02/03/2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի 2021 թվականի փետրվարի 23-ի N 11-Ա որոշում
ՈՐՈՇՈՒՄ N 11-Ա
Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին
23.02.2021թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանս՝ ուսումնասիրելով սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ
- 1. Էական նշանակություն ունեցող փաստերը.
1.1. «Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ նաև՝ ԻԿԿ) դիտորդ խորհրդի որոշմամբ 2021 թվականի հունվարի 1-ից դադարեցվել է սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանի (որակավորման վկայականի համար՝ 01Ա-00131) անդամակցությունը ԻԿԿ-ին` իր դիմումի համաձայն:
1.2. Սնանկության գործերով կառավարիչն ինքնակարգավորվող կազմակերպությունում իր անդամակցությունը դադարեցնելուց հետո մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամ:
1.3. Հիշյալ փաստերի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի փետրվարի 8-ի թիվ 31-Ա հրամանի համաձայն հարուցվել է վարչական վարույթ՝ սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանի (որակավորման վկայականի համարը՝ 01Ա-00131, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 264.25919, գործունեության վայրի հասցեն՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան 45/1, ծանուցման հասցեն՝ ք. Երևան, Վ. Համբարձումյան 45) գործունեությունը կասեցնելու նպատակով:
1.4. Վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի փետրվարի 19-ին նշանակվել են լսումներ, որի վերաբերյալ կառավարչին ուղղարկված ծանուցումը վերջինս ստացել է 2021 թվականի փետրվարի 16-ին: Սակայն Ռուբիկ Տոնոյանը, լինելով պատշաճ ծանուցված, ոչ միայն չի ներկայացել վարչական վարույթի լսումներին, այլև առաջարկված էլեկտրոնային փոստի հասցեին չի ուղարկել որևէ բացատրություն, առարկություն, միջնորդություն: Ավելին, հեռախոսազանգով հաղորդել է, որ իր գործունեության կասեցման վերաբերյալ առարկություններ չունի:
- 2. Կիրառելի իրավական նորմերը.
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ կառավարչի գործունեությունը կասեցվում է, եթե կառավարիչը իր դիմումի համաձայն դուրս է եկել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների որևէ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի գործունեությունը կասեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կառավարչի գործունեությունը կասեցնելու մասին որոշումն այն կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, ուղարկվում է համապատասխան կառավարչին, կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպություն, ինչպես նաև Դատական դեպարտամենտ` դատարաններին ծանուցելու համար և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
- 3. Իրավական հարցադրումը.
Արդյո՞ք այն հանգամանքը, որ սնանկության գործով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպությունից և մեկամսյա ժամկետում չի դարձել կառավարիչների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամ, հիմք է վերջինիս գործունեությունը կասեցնելու համար:
- 4. Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Վերոնշյալ իրավական նորմերի համակարգային վերլուծությունից բխում է հետևյալը.
- Սնանկության գործերով կառավարիչն Օրենքի համաձայն պետք է հանդիսանա կառավարիչների ինքնակարգավորվող որևէ կազմակերպության անդամ:
- Միևնույն ժամանակ, Օրենքը կառավարչին օժտում է ինքնակարգավորվող կազմակերպությունում իր անդամակցությունը դադարեցնելու իրավունքով:
- Կառավարչի նշված իրավունքի իրականացումն իր հերթին առաջացնում է օրենքով նախատեսված պարտականություն, այն է՝ վերջինս ինքնակարգավորվող որևէ կազմակերպությունից դուրս գալուց հետո պարտավոր է ինքնակարգավորվող մեկ այլ կազմակերպության անդամ դառնալ: Ընդ որում, տվյալ պարտականության իրականացման համար Օրենքը նախատեսել է մեկամսյա ժամկետ, որը կրում է իմպերատիվ բնույթ:
- Օրենքի նշված պահանջը չկատարելու արդյունքում կառավարչի համար առաջացող բացասական հետևանքն իր գործունեության կասեցումն է:
Այսպիսով, ուսումնասիրելով սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի փաստական հանգամանքները և դրանք համադրելով վերոնշյալ իրավական վերլուծությունների արդյունքում կատարված եզրահանգումների հետ՝ գտնում եմ, որ սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանի կողմից չի պահպանվել Օրենքով նախատեսված պահանջը՝ ԻԿԿ-ում իր անդամակցությունը դադարեցնելուց հետո մեկամսյա ժամկետում այլ ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալը, ինչը հիմք է վերջինիս գործունեությունը կասեցնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.1-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանի (որակավորման վկայականի համարը՝ 20121102-00058, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 26.26641, գործունեության վայրի հասցեն՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 52/2-33, ծանուցման հասցեն՝ ք․ Վանաձոր, Մոսկովյան 52/2-33) գործունեությունը կասեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործերով կառավարիչ Ռուբիկ Տոնոյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: