03/06/2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2021 թվականի հունիսի 1-ի N 43-Ա որոշում
ՈՐՈՇՈՒՄ N 43 -Ա
Կառավարչի որակավորումը դադարեցնելու մասին
01.06.2021թ. ք. Երևան
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանս՝ ուսումնասիրելով Աշոտ Խաչատրյանի՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը դադարեցնելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ
- 1. Էական նշանակություն ունեցող փաստերը.
1.1. ՀՀ արդարադատության նախարարությանն ուղղված 20.05.2021թ.-ի թիվ
Մ/29832-2021 դիմումով (այսուհետ՝ Դիմում) սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանը (այսուհետ նաև՝ Դիմումատու) խնդրել է դադարեցնել իր՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը:
1.2. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2021 թվականի մայիսի 31-ին նշանակվել են լսումներ, որի մասին Դիմումատուն պատշաճ ծանուցվել է:
1.3. Կառավարիչը 31.05.2021թ.-ին նշանակված ժամին իր ներկայացուցչի՝ փաստաբան Կարեն Ղոնյանի հետ ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայություն:
1.4. Լսումների ընթացքում Կառավարիչը և վերջինիս ներկայացուցիչը հայտնել են, որ Դիմումի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, միջնորդություններ և առարկություններ չունեն, պնդում են դիմումով ներկայացված խնդրանքը, այն է՝ դադարեցնել Աշոտ Խաչատրյանի՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը:
1.5. Վարչական վարույթի լսումների վերաբերյալ 31.05.2021թ. կազմվել է թիվ 1 արձանագրությունը՝ երկու օրինակից, որի մեկ օրինակը առձեռն հանձնվել է Կառավարչին:
- 2. Կիրառելի իրավական նորմերը.
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը դադարեցնում է կառավարչի որակավորումը, եթե` կառավարիչը դիմել է այդ մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ կառավարչի որակավորումը դադարեցվում է` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-16-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորումը դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
- 3. Իրավական վերլուծությունները և եզրահանգումը.
Վերոշարադրյալ իրավանորմերի մեկնաբանումից պարզ է դառնում, որ, ի թիվս այլ հիմքերի, կառավարչի որակավորումը դադարեցվում է նաև այդ մասին վերջինիս կողմից դիմում ներկայացնելու հիմքով:
Կառավարչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա վերջինիս որակավորումը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի որոշմամբ, որի ուժի մեջ մտնելու օրվանից որակավորումը համարվում է դադարեցված:
Տվյալ պարագայում Դիմումատուն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացված դիմումով խնդրել է դադարեցնել իր՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը, ինչպես նաև դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված լսումներին ներկայանալով՝ հայտնել է, որ դիմումի վերաբերյալ լրացուցիչ բացատրություններ, միջնորդություններ և առարկություններ չունի, պնդում է դիմումով ներկայացված խնդրանքը, այն է՝ դադարեցնել Աշոտ Խաչատրյանի՝ սնանկության գործերով կառավարչի որակավորումը:
Նշվածի արդյունքում գտնում եմ, որ առկա է «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը՝ սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի որակավորումը դադարեցնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի (որակավորման վկայականի համարը՝ 20121102-00035, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը՝ 290.08518, գործունեության վայրի հասցեն՝ Ք. Երևան, Նոր-Արեշ, 41 փ., 43 տ., ծանուցման հասցեն՝ Ք. Երևան, Նոր-Արեշ, 41 փ., 43 տ.) որակավորումը դադարեցնել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում: