16/07/2021

Արդարադատության նախարարի N 327-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 327-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ   «16» ՀՈՒԼԻՍԻ 2021 Թ.  Ք. ԵՐԵՎԱՆ                                                                                                                          
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասի 6-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
  1. Հաստատել Արդարադատության նախարարության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները` համաձայն Հավելվածի:
  2. Արդարադատության նախարարության աշխատողների կողմից աշխատանքային ներքին կարգապահական կանոնները պահպանելու նկատմամբ վերահսկողությունը վերապահել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին:
 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                 
                                      ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆ
 
 
Հավելված
                                                                                                   Արդարադատության նախարարի           
                                                                                                           2021 թվականի հուլիսի 16-ի
                                                                                                       N 327-Լ հրամանի
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կանոններով կարգավորվում են Արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) աշխատանքային ներքին կարգապահության հետ կապված հարաբերությունները:
  3. Նախարարության ներքին կարգապահական կանոնները (այսուհետ՝ Կանոններ)՝ աշխատանքային կարգուկանոնը սահմանող, Նախարարության աշխատողների (այսուհետ՝ Աշխատողներ) և գործատուի հիմնական իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, աշխատաժամանակը և հանգստի ժամանակը սահմանող, Աշխատողների, Աշխատողների և պետական մարմինների, տեղական ու միջազգային կազմակերպությունների գործընկերների, ինչպես նաև քաղաքացիների միջև փոխհարաբերությունները կարգավորող, Աշխատողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի ու կարգապահական պատասխանատվության միջոցները նախատեսող, աշխատանքի պայմանների առանձնահատկություններն արտահայտող նորմեր են, որոնք ուղղված են Նախարարության աշխատանքի արդյունավետության ապահովմանը, ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը, Աշխատողների աշխատանքային և կատարողական կարգապահության և Նախարարությունում դրական ու  համագործակցային մթնոլորտի ամրապնդմանը:
  4. Աշխատողների աշխատանքի ընդունման և ազատման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով (այսուհետ՝ Օրենք) և այլ իրավական ակտերով:
  5. Կանոնները տարածվում են Նախարարության՝ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, գործակալությունների և ծառայությունների Աշխատողների վրա:
  • ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
  1. Նախարությունում սահմանվում է 5-օրյա աշխատանքային շաբաթ` 40 ժամ տևողությամբ:
  2. Աշխատանքային օրը սկսվում է ժամը 9:00-ին և ավարտվում` ժամը 18:00-ին (այսուհետ` աշխատանքային ժամեր): Աշխատողներին չի թույլատրվում սահմանված աշխատանքային ժամից ուշանալը և (կամ) աշխատանքը շուտ ավարտելը, բացառությամբ 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դեպքերի:
  3. Հանգստի և սնվելու համար նախատեսված աշխատանքային օրվա ընդմիջումը սկսվում է ժամը 13:00-ին և ավարտվում 14:00-ին (այսուհետ` Ընդմիջում):
  4. Ընդմիջումը չի ներառվում աշխատաժամանակում և աշխատողն այն օգտագործում է սեփական հայեցողությամբ: Աշխատողն իրավունք ունի այդ ընդմիջման ժամանակահատվածում բացակայելու աշխատավայրից:
  5. Աշխատանքի ներկայանալիս, ցանկացած պատճառով աշխատավայրից բացակայելիս, վերադառնալիս և աշխատանքը ավարտելիս անցագրով գրանցվելը պարտադիր է: Իսկ այն մարմիններում, որտեղ Աշխատողի մուտքն ու ելքը պտուտակադռնով անցնելու միջոցով չի գրանցվում, վարվում են Աշխատողների աշխատանքի հաճախելու հաշվառման մատյաններ:
  6. Չի թույլատրվում փոխանցել անցագիրը մեկ այլ աշխատողի գրանցման նպատակով:
  7. Անցագրի կորստի կամ օգտագործման անհնարինության դեպքում Աշխատողն իր անմիջական ղեկավարի կամ ստորաբաժանման ղեկավարի տեղեկությամբ զեկուցագիր է ներկայացնում Գլխավոր քարտուղարին նոր անցագիր ստանալու նպատակով: Աշխատողի մեղքով անցագրի կորստի կամ օգտագործման անհնարինության դեպքում նոր անցագրի տրամադրման կամ անցագրի վերականգնման հետ կապված ծախսերը հատուցում է Աշխատողը:
  8. Առանց անցագրի աշխատանքի ներկայանալու դեպքում Աշխատողը այդ մասին գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին կամ ստորաբաժանման ղեկավարին, ինչպես նաև Անձնակազմի կառավարման վարչության պետին՝ նշելով առանց անցագրի աշխատանքի ներկայանալու պատճառը: Մեկ տարվա ընթացքում հինգ անգամ առանց անցագրի աշխատանքի ներկայանալու դեպքում Աշխատողի նկատմամբ կարող է կիրառվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված կարգապահական տույժ:
  9.   Սույն կանոնների 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում Աշխատողի աշխատանքի վայր մուտքն ու ելքն իրականացվում է ծառայողական վկայականով, իսկ դրա բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթով:
  10.    Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կարող են վարվել նաև Աշխատողների աշխատանքի հաճախելու հաշվառման ֆայլեր՝ հեռավար և հերթափոխով աշխատանքի կազմակերպման համար:
  11.   Յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրն Անձնակազմի կառավարման վարչությունը սույն Կանոնների կետերով նախատեսված կարգով և դեպքերում Նախարարություն մուտք ու ելք իրականացրած Աշխատողների վերաբերյալ իրեն տրամադրված համապատասխան տեղեկատվությունը, համադրելով էլեկտրոնային համակարգում արձանագրված տեղեկատվության հետ, Գլխավոր քարտուղարին է ներկայացնում աշխատանքային ժամերի խախտման հաճախականության ու քանակի մասին տեղեկանք` նշելով աշխատանքային ժամերը խախտած Աշխատողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորաբաժանման անվանումը:
  12.   Նախարարությունում աշխատանքից բացակայությունը համարվում է հարգելի`
       1) առողջության վատթարացման կամ այլ անհետաձգելի պատճառներով աշխատանքն ուշ սկսելու կամ շուտ ավարտելու դեպքերը: Մինչև 1 ժամ բացակայության դեպքերում անմիջական ղեկավարի և (կամ) ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ, իսկ 1 և ավել ժամ բացակայության դեպքում՝ համակարգող փոխնախարարի կամ Գլխավոր քարտուղարի թույլտվությամբ,
       2) Աշխատողի կողմից իր պաշտոնեական (աշխատանքային) և ծառայողական պարտականությունները կատարելուն համատեղ` աշխատանքային ժամերին գիտական և մանկավարժական գործունեությամբ զբաղվելու դեպքում,
         3) Աշխատողի ժամանակավոր անաշխատունակության, հիվանդության, անհետաձգելի դեպքերի և այլ հարգելի պատճառների դեպքում` մեկ և ավելի օր տևողությամբ, որի մասին Աշխատողը պարտավոր է ներկայացնել բացակայությունը հարգելի համարող համապատասխան փաստաթուղթ (ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, բժշկական և այլ մասնագիտական եզրակացություն, պատճառաբանված զեկուցագիր)։ Համապատասխան փաստաթուղթը Աշխատողը պարտավոր է ներկայացնել Անձնակազմի կառավարման վարչություն՝ աշխատանքի ներկայանալու առաջին իսկ օրը,
         4) ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, եթե մինչև տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողը չի ներկայացել աշխատանքի,
         5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և սույն Կանոններով նախատեսված այլ դեպքերում:
  1. Աշխատողը գիտական և մանկավարժական գործունեությամբ զբաղվելու դեպքում` յուրաքանչյուր աշխատանքային տարվա սկզբին Անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացնում համապատասխան հաստատության կողմից տրված և հաստատված տեղեկանք:
  2. Ուսումնական հաստատությունում դասավանդող Աշխատողն աշխատանքային ժամին աշխատանքի վայրից իրավունք ունի բացակայելու շաբաթական 6 ժամից ոչ ավելի: Այս դեպքում Աշխատողը պարտավոր է Անձնակազմի կառավարման վարչություն ներկայացնել իր դասավանդելու ժամերի գրաֆիկը` հաստատված ուսումնական հաստատության կողմից և համաձայնեցված իր անմիջական ղեկավարի և (կամ) ստորաբաժանման ղեկավարի հետ:
  3. Բացակայության ժամկետ է համարվում փաuտացի բացակայած ժամանակը` սույն Կանոններով նախատեսված փաստաթղթերում նշված, ինչպես նաև էլեկտրոնային համակարգում արձանագրված ժամկետը: Նշված փաստաթղթերում և էլեկտրոնային համակարգում առկա հակասությունների դեպքում հիմք է հանդիսանում էլեկտրոնային համակարգում արձանագրված տեղեկատվությունը:
  4. Աշխատող չհանդիսացող մյուս անձանց մուտքը Նախարարության վարչական շենք թույլատրվում է միայն ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի, Գլխավոր քարտուղարի տեղակալի և ստորաբաժանման ղեկավարների թույլտվության հիման վրա, Mulberry էլեկտրոնային համակարգի միջոցով: Բացառիկ դեպքերում, անհրաժեշտությամբ պայմանավորված, թույլտվությունը կազմվում է թղթային տարբերակով:
  • ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
  1. Ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակացույցը կազմվում է Աշխատողի անմիջական ղեկավարի կամ ստորաբաժանման ղեկավարի կողմից` Աշխատողի ցանկությանը և Նախարարության աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությանը համապատասխան: Այն ներկայացվում է Գլխավոր քարտուղարի հաստատմանը մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 15-ը:
  2.    Բացառիկ դեպքերում՝ Աշխատողի դիմումի հիման վրա  կարող է Աշխատողին արձակուրդ տրամադրվել ժամանակացույցով սահմանված ժամկետից տարբերվող ժամկետում:
  3. Արձակուրդ տրամադրելու վերաբերյալ դիմումը Աշխատողը, համաձայնեցնելով իր անմիջական ղեկավարի կամ ստորաբաժանման ղեկավարի հետ, ներկայացնում է արձակուրդ գնալուց առնվազն հինգ օր առաջ՝ բացառությամբ` անհետաձգելի դեպքերի:
  4. Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումը կատարվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ:
  5. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  6. Նախարարության առջև դրված նպատակների և որդեգրած քաղաքականությունների արդյունավետ իրագործման համար Աշխատողները գործնական հարաբերություններում պետք է ցուցաբերեն պրոֆեսիոնալիզմ, փոխադարձ հարգանք, փոխօգնություն` ստեղծելով դրական, արդյունավետ և խթանող աշխատանքային միջավայր:
  7. Աշխատողների աշխատելաոճի հիմքում պետք է լինեն ողջույնը, քաղաքավարությունը և միմյանց նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը:
  8. Հաղորդակցման ընթացքում արգելվում է կիրառել վիրավորական կամ արհամարհական արտահայտություն, սպառնալիք կամ հեգնանք։
  9. Աշխատողն իրավունք չունի օգտագործել իր պաշտոնը մեկ այլ Աշխատողին` իր պարտականությունների մեջ չմտնող ցուցումներ տալու կամ պարտականություններ սահմանալու նպատակով։
  10. Աշխատողին արգելվում է այլ Աշխատողների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ, ինչպես նաև թույլ տալ ցանկացած տեսակի ոտնձգություններ:
  11. Աշխատողին արգելվում է ծխել Նախարարության շենքում, բացառությամբ դրա համար նախատեսված տարածքների:
  12. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  13. Գործընկերների և քաղաքացիների հետ հարաբերություններում Աշխատողները պարտավոր են պահպանել ազնվության, անաչառության, փոխադարձ հարգանքի և թափանցիկության սկզբունքները:
  14. Գործընկերների և քաղաքացիների հետ հարաբերություններում Աշխատողը պետք է լինի քաղաքավարի, բարեհամբույր, հարգալից, համբերատար, զգուշավոր և ուշադիր։ Վերջինների հետ պետք է խոսել «Դուք»-ով, շփվել գործնական ոճով և չկիրառել «ընկերական» վարվելակերպ։
  15. Քաղաքացիների սպասարկում իրականացնող Աշխատողը պետք է կարողանա հասկանալ նրանց պահանջմունքները և առաջարկել այդ պահանջմունքների բավարարման լավագույն լուծումը։
  16. Եթե Աշխատողը չի տիրապետում քաղաքացու ներկայացրած հարցի պատասխանին, պետք է ճշտի այդ հարցի պատասխանը իրավասու անձից կամ, համոզվելով, որ հարցը հստակ է ընկալել ուղղորդի համապատասխան Աշխատողի մոտ։
  17. Կոնֆլիկտային իրավիճակներում Աշխատողը պետք է ներողություն խնդրի զրուցակցից և խորհրդակցի իր անմիջական ղեկավարի հետ։
  18. Հանրային որևէ ծառայության մատուցման մերժման դեպքում Աշխատողը պարտավոր է քաղաքացուն ներկայացնել մերժման հիմնավոր պատճառները։
  19. Կողմնակի անձանց /քաղաքացիներ, գործընկերներ և այլ անձինք/ ներկայությամբ աշխատավայրում Աշխատողը չպետք է քննարկի այլ բնույթի հարցեր։
  20. ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԵՎ ՆԱՄԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
  21. Հեռախոսային զանգերին Աշխատողը պետք է պատասխանի «Այո» կամ «Լսում եմ» արտահայտություններով: Եթե հեռախոսահամարը նախատեսված է քաղաքացիների սպասարկման համար, ապա պարտադիր պետք է նշել Նախարարության/ վարչության/ գործակալության/ ծառայության անվանումը և ներկայանալ:
  22. Հեռախոսազանգերին անհրաժեշտ է պատասխանել սիրալիր և հարգալից, հնչող հարցի պատասխանին չտիրապետելու դեպքում անհրաժեշտ է զանգը փոխանցել համապատասխան անձին։ Եթե անհրաժեշտ անձը տեղում չէ, ճշտել զանգահարողի տվյալները և խնդրել համապատասխան Աշխատողին զանգահարել նրան։
  23. Հեռախոսազանգերին անհրաժեշտ է պատասխանել, եթե նույնիսկ հեռախոսահամարը պատկանում է նույն աշխատասենյակում այլ աշխատողի, որը տվյալ պահին աշխատասենյակում չէ։
  24. Քաղաքացիներին սպասարկելիս արգելվում է անձնական հեռախոսների օգտագործումը։ Անձնական խոսակցությունները ցանկալի է պլանավորել ընդմիջման ժամերին։
  25. Աշխատանքի ընթացքում անձնական հեռախոսի զանգի ձայնը պետք է սահմանված լինի ցածր հնչողության վրա։
  26. Հանդիպումների, ժողովների և խորհրդակցությունների ընթացքում հեռախոսի ձայնը պետք է անջատված լինի։
  27. Նախարարության ներքին և արտաքին ցանկացած նամակագրություն պետք է կազմված լինի գործարար ոճով, առանց տառասխալների և չպարունակի ոչ մի ավելորդ, նամակում ներկայացված խնդրի լուծմանը չվերաբերող մտքեր։
  28. Ցանկացած նամակ, այդ թվում էլեկտրոնային, պետք է պարունակի ուղարկողի տվյալները` վարչություն/գործակալություն, բաժին, պաշտոն, անուն ազգանուն և կոնտակտային տվյալներ:
  • ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ
  1. Նախարարությունից դուրս իրականացվող օրենքով թույլատրելի որևէ գործունեություն չպետք է վնասի Նախարարության հեղինակությանը և չպետք է խոչընդոտի քաղաքացիական կամ հանրային ծառայողական պարտականությունների լիարժեք կատարմանը։
  2. Աշխատողները պարտավոր են ցուցաբերել քաղաքական չեզոքություն. հանրային ծառայողը, ծառայության առանձնահատկություններին համապատասխան, ծառայողական պարտականությունները կատարելիս քաղաքականապես չեզոք է:
  3. Աշխատողներին արգելվում է իրենց պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար:
  4. Աշխատողներին արգելվում է իրականացնել քաղաքական կամ այլ ցանկացած տեսակի քարոզչություն և տարածել որևէ բնույթի քարոզչական նյութ իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:
  5. Աշխատողները սոցիալական ցանցերից օգտվելիս պարտավոր են.
       1) պահպանել բարոյականության և էթիկայի համընդհանուր նորմերը,
       2) հարգել մարդու և քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից կամ անձնական, կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից,
         3) չհրապարակել (այդ թվում՝ հավանություն տալու, մեկնաբանություններ կատարելու և այլ եղանակներով արձագանքելու) անպարկեշտ լուսանկարներ, տեսագրություններ կամ այլ նյութեր, ահաբեկչական, սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված նյութեր:
  1. VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
  2. Նախարարության գույքն իր մեջ ներառում է Նախարարությանը սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև Նախարարության ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնված  ողջ գույքը և գույքային իրավունքները: Աշխատողը նյութական պատասխանատվություն է կրում իր կողմից օգտագործվող գույքի համար և պարտավոր է խնամքով վերաբերվել դրան։ Ցանկացած գույքի փչացումը, ոչնչացումը, չլիազորված դուրս բերումը կամ տարածումը կհանգեցնի նյութական պատասխանատվության կիրառման։
  3. Արգելվում է Նախարարության գույքն օգտագործել անձնական շահ ստանալու կամ հանցավոր գործունեության համար։ Նախարարության գույքն անձնական նպատակներով օգտագործելու դեպքում Նախարարությունը կարող է պահանջել առաջացած լրացուցիչ ծախսերի փոխհատուցում։
  4. Աշխատողին արգելվում է անձնական նպատակներով օգտագործել ծառայողական հեռախոսը (բացառությամբ հրատապ հարցերի), համակարգիչը, տպիչ սարքը և այլ գույքը։ Աշխատողներին տրամադրված ինտերնետային հասանելիությունը պետք է օգտագործվեն բացառապես գործնական նպատակներով:
  5. Աշխատողը պարտավոր է պահպանել Նախարարության գույքը մաքուր և կոկիկ վիճակում։
  6. Արգելվում է առանց համապատասխան թույլտվության դուրս բերել աշխատանքի վայրից Նախարարությանը պատկանող գույքը, նյութեր, փաստաթղթեր և այլն։
  7. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅՈՒՆ
  8. Նախարարության անվտանգ և անխափան աշխատանքի ապահովման նկատառումներից ելնելով, ինչպես նաև պետական գաղտնիքի և անձնական տեղեկատվության պաշտպանությունից ելնելով՝ անծանոթ և (կամ) կասկածելի էլեկտրոնային հասցեներից ուղարկված նամակները և հատկապես դրանց կից էլեկտրոնային ֆայլերը չի թույլատրվում բացել, ներբեռնել և պատասխանել դրանց:
  9. Պահպանել համակարգչի օգտագործման անվտանգության պայմանները՝ համոզված լինել, որ համակարգչի մուտքը պաշտպանված է հուսալի գաղտնաբառով, իսկ աշխատասենյակից դուրս գալիս համակարգիչը փակ (Lock) վիճակում է:
  10. Mulberry համակարգում գործող հաշվի և Justice.am համակարգի էլեկտրոնային փոստի գաղտնաբառը ստեղծել թվերի, տառերի և նշանների բարդ համակցությամբ (ցանկալի է՝ առնվազն 8 նիշ), ինչպես նաև որոշակի պարբերականությամբ փոփոխել դրանք (ցանկալի է՝ երեք ամիսը մեկ):
  11. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  12. Գլխավոր քարտուղարն աշխատանքային կարգապահական Կանոնների պահպանման ապահովման նպատակով պարտավոր է.
         1) Աշխատողների համար ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նրանց վերապահված իրավունքների և պարտականությունների  ճշգրիտ ու ժամանակին կատարման, ինչպես նաև նրանց ներկայացվող  սահմանափակումների  պահպանման համար անհրաժեշտ երաշխիքները,
         2) Աշխատողներին ծանոթացնել աշխատանքային պայմաններին, ճշտորեն  ու պատշաճ  կազմակերպել  աշխատանքների կատարումը,
         3) Աշխատողների համար իրենց պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների կատարման և ծառայողական լիազորությունների իրականացման նպատակով ապահովել անվտանգ և անհրաժեշտ  աշխատանքային պայմաններ, ինչպես նաև ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մյուս սոցիալական  երաշխիքները, այդ թվում կենսաթոշակային ապահովության իրականացումը,
         4) Աշխատողներին վարձատրել աշխատանքի դիմաց` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված  կարգով,
  • Աշխատողներին ծանոթացնել սույն  Կանոններին,
          6) պաշտոնեական (աշխատանքային) պարտականությունների կատարման  և  ծառայողական լիազորությունների  իրականացման համար Աշխատողներին տրամադրել համապատասխան աշխատասենյակ, գույք, և այլ նյութական միջոցներ,
  • Աշխատողներին հատկացնել անցագրեր և ծառայողական վկայականներ,
         8) ապահովել սույն Կանոնների պահանջների անշեղորեն կատարումը և  ժամանակին արձագանքել  դրանց խախտումներին:
  1. Գլխավոր քարտուղարն կարող է ունենալ նաև աշխատանքային կարգապահության պահպանման հետ կապված իրավական ակտերով, ինչպես նաև սույն Կանոններով նախատեսված այլ պարտականություններ:
  2. Աշխատողն իրավունք ունի.
        1) ծանոթանալ զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին,
        2) ստանալ ծառայողական կամ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր՝ իր պարտականությունների կատարման համար,
  • ընդունել որոշումներ իր լիազորությունների շրջանակներում,
  • ստանալ վարձատրություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն,
  • ստանալ տեղեկատվություն իր վարձատրության վերաբերյալ, այդ թվում՝ հաշվարկային թերթիկ,
          6) ստանալ տեղեկատվություն իր անձնական տվյալների, դրանց մշակման վերաբերյալ, ծանոթանալ իր անձնական գործին, ինչպես նաև ստանալ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերի պատճեններ,
         7) պահանջել հանել կամ ուղղել սխալ կամ ոչ լիարժեք մշակված անձնական տվյալները.
          8) ծանոթանալ իր գործունեության հետ կապված գնահատականներին և այլ փաստաթղթերին:
  1. Աշխատողը, բացի սույն Կանոններով սահմանված իրավունքներից, ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ:
  2. Աշխատողներն իրենց աշխատանքային կարգապահության պահպանման նպատակով պարտավոր են.
          1) պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել սահմանադրական կարգը, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները,  անվերապահորեն և բարեխղճորեն կատարել սույն Կանոններով  և այլ իրավական ակտերով սահմանված պարտականությունները,
          2) ժամանակին ու ճշգրտորեն կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նախարարի, նրա տեղակալների, գլխավոր քարտուղարի հրամանների և այլ իրավական ակտերի պահանջները,
          3) ժամանակին ու ճշգրտորեն կատարել իր անմիջական ղեկավարի` սահմանված կարգով իր լիազորությունների շրջանակներում տրված հանձնարարությունները,
           4) լինել  խնամված արտաքին  տեսքով,
            5) ներկայանալ աշխատանքի վայր միայն Business և Business casual ոճի հագուստով, բացառել սպորտային, երեկոյան հագուստով աշխատանքի ներկայանալը,
           6) աշխատանքի վայրում պահպանել էլեկտրաէներգիայի օգտագործման և հակահրդեհային անվտանգության  Կանոնների պահանջները,
            7) աշխատասենյակը, աշխատանքային սեղանը պահել մաքուր և հավաք,
            8) կատարել սույն Կանոններով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ:
  1. Սույն Կանոնների ցանկացած պահանջի խախտումը, որպես աշխատանքային կարգապահության խախտում, աշխատողների համար հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:
  2. Աշխատողի աշխատանքից ազատվելու մասին իրավական հիմքի առաջացման պահից Անձնակազմի կառավարման վարչությունը Աշխատողին տրամադրում է համաթերթիկ (Ձև N 1 կցվում է), որն Աշխատողը ներկայացնում է համաթերթիկում նշված կառուցվածքային ստորաբաժանումներ` նշագրման, որից հետո, աշխատանքային վերջին օրն Աշխատողն իրեն պատկանող անցագիրը, ծառայողական վկայականը և համաթերթիկը ստորագրությամբ հանձնում է Անձնակազմի կառավարման վարչություն և Աշխատողի հետ կատարվում է վերջնահաշվարկ:
Ձև N 1
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Հ Ա Մ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
Ազգանունը________________________________
Անունը____________________________________
Վարչությունը/ գործակալություն /ծառայություն________________________________________ __________________________________________________________________________________
Բաժինը__________________________________________________________________________
Պաշտոնը________________________________________________________________________
Արձակման որոշումը, հրաման N_____________  ____  ________________20      թ.
 
Անմիջական ղեկավար (ստորագրում է Աշխատողի տիրապետության ներքո գտնվող աշխատանքային նյութերի, տեղեկատվության և գույքի ամբողջական փոխանցման համար)
(ԱԱՀ Ստորագրություն)                                                                 
Անձնակազմի կառավարման վարչություն  (ստորագրում է  վկայականի հանձման համար)
(ԱԱՀ Ստորագրություն)_______________________
Փաստաթղթաշրջանառության ապահովման վարչություն (ստորագրում է  Աշխատողին մակագրված փաստաթղթերի բացակայության համար)
(ԱԱՀ Ստորագրություն)_____________________________________________________
Առաջին բաժին (ստորագրում է առկա գաղտնի փաստթղթղերի փոխանցման համար)  
(ԱԱՀ Ստորագրություն_________________________________________________________
Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչություն (ստորագրում է տիրապետության ներքո առկա գույքի, տեխնիկայի, բանալիների և անցագրի հանձման համար) 
(ԱԱՀ Ստորագրություն)_________________________________________________________
Ֆինանսատնտեսագիտական վարչություն (ստորագրում է սոց փաթեթի առկա պարտավորությունների և վերջնահաշվարկի  տրամադրման համար, սակայն բոլորի ստորագրությունների առակության պարագայում)
(ԱԱՀ Ստորագրություն)________________________________________________________