23/12/2008
ՀՀ արդարադատության նախարարի հրամանը նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը եվ նոտարական գրանցամատյանի ձեվը հաստատելու մասին
|
ՀՀ արդարադատության նախարարության կողմից 25 դեկտեմբերի 2008 թ. Պետական գրանցման թիվ 10208396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Հաստատել նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը և նոտարական գրանցամատյանի ձևը (հավելվածներ N N 1, 2 կցվում են): 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն հրամանը:
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 50-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում գրանցումներ կատարելու կարգը և պայմանները: 2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են նոտարական գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան): 3. Գրանցամատյանը պետք է լինի ժապավենված, թերթերը՝ համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կնիքով: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին կազմվում է տեղեկանք նոտարի ստորագրությամբ: Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարական տարածքը, նոտարի անունը և ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գրանցամատյանի հերթական համարը: 4. Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր գրանցամատյան: Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները ստանում են նոր գրանցամատյան: Նոր գրանցամատյանների տրամադրումը կատարվում է սույն կարգի 3-րդ կետի համապատասխան: 5. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման oրվանից սկսած յոթանասունհինգ տարին լրանալը:
II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Նոտարական գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` (որտեղ կատարվել է ուղղումը) նոտարի ստորագրությունից առաջ: Գրանցամատյանում չլրացված տողերը պետք է ընդգծվեն: 7. Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները: 8. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում: Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակի շենքից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը: 9. Գրանցամատյանում ծախսերին վերաբերող գրանցումների համար հիմք է հանդիսանում տնտեսական գործառնության կատարման փաստը, որը հիմնավորվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերով: 10. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ՝ 1) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա սկզբի նոտարական գործողության հերթական համարը։ 2) 2-րդ սյունակում ցույց է տրվում նոտարական գործողության կատարման տարեթիվը, որը պետք է համընկնի նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության տարեթվին: 3) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն ֆիզիկական անձանց ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) կամ կազմակերպությունների լրիվ անվանումը և նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), որոնց համար կամ որոնց դիմումով կատարվում է նոտարական գործողությունը: Եթե նոտարական գործողություն կատարելու համար չի ներկայացել այն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարի կողմից հաստատված կամ վավերացված փաստաթղթի մեկ oրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու կամ բնակության վայրը կարող է չնշվել: Ստորագրել չկարողացող անձի անունից նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում՝ 3-րդ սյունակում նշվում է նաև ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, կամ նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը։ 4) 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը: 5) 5-րդ սյունակում նշվում է կատարվող նոտարական գործողության տեսակը, իսկ գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը: Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը: 6) 6-րդ սյունակում նշվում է նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը: Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության ժամանակ պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Պետական տուրքի վճարումից ազատված է (նշվում է պետական տուրքից ազատվելու հիմքը) հիման վրա»: Այսպիսի դեպքում նոտարական կարգով ձևակերպված փաստաթղթեր ստացող անձինք գրանցամատյանի 9-րդ սյունակում նշում են, որ փաստաթղթերը իրենց կողմից ստացված են առանց պետական տուրք վճարելու: 7) 7-րդ սյունակում նշվում է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը։ 8) 8-րդ սյունակում դրվում է այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը: 11. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում նոտարը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցամատյանում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
ՆՈՏԱՐ _______________________________________
____________________________________ թվականի N
|