30/11/2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի N 107-Ա որոշում
ՈՐՈՇՈՒՄ N 107-Ա
Կառավարչին հաշվառումից հանելու մասին
29.11.2022թ.
ք. Երևան
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանս, ուսումնասիրելով սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանին հաշվառումից հանելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթի նյութերը.
ՊԱՐԶԵՑԻ
-
Էական նշանակություն ունեցող փաստեր.
-
Արդարադատության նախարարությանն ուղղված 28.11.2022 թվականի թիվ
Մ/82436-2022 դիմումով սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանը (այսուհետ նաև՝ Դիմումատու) խնդրել է իրեն հանել սնանկության կառավարչի հաշվառումից:
-
Կիրառելի իրավական նորմեր.
«Սնանկության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կառավարիչը հանվում է հաշվառումից իր դիմումի համաձայն, ինչպես նաև որակավորումը կասեցվելու կամ դադարեցվելու դեպքերում:
Արդարադատության նախարարի 12.03.2020 թվականի «Սնանկության գործով կառավարչին հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» թիվ 108-Ն հրամանի հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ հաշվառումից հանելու վերաբերյալ կառավարչի դիմումը նախարարություն ներկայացվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը որոշում է կայացնում կառավարչին հաշվառումից հանելու մասին, որից հետո կառավարիչների հաշվառման գրանցամատյանում այդ մասին կատարում է գրառում, ինչպես նաև կայքում հրապարակված կառավարիչների ցանկից հեռացնում է կառավարչի վերաբերյալ տվյալները: Կառավարչի դիմումի հիման վրա հաշվառումից հանվելու դեպքում կառավարիչը չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:
-
Իրավական վերլուծություններ և եզրահանգում.
Վերոշարադրյալ իրավանորմերի պահանջներից պարզ է դառնում, որ, ի թիվս այլ հիմքերի, կառավարչին հաշվառումից հանելու հիմք է հանդիսանում վերջինիս կողմից դիմում ներկայացնելը:
Կառավարչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա վերջինս հաշվառումից հանվում է արդարադատության նախարարի որոշմամբ, որից հետո չի կարող ընտրվել և (կամ) նշանակվել որպես կառավարիչ, սակայն շարունակում է մասնակցել դեռևս չավարտված սնանկության վարույթներին:
Տվյալ պարագայում Դիմումատուն արդարադատության նախարարություն ներկայացված դիմումով խնդրել է իրեն հանել սնանկության գործով կառավարչի հաշվառումից:
Նշվածի արդյունքում գտնում եմ, որ առկա է «Սնանկության մասին» օրենքի 24.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմք՝ սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանին հաշվառումից հանելու համար:
Հիմք ընդունելով սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի դիմումը և ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 24.1-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՈՐՈՇԵՑԻ
-
Սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանին (որակավորման վկայականի համարը՝ 02/2015) հաշվառումից հանել:
-
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանին այն հանձնելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ