի առնչությամբ, երբ անձի հիմնական բնակության վայրը գտնվում է իր քաղաքացիության պետության տարածքում, և վերջինս ճանապարհորդել է այն երկիր, որտեղ կատարվել է հանցանքը: Այդպիսի վերապահումները չպետք է տարածվեն սահմանափակ ժամանակահատվածով արտերկրում աշխատող այնպիսի անձանց վերաբերյալ դեպքերի վրա, ինչպիսիք են մարդասիրական կամ զինվորական գործուղումներում կամ նմանատիպ այլ առաքելություններում ներգրավված անձինք:
173. 6-րդ պարբերությամբ արգելվում է քաղաքացիության կամ հիմնական բնակության պետությունում վարույթի հարուցումը պայմանավորել սովորաբար պահանջվող՝ զոհի կողմից բողոք ներկայացնելու կամ հանցանքի կատարման վայրի պետության կողմից տեղեկություններ տրամադրելու պայմաններով: Իրականում որոշ պետություններ, որտեղ երեխաները սեռական բռնության կամ շահագործման են ենթարկվում, միշտ չէ, որ ունենում են կամք կամ անհրաժեշտ միջոցներ՝ քննություն իրականացնելու համար: Այս պայմաններում պաշտոնական տեղեկությունների տրամադրման կամ զոհի կողմից բողոքի ներկայացման պահանջը հաճախ խոչընդոտ է քրեական հետապնդում իրականացնելու համար: Այս պարբերությունը կիրառվում է բացառապես 18-րդ հոդվածով (սեռական բնույթի բռնությունը), 19-րդ հոդվածով ((երեխայի մարմնավաճառության հետ կապված հանցագործությունները), 20-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» կետով (մանկական պոռնոգրաֆիա արտադրելը) և 21-րդ հոդվածով (պոռնոգրաֆիկ ներկայացումներին երեխայի մասնակցության հետ կապված հանցագործությունները) սահմանված հանցանքների նկատմամբ:
174. 7-րդ պարբերությունը վերաբերում է aut dedere aut judicare սկզբունքին (հանձնում կամ քրեական հետապնդում): 6-րդ պարբերության հիման վրա սահմանված իրավազորությունն անհրաժեշտ է` ապահովելու համար, որ այն Կողմերը, որոնք հրաժարվում են հանձնել քաղաքացուն, փոխարենն իրավական հնարավորություն նախատեսեն քննություն և վարույթ իրականացնելու ներպետական մակարդակում, եթե նման խնդրանք են ստացել այն Կողմից, որը միջազգային փաստաթղթերով սահմանված կարգով ներկայացրել է հանձնման խնդրանք։
175. Երեխաների սեռական շահագործման կամ բռնության որոշ դեպքերում կարող է այնպես պատահել, որ հանցագործության մի քանի կամ բոլոր մասնակիցների նկատմամբ տարածվի մեկից ավելի Կողմերի իրավազորությունը: Օրինակ՝ երեխան կարող է մարմնավաճառության նպատակով հավաքագրվել մի երկրում, այնուհետև տեղափոխվել և շահագործվել մեկ այլ երկրում: Ընթացակարգերի կրկնումից և վկաների համար առաջացող անհարկի անհարմարություններից խուսափելու կամ արդյունավետ կամ արդար դատաքննության իրականացումն այլ կերպ խթանելու նպատակով [գործով] ներգրավված Կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ՝ որոշելու քրեական հետապնդման իրականացման համար ամենանպատակահարմար վայրը [երկիրը]։ Որոշ դեպքերում վերջիններիս համար առավել արդյունավետ կլինի հետապնդման համար ընտրել մեկ վայր. այլ դեպքերում մի երկրի համար լավագույն տարբերակը կարող է լինել անձամբ հետապնդում իրականացնել հանցագործության որոշ ենթադրյալ կատարողների նկատմամբ, երբ մեկ կամ մի քանի այլ երկրներ հետապնդում են իրականացնում մյուսների նկատմամբ։ Սույն պարբերությամբ թույլատրվում է կիրառել այս մեթոդներից յուրաքանչյուրը։ Ի վերջո, խորհրդակցելու պարտավորությունը բացարձակ բնույթ չի կրում. խորհրդակցումը պետք է տեղի ունենա «անհրաժեշտության դեպքում»։ Այսպես, օրինակ՝ եթե Կողմերից մեկը կարծում է, որ խորհրդակցությունն անհրաժեշտ չէ (օրինակ՝ այն ստացել է հաստատված տեղեկություն այն մասին, որ մյուս Կողմը չի նախատեսում գործողություններ ձեռնարկել), կամ եթե Կողմը կարծում է, որ խորհրդակցելը կարող է խաթարել իր կողմից իրականացվող քննությունը կամ վարույթը, այն կարող է հետաձգել կամ մերժել խորհրդակցման անցկացումը:
176. 1-ին պարբերությամբ սահմանված իրավազորության հիմքերը բացառիկ չեն։ Սույն հոդվածի 9-րդ պարբերությամբ Կողմերին թույլատրվում է իրենց ազգային օրենսդրությանը համապատասխան սահմանել քրեական իրավազորության այլ տեսակներ: Այսպիսով, երեխաների սեռական շահագործման և բռնության հարցերում որոշ պետություններ իրականացնում են քրեական իրավազորություն՝ անկախ հանցանքի կատարման վայրից կամ կատարողի քաղաքացիությունից:
Հոդված 26. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
177. 26-րդ հոդվածը համահունչ է իրավաբանական անձանց պատասխանատվությունը ճանաչելու ներկայիս իրավական տենդենցին: Նպատակն է առևտրային ընկերությունների, միավորումների և նմանատիպ իրավաբանական անձանց (այսուհետ՝ իրավաբանական անձինք) համար սահմանել պատասխանատվություն այն անձանց կողմից նրանց անունից կատարված հանցավոր գործողությունների համար, որոնք ղեկավար պաշտոն են զբաղեցնում այդ կազմակերպություններում: 26-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում նաև այն դեպքում, երբ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանցից որևէ մեկի կողմից վերահսկողություն կամ հսկողություն չի իրականացվում կազմակերպության աշխատողի կամ նրա անունից հանդես եկող անձի նկատմամբ՝ այդպիսով հնարավորություն տալով վերջիններիս կատարել սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործություններից որևէ մեկը:
178. 1-ին պարբերության համաձայն՝ պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է բավարարել չորս պայման: Առաջին՝ պետք է կատարված լինի Կոնվենցիայում նկարագրված հանցանքներից մեկը: Երկրորդ՝ հանցանքը պետք է կատարված լինի իրավաբանական անձի օգտին: Երրորդ՝ հանցանքը պետք է կատարված լինի ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից (այդ թվում՝ հանցանքի կատարմանն օժանդակելու կամ հանցափորձի դեպքում): «Ղեկավար պաշտոն զբաղեցնող անձ» եզրույթը վերաբերում է այն անձին, որը վերադաս դիրք է զբաղեցնում տվյալ մարմնի կազմում, օրինակ՝ տնօրենը: Չորրորդ՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը պետք է գործած լինի իր լիազորություններից մեկի հիման վրա (կա՛մ կազմակերպությունը ներկայացնելու կամ որոշումներ կայացնելու, կա՛մ էլ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ)՝ ցույց տալով, որ տվյալ անձը գործել է իր իրավասության շրջանակներում՝ կազմակերպության պատասխանատվությունը [իրավաբանական անձի պատասխանատվություն] կրելու համար: Մի խոսքով՝ 1-ին պարբերությամբ պահանջվում է, որ Կողմերը սահմանեն իրավաբանական անձանց նկատմամբ պատասխանատվություն կիրառելու հնարավորություն բացառապես այն հանցանքների մասով, որոնք կատարվել են այդպիսի անձանց կողմից՝ իրենց ղեկավար դերերում:
179. Սրանից բացի, 2-րդ պարբերությամբ պահանջվում է, որ Կողմերը սահմանած լինեն իրավաբանական անձի նկատմամբ պատասխանատվություն կիրառելու (այսուհետ՝ իրավաբանական անձ) հնարավորություն այն դեպքում, երբ հանցագործությունը կատարվել է ոչ թե 1-ին պարբերությունում նկարագրված ղեկավար անձի, այլ կազմակերպության անունից գործող մեկ այլ անձի, այն է՝ իրենց լիազորությունների շրջանակներում գործած դրա աշխատողների կամ կազմակերպության անունից հանդես եկող անձի կողմից: Նախքան պատասխանատվության ենթարկելն անհրաժեշտ պայմանները, որոնք պետք է բավարարվեն, հետևյալն են՝ 1) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի աշխատողի կամ իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի կողմից. 2) հանցանքը կատարվել է իրավաբանական անձի օգտին. և 3) հանցանքի կատարումը հնարավոր է դարձել ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի կողմից իր աշխատողի կամ իր անունից հանդես եկող անձի նկատմամբ վերահսկողության բացակայություն հետևանքով: Այս համատեքստում վերահսկողության բացակայությունը պետք է մեկնաբանվի որպես աշխատողների կամ իրավաբանական անձի անունից հանդես եկող անձի կողմից հանցավոր գործունեությունում ներգրավվելը կանխելու նպատակով ձեռնարկվող պատշաճ և ողջամիտ քայլերի չձեռնարկում: Այդպիսի պատշաճ և ողջամիտ քայլերը կարող են որոշվել՝ ելնելով տարբեր գործոններից, ինչպիսիք են ձեռնարկատիրական գործունեության տեսակը, դրա ծավալը, ինչպես նաև գործող կանոններն ու լավագույն գործելակերպերը:
180. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիական կամ վարչական: Կողմերից յուրաքանչյուրն ազատ է իր իրավական սկզբունքներին համապատասխան նախատեսելու պատասխանատվության այդ ձևերից որևէ մեկը կամ բոլորը՝ պայմանով, որ բավարարված լինեն 27-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, մասնավորապես՝ որ պատժամիջոցը կամ ձեռնարկվող միջոցը լինի «արդյունավետ, համաչափ և զսպող» և ներառի դրամական պատժամիջոցներ:
181. 4-րդ պարբերության վերլուծությունից պարզ է դառնում, որ իրավաբանական անձանց պատասխանատվությունը չի բացառում անհատական [ֆիզիկական անձի] պատասխանատվությունը։ Որոշ հատուկ դեպքերում կարող է միաժամանակ լինել մի քանի մակարդակով պատասխանատվություն, օրինակ՝ իրավաբանական անձի մարմիններից մեկի պատասխանատվություն, իրավաբանական անձի՝ որպես մեկ ամբողջության պատասխանատվություն և մեկի կամ մյուսի հետ կապված անհատական պատասխանատվություն։
Հոդված 27. Պատժամիջոցները և ձեռնարկվող միջոցները
182. Սույն հոդվածը սերտորեն կապված է 18-23-րդ հոդվածների հետ, որոնցում սահմանվում են տարբեր հանցատեսակներ, որոնք պետք է պատժելի լինեն քրեական իրավունքով։ Այդ հոդվածներով սահմանված պարտավորություններին համապատասխան՝ 27-րդ հոդվածով Կողմերից պահանջվում է իրենց կողմից ձեռնարկված քայլերը համապատասխանեցնել հանցանքների ծանրության աստիճանին և սահմանել այնպիսի քրեական պատժամիջոցներ, որոնք «արդյունավետ, համաչափ և զսպող» են։ Հանցանք կատարած անձի դեպքում Կողմերը պետք է նախատեսեն ազատազրկման ձևով պատիժներ, որոնք կարող են հիմք ծառայել հանձնման համար: Հարկ է նշել, որ համաձայն «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայի (ԵՊՇ թիվ 24) 2-րդ հոդվածի՝ հանձնումը պետք է կատարվի այնպիսի հանցագործությունների դեպքում, որոնք հայցող և հայցվող Կողմերի օրենքներով պատժվում են ազատազրկմամբ կամ կալանքով՝ նվազագույնը մեկ տարի կամ ավելի ժամկետով, կամ ավելի խիստ պատժով:
183. Իրավաբանական անձինք, որոնց պատասխանատվությունը սահմանվում է 26-րդ հոդվածով, նույնպես պետք է ենթարկվեն պատժամիջոցների, որոնք «արդյունավետ, համաչափ և զսպող» են և կարող են լինել քրեական, վարչական կամ քաղաքացիական բնույթի: 2-րդ պարբերությամբ պահանջվում է, որ Կողմերը նախատեսեն իրավաբանական անձանց նկատմամբ դրամական պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն:
184. Ի լրումն սրա՝ 2-րդ պարբերությունը նախատեսում է այլ միջոցներ, որոնք կարող են ձեռնարկվել իրավաբանական անձանց առնչությամբ, և որոնց օրինակները կարող են լինել մասնավորապես հետևյալները՝ պետական նպաստներից կամ աջակցությունից զրկելը, առևտրային գործունեությամբ զբաղվելու իրավունքը ժամանակավորապես կամ մշտապես դադարեցնելը, դատական հսկողության տակ դնելը կամ լուծարման մասին դատական ակտը: Միջոցների ցանկը պարտադիր կամ սպառիչ չէ, և Կողմերը ազատ են նախատեսելու այլ միջոցներ:
185. 3-րդ պարբերությամբ Կողմերից պահանջվում է ապահովել, որ ձեռնարկվեն հանցանքների կատարման արդյունքում ստացված որոշ փաստաթղթերի, ապրանքների և եկամուտների առգրավման ու բռնագրավման համար անհրաժեշտ միջոցներ: Սույն պարբերությունը պետք է դիտարկել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, խուզարկության, առգրավման և բռնագրավման մասին» կոնվենցիայի (ԵՊՇ թիվ 141) լույսի ներքո, որի հիմքում ընկած է այն գաղափարը, որ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները բռնագրավելը հանցավորության դեմ պայքարի արդյունավետ միջոց է: Քանի որ երեխաների սեռական շահագործման, մասնավորապես՝ մանկական մարմնավաճառության հետ կապված որոշ հանցանքներ հաճախ կատարվում են ֆինանսական շահ ստանալու նպատակով, այս ոլորտում նույնպես հստակորեն անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ զրկելու հանցանք կատարած անձանց այն եկամուտներից, որոնք կապված են հանցանքի կատարման հետ կամ ստացվում են դրա արդյունքում:
186. Սույն Կոնվենցիան չի պարունակում «բռնագրավում», «գործիքներ», «եկամուտներ» և «գույք» եզրույթների սահմանումները: Սակայն այս եզրույթների սահմանումները, որոնք կարող են օգտագործվել սույն Կոնվենցիայի նպատակներով, տրված են «Եկամուտների լվացման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածով: «Բռնագրավում» նշանակում է մեկ կամ մի քանի քրեական հանցանքի վերաբերյալ դատական գործ հարուցելուն հետևող և դատարանի կողմից սահմանվող պատիժ կամ պատժամիջոց, որը հանգեցնում է գույքի վերջնական կորստի։ «Գործիքներ» եզրույթը ներառում է այն առարկաների ամբողջ շարքը, որը կարող է օգտագործվել կամ որևիցե ձևով, մասնակիորեն կամ ամբողջությամբ օգտագործվել է քրեական հանցանքներ կատարելու համար: «Եկամուտներ» նշանակում է հանցանքի կատարման արդյունքում ստացված ցանկացած տնտեսական շահ կամ ֆինանսական հասույթ: Այն կարող է ներառել ցանկացած «գույք» (տե՛ս ստորև՝ այս եզրույթի մեկնաբանությունը): Պարբերության ձևակերպման մեջ հաշվի է առնվել այն փաստը, որ ազգային օրենսդրությունների միջեւ կարող են լինել տարբերություններ՝ կապված գույքի տեսակի հետ, որը կարող է բռնագրավվել հանցանքի կատարումից հետո: Կարելի է բռնագրավել առարկաներ, որոնք հանցանքի կատարման արդյունքում (ուղղակի) ձևով ստացված եկամուտ կամ հանցանք կատարած անձին պատկանող այլ գույք են, որոնք թեև ուղղակիորեն ձեռք չեն բերվել հանցավոր ճանապարհով, սակայն համարժեք են դրա ուղղակի հասույթին («փոխարինող ակտիվներ»): Այսպիսով, «գույք» եզրույթն այս համատեքստում պետք է մեկնաբանվի որպես ցանկացած տեսակի գույք՝ իրեղեն [գույքային] կամ ոչ իրեղեն [գույքային], շարժական կամ անշարժ, ինչպես նաև այդպիսի գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ շահի մասին վկայող իրավական կամ պաշտոնական փաստաթղթեր: Հարկ է նշել, որ Կողմերը չեն պարտավորվում փոխարինող ակտիվների նկատմամբ կիրառել քրեաիրավական բռնագրավում, քանի որ «կամ այլ կերպ զրկել» բառերը թույլ են տալիս «քաղաքացիաիրավական» բռնագրավման հնարավորություն:
187. 27-րդ հոդվածի 3-րդ պարբերության «բ» կետը նախատեսում է Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքներից որևէ մեկի կատարման նպատակով օգտագործվող ցանկացած հաստատության փակումը: Այս պատժամիջոցը նույնական է «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 23-րդ հոդվածի 4-րդ կետին։ Մյուս կողմից՝ դրույթը թույլ է տալիս նաև արգելել հանցագործություն կատարողին ժամանակավորապես կամ մշտապես իրականացնել երեխաների հետ շփում ներառող մասնագիտական կամ կամավոր հիմունքներով գործունեություն, որի ընթացքում կատարվել է հանցանքը:
188. Կոնվենցիան նախատեսում է այսպիսի պատժամիջոցներ, որպեսզի հնարավոր լինի միջոցներ ձեռնարկել այնպիսի հաստատությունների նկատմամբ, որոնք կարող են օգտագործվել երեխաների սեռական շահագործման կամ բռնության քողարկված գործողություններ իրականացնելու նպատակով, օրինակ՝ ամուսնական գործակալությունները, աշխատանքի տեղավորման գործակալությունները, ճամփորդական գործակալությունները, հյուրանոցները կամ էսկորտ ծառայությունները: Պատժամիջոցները նախատեսված են նաև ավելի շատ զոհեր ունենալու ռիսկը նվազեցնելու համար՝ փակելով այնպիսի հաստատություններ, որոնք հայտնի են զոհեր հավաքագրած կամ շահագործած լինելով (օրինակ` կաբարեներ, բարեր, հյուրանոցներ կամ ռեստորաններ) և արգելելով մարդկանց իրականացնել գործունեություն, որով նրանք նախկինում զբաղվում էին՝ երեխաների նկատմամբ սեռական շահագործման կամ բռնության գործողություններ իրականացնելով:
189. Այս դրույթով Կողմերից չի պահանջվում հաստատություններ փակելը կամ երեխաների հետ շփում ներառող գործունեության իրականացումն արգելելը սահմանել որպես քրեական պատժամիջոց: Օրինակ՝ Կողմերը կարող են կիրառել հաստատությունների փակման կամ երեխաների հետ շփում ենթադրող գործունեության արգելք՝ որպես վարչական պատժամիջոց: «Հաստատություն» նշանակում է ցանկացած վայր, որտեղ երեխաների նկատմամբ տեղի է ունենում ցանկացած տեսակի սեռական շահագործում կամ բռնություն: Դրույթը վերաբերում է ցանկացած անձի, որն ունի հաստատության նկատմամբ սեփականության իրավունք՝ լինի դա իրավաբանական անձ, թե ֆիզիկական:
190. Երեխաների սեռական շահագործման կամ բռնության մեջ չներգրավված անձանց նկատմամբ պատիժ սահմանելուց խուսափելու համար (օրինակ՝ այն հաստատության սեփականատիրոջ նկատմամբ, որտեղ սեռական շահագործում կամ բռնություն է իրականացվել առանց վերջինիս իմացության) դրույթը հստակեցնում է, որ հաստատությունների փակումն արվում է «առանց խախտելու bona fide երրորդ կողմերի իրավունքները»:
191. Կոնվենցիան նաև նախատեսում է Կողմերի՝ հանցագործություն կատարողների առնչությամբ այլ միջոցներ ընդունելու, ինչպես, օրինակ՝ ծնողական իրավունքներից զրկելու հնարավորությունը: Այս միջոցը կարող է կիրառվել, օրինակ՝ ընտանեկան միջավայրից հեռացված անձի նկատմամբ՝ որպես 14-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն զոհին տրամադրվող աջակցություն:
192. Կարելի է դիտարկել այլ նախատեսված միջոցներ, որոնք հնարավորություն կտան դատապարտված կատարողների նկատմամբ իրականացնել հսկողություն և վերահսկողություն, օրինակ՝ կրկին հանցանք կատարելու ռիսկի գնահատումը դյուրացնելու կամ միջամտության ծրագրերի և միջոցառումների արդյունավետությունն ապահովելու նպատակով: Այդպիսի միջոցառումները կարող են ներառել դատապարտված անձանց, պայմանական ազատազրկման դատապարտված կամ պատժից պայմանական ազատման ենթակա անձանց, ինչպես նաև իրենց պատիժը կրած անձանց նկատմամբ վերահսկողություն սահմանելը:
193. 5-րդ պարբերությամբ Կողմերին առաջարկվում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները կամ առգրավված գույքը հատկացնել հատուկ հիմնադրամի` Կոնվենցիային համապատասխան սահմանված ցանկացած հանցանքի կանխարգելման և դրանց զոհերին տրամադրվող աջակցության ծրագրերը ֆինանսավորելու համար: Սույն դրույթը կարելի է կապել 9-րդ հոդվածի 4-րդ պարբերության հետ, որով խրախուսվում է քաղաքացիական հասարակության կողմից իրականացվող այն նախագծերի և ծրագրերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են երեխաների սեռական շահագործումն ու բռնությունը կանխելուն և երեխաներին դրանցից պաշտպանելուն:
Հոդված 28. Ծանրացնող հանգամանքները
194. 28-րդ հոդվածով Կողմերից պահանջվում է ապահովել, որ սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների համար պատժամիջոցներ սահմանելիս («ա»-«է» կետերում նշված) որոշ հանգամանքներ հնարավոր լինի հաշվի առնել որպես ծանրացնող հանգամանքներ։ Այդ հանգամանքները չպետք է արդեն իսկ հանդիսանան հանցանքի բաղկացուցիչ տարրեր։ Այս սկզբունքը կիրառվում է այն դեպքերի նկատմամբ, երբ ծանրացնող հանգամանքներն արդեն իսկ Կողմ պետության ներպետական իրավունքում հանցանքի բաղկացուցիչ տարրեր են։ Օրինակ՝ «գ» կետում նշված ծանրացնող հանգամանքը չի կարող որպես այդպիսին [որպես ծանրացնող հանգամանք] դիտարկվել երեխայի նկատմամբ սեռական բռնության հետ կապված այն հանցագործության դեպքում, երբ բռնությունն իրականացվել է՝ օգտվելով երեխայի առանձնապես խոցելի վիճակից՝ համաձայն 18-րդ հոդվածի 1-ին պարբերության «բ» կետի, քանի որ երեխայի առանձնապես խոցելի վիճակից օգտվելով բռնություն իրականացնելն ինքնին հանցանքի բաղկացուցիչ տարր է:
195. «Հնարավոր լինի հաշվի առնել» արտահայտությունն օգտագործելով՝ բանակցող կողմերը շեշտում են, որ Կոնվենցիան Կողմերի համար սահմանում է պարտավորություն՝ ապահովելու հանցանք կատարողների նկատմամբ պատիժ սահմանելիս այդ ծանրացնող հանգամանքները դատավորների կողմից հաշվի առնելու համար դրանց հասանելիությունը, թեեւ դատավորները չունեն դրանք կիրառելու որևէ պարտավորություն։ «Ներպետական իրավունքի համապատասխան դրույթների համաձայն» արտահայտության վկայակոչումը նախատեսված է՝ արտացոլելու այն փաստը, որ Եվրոպայում տարբեր իրավական համակարգեր տարբեր մոտեցումներ ունեն ծանրացնող հանգամանքների նկատմամբ, և թույլ է տալիս Կողմերին պահպանել իրենց սկզբունքային իրավական հայեցակետերից մի քանիսը:
196. Ծանրացնող հանգամանքներից առաջինն այն հանգամանքն է, երբ հանցագործությունը լուրջ վնաս է պատճառել զոհի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը: Սույն Կոնվենցիայով սահմանված հանցանքներից մի քանիսը կարող են երեխային հասցված որևէ «ֆիզիկական» վնաս չներառել, ինչպես, օրինակ՝ սեռական նպատակներով երեխաներին այլասերելը կամ առաջարկ անելը, սակայն հոգեբանական ազդեցությունը կարող է խորը և երկարատև հետևանքների հանգեցնել: Բացի այդ, օրինակ՝ հանցանքի կատարման արդյունքում ՄԻԱՎ-ով վարակվելը պետք է համարվի որպես զոհի ֆիզիկական կամ հոգեկան առողջությանը պատճառված լուրջ վնաս:
197. Երկրորդ ծանրացնող հանգամանքն այն է, երբ հանցագործությանը նախորդել է, կամ այն ուղեկցվել է խոշտանգման կամ ծանր բռնության գործողություններով: ՄԻԵԴ-ի 3-րդ հոդվածն ամրագրում է բոլոր անձանց ազատությունը խոշտանգումներից, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից: Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության [Ireland v. the United Kingdom] (1978թ.) գործում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խոշտանգումը սահմանվել է որպես «դիտավորյալ դրսեւորած անմարդկային վերաբերմունք, որը պատճառում է շատ ծանր և դաժան տառապանք»: Անմարդկային վերաբերմունքը կամ պատիժը նկարագրվում է որպես «ֆիզիկական և հոգեկան ուժեղ տառապանքների պատճառում»: Այսպիսով, սույն պարբերությունում խոշտանգման մասին վկայակոչումը ներառում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան տանջանքներ, որ զոհը կրել է հանցանքի կատարումից առաջ կամ դրա ընթացքում: Օրինակ՝ շատ փոքր երեխայի դեպքում առևանգման և մեկուսացման հետ կապված որոշ գործողություններ կարող են առաջացնել ֆիզիկական և հոգեկան ծանր տառապանքներ:
198. Երրորդ ծանրացնող հանգամանքն այն է, երբ հանցագործությունը կատարվել է առանձնապես խոցելի վիճակում գտնվող զոհի նկատմամբ: Խոցելի վիճակում գտնվելու օրինակներն ընդգրկում են այն դեպքերը, երբ երեխան ֆիզիկական հաշմանդամություն, մտավոր հաշմանդամություն կամ սոցիալական շփումների բարդույթ ունի, առանց ծնողական խնամքի մնացած երեխա է, ինչպես, օրինակ՝ «փողոցում հայտնված երեխաները» կամ առանց ուղեկցողի անչափահաս ներգաղթյալները, շատ փոքր տարիքի երեխաները, թմրամիջոցների կամ ալկոհոլի ազդեցության պատճառով ոչ սթափ վիճակում գտնվող երեխաները:
199. Չորրորդ ծանրացնող հանգամանքը վերաբերում է այն դեպքերին, երբ հանցագործությունը կատարվել է ընտանիքի անդամի, երեխայի հետ համատեղ բնակվող անձի կամ այն անձի կողմից, որը չարաշահել է [երեխայի նկատմամբ ունեցած] իր իշխանությունը: Սա ներառում է տարբեր իրավիճակներ, երբ հանցանքը կատարվել է ծնողի կամ երեխայի ընտանիքի, ներառյալ՝ ընդլայնված ընտանիքի այլ անդամի կողմից կամ ծնողների դերում հանդես եկող անձի, ինչպես, օրինակ՝ դաստիարակի կամ երեխայի խնամքով զբաղվող այլ անձի կողմից: Երեխայի հետ համատեղ բնակվող անձ են համարվում երեխայի ծնողի զուգընկերները կամ այլ անձինք, որոնք երեխայի հետ վարում են միևնույն տնտեսությունը: [Երեխայի նկատմամբ իշխանություն ունեցող անձ նշանակում է ցանկացած անձ, որը երեխայի նկատմամբ գտնվում է գերակա դիրքում՝ ներառյալ, օրինակ, ուսուցիչը, գործատուն, տարիքով ավելի մեծ հարազատ քույրը կամ եղբայրը կամ ավելի մեծ այլ երեխա։
200. Հինգերորդ ծանրացնող հանգամանքն այն է, երբ հանցանքը կատարվել է մի քանի անձանց կողմից՝ հանցակցությամբ: Դա նշանակում է մեկից ավելի անձանց կողմից կատարված կոլեկտիվ արարք։
201. Վեցերորդ ծանրացնող հանգամանքն այն է, երբ հանցանքի կատարման մեջ ներգրավված է եղել հանցավոր խումբ: Կոնվենցիան չի սահմանում «հանցավոր խումբ» եզրույթը: Այս դրույթի կիրառման դեպքում Կողմերը, սակայն, կարող են առաջնորդվել այլ միջազգային փաստաթղթերով, որոնք սահմանում են տվյալ եզրույթը: Օրինակ՝ «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածի «ա» կետը սահմանում է «կազմակերպված հանցավոր խումբ»-ը որպես «երեք և ավելի անձից կազմված կառուցվածքայնորեն ձևավորված խումբ, որը գոյություն ունի որոշակի ժամանակահատվածում և համաձայնեցված գործում է մեկ կամ մի քանի լուրջ հանցագործություններ կամ այնպիսի հանցագործություններ կատարելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի համաձայն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու նպատակով»: «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ղեկավար սկզբունքների մասին» Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին ուղղված Rec(2001)11 հանձնարարականը և Եվրոպական միության պայմանագրի Ի.3 հոդվածի հիման վրա 1998 թվականի դեկտեմբերի 21-ին Եվրոպական միության խորհրդի կողմից ընդունված «Եվրոպական միության անդամ պետությունում հանցավոր կազմակերպության մեջ մասնակցությունը քրեական հանցագործություն համարելու մասին» համատեղ գործողությունը տալիս են «կազմակերպված հանցավոր խմբի» և «հանցավոր կազմակերպության» շատ նման սահմանումներ:
202. Յոթերորդ ծանրացնող հանգամանքն այն է, երբ հանցագործությունը կատարողը նախկինում դատապարտվել է նույն բնույթի հանցագործությունների համար։ Այս դրույթը ներառելով՝ բանակցող կողմերն ուշադրություն են հրավիրում երեխաների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարողների կողմից կրկնահանցագործության առանձնապես վտանգավոր ռիսկի վրա:
Հոդված 29. Նախկին դատվածությունները
203. Երեխաների սեռական շահագործումը կամ սեռական բռնությունը երբեմն իրականացվում է անդրազգային մակարդակով՝ հանցավոր խմբերի կամ առանձին անձանց կողմից, որոնց նկատմամբ դատական քննություն է իրականացվել, և որոնք դատապարտվել են մեկից ավելի երկրներում: Ներպետական մակարդակում շատ իրավական համակարգերով տարբեր, հաճախ ավելի խիստ պատիժ է նախատեսվում այն դեպքերում, երբ անձը նախկինում դատապարտված է եղել։ Ընդհանուր առմամբ, միայն ազգային դատարանի կողմից սահմանված դատվածությունն է դիտարկվում որպես նախկին դատվածություն։ Ավանդաբար օտարերկյա դատարանների կողմից սահմանված նախկին դատվածությունները հաշվի չեն առնվել այն հիմքերով, որ քրեական իրավունքն ազգային խնդիր է, և ազգային օրենքներում կարող են լինել տարբերություններ, ինչպես նաև պայմանավորված օտարերկրյա դատարանների կողմից կայացված որոշումների նկատմամբ առկա կասկածի աստիճանով։
204. Այդպիսի փաստարկներն այսօր ավելի քիչ ուժ ունեն, քանի որ հանցավորության միջազգայնացման արդյունքում տեղի ունեցած քրեական իրավունքի չափանիշների միջազգայնացումը միտված է ներդաշնակեցնելու տարբեր երկրների օրենսդրությունները։ Բացի այդ, մի քանի տասնամյակի ընթացքում երկրներն ընդունել են այնպիսի գործիքներ, ինչպես, օրինակ՝ ՄԻԵԿ-ն է, որի կիրառումն օգնել է կառուցել ընդհանուր երաշխիքների ամուր հենք, ինչը բոլոր մասնակից պետությունների արդարադատության համակարգերի նկատմամբ ավելի բարձր վստահություն է ներշնչում։
205. Միջազգային կրկնահանցագործության սկզբունքը սահմանվել է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով։ Օրինակ՝ «Թմրամիջոցների մասին» Նյու Յորքի 1961 թվականի մարտի 30-ի կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետի «iii» ենթակետի համաձայն՝ կրկնահանցագործությունը հաստատելու նպատակով պետք է հաշվի առնվեն օտարերկյա դատարանների կողմից կայացված մեղադրական դատական ակտերը՝ յուրաքանչյուր Կողմի սահմանադրական դրույթներին, իրավական համակարգին և ազգային իրավունքին համապատասխան: «Եվրոյի ներդրման հետ կապված կեղծարարության համար քրեական պատիժների և այլ պատժամիջոցների միջոցով պաշտպանության մակարդակը բարձրացնելու մասին» Խորհրդի 2000/383/JHA շրջանակային որոշումը փոփոխող՝ Խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 6-ի շրջանակային որոշման 1-ին հոդվածի համաձայն՝ Եվրոպական միության անդամ պետությունները մեկ այլ անդամ պետությունում արժույթի կեղծման առնչությամբ կայացված վերջնական որոշումները պետք է ճանաչեն որպես կրկնակի հանցավորության հաստատման հիմք։
206. Փաստ է, որ կրկնահանցագործության միջազգայնորեն ընդունված ստանդարտ հասկացություն չկա, իսկ որոշ երկրների օրենքներում գաղափարն առհասարակ ներառված չէ։ Այն փաստը, որ օտարերկյա դատարանների կողմից կայացված մեղադրական դատական ակտերը միշտ չէ, որ դատարանների կողմից հաշվի են առնվում պատիժների նշանակման հարցում, մեկ այլ գործնական դժվարություն է ներկայացնում: Այնուամենայնիվ, «Նոր քրեական վարույթների ընթացքում Եվրոպական Միության անդամ պետություններում նախկին դատվածությունները հաշվի առնելու մասին» Խորհրդի շրջանակային որոշման նախագծի 3-րդ հոդվածով, որի շուրջ քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել 2006 թվականի դեկտեմբերի 4-ին, առաջին հերթին ընդհանուր կերպով սահմանվում է մեկ այլ (անդամ) պետությունում կայացված նախկին մեղադրական դատական ակտը հաշվի առնելու պարտավորությունը՝ առանց որոշ հանցանքների նկատմամբ սահմանափակում նախատեսելու։
207. Ուստի 29-րդ հոդվածով նախատեսվում է պատժամիջոցները գնահատելիս մեկ այլ Կողմի կողմից նշանակված վերջնական դատական ակտերը հաշվի առնելու հնարավորությունը։ Դրույթին համապատասխանելու նպատակով Կողմերը կարող են իրենց ներպետական իրավունքով նախատեսել, որ օտարերկրյա դատարանների կողմից կայացված նախկին մեղադրական դատական ակտերը կարող են հանգեցնել ավելի խիստ պատժի։ Կարող են նախատեսել նաև, որ պատիժ նշանակելիս անձի առանձնահատկությունները գնահատելու իրենց ընդհանուր իրավասությունների շրջանակներում դատարանները պետք է հաշվի առնեն այդ մեղադրական դատական ակտերը։ Այդ հնարավորության մեջ պետք է ներառվի նաև այն սկզբունքը, որ հանցագործություն կատարողի նկատմամբ չպետք է նվազ բարենպաստ վերաբերմունք ցուցաբերվի, քան այն դեպքում, երբ մեղադրական դատական ակտը կայացված լիներ ազգային դատարանի կողմից։
208. Սույն դրույթով դատարանների կամ քրեական հետապնդման մարմինների վրա չի դրվում որևէ դրական պարտավորություն՝ ձեռնարկելու քայլեր՝ պարզելու համար, թե արդյոք քրեական հետապնդման ենթարկվող անձանց նկատմամբ մեկ այլ Կողմի դատարանների կողմից նշանակված է եղել վերջնական դատական ակտ, թե՝ ոչ։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիայի (ԵՊՇ թիվ 30) 13-րդ հոդվածով Կողմի դատական մարմինները կարող են մեկ այլ Կողմից պահանջել դատվածության վերաբերյալ քաղվածքներ կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ, եթե դա անհրաժեշտ է քրեական գործի շրջանակներում։
Գլուխ VII. Քննությունը, քրեական հետապնդումը և դատավարական իրավունքը
209. Այս գլխում, որը նվիրված է երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված գործողությունների քննության և հետապնդման փուլերին առնչվող հայեցակետերին, բանակցող կողմերը ցանկացել են շեշտել այն հանգամանքի կարևորագույն նշանակությունը, որ վարույթ իրականացնելիս պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն այդպիսի վարույթների շրջանակներում որպես զոհ կամ վկա հանդես եկող երեխաների առանձնակի խոցելիությունը (տե՛ս վերևում՝ 10-րդ կետը):
210. Մի շարք հարցեր, որոնք կապահովեն գործնական կարեւորություն, սահմանվել են հետևյալի առնչությամբ՝
ա. քննության և քրեական դատավարության հատուկ միջոցների որդեգրում՝ ապահովելու համար, որ հաշվի առնվեն երեխայի շահերը (օրինակ՝ երեխաների անձնական կյանքի պաշտպանության և երեխաների մասնակցությամբ իրականացվող լսումների ոլորտում).
բ. սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված որոշ հանցանքների համար վաղեմության ժամկետներ (այն սկզբունքի հաստատումը, համաձայն որի՝ վաղեմության ժամկետը պետք է անցնի երեխայի չափահասության տարիքից).
գ. դատական վարույթների համար պատասխանատու անձնակազմի վերապատրաստում (երեխաների սեռական շահագործման և բռնության ոլորտում քննության և դատական քննության համար պատասխանատու անձանց կամ ծառայությունների մասնագիտացում).
դ. երեխաների պաշտպանություն՝ ապահովելով, որ նրանք պաշտպանված լինեն ճնշումների և կրկնակի զոհականացման ռիսկերից:
Հոդված 30. Սկզբունքները
211. Երեխաների պաշտպանության վերաբերյալ առկա միջազգային իրավական փաստաթղթերի շրջանակներում նշվում է միայն զոհ երեխաներին հարմարեցված հատուկ դատական ընթացակարգի անհրաժեշտության մասին: Rec (2001) 16 առաջարկությունը, որը, անկասկած, նման փաստաթղթերի շարքում ամենամանրամասն է, մասնավորապես ընդգծում է զոհ երեխաների իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը՝ առանց կասկածյալների իրավունքները խախտելու, զոհ երեխաների անձնական կյանքը հարգելու և երեխաների մասնակցությամբ անցկացվող լսումների համար հատուկ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը։ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որը բացառապես վերաբերում է մանկավաճառությանը, մանկական մարմնավաճառությանն ու մանկական պոռնոգրաֆիային, 8-րդ հոդվածով սահմանում է զոհ երեխաների խոցելիության ճանաչումը, ընթացակարգերի հարմարեցումը նրանց առանձնահատուկ կարիքներին, դատավարության ընթացքի վերաբերյալ տեղեկացված լինելու նրանց իրավունքի ապահովումը և նրանց ներկայացված լինելն այն դեպքերում, երբ նրանց շահերը վտանգված են, նրանց անձեռնմխելիության և, վերջապես, ահաբեկումից և հաշվեհարդարից նրանց պաշտպանությունը: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 1307 (2002) բանաձևում անդամ պետություններին կոչ է արվում առաջնահերթ ուշադրություն դարձնել այն զոհ երեխաների իրավունքներին, որոնք ի վիճակի չեն արտահայտել իրենց տեսակետները:
212. Այս նպատակներից բացի՝ զոհ երեխաներին հարմարեցված ընթացակարգային կանոնների սահմանումն ու իրականացումը թողնվում է յուրաքանչյուր պետության հայեցողությանը և նախաձեռնությանը: Վերջին վերլուծություններում, ներառյալ՝ REACT-ում նշվում են ոլորտում առկա տարբերություններն ու անհամապատասխանությունները:
213. Բանակցող կողմերը համարել են, որ անհրաժեշտ են մի շարք դրույթներ՝ քրեական դատավարության ընթացքում զոհ երեխաների համար երեխաների պահանջներին համապատասխանեցված և պաշտպանողական բնույթ ունեցող ընթացակարգ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, 4-րդ պարբերությամբ շեշտվում է, որ այդ միջոցառումներով չպետք է խախտվի ՄԻԵԴ-ի 6-րդ հոդվածով սահմանված՝ պաշտպանության կողմի իրավունքը և արդար դատաքննության սկզբունքները:
214. Հիմնական խնդիրն առնչվում է երեխայի կողմից ցուցմունք տալուն, որը մեծ մարտահրավեր է բազմաթիվ պետությունների ընթացակարգերի համար, ինչպես վկայում են մի շարք դեպքեր, որոնք ակտիվ կերպով լուսաբանվել են լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում քրեական դատավարության համակարգերում կատարված փոփոխությունները: Այս համատեքստում պետությունների համար հույժ կարևոր է դարձել երեխաների կողմից ցուցմունք տալը երաշխավորող և պաշտպանող դատավարական կանոնները որդեգրելը:
215. Ահա թե ինչու 1-ին և 2-րդ պարբերություններով սահմանվում են երկու ընդհանուր սկզբունք առ այն, որ երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության գործերով քննությունը և դատական վարույթը միշտ պետք է այնպես իրականացվեն, որ պաշտպանվեն երեխաների լավագույն շահերն ու իրավունքները, և պետք է նպատակ ունենան խուսափել երեխաների՝ արդեն ստացած տրավման խորացնելուց:
216. 3-րդ պարբերությամբ ճանաչվում է այն սկզբունքը, համաձայն որի` քննություններն ու քրեական վարույթները պետք է դիտարկվեն որպես առաջնահերթություն և իրականացվեն առանց անհիմն ուշացումների, քանի որ վարույթի չափազանց երկար տևողությունը կարող է զոհ երեխայի կողմից ընկալվել որպես իր ցուցմունքների մերժում կամ հրաժարում իրեն լսելուց և կարող է խորացնել իր՝ արդեն ստացած տրավման: Բանակցող կողմերը ցանկացել են շեշտել, որ այս դրույթն արտացոլում է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածով սահմանված սկզբունքը, որում նշվում է, որ «յուրաքանչյուր ոք ունի (…) ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունք», և որ երեխաների ներգրավմամբ վարույթներում այս սկզբունքը պետք է կիրառել հատուկ զգուշավորությամբ: Սա հատկապես ճիշտ է այն դեպքերում, երբ ձեռնարկվել են ենթադրյալ հանցագործություն կատարողին կամ զոհին իր ընտանիքից հեռացնելու միջոցառումներ:
217. 5-րդ պարբերության առաջին պարբերույթում նշվում է, որ Կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցառումներ՝ ապահովելու սույն Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների արդյունավետ քննությունն ու քրեական հետապնդումը: Սա ընդհանուր պարտավորություն է, որը վերաբերում է Կոնվենցիային համապատասխան սահմանված բոլոր հանցագործություններին: Կողմերը կարող են իրենք որոշել քննության որ մեթոդը կիրառել: Սակայն պետությունները պետք է, անհրաժեշտության դեպքում և համաձայն իրենց ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքների, թույլ տան իրականացնել գաղտնի օպերացիաներ: Կողմերը կարող են իրենք որոշել, թե երբ և ինչ պայմաններում պետք է թույլատրեն քննության այդպիսի մեթոդների կիրառումը՝ հաշվի առնելով, inter alia, համաչափության սկզբունքը՝ ապացույցների ընդունելիության կանոնների և քննության առարկա հանցագործությունների բնույթի և ծանրության առնչությամբ:
218. Երկրորդ մասով Կողմերին կոչ է արվում մշակել պոռնոգրաֆիկ պատկերներ պարունակող նյութերի ուսումնասիրության մեթոդներ՝ զոհերի նույնականացման գործընթացն ավելի դյուրացնելու նպատակով: Անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները` նրանց նույնականացման գործընթացը դյուրացնելու նպատակով, հատկապես պետությունների միջև համագործակցության համատեքստում, ինչպես լրացուցիչ նախատեսվում է 38-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ:
Հոդված 31. Պաշտպանության ընդհանուր միջոցները
219. Սույն հոդվածը պարունակում է վարույթի ընթացքում երեխաների պաշտպանության համար նախատեսված՝ երեխաների պահանջներին համապատասխանեցված ընթացակարգերի ոչ սպառիչ ցանկ։
220. Պաշտպանության այդ ընդհանուր միջոցները կիրառվում են վարույթի բոլոր փուլերում՝ ինչպես քննությունների ընթացքում (թե՛ ոստիկանության ծառայության կամ թե՛ դատական մարմնի կողմից իրականացվելու դեպքում), այնպես էլ դատական վարույթի ընթացքում։
221. Նախ և առաջ, հոդվածով սահմանվում է երեխաների (եւ նրանց ընտանիքների կամ օրինական ներկայացուցիչների)՝ այն քննություններով եւ վարույթներով զարգացումների մասին տեղեկանալու իրավունքը, որոնցում նրանք ներգրավված են որպես զոհեր։ Այս առումով դրույթով նախատեսվում է, որ զոհերը պետք է տեղեկանան իրենց իրավունքների եւ իրենց տրամադրության տակ եղած ծառայությունների, ինչպես նաև իրենց բողոքների ընթացքի, առաջադրված մեղադրանքների, քննության կամ վարույթի ընդհանուր ընթացքի եւ դրանցում իրենց դերի, ինչպես նաեւ իրենց գործի ելքի մասին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք չեն ցանկանում ստանալ այդպիսի տեղեկություններ։ Բանակցողները շեշտել են ցանկացած դեպքում, երբ դա անհրաժեշտ է թվում (օրինակ՝ այն դեպքերում, երբ առկա է վրեժխնդրության կամ ճնշումների ռիսկ, կամ երբ զոհը եւ կատարողը կարող են պատահաբար դեմ առ դեմ հանդիպել, քանի որ իրար մոտ են ապրում) երեխաներին և նրանց ընտանիքներին տեղեկացնելու պարտավորության կարևորությունն այն դեպքում, երբ քրեական հետապնդման ենթարկված կամ տվյալ երեխայի նկատմամբ սեռական բնույթի հանցանքներ կատարած անձն ազատ է արձակվում։ Այդ տեղեկությունները պետք է տրամադրվեն երեխայի տարիքին «հարմարեցված եղանակով»։
222. Հոդվածում թվարկվում են մի շարք դատավարական կանոններ, որոնք մշակվել են 31-րդ հոդվածով սահմանված ընդհանուր սկզբունքների իրականացման համար. զոհերի՝ լսելի լինելու, ապացույցներ ներկայացնելու, իրենց մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ինքնությունը և համբավը պաշտպանելու և վրեժխնդրության ու կրկնակի վիկտիմիզացիայի ցանկացած ռիսկից պաշտպանված լինելու հնարավորությունը։ Այնուամենայնիվ, բանակցողները ցանկացել են ընդգծել, որ զոհի ինքնության, հեղինակության եւ մասնավոր կյանքի պաշտպանությունն առնչվում է հանրամատչելի դառնալու ռիսկին, և որ այդ պահանջները չպետք է խոչընդոտեն, որ այդ տեղեկությունները բացահայտվեն ընթացիկ դատական վարույթի համատեքստում՝ երկու կողմերի՝ լսվելու իրավունքի վերաբերյալ սկզբունքները և քրեական հետապնդման ընթացքում պաշտպանության կողմի անկապտելի իրավունքները պահպանելու նպատակով։
223. 1-ին պարբերության «է» կետը սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնության երեխա զոհերին պաշտպանելու նպատակ է հետապնդում՝ մասնավորապես կանխելով քննչական ծառայության մարմիններում եւ դատարանում նրանց՝ ենթադրյալ հանցանք կատարած անձի հետ շփման միջոցով կրկին տրավմա ստանալու հնարավորությունը։ Այս դրույթը կիրառվում է քրեական վարույթի բոլոր փուլերում (այդ թվում՝ քննության)՝ որոշ բացառություններով. քննչական ծառայությունները եւ դատական մարմինը պետք է հնարավորություն ունենան հրաժարվելու կատարել այդ պահանջը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից, օրինակ, երբ երեխան ցանկանում է մասնակցել լսմանը, կամ երբ երեխայի եւ ենթադրյալ կատարողի շփումն անհրաժեշտ է կամ օգտակար՝ ապահովելու, որ վարույթը պատշաճ կերպով իրականացվի (օրինակ՝ երբ առերեսումն անհրաժեշտ է համարվում)։
224. 2-րդ պարբերությունը ներառում է նաև վարչական վարույթը, քանի որ որոշ պետություններում զոհերին փոխհատուցելու ընթացակարգերն այդ տեսակի են։ Ընդհանուր առմամբ, լինում են իրավիճակներ, երբ պաշտպանիչ միջոցառումները նույնիսկ քրեական վարույթի համատեքստում կարող են վերապահվել վարչական մարմիններին։
225. 3-րդ պարբերությամբ ապահովվում է սեռական շահագործման և սեռական բնույթի բռնության զոհերի համար իրավաբանական օգնության մատչելիությունը (նախատեսված լինելու դեպքում՝ անվճար հիմունքներով)։ Բանակցողները ցանկացել են հաշվի առնել այն պայմանները, որոնց եթակա է Կողմերի ներպետական իրավունքի համաձայն իրավաբանական օգնության տրամադրումը, քանի որ դրանք երկրից երկիր զգալիորեն տարբերվում են։ Դատական եւ վարչական ընթացակարգերը հաճախ չափազանց բարդ են, ուստի զոհերին անհրաժեշտ է իրավական խորհրդատուի աջակցություն, որպեսզի կարողանան իրենց իրավունքները պատշաճ կերպով իրացնել։ Սույն դրույթով զոհերին անվճար իրավաբանական օգնություն ստանալու ավտոմատ իրավունք չի տրվում։ Պայմանները, որոնց համաձայն տրամադրվում է այդ օգնությունը, պետք է սահմանվեն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմի կողմից այն դեպքում, երբ զոհին իրավունք է տրվում մասնակցելու քրեական վարույթին։
226. Ի հավելումն 31-րդ հոդվածի 3-րդ պարբերության՝ Կողմերը պետք է նաեւ հաշվի առնեն ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը։ Չնայած այն հանգամանքին, որ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետով նախատեսվում է անվճար աջակցության տրամադրում պաշտոնապես նշանակված դատապաշտպանի կողմից միայն քրեական իրավախախտումների կատարման մեջ մեղադրվող անձանց դեպքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով (Էիրին ընդդեմ Իռլանդիայի [Airey v. Ireland] գործով վճիռ, 1979 թվականի հոկտեմբերի 9) նույնպես ճանաչվում է որոշ հանգամանքներում քաղաքացիական վարույթում պաշտոնապես նշանակված դատապաշտպանի կողմից անվճար իրավաբանական աջակցություն ստանալու իրավունքը՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, որը մեկնաբանվում է որպես քաղաքացիական իրավունքներին ու պարտականություններին վերաբերող որոշման հանգելու համար դատարանի մատչելիության իրավունքի ամրագրում (Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության [Golder v. the United Kingdom] գործով վճիռ, 1975 թվականի փետրվարի 21)։ Դատարանը եղել է այն կարծիքին, որ դատարանի արդյունավետ մատչելիությունը կարող է փաստաբանի կողմից անվճար աջակցության անհրաժեշտություն առաջացնել։ Օրինակ՝ Դատարանը համարել է, որ անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ անձի կողմից առանց պաշտպանի աջակցության դատարան ներկայանալն արդյունավետ կլիներ, այսինքն՝ արդյոք նա կկարողանար պատշաճ եւ բավարար կերպով ներկայացնել իր գործով փաստարկները։ Որոշելիս, թե արդյոք անձը կարողացել է արդյունավետորեն ներկայացնել իր գործով փաստարկները, Դատարանն այս առումով հաշվի է առել վարույթի բարդությունը և առկա հուզմունքը, որը կարող էր անհամատեղելի լինել դատարանում հանդես գալու համար անհրաժեշտ օբյեկտիվության աստիճանի հետ, և որոշել է, որ եթե ոչ, ապա նա պետք է կարողանա անվճար աջակցություն ստանալ պաշտոնապես նշանակված դատապաշտպանից։ Այսպիսով, անգամ քաղաքացիական գործերով պաշտոնապես նշանակված դատապաշտպանի մատչելիություն նախատեսող օրենսդրության բացակայության դեպքում դատարանի հայեցողությանն է թողնվում, արդարադատության շահերից ելնելով, գնահատելու, թե արդյոք փաստաբան վարձելու հնարավորություն չունեցող՝ աջակցության կարիք ունեցող կողմին պետք է տրամադրել իրավաբանական աջակցություն։
227. 4-րդ պարբերությամբ նախատեսված է դրույթ ընտանիքում սեռական բնույթի բռնության այնպիսի դեպքերի համար, երբ ծնողական պատասխանատվություն կրող անձինք, թեև պատասխանատու լինելով երեխայի շահերը պաշտպանելու համար, ինչ-որ ձևով ներգրավված են այն վարույթում, որում երեխան զոհ է (որտեղ առկա է «շահերի բախում»)։ Այդ դեպքերում սույն դրույթով հնարավորություն է ստեղծվում, որ դատական վարույթում երեխային ներկայացնի դատական մարմինների կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչ։ Սա կարող է լինել այն դեպքում, երբ օրինակ, ծնողական պատասխանատվություն կրող անձինք են հանցանք կատարողները կամ համատեղ կատարողները, կամ կատարողի հետ նրանց հարաբերության բնույթն այնպիսին է, որ չի կարելի ակնկալել, որ նրանք անաչառորեն կպաշտպանեն երեխա զոհի շահերը։
228. 5-րդ պարբերությամբ նախատեսվում է տարբեր կազմակերպությունների կողմից զոհերին աջակցություն տրամադրելու հնարավորությունը։ Ներքին իրավունքով նախատեսված պայմանների հիշատակմամբ ընդգծվում է այն փաստը, որ պետությունները պետք է մշակեն դրույթ՝ օժանդակության կամ աջակցության համար, սակայն դրանք ազատ են դա անելու իրենց ազգային համակարգերում սահմանված կանոններին համապատասխան, օրինակ՝ պահանջելով տվյալ կազմակերպությունների, հիմնադրամների, ասոցիացիաների կամ այլ մարմինների հավաստագրում կամ հաստատում։
229. Սույն հոդվածի 6-րդ պարբերությունը վերաբերում է գրավոր կամ այլ նյութերի, որոնք պետք է հասանելի լինեն երկրում առավել լայնորեն օգտագործվող լեզուներով։
Հոդված 32. Վարույթ հարուցելը
230. 32-րդ հոդվածը մշակվել է պետական մարմիններին Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցանքների հետ կապված քրեական հետապնդում իրականացնելու հնարավորություն տալու համար [նույնիսկ] այն դեպքում, երբ զոհի կողմից բողոք չի ներկայացվել։ Սույն դրույթի նպատակն է դյուրացնել քրեական հետապնդման գործընթացը՝ մասնավորապես ապահովելով, որ զոհերը հետ չվերցնեն իրենց բողոքները՝ հանցանքները կատարողների կողմից ճնշման կամ սպառնալիքների պատճառով։
Հոդված 33. Վաղեմության ժամկետը
231. Սույն դրույթը համարվում է Կոնվենցիայում հավելյալ նշանակության էական առանձնահատկություն։ Դրանով նախատեսվում է, որ վաղեմության ժամկետը պետք է շարունակվի այնքան ժամանակ, որքան բավարար կլինի, որպեսզի հնարավոր լինի երեխայի չափահաս դառնալուց հետո արդյունավետորեն վարույթ հարուցել։ Անշուշտ, հայտնի է, որ սեռական բնույթի բռնության երեխա զոհերից շատերը մինչեւ չափահաս դառնալը տարբեր պատճառներով ի վիճակի չեն իրենց նկատմամբ կատարված հանցանքների մասին հաղորդում ներկայացնել։ «…այնքան ժամանակ, որքան բավարար կլինի, որպեսզի հնարավոր լինի երեխայի չափահաս դառնալուց հետո արդյունավետորեն վարույթ հարուցել» արտահայտությունը նշանակում է՝ առաջին՝ երեխան պետք է բավարար ժամանակ ունենա բողոք ներկայացնելու համար, և երկրորդ՝ քրեական հետապնդման մարմինները պետք է այնպիսի դիրքում լինեն, որ տվյալ հանցանքների առնչությամբ քրեական հետապնդումներ հարուցեն:
232. Այնուամենայնիվ, քրեական գործով վարույթներում կիրառվող համաչափության պահանջները բավարարելու նպատակով բանակցողները սահմանափակել են այդ սկզբունքի կիրառությունը 18-րդ հոդվածով, 19-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» կետերով և 21-րդ հոդվածի 1-ին պարբերության «ա» և «բ» կետերով նախատեսված հանցանքներով, որոնց առնչությամբ առկա է վաղեմության ժամկետները երկարաձգելու հիմնավորում։
Հոդված 34. Քննությունը
233. 34-րդ հոդվածով սահմանվում է այն սկզբունքը, որ երեխաների սեռական շահագործմանը կամ նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությանն առնչվող քրեական վարույթի համար պատասխանատու մասնագետները պետք է վերապատրաստվեն այս ոլորտում։
234. Հաշվի առնելով տարբեր այն գերատեսչությունների դերը, որոնք ընդհանուր առմամբ պատասխանատու են երեխայի սեռական շահագործման և նրա նկատմամբ սեռական բնույթի բռնության գործերով քննության համար (ոստիկանություն, դատախազություն, երեխաների պաշտպանության և առողջապահական ծառայություններ)՝ Կողմերը քննություններ իրականացնելու համար կարող էին ստեղծել միջոլորտային ծառայություններ՝ նպատակ ունենալով զարգացնել մասնագիտական կարողությունները և կանխել զոհի՝ կրկնվող գործընթացներով կրկին վիկտիմիզացումը։ Կարող էին, օրինակ, մեկ հարկի տակ ստեղծվել երեխաների պահանջներին համապատասխանեցված համապարփակ և միջգերատեսչական ծառայություններ (հաճախ հայտնի որպես «Երեխաների տուն»)։
235. Պետությունների, հասանելի ռեսուրսների և քննչական ծառայությունները կազմակերպելու համակարգերի բազմազանությունը հաշվի առնելու նպատակով բանակցողները ցանկացել են այս դրույթը դարձնել շատ ճկուն, որի նպատակն այն է, որ մասնագիտացված անձնակազմը կամ ծառայությունները հնարավոր լինի մոբիլիզացնել երեխաների սեռական շահագործման և բռնության գործերով քննությունների համար։ Այսպիսով, 34-րդ հոդվածով նախատեսվում են մասնագիտացված ստորաբաժանումներ, ծառայություններ կամ, պարզապես, անձինք, օրինակ, այն դեպքերի համար, երբ տվյալ պետության չափն այնպիսին է, որ հատուկ ծառայություն ստեղծելու կարիք չկա։
Հոդված 35. Երեխայի հետ հարցազրույցները
236. Սույն դրույթը վերաբերում է երեխայի հետ հարցազրույցներին ինչպես քննությունների, այնպես էլ դատական վարույթի ընթացքում։ Քննությունների ընթացքում այն կիրառվում է՝ անկախ հարցազրույցը վարող մարմնի տեսակից (ոստիկանություն կամ դատական մարմին)։ Դրույթի հիմնական նպատակը նույնն է, ինչ 30-րդ հոդվածի հետ կապված ավելի ընդհանուր ներկայացված նպատակն է. երաշխավորել երեխայի շահերի պաշտպանությունը և ապահովել, որ նա հարցազրույցների հետևանքով լրացուցիչ տրավմայի չենթարկվի։ Այս առնչությամբ, ինչպես նախատեսված է 3-րդ պարբերությամբ, պետք է հնարավոր լինի տվյալ միջոցառումներն իրականացնել այն դեպքում, երբ կասկած կա զոհի տարիքի վերաբերյալ, և հնարավոր չէ հստակորեն հաստատել, որ նրա չափահասության տարիքը չի լրացել։
237. Այս նպատակներին հասնելու համար 35-րդ հոդվածով սահմանվում են մի շարք կանոններ, որոնք նախատեսված են երեխաների հետ հետագա հարցազրույցների քանակը սահմանափակելու համար, որոնք նրանց ստիպում են վերապրել իրենց հետ տեղի ունեցած դեպքերը, և հնարավորություն տալու համար, որ նրանց հետ հարցազրույց վարեն այն նույն անձինք, որոնք այդ նպատակով վերապատրաստվել են, հարմարավետ տարածքներում և այնպիսի միջավայրերում, որոնք վստահություն են ներշնչում՝ մասնավորապես երեխայի օրինական ներկայացուցչի կամ համապատասխան դեպքերում իր ընտրությամբ ցանկացած անձի ներկայության շնորհիվ։
238. 2-րդ պարբերությամբ նախատեսվում է, որ երեխա զոհերի կամ համապատասխան դեպքերում երեխա վկաների հետ անցկացվող հարցազրույցները պետք է տեսանկարահանվեն՝ քրեական վարույթի ընթացքում որպես ապացույց օգտագործվելու համար։ Սույն դրույթի հիմնական նպատակը երեխաներին լրացուցիչ տրավմայի ենթարկվելու ռիսկից պաշտպանելն է։ Տեսաձայնագրված հարցազրուցները կարող են օգտագործվել բազմաթիվ նպատակներով, այդ թվում՝ բժշկական զննության և բուժական ծառայությունների համար՝ այդպիսով նպաստելով հարցազրույցների քանակը հնարավորինս սահմանափակելու նպատակի իրականացմանը։ Այն արտացոլում է բազմաթիվ երկրներում վերջին տարիների ընթացքում հաջողությամբ զարգացած գործելակերպերը:
239. Բանակցողները, այնուամենայնիվ, համաձայնել են, որ սույն հոդվածի դրույթների իրականացումը պահանջում է ճկունության աստիճան՝ երեխայի տարիքը, մասնագիտացված անձնակազմի առկայությունը, քրեական վարույթին վերաբերող պահանջները և քննության արդյունավետության հետ կապված կարիքների բոլոր տեսակները հաշվի առնելու համար։ Այս ճկունությունն արտացոլվում է այնպիսի արտահայտությունների օգտագործմամբ, ինչպիսիք են «անհրաժեշտության դեպքում [where necessary]», «հնարավորության դեպքում», «անհրաժեշտության դեպքում [where appropriate]» և «համապատասխան դեպքերում»: Միևնույն ժամանակ բանակցողները համաձայնել են, որ իրավասու մարմինները պետք է կարողանան հրաժարվել թույլ տալ, որ երեխայի օրինական ներկայացուցիչը կամ երեխայի կողմից ընտրված անձը ներկա գտնվի այն դեպքում, երբ գործի հանգամանքներն այնպիսին են, որ պատճառ կա կարծելու, որ տվյալ անձի ներկայությունը ցանկալի չէ, օրինակ այն պատճառով, որ այդ անձը ներգարվված է եղել հանցանքի մեջ, կամ նրա և երեխայի միջև առկա է շահերի բախում։
Հոդված 36. Քրեական դատարանում վարույթները
240. Սույն հոդվածը պարունակում է քրեական դատարանում վարույթին հատուկ դրույթներ։
241. 1-ին պարբերությամբ, որն արտացոլում է 34-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, սահմանվում է այն սկզբունքը, որ դատական վարույթում ներգրավված անձինք (մասնավորապես՝ դատավորները, դատախազները և փաստաբանները) պետք է երեխաների իրավունքների վերաբերյալ և երեխաների սեռական շահագործման ու նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնությունների ոլորտում վերապատրաստում անցնելու հնարավորություն ունենան։ Այս առնչությամբ Կողմ պետությունների պարտավորություններով, անշուշտ, պետք է հաշվի առնվեն դատական գործընթացում ներգրավված մասնագետների անկախությունից բխող պահանջները եւ այն ինքնուրույնությունը, որը նրանք ունեն իրենց մասնագիտական կառույցի անդամների համար վերապատրաստում կազմակերպելու հարցում։ Այդ պատճառով է, որ 1-ին պարբերությամբ չի պահանջվում տրամադրել վերապատրաստում, սակայն դրանում նշվում է, որ այն պետք է հասանելի լինի այն անցնելու ցանկություն ունեցող մասնագետների համար։
242. 2-րդ պարբերությունը պարունակում է դրույթներ, որոնցով հարմարեցվում են քրեական վարույթները կարգավորող որոշակի սկզբունքները` երեխաներին պաշտպանելու և նրանց հետ հարցազրույցը դյուրացնելու նպատակով։ Այս սկզբունքները վերաբերում են հանրության ներկայությանը և երկու կողմերի ներկայացվածությունն ապահովելուն ուղղված միջոցառումներին: Այսպիսով, «ա» կետով դատավորին հնարավորություն է տրվում կարգադրելու, որ դատական լսումը տեղի ունենա առանց հանրության ներկայության, իսկ «բ» կետով հնարավորություն է տրվում երեխային լսել՝ առանց ենթադրյալ կատարողի ֆիզիկական ներկայությանը պարտադիր բախվելու, մասնավորապես՝ տեսակոնֆերանսի օգտագործմամբ։
Գլուխ VIII. Տվյալների գրանցումը և պահպանումը
Հոդված 37. Սեռական բնույթի հանցագործությունների համար դատապարտված անձանց վերաբերյալ ազգային տվյալների գրանցումը և պահպանումը
243. Բանակցողների նպատակն է եղել ապահովել, որ Կոնվենցիայով սահմանված հանցագործությունները կատարողների մասին որոշակի տվյալներ գրանցվեն և պահպանվեն՝ այդպիսի հանցագործությունների կանխարգելման և դրանց առնչությամբ քրեական հետապնդման նպատակով: Սույն պարտավորությունը կիրառվում է միայն այն տվյալների նկատմամբ, որոնք վերաբերում են դատապարտված անձանց ինքնությանը և գենետիկ բնութագրին (ԴՆԹ ծածկագիր) և ոչ թե հենց նմուշին վերաբերող տվյալներին, որոնք ապացուցվել է, որ ծայրահեղ օգտակար են քրեական գործով քննություններում՝ հանցագործությունների կրկնահանցագործ կատարողներին նույնականացնելու համար։ Սեռական նախապատվությունը, բժշկական տվյալները և նախորդ դատվածություններին վերաբերող տվյալները բացահայտող տվյալները, «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (ԵՊՇ թիվ 108) համաձայն, համարվել են որպես հատուկ պաշտպանություն պահանջող զգայուն տվյալներ։
244. Բանակցողները համաձայնել են, որ Կողմերի համար Կոնվենցիայով պետք է հնարավորինս ապահովվի ճկունություն այդ պարտավորության իրականացման մեթոդները որոշելու հարցում։
245. 37-րդ հոդվածով չի ենթադրվում «տվյալների բազայի», առավել ևս միասնական տվյալների բազայի ստեղծում։ Հետևաբար նշված տվյալները և տվյալ անձանց անցյալի վերաբերյալ տվյալները կարող են հաջողությամբ ներառվել առանձին տվյալների բազայում: Սա նշանակում է, որ հնարավոր է, որ սեռական բնույթի հանցանք կատարած անձանց վերաբերյալ տեղեկություններն առկա լինեն տվյալների այն բազաներում, որոնք պարտադիր չէ, որ պարունակեն միայն այդպիսի հանցանք կատարած անձանց վերաբերյալ տեղեկություններ։
246. Սույն դրույթի 1-ին պարբերությամբ սահմանվում է, որ Կոնվենցիայով սահմանված հանցանքների համար դատապարտված անձանց վերաբերյալ տվյալները պետք է գրանցվեն և պահվեն յուրաքանչյուր պետության «ներպետական իրավունքով նախատեսված՝ անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ համապատասխան դրույթների և այլ կիրառելի կանոնների ու երաշխիքների համաձայն»։ Ինչ վերաբերում է նախորդ հայեցակետին, ապա այդ մասին նշում պետք է կատարվի ԵՊՇ թիվ 108 կոնվենցիայում։
247. 5-րդ հոդվածով, մասնավորապես, նախատեսվում է, որ «ավտոմատ մշակման ենթարկվող անձնական տվյալները պետք է՝ ա) ձեռք բերվեն և մշակվեն արդար ու օրինական ճանապարհով, բ) պահպանվեն հատուկ և օրինական նպատակների համար ու չօգտագործվեն այլ նպատակներով, գ) լինեն համարժեք, համապատասխան և չգերազանցեն դրանց պահպանման նպատակների սահմանները, դ) լինեն ճշգրիտ եւ անհրաժեշտության դեպքում պահվեն թարմացված վիճակում, ե) պահպանվեն այնպիսի եղանակով, որը թույլ է տալիս նույնականացնել տվյալների սուբյեկտներին՝ ոչ ավելին, քան անհրաժեշտ է այդ տվյալների պահպանման նպատակներով»: Բացատրական զեկույցում նշվում է, որ «սույն հոդվածի տարբեր դրույթներ ուղղված են երկու հիմնարար իրավական չափանիշների կատարմանը։ Մի կողմից տեղեկությունները պետք է լինեն ճշգրիտ, համապատասխան և դրա նպատակների սահմանները չգերազանցող։ Մյուս կողմից դրա օգտագործումը (հավաքումը, պահպանումը, տարածումը) պետք է նույնպես լինի ճշգրիտ։ Ավելին, «բ» և «գ» կետերում նպատակի վերաբերյալ նշման մեջ պետք է նշվի, որ չսահմանված նպատակներով տվյալների պահպանումը չպետք է թույլատրվի։ Օրինական նպատակի հստակեցման եղանակը կարող է տարբեր լինել՝ ազգային օրենսդրությանը համապատասխան։ Ի վերջո, «ե» կետում նշված պահանջը, որը վերաբերում է տվյալների՝ անունների հետ կապված ձևով պահպանման ժամկետներին, չի նշանակում, որ որոշ ժամանակ անց տվյալները պետք է անդառնալիորեն առանձնացվեն այն անձի անունից, որին նրանք առնչվում են, այլ այն, որ չպետք է հնարավոր լինի հեշտությամբ կապակցել տվյալներն ու նույնականացուցիչները։
248. Ինչ վերաբերում է տվյալների անվտանգությանը, ապա ԵՊՇ թիվ 108 Կոնվենցիայի բացատրական զեկույցում նշվում է, որ «յուրաքանչյուր ֆայլի համար պետք է լինեն հատուկ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով դրա խոցելիության աստիճանը, կազմակերպության ներսում տեղեկությունների հասանելիության սահմանափակման անհրաժեշտությունը, երկարաժամկետ պահպանման վերաբերյալ պահանջները և այլն: Անվտանգության այս միջոցները պետք է լինեն պատշաճ, այսինքն՝ ֆայլի կոնկրետ գործառույթին և առկա ռիսկերին հարմարեցված։ Դրանք պետք է հիմնված լինեն տվյալների մշակման ոլորտում տվյալների անվտանգության մեթոդների և տեխնիկաների առկա վիճակի վրա։
249. Յուրաքանչյուր պետության «ներպետական իրավունքով սահմանված համապատասխան կանոններ և երաշխիքներ» նշմամբ հաշվի են առնվում ԴՆԹ տվյալների հավաքման և պահպանման վերաբերյալ տարբեր ազգային կանոնները։ Դրանք պարունակում են, օրինակ, հստակ չափորոշիչներ՝ «այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, պետական մարմնին, գործակալությանը կամ որևէ այլ մարմնի նույնականացնելու համար, որը, ազգային իրավունքի համաձայն, իրավասու է որոշելու, թե ինչը պետք է լինի ավտոմատացված տվյալների ֆայլի նպատակը, անձնական տվյալների որ կատեգորիաները պետք է պահպանվեն, և ինչ գործողություններ պետք է կիրառվեն դրանց նկատմամբ» (ԵՊՇ թիվ 108 կոնվենցիայի 2-րդ հոդված)։
250. Հաշվի առնելով այն փաստը, որ սեռական բնույթի հանցանք կատարած անձինք երբեմն կարող են լինել շրջիկ և հանցանքներ կատարած լինեն տարբեր պետություններում, կարևոր է, որ պետությունները հնարավորություն ունենան փոխանակել տվյալներ՝ նրանց ինքնության և գենետիկ բնութագրի վերաբերյալ: 3-րդ պարբերությամբ սահմանվում է պահանջ, որ Կողմերը պետք է ստեղծեն այնպիսի մեխանիզմներ, որոնք կարող են թույլ տալ, որ համապատասխան տվյալները տրամադրվեն մյուս Կողմերին՝ հանցագործության կանխարգելման և քրեական հետապնդման նպատակով անձնական տվյալների միջազգային փոխանցման նկատմամբ կիրառելի կանոններին համապատասխան։
Գլուխ IX. Միջազգային համագործակցությունը
251. IX գլխում սահմանվում են Կոնվենցիայի կողմերի միջև միջազգային համագործակցության վերաբերյալ դրույթները։ Դրույթները սահմանափակված չեն քրեական գործերով դատական մարմինների միջև համագործակցությամբ։ Դրանք վերաբերում են նաև երեխաների նկատմամբ սեռական շահագործումը և բռնությունը կանխելու, ինչպես նաև զոհերին պաշտպանելու և նրանց աջակցելու շուրջ համագործակցությանը։
252. Ինչ վերաբերում է համագործակցությանը քրեական ոլորտում, ապա Եվրոպայի խորհուրդն արդեն իսկ ունի չափանիշներ սահմանող փաստաթղթերի ծավալուն ժողովածու։ Այստեղ պետք է նշել «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիան (ԵՊՇ թիվ 24), «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիան (ԵՊՇ թիվ 30), դրանց լրացուցիչ արձանագրությունները (ԵՊՇ թիվ 86, 98, 99 եւ 182) և «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» կոնվենցիան (ԵՊՇ թիվ 141): Այս պայմանագրերը միջոլորտային փաստաթղթեր են, որոնք կիրառվում են մեծ թվով հանցանքների նկատմամբ եւ կարող են կիրարկվել՝ Կոնվենցիայով սահմանված հանցանքների համար նախատեսված ընթացակարգերի շրջանակներում դատական մարմինների միջեւ քրեական գործերով համագործակցությունը հնարավոր դարձնելու համար։
253. Այդ իսկ պատճառով բանակցողները նախընտրել են սույն Կոնվենցիայում չվերարտադրել այնպիսի միջոլորտային փաստաթղթերում ներառված դրույթներին նման դրույթներ, ինչպիսիք են վերեւում նշվածները։ Օրինակ՝ նրանք չեն ցանկացել ներկայացնել փոխադարձ օգնության առանձին մեխանիզմներ, որոնք կփոխարինեին կիրառվող մյուս փաստաթղթերը եւ մեխանիզմներն այն հիմքով, որ, որպես կանոն, ավելի արդյունավետ կլիներ օգտագործել փոխադարձ օգնության եւ հանձնման վերաբերյալ գործող պայմանագրերում ներկայացված մեխանիզմները, որոնց լիովին ծանոթ են մասնագետները։ Այս գլխում, հետեւաբար, ներառված են միայն այն դրույթները, որոնք լրացնում են առկա կոնվենցիաները։
254. Ավելին, Կողմերը կարող են համաձայնել համագործակցել առկա միջազգային փաստաթղթերի, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի վերոնշյալ կոնվենցիաների հիման վրա, իսկ Եվրոպական միության անդամ պետությունների դեպքում՝ այս առնչությամբ ընդունված փաստաթղթերի, հատկապես՝ Խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Ձերբակալման մասին եվրոպական որոշման և անդամ պետությունների միջև հանձնման ընթացակարգերի մասին» շրջանակային որոշման հիման վրա։ Նրանք կարող են նաև համաձայնել համագործակցել միասնական կամ փոխհամաձայնեցված օրենսդրության հիման վրա ձեռք բերված պայմանավորվածությունների միջոցով։ Այս սկզբունքն առկա է նաև Եվրոպայի խորհրդի այլ կոնվենցիաներում, մասնավորապես՝ «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիայում (ԵՊՇ թիվ 24), որպեսզի միասնական օրենսդրության վրա հիմնված հանձնման համակարգ ունեցող Կողմերը, մասնավորապես՝ Սկանդինավյան երկրները կամ իրենց օրենսդրության փոխհամաձայնեցված կիրառման վրա հիմնված համակարգ ունեցող Կողմերը, մասնավորապես՝ Իռլանդիան և Միացյալ Թագավորությունը կարողանան իրենց փոխադարձ հարաբերություններն ստեղծել բացառապես այս համակարգի հիման վրա։
Հոդված 38. Միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքները և միջոցները
255. 38-րդ հոդվածում սահմանվում են ընդհանուր սկզբունքները, որոնցով պետք է կարգավորվի միջազգային համագործակցությունը։
256. Նախեւառաջ, դրանով Կողմերը պարտավորվում են միմյանց հետ լայնորեն համագործակցել եւ մասնավորապես հնարավորինս վերացնել տեղեկությունների եւ ապացույցների արագ տարածման խոչընդոտները։ Կոնվենցիայով (Գլուխ X) նախատեսված մոնիթորինգի մեխանիզմը կարող է, ի թիվս այլնի, ներառել այս սկզբունքի իրականացումը և այն եղանակը, որով համագործակցության առկա փաստաթղթերը կիրառվում են երեխաներին սեռական շահագործումից և սեռական բույթի բռնությունից պաշտպանելու համար։
257. Այնուհետեւ 38-րդ հոդվածում պարզաբանվում է, որ համագործակցության պարտավորությունն ունի համընդհանուր բնույթ. այն ներառում է երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության կանխարգելում ու դրանց դեմ պայքար (առաջին պարբերույթ), զոհերի պաշտպանություն եւ աջակցության տրամադրում (երկրորդ պարբերույթ), Կոնվենցիային համապատասխան սահմանված հանցագործությունների առնչությամբ քննության կամ վարույթի իրականացում (երրորդ պարբերույթ)։
258. 2-րդ պարբերության հիմքում ընկած են «Քրեական վարույթում տուժողի կարգավիճակի մասին» Եվրոպական միության խորհրդի 2001 թվականի մարտի 15-ի շրջանակային որոշման 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները։ Այն նախատեսված է զոհերի կողմից բողոքի ներկայացումը դյուրացնելու համար՝ նրանց հնարավորություն տալով այն ներկայացնելու իրենց բնակության վայրի պետության իրավասու մարմիններ։
259. Այս մարմիններն այնուհետեւ իրենց [ներպետական] իրավունքով թույլատրվելու դեպքում կարող են կա՛մ վարույթ հարուցել, կա՛մ բողոքը փոխանցել այն պետության մարմիններին, որտեղ կատարվել է հանցանքը՝ տվյալ պետությունների համար կիրառվող համագործակցության փաստաթղթերի վերաբերելի դրույթներին համապատասխան։
260. 3-րդ պարբերությամբ թույլատրվում է այն Կողմին, որը քրեական գործերով փոխադարձ օգնությունը կամ հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, Կոնվենցիան դիտարկել որպես այն Կողմի հետ դատական մարմինների միջեւ համագործակցության համար իրավական հիմք, որի հետ այն չի կնքել այդպիսի պայմանագիր։ Այս դրույթը, որը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համար օգտակար չէ, քանի որ առկա են համապատասխանաբար 1957 եւ 1959 թվականով թվագրված՝ «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիան եւ «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» եվրոպական կոնվենցիան ու դրանց արձանագրությունները, կարեւոր է երրորդ պետություններին տրված՝ Կոնվենցիային միանալու հնարավորության առումով (46-րդ հոդված)։
261. Ի վերջո, համաձայն 4-րդ պարբերության, Կողմերը պետք է ձգտեն երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության կանխարգելումն ու դրա դեմ պայքարն ընդգրկել երրորդ պետություններին ուղղված՝ զարգացման ոլորտում աջակցության ծրագրերում։ Եվրոպայի խորհրդի շատ անդամ պետություններ իրականացնում են այնպիսի ծրագրեր, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ, ինչպես օրինակ՝ իրավունքի գերակայության վերականգնում կամ ապահովում, դատական կառույցների զարգացում, հանցագործությունների դեմ պայքար եւ տեխնիկական աջակցություն՝ միջազգային կոնվենցիաների կիրարկմամբ։ Այս ծրագրերից մի քանիսը կարող է իրականացվել այն երկրներում, որոնք բախվել են երեխաների սեռական շահագործման և նրանց նկատմամբ սեռական բնույթի բռնության խնդրի հետ։ Այս համատեքստում նպատակահարմար է համարվում, որ գործողությունների ծրագրերում հաշվի առնվեն եւ պատշաճ ձեւով ներառված լինեն հանցագործության այս ձևի կանխարգելմանն ու պատժելուն առնչվող հարցերը։
Գլուխ X. Մոնիթորինգի մեխանիզմը
262. Կոնվենցիայի X գլուխը պարունակում է դրույթներ, որոնց նպատակը Կողմերի կողմից Կոնվենցիայի արդյունավետ կիրարկումն ապահովելն է։ Կոնվենցիայով նախատեսված մոնիթորինգի համակարգը հիմնականում հիմնված է մի մարմնի՝ Կողմերի կոմիտեի վրա, որը կազմված է Կոնվենցիայի կողմերի ներկայացուցիչներից, այդ թվում՝ այն Կողմերի ներկայացուցիչներից, որոնք կարող են միանալ Կոնվենցիային՝ 45-րդ և 46-րդ հոդվածների համաձայն։
Հոդված 39. Կողմերի կոմիտեն
263. Սույն հոդվածը նախատեսում է Կոնվենցիայի համաձայն կոմիտեի՝ Կողմերի կոմիտեի ստեղծում, որը վերևում ներկայացված կազմից բաղկացած մարմին է և պատասխանատու է Կոնվենցիայի վրա հիմնված հետագա մի շարք առաջադրանքների համար:
264. Կողմերի կոմիտեն առաջին անգամ գումարվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից՝ 10-րդ վավերացման ուժով Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Այնուհետեւ դրա նիստերը կգումարվեն Կողմերի մեկ երրորդի կամ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պահանջով։
265. Անհրաժեշտ է շեշտել, որ բանակցողները ցանկացել են, որ Կոնվենցիան ուժի մեջ մտնի արագ՝ միաժամանակ հետաձգելով մոնիթորինգի մեխանիզմի ներդրումն այնքան ժամանակ, քանի դեռ Կոնվենցիան չի վավերացվել բավարար քանակով պետությունների կողմից, որպեսզի այն գործի բավարար պայմաններում, Կողմ պետությունների բավարար թվով ներկայացուցիչներով՝ դրա արժանահավատությունն ապահովելու համար։
266. Այս մարմնի ստեղծմամբ կապահովվի բոլոր Կողմերի հավասար մասնակցությունը թե՛ որոշումների կայացման գործընթացին, թե՛ Կոնվենցիայի մոնիթորինգի ընթացակարգին, ինչպես նաեւ դրանով կամրապնդվի Կողմերի միջեւ համագործակցությունը՝ Կոնվենցիայի պատշաճ եւ արդյունավետ կիրարկումն ապահովելու համար:
267. Կողմերի կոմիտեն պետք է ընդունի ընթացակարգային կանոններ, որոնցով կսահմանվի Կոնվենցիայի մոնիթորինգի համակարգը գործելու եղանակը՝ պայմանով, որ ընթացակարգային կանոնները պետք է մշակվեն այնպես, որ Կոնվենցիայի կողմերը, այդ թվում՝ Եվրոպական համայնքը մոնիթորինգի ենթարկվեն արդյունավետորեն։
Հոդված 40. Մյուս ներկայացուցիչները
268. Բանակցողներն այս հոդվածը մշակելիս ցանկացել են հղել կարևոր ուղերձ՝ կապված Կոնվենցիայի մոնիթորինգի մեխանիզմում Կողմերից բացի այլ մարմինների մասնակցության հետ։ Հետևաբար նրանք առաջին հերթին անդրադարձել են Եվրոպայի խորհրդի հետևյալ երեք կառույցներին՝ Խորհրդարանական վեհաժողով, Մարդու իրավունքների հանձնակատար և Քրեական հարցերով եվրոպական կոմիտե (ՔՀԵԿ), որոնք թվարկված են հոդվածում, և երկրորդ՝ մի շարք կոմիտեների, որոնք, ելնելով իրենց պարտականություններից, Կոնվենցիայի մոնիթորինգային աշխատանքներին մասնակցելով՝ անշուշտ էական ներդրում կունենան։ Այս կոմիտեներն են Իրավական համագործակցության հարցերով եվրոպական կոմիտեն (ԻՀԵԿ), Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ), Երիտասարդության հարցերով խորհրդատվական խորհուրդը (ԵԽԽ), Սոցիալական համախմբվածության եվրոպական կոմիտեն (ՍՀԵԿ)՝ հատուկ ընդգծելով Մարդու իրավունքների ղեկավար կոմիտեին (ՄԻՂԿ)։
269. Կարևորությունը, որը տրվել է Կողմերի կոմիտեի աշխատանքներում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմանը, անկասկած, բանակցողների կողմից նախատեսված մոնիթորինգի համակարգի հիմնական ուժեղ կողմերից է: Երեխաների սեռական շահագործման և բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին ակտիվորեն ներգրավված հասարակական կազմակերպությունների և այլ մարմինների ներկայացուցիչներին ընդունելու հնարավորության գաղափարը լուրջ աջակցություն է ստացել և համարվել է կարևոր, եթե Կոնվենցիայի կիրառման մոնիթորինգն իրականում պետք է արդյունավետ լինի:
Հոդված 41. Կողմերի կոմիտեի գործառույթները
270. Բանակցողներն այս դրույթը մշակելիս ցանկացել են ստեղծել Կողմերի կոմիտեի վրա կենտրոնացված հնարավորինս պարզ և ճկուն մեխանիզմ՝ ավելի մեծ դեր ունենալով Եվրոպայի խորհրդի՝ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և բռնության դեմ պայքարի հետ կապված իրավական գործունեության մեջ։ Այսպիսով, Կողմերի կոմիտեի նպատակն է ծառայել որպես պետությունների միջև տեղեկությունների, փորձի և արդյունավետ գործելակերպի հավաքման, վերլուծության և փոխանակման կենտրոն՝ երեխաների նկատմամբ սեռական շահագործման և բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի իրենց քաղաքականությունները բարելավելու համար։
271. Ինչ վերաբերում է Կոնվենցիային, ապա Կողմերի կոմիտեն ունի հետևողական լինելու ավանդական իրավասություններ, ինչպես նաև՝
ա. դերակատարություն ունի Կոնվենցիայի արդյունավետ կիրարկման հարցում՝ առաջարկություններ անելով Կոնվենցիայի արդյունավետ օգտագործումն ու կիրարկումը դյուրացնելու կամ բարելավելու ուղղությամբ, ներառյալ՝ Կոնվենցիայի համաձայն արված ցանկացած հայտարարության հետ կապված բոլոր խնդիրների և ազդեցությունների վերհանումը.
բ. կատարում է Կոնվենցիայի հետ կապված ընդհանուր խորհրդատվական դեր՝ կարծիք հայտնելով Կոնվենցիայի կիրառմանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.
գ. ծառայում է որպես տեղեկատվական կենտրոն և դյուրացնում է Կոնվենցիայի դրույթների կիրառման հետ կապված իրավական, քաղաքական կամ տեխնոլոգիական էական զարգացումների վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը։
272. 5-րդ պարբերությամբ նշվում է, որ Քրեական հարցերով եվրոպական կոմիտեին (ՔՀԵԿ) պետք է պարբերաբար տեղեկացվի 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ պարբերություններում նշված գործողությունների վերաբերյալ։
Գլուխ XI. Այլ միջազգային փաստաթղթերին առնչությունը
Հոդված 42. Առնչությունը «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիային և դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությանը
273. 42-րդ հոդվածի նպատակն է հստակեցնել Կոնվենցիայի և «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի ու դրա՝ «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրության միջև կապը:
274. 42-րդ հոդվածն ունի հետևյալ երկու հիմնական նպատակները՝ i) ապահովել, որ Կոնվենցիան չխոչընդոտի «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի և դրա Արձանագրության դրույթներից բխող իրավունքների և պարտավորությունների կատարումը, և i) հստակեցնել, որ Կոնվենցիայով ամրապնդվում է Միավորված ազգերի կազմակերպության այս փաստաթղթերով նախատեսված պաշտպանությունը և զարգացվում են դրանցով սահմանվող չափանիշները։
Հոդված 43. Այլ միջազգային փաստաթղթերին առնչությունը
275. 43-րդ հոդվածն առնչվում է Կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի միջև կապին։
276. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային համապատասխան՝ 43-րդ հոդվածը միտված է ապահովելու, որ Կոնվենցիան ներդաշնակ կերպով համագոյակցի այլ՝ բազմակողմ կամ երկկողմ պայմանագրերի կամ փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են նաեւ Կոնվենցիայով կարգավորվող հարցերին։ Սա հատկապես կարևոր է միջազգային այն փաստաթղթերի դեպքում, որոնցով ապահովվում է սեռական շահագործման և բռնության երեխա զոհերի ավելի լայն պաշտպանություն և աջակցություն։ Սույն Կոնվենցիան, իսկապես, նախատեսված է սեռական շահագործման և բռնության բոլոր ձևերից երեխաների պաշտպանությունն ամրապնդելու համար։ Այն նախատեսված է նաև սեռական շահագործման և բռնության զոհերին աջակցության տրամադրումն ապահովելու համար։ Այդ պատճառով 43-րդ հոդվածի 1-ին պարբերության նպատակն է ապահովել, որ սույն Կոնվենցիան չհակասի միջազգային այլ փաստաթղթերից բխող իրավունքներին և պարտավորություններին, որոնց սույն Կոնվենցիայի կողմերը նույնպես Կողմ են կամ դառնալու են դրանց Կողմ, եւ որոնք պարունակում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի վերաբերյալ դրույթներ։ Սույն դրույթը եւս մեկ անգամ հստակորեն մատնանշում է սույն Կոնվենցիայի համընդհանուր նպատակը, որը սեռական շահագործման և սեռական բնույթի բռնության երեխա զոհերի իրավունքների պաշտպանությունն է եւ նրանց պաշտպանությունն ամենաբարձր մակարդակով ապահովելը։
277. 43-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ որոշակիորեն սահմանվում է, որ Կողմերը կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կամ ցանկացած այլ իրավական փաստաթուղթ, որոնք առնչվում են Կոնվենցիայով կարգավորվող հարցերին։ Այնուամենայնիվ, այս ձեւակերպմամբ հստակեցվում է, որ Կողմերը չեն կարող կնքել այնպիսի համաձայնագիր, որը շեղում է կատարում սույն Կոնվենցիայից։
278. Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև 2007 թվականի մայիսի 23-ի փոխըմբռնման հուշագիրն ստորագրելուց հետո ՔՀԵԿ-ը նշել է, որ «հետագայում պետք է զարգանա Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության միջև իրավական համագործակցությունը՝ նպատակ ունենալով ապահովել Համայնքի և Եվրոպական միության իրավունքի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների չափանիշների միջև համապատասխանությունը։ Սա չի խոչընդոտում, որ Համայնքի և Եվրոպական միության իրավունքով ընդունվեն առավել ընդլայնված կանոններ»:
279. Ինչ վերաբերում է 43-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը, ապա Կոնվենցիան ընդունելուց հետո Եվրոպական համայնքը և Եվրոպական միության անդամ պետություններն արել են հետևյալ հայտարարությունը.
«Եվրոպական համայնքը/Եվրոպական միությունը և դրա անդամ պետությունները վերահաստատում են, որ «անջատման դրույթ» ներառելու պահանջ ներկայացնելու նպատակն է հաշվի առնել Միության ինստիտուցիոնալ կառուցվածքը միջազգային կոնվենցիաներին միանալիս, մասնավորապես՝ անդամ պետություններից Համայնքին ինքնիշխան լիազորությունները փոխանցելու դեպքում։
Սույն կետն ուղղված չէ Եվրոպական համայնքի/ Եվրոպական միության և դրա անդամ պետությունների նկատմամբ Եվրոպական միության անդամ չհանդիսացող կողմի իրավունքների նվազեցմանը կամ պարտավորությունների ավելացմանը, քանի որ վերջիններս նույնպես սույն Կոնվենցիայի կողմ են:
«Անջատման դրույթն» անհրաժեշտ է Կոնվենցիայի այն մասերի համար, որոնք գտնվում են Համայնքի/Միության իրավասության շրջանակում՝ նշելու համար, որ Եվրոպական միության անդամ պետությունները չեն կարող վկայակոչել և կիրառել Կոնվենցիայից բխող իրավունքներն ու պարտավորություններն ուղղակիորեն իրենց շրջանում (կամ իրենց և Եվրոպական համայնքի/Միության միջև)։ Սրանով չի բացառվում այն փաստը, որ Կոնվենցիան ամբողջությամբ կիրառվում է Եվրոպական համայնքի/Եվրոպական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Կոնվենցիայի մյուս Կողմերի միջև՝ մյուս կողմից. Համայնքը և Եվրոպական միության անդամ պետությունները պարտավորված կլինեն Կոնվենցիայով և այն կկիրառեն Կոնվենցիայի ցանկացած կողմի պես անհրաժեշտության դեպքում, Համայնքի/Միության օրենսդրության միջոցով։ Ուստի նրանք կերաշխավորեն Կոնվենցիայի դրույթների լիարժեք հարգումը Եվրոպական միության անդամ չհանդիսացող կողմերի նկատմամբ»։
Որպես պայմանագիր կնքելու հետ կապված փաստաթուղթ՝ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի իմաստով այս հայտարարությունը սույն Կոնվենցիայի «համատեքստի» մասն է կազմում։
280. Եվրոպական համայնքը հնարավորություն կունենար թափանցիկության ապահովման միակ նպատակով տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ՝ սույն Կոնվենցիայով կարգավորվող ոլորտում Համայնքի և դրա անդամ պետությունների միջև իրավասության բաշխման վերաբերյալ, քանի դեռ այն չի հանգեցնում Համայնքի վրա դրված՝ մոնիթորինգի հետ կապված լրացուցիչ պարտավորությունների։
Գլուխ XII. Կոնվենցիայում փոփոխություններ կատարելը
Հոդված 44. Փոփոխությունները
281. Կողմերը կարող են առաջարկել Կոնվենցիայի դրույթներում փոփոխություններ։ Դրանք պետք է փոխանցվեն Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին, ցանկացած ստորագրող կողմի, ցանկացած Կողմի, Եվրոպական համայնքին եւ Կոնվենցիան ստորագրելու կամ դրան միանալու համար հրավիրված ցանկացած պետության։
282. Կողմերի կոմիտեն՝ կազմված 39-րդ հոդվածին համապատասխան, կպատրաստի առաջարկվող փոփոխության վերաբերյալ կարծիք, որը կներկայացվի Նախարարների կոմիտե: Առաջարկվող փոփոխությունները և Կողմերի կոմիտեի ներկայացրած կարծիքն ուսումնասիրելուց հետո Նախարարների կոմիտեն կարող է ընդունել փոփոխությունը։ Նախքան փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելը Նախարարների կոմիտեն խորհրդակցում է բոլոր Կողմերի հետ եւ ստանում նրանց միաձայն համաձայնությունը։ Նման պահանջով ընդունվում է այն, որ Կոնվենցիայի բոլոր Կողմերը պետք է հնարավորություն ունենան մասնակցելու փոփոխությունների վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացին, եւ բոլորն ունեն հավասար իրավունքներ։
Գլուխ XIII. Եզրափակիչ դրույթներ
283. Որոշակի բացառություններով 45-50-րդ հոդվածները գլխավորապես հիմնված են «Եվրոպայի խորհրդի շրջանակներում կնքված կոնվենցիաների եւ համաձայնագրերի եզրափակիչ դրույթների մոդելի» վրա, որը Նախարարների կոմիտեի կողմից հաստատվել է 1980 թվականի փետրվարին կայացած՝ տեղակալների 315-րդ նիստում։
Հոդված 45. Ստորագրումը և ուժի մեջ մտնելը
284. Կոնվենցիան ստորագրման համար բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Եվրոպական համայնքի եւ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող այն պետությունների (Կանադա, Սուրբ Աթոռ [Վատիկան], Ճապոնիա, Մեքսիկա եւ Միացյալ Նահանգներ) համար, որոնք մասնակցել են դրա մշակման գործընթացին։ Կոնվենցիան 3-րդ պարբերությանը համապատասխան ուժի մեջ մտնելուց հետո անդամ չհանդիսացող մյուս պետությունները կարող են հրավիրվել 46-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան Կոնվենցիային միանալու համար։
285. 45-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանվում է վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա թվով հինգ փաստաթուղթ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիան ուժի մեջ մտնելու համար։ Այս թիվը շատ մեծ չէ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելն անտեղի չհետաձգելու նպատակով, սակայն այն, այնուամենայնիվ, արտացոլում է այն համոզմունքը, որ անհրաժեշտ է պետությունների նվազագույն խումբ՝ սեռական շահագործումից և բռնությունից երեխաների պաշտպանության հիմնական մարտահրավերին արձագանքելն արդյունավետորեն նախաձեռնելու համար։ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու գործընթացին մասնակցող հինգ պետություններից առնվազն երեքը պետք է լինեն Եվրոպայի խորհրդի անդամներ։
Հոդված 46. Կոնվենցիային միանալը
286. Կողմերի հետ խորհրդակցելուց եւ նրանց միաձայն համաձայնությունն ստանալուց հետո Նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Կոնվենցիայի մշակման գործընթացին մասնակցություն չունեցած՝ Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած պետության՝ միանալու Կոնվենցիային։ Այս որոշման համար պահանջվում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնության երկու երրորդը եւ Նախարարների կոմիտեի նիստերին մասնակցելու իրավունք ունեցող՝ Կոնվենցիայի կողմերի միաձայն քվեարկությունը:
Հոդված 47. Տարածքային կիրառությունը
287. 47-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նշվում են այն տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան։ Այստեղ հարկ է առանձնացնել, որ Կողմ պետությունների կողմից իրենց տարածքների որոշ հատվածների նկատմամբ Կոնվենցիայի կիրառությունն առանց հիմնավոր պատճառի (ինչպիսին է օրինակ՝ տարբեր իրավական համակարգերի առկայությունը, որոնք կիրառվում են Կոնվենցիայում դիտարկվող հարցերի դեպքում) բացառելն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի առարկայի եւ նպատակի հետ։
288. 47-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն առնչվում է Կոնվենցիայի կիրառությունն այն տարածքների նկատմամբ ընդլայնելուն, որոնց միջազգային հարաբերությունների համար Կողմերը պատասխանատվություն են կրում, կամ որոնց անունից նրանք լիազորված են պարտավորություններ ստանձնել։
Հոդված 48. Վերապահումները
289. 48-րդ հոդվածում նշվում է, որ Կողմերը կարող են կատարել Կոնվենցիայով հստակ թույլատրված վերապահումները։ Որևէ այլ վերապահում չի կարող կատարվել։ Բանակցողները ցանկանում են ընդգծել այն փաստը, որ վերապահումները կարող են ցանկացած պահի հանվել։
Հոդված 49. Չեղյալ հայտարարելը
290. 49-րդ հոդվածով ցանկացած Կողմի թույլատրվում է չեղյալ հայտարարել Կոնվենցիան։
Հոդված 50. Ծանուցումը
291. 50-րդ հոդվածով թվարկվում են այն ծանուցումները, որոնք Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, որպես Կոնվենցիայի ավանդապահ, պետք է ուղարկի, ինչպես նաեւ դրանով նշվում են այդ ծանուցումներն ստացողները (պետությունները եւ Եվրոպական համայնքը)։
[1] «Եվրոպական միության մասին» պայմանագիրը և Եվրոպական համայնքը հիմնադրող պայմանագիրը փոփոխող Լիսաբոնի պայմանագիրն ուժի մեջ է մտել 2009 թվականի դեկտեմբերի 1-ին։ Դրա արդյունքում, այդ օրվանից սկսած, Եվրոպական համայնքի մասին ցանկացած հղում վերաբերում է Եվրոպական միությանը։