19/12/2025
ՀՀ Արդարադատության նախարարի N 107-Ա որոշում
ԵՐԵՎԱՆ «19» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2025Թ.
ՈՐՈՇՈՒՄ N 107-Ա
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԴՐԻՆԵ ՎԱՐԴԱՆԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ադրինե Վարդանի Թորոսյանը 2025 թվականի նոյեմբերի 28-ին հայտ է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի N 835-Լ որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) շրջանակներում ուսումնասիրելով Ադրինե Թորոսյանի հայտը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, դրանց համադրման և գնահատման արդյունքում`
ՊԱՐԶԵՑԻ
Ադրինե Թորոսյանը Նախարարություն է ներկայացրել հայտ՝ Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար, ինչպես նաև անձնագրի, ինքնակենսագրության, ծառայությունների վճարովի մատուցման ԹԻՀԿ-22/94-37 ԿԺԴ հանձնման-ընդունման ակտի, 194966 պայմանագրի (ոչ հայերեն), 10.10.2022թ. և 18.12.2023թ. ծառայությունների մատուցման պայմանագրի պատճենները:
Ըստ հայտին կից ներկայացված տեղեկատվության՝ Ադրինե Վարդանի Թորոսյանը մասնակցել է «Արարատյան արժեքների կրթական հիմնադրամի» կողմից կազմակերպած «Իմ եկեղեցին» մրցույթին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր արժեքներին յուրօրինակ ստեղծագործությամբ հաղորդակից լինելու համար ստացել պատվոգիր, «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի կողմից իրականացված Ռեստարտ արվեստի մրցանակաբաշխությանը ներկայացրել է իր աշխատանքը և Պերֆորմանս անվանակարգում արժանացել ժյուրիի գնահատականին՝ ինքնատիպ արվեստային լուծման և արդիական ու կարևոր խնդրին արվեստի միջոցով տրված անդրադարձի համար, Հայաստանում միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի և Հանրային լրագրության ակումբի կողմից իրականացված «Դիմակայենք կլիմայի փոփոխությանը» լրագրողական նյութերի մրցույթին և եզրափակիչ փուլում ճանաչվել հաղթող և այլ կազմակերպությունների կողմից իրականացված մրցույթների և սեմինարների:
Կարգի 6-րդ կետի համաձայն՝
Բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի՝ խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ կարող են ներկայացնել․
(...)
2) ֆիզիկական անձինք, որոնք գործունեություն են ծավալում նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտներում, վերջին հինգ տարվա ընթացքում ունեն տվյալ ոլորտի առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն և այդ ժամանակահատվածում մասնակցել են տվյալ ոլորտում իրականացված առնվազն երկու ծրագրի (մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների, ներգրավված են եղել նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն)։։
Կարգի 8-րդ կետի համաձայն՝
8. Խորհրդի կազմում ներգրավվելու նպատակով ներկայացված հայտում նշվում են կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի անունը, ազգանունը, համայնքը կամ մարզը, որտեղ ծավալում են գործունեություն, նախարարության «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով նախատեսված հիմնական ոլորտը, որում ունեն 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փորձ կամ մասնագիտական փորձառություն և հայտատուի հայեցողությամբ այլ տեղեկություններ։ Հայտին կից ներկայացվում են՝
1) կազմակերպության պետական գրանցման վկայականի կամ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, կանոնադրության պատճենը, ֆիզիկական անձի անձնագրի պատճենը, հաշվառման հասցեն.
2) կազմակերպության, ֆիզիկական անձի կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը).
3) կազմակերպության այն հիմնական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը), որը մասնակցելու է խորհրդի աշխատանքներին.
4) կազմակերպության գործունեության փորձը կամ ֆիզիկական անձի մասնագիտական փորձառությունը, նախանշված ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հիմնավորող առկա փաստաթղթեր (պահանջվող տեղեկությունները կարող են պարունակել պայմանագիրը, հանձնման ընդունման ակտը, պետական մարմնից կամ միջազգային կազմակերպությունից ստացված պաշտոնական նամակը և այլն):։
Կարգի 12-րդ կետի համաձայն՝
12․ Նախարարը խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան յոթ աշխատանքային օրում ուսումնասիրում է ներկայացված հայտերը, կից փաստաթղթերը և որոշում կայացնում հայտատուին խորհրդի կազմում ընդգրկելու կամ հայտը մերժելու մասին: Հայտերը կարող են մերժվել միայն հետևյալ դեպքերում՝
1) եթե ներկայացված հայտով և կից փաստաթղթերով չի հիմնավորվում սույն հավելվածի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխանությունը.
2) հայտատուն 2 աշխատանքային օրվա ընթացքում չի վերացրել հայտում և կից փաստաթղթերում առկա թերությունները կամ լրացրել թերի ներկայացված փաստաթղթերը.
3) հայտատուն ներկայացրել է կեղծ տեղեկություններ։։
Վկայակոչված նորմերի համադրման արդյունքում պարզ է դառնում, որ հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու համար պետք է բավարարել Կարգի 6-րդ կետով սահմանված պահանջները:
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) հավելվածի 3-րդ կետի՝ Արդարադատության նախարարությունը մշակում և իրականացնում է արդարադատության, այդ թվում՝ հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Ադրինե Թորոսյանի կողմից ներկայացրած հայտը և կից փաստաթղթերը, Կարգի և Օրենքի վերոնշյալ կարգավորումների հաշվառմամբ, չեն բավարարում վերոնշյալ դրույթներով սահմանված պահանջներին:
Հիմք ընդունելով Կարգի 12-րդ կետի 1-ին ենթակետը.
ՈՐՈՇԵՑԻ՝
- Մերժել Ադրինե Վարդանի Թորոսյանի` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու հայտը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ծանուցմանը հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
Պարտականությունները կատարող՝
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ