20/09/1999
ՀՀ արդարադատության նախարարի հրամանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեությունը կանոնակարգող մի շարք հարցերի մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
Հ Ր Ա Մ Ա Ն
20 սեպտեմբերի 1999 թ. |
N 1493 |
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումըհրամայում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերիգրանցման վարչությունը (այսուհետ` ՔԿԱԳ վարչություն) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինները (այսուհետ` ՔԿԱԳ տարածքային բաժիններ) կոչված են ապահովելու քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված իրավական ակտերի պահանջների կատարումը:
2. ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժինների գործունեության համակարգումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը (այսուհետ` Նախարարի տեղակալ):
3. ՔԿԱԳ տարածքային բաժինների կազմակերպական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է ՔԿԱԳ վարչությունը:
4. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներին, վարիչների տեղակալներին և աշխատողներին աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
5. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներ և վարիչների տեղակալներ կարող են նշանակվել իրավաբանական բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով կարող են կատարել իրենց վերապահված լիազորությունները:
6. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների տեղակալները ՔԿԱԳ տարածքային բաժինների նստավայրերում ունեն ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներին հավասարեցված լիազորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 200 հոդվածի երրորդ մասով նախատեսված լիազորության: ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների տեղակալները պատասխանատու և հաշվետու են ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչներին: ՔԿԱԳ վարչության հետ ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների տեղակալների փոխհարաբերություններն ապահովվում են ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների միջոցով:
7. ՔԿԱԳ տարածքային բաժինների վարիչների, վարիչների տեղակալների (այսուհետ` ղեկավարներ) և աշխատողների լիազորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ենթակայության կարգով:
8. ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:
9. ՔԿԱԳ տարածքային բաժիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իրենց անվանմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված կնիքներ և դրոշմակնիքներ:
10. Նախարարի տեղակալը`
ա) ղեկավարում և ենթակայության կարգով վերահսկում է ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժիններիգործունեությունը.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է առաջարկություն ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավարներին և աշխատողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու, անհրաժեշտության դեպքում նրանց այլ տարածքային բաժիններ տեղափոխելու վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին միջնորդություն է ներկայացնում ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին խրախուսելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
դ) ուսումնասիրում է ՔԿԱԳ վարչության և տարածքային բաժինների գործունեության դեմ բերված բողոքները.
ե) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
զ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
11. ՔԿԱԳ վարչության պետը`
ա) կազմակերպում և վերահսկում է վարչության աշխատանքները.
բ) համակարգում և վերահսկում է ՔԿԱԳ տարածքային բաժինների աշխատանքները.
գ) կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և նրա տեղակալի ցուցումները և հանձնարարականները.
դ) Նախարարի տեղակալին առաջարկություն է ներկայացնում վարչության և ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարներին և աշխատողներին խրախուսելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
ե) վարչության աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.
զ) իր իրավասության սահմաններում տալիս է ՔԿԱԳ տարածքային բաժինների ղեկավարների համար պարտադիր կատարման ենթակա ցուցումներ` նախապես համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ.
է) ուսումնասիրում է վարչության աշխատողների և ՔԿԱԳ տարածքային բաժինների գործունեության դեմ բերված բողոքները.
ը) իր իրավասության սահմաններում համագործակցում է այլ պաշտոնատար անձանց հետ.
թ) իր լիազորություններն իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.
ժ) իր իրավասության սահմաններում կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
ժա) պատասխանատվություն է կրում վարչության առջև դրված խնդիրների լուծման համար.
ժբ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
12. ՔԿԱԳ վարչության աշխատողը`
ա) իրականացնում է վարչության առջև դրված խնդիրները.
բ) կատարում է վարչության պետի ցուցումները և հանձնարարականները.
գ) պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների լուծման համար.
դ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
13. ՔԿԱԳ տարածքային բաժնի ղեկավարը`
ա) կազմակերպում և վերահսկում է բաժնի աշխատանքները.
բ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների կատարումը.
գ) կատարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և նրա տեղակալի, ՔԿԱԳ վարչության պետի ցուցումները և հանձնարարականները.
դ) բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.
ե) կատարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումները.
զ) իր իրավասության սահմաններում համագործակցում է այլ պաշտոնատար անձանց հետ.
է) ուսումնասիրում է բաժնի աշխատողների գործունեության դեմ բերված բողոքները.
ը) քաղաքացիական կացության ակտերի գրանցումներ իրականացնելիս ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր.
թ) ուսումնասիրում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար դիմած անձանց և նրանց ներկայացուցիչների դիմումները, կայացնում համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը.
ժ) պատասխանատվություն է կրում իր բաժնի առջև դրված խնդիրների լուծման համար.
ժա) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
14. ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատողը`
ա) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցումների` ժամանակին, լրիվ և ճիշտ կատարումն ապահովող անհրաժեշտ աշխատանքներ.
բ) կատարում է բաժնի ղեկավարի ցուցումները և հանձնարարականները.
գ) պատասխանատվություն է կրում իր առջև դրված խնդիրների լուծման համար.
դ) իրականացնում է իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ.
15. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 29-ից:
(15-րդ կետը փոփ. 31.10.99 N 1691)
|
Դ. Հարությունյան |
Գրանցված Է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 սեպտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 10299148