29/08/2006

ՀՀ արդարադատության նախարարի հրամանը ծառայողական քննություն նշանակելու եվ անցկացնելու կարգը հաստատելու մասին


«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 սեպտեմբերի 2006 թ.

Պետական գրանցման թիվ 10206258

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

29 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան
 թիվ ՔՀ- 46-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը» (հավելված N 1) կցվում է:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 1

Հաստատված է՝
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի օգոստոսի 29-ի
թիվ ՔՀ-46-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

  

Գ Լ ՈՒ Խ  1

  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն կարգով սահմանվում են քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգն ու պայմանները:

Ծառայողական քննությունն օրենքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով քրեակատարողական ծառայողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննություն է:

2. Քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացվում է ծառայողական կարգապահության ամրապնդման, քրեակատարողական ծառայողի կողմից կատարված կարգապահական խախտման ժամանակին բացահայտման և կարգապահական պատասխանատվության ենթարկման, կարգապահական խախտումների կանխարգելման, կարգապահական խախտում ծնող պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացման, կարգապահական խախտման հանգամանքների ժամանակին, լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ պարզաբանման, անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված քրեակատարողական ծառայողի հեղինակության վերականգնման նպատակով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

  

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

  

3. Ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեն «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտոնատար անձինք:

Ծառայողական քննությունը նշանակվում է իրավասու պաշտոնատար անձի հրամանով, որում նշվում են ծառայողական քննություն իրականացնող անձը կամ ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաև ծառայողական քննության նշանակման օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև դրա հետ կապված այլ տվյալներ: Հրամանում կարող են նշվել նաև ենթադրյալ կարգապահական խախտումը և դրա հանգամանքները:

4. Ծառայողական քննության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքներն են`

1) կարգապահական խախտման դեպքը և հանգամանքները (կատարման ժամանակը, ձևը, եղանակը և այլն),

2) քրեակատարողական ծառայողի կողմից կարգապահական խախտումը կատարելը, ինչպես նաև կարգապահական խախտում թույլ տալու հիմնավորվածությունը,

3) կարգապահական խախտումներ ծնող պատճառները և դրանց նպաստող պայմանները:

5. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության և զանցանքների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննություն նշանակելու իրավասություն ունեցող անձի որոշմամբ այդ մասին հայտնվում է համապատասխան պետական մարմիններին, իսկ ծառայողական քննությունն ավարտված չլինելու դեպքում` շարունակվում է:

6. Ծառայողական քննությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ավելի, քան դրա նշանակումից սկսած 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետը ծառայողական քննությունն իրականացնող անձի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել ևս 30 օրով, եթե ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում են այլ մարմին կատարած հարցումների պատասխանները կամ ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ:

7. Ծառայողական քննության ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել: Տվյալ ժամանակահատվածում քրեակատարողական ծառայողը ծառայողական քննությունն իրականացնողին է հանձնում իր վկայականը, ինչպես նաև ծառայողական զենքը: Այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է քրեակատարողական ծառայողին:

 

Գ Լ ՈՒ Խ  3

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  

8. Ծառայողական քննության մասնակիցներն են` ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը, ծառայողական քննություն իրականացնող անձը, ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարը (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը), կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև ծառայողական քննության ընթացքում նոր ի հայտ եկած կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ծառայողական քննությանն առնչվող անձինք:

9. Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են`

1) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն` կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում,

2) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի և ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել քննության ընթացքի մասին,

3) քրեակատարողական հիմնարկներից, առանձնացած ստորաբաժանումներից և այլ մարմիններից ստանալ փաստաթղթեր, նյութեր, տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել կարգապահական խախտման և դրան առնչվող անձանց մասին,

4) վերցնել ծառայողական քննության համար նշանակություն ունեցող և քրեակատարողական ծառայությունում պահվող կամ գտնվող իրեր և փաստաթղթեր,

5) վերցնել բացատրություններ կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողից, ծառայողական քննությանն առնչվող այլ անձանցից,

6) կատարել ուսումնասիրություն և ծառայողական քննությանը վերաբերող նյութերի, իրերի և փաստաթղթերի զննություն,

7) միջնորդություն ներկայացնել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին` ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը,

8) ծառայողական քննության ավարտից հետո կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին տեղեկացնել ծառայողական քննության իրեն վերաբերյալ նյութերին, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների:

10. Ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի լիազորություններն են`

1) գրավոր նշել ծառայողական քննություն իրականացնող անձին,

2) ծառայողական քննություն իրականացնող անձին տալ պարտադիր կատարման ենթակա ցուցումներ առանձին գործողություններ կատարելու վերաբերյալ,

3) ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության իրականացումը գրավոր հանձնարարել ստորաբաժանման այլ ծառայողի, եթե ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը չի նշանակել ծառայողական քննություն իրականացնող անձին` այդ մասին գրավոր զեկուցելով ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին,

4) մասնակցել ծառայողական քննության ընթացքում առանձին գործողությունների կատարմանը, անձամբ կատարել ծառայողական քննությունը, եթե ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը չի նշանակել ծառայողական քննություն իրականացնող անձին,

5) ստորագրությամբ համաձայնել ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

  

ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԽԱԽՏՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԵՋ ԿԱՍԿԱԾՎՈՂ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԱՅԼ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  

11. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողն իրավունք ունի`

1) իմանալ, թե ինչ կարգապահական խախտման մեջ է կասկածվում,

2) ծառայողական քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնելու առանձին գործողություններ կատարելու, ծառայողական քննության նյութերին իր դիմումը հիմնավորող` սույն կարգով նախատեսված փաստական տվյալներ կցելու և դրանց ընթացք տալու վերաբերյալ,

3) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ,

4) ծառայողական քննության ավարտից հետո ծանոթանալ ծառայողական քննության իրեն վերաբերող նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների) և դրանց կապակցությամբ ներկայացնել իր առաջարկությունները և դիտողությունները:

12. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայանալ ծառայողական քննության իրականացման վայր և տալ գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի), անհրաժեշտության դեպքում նաև լրացուցիչ բացատրություններ, մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների և ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ներկայացնել գրավոր պատճառաբանություն,

2) ծառայողական քննություն իրականացնող անձի պահանջով ներկայացնել իր մոտ եղած ծառայողական քննությանն անհրաժեշտ առարկաները և փաստաթղթերը,

3) կատարել ծառայողական քննություն իրականացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջները:

13. Ծառայողական քննությանն առնչվող անձ է համարվում նա, ում կարող է հայտնի լինել ծառայողական քննությանը հետաքրքրող հարցերի ու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ, որոնց համապատասխան նա կամավորության հիմունքներով տալիս է գրավոր կամ բանավոր բացատրություններ (ըստ պահանջի): Ծառայողական քննությանն առնչվող անձն իրավունք ունի`

1) ծառայողական քննությանը մասնակցելու պահից ստանալու իր իրավունքների մասին պարզաբանում,

2) տեղեկանալու, թե ինչ նպատակով է կանչել ծառայողական քննություն իրականացնող անձը,

3) բացատրություններ տալու և անձամբ շարադրելու դրանք,

4) ծանոթանալու իր մասնակցությամբ կատարած գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքներին կամ արձանագրություններին և դրանց կապակցությամբ ներկայացնելու դիտողություններ և առաջարկություններ:

14. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև ծառայողական քննությանն առնչվող անձը ծառայողական քննություն իրականացնող անձի գործողությունները կարող է բողոքարկել նրա անմիջական ղեկավարին կամ ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձին:

 

Գ Լ ՈՒ Խ  5

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

15. Ծառայողական քննությունն անցկացվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում, քրեակատարողական տեսչությունում, քրեակատարողական հիմնարկներում, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ վայրում:

16. Քրեակատարողական ծառայողի մեղավորությունն ապացուցելու, ինչպես նաև ի պաշտպանություն նրա՝ բերված փաստարկների հերքման պարտականությունը կրում է ծառայողական քննություն իրականացնող անձը: Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննությունն անցկացնում է ծառայողական քննություն նշանակելու պատճառ կամ առիթ հանդիսացող փաստաթղթերում նշված հանգամանքների ստուգմամբ և պարզաբանմամբ: Ծառայողական քննության ընթացքում մեկ այլ կարգապահական խախտման կամ խախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում, ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննություն նշանակելու միջնորդությամբ դիմում է ծառայողական քննություն նշանակած անձին կամ այդ մասին տեղյակ է պահում տվյալ ստորաբաժանման ղեկավարին:

17. Ծառայողական քննություն իրականացնող անձն իրավասու է ծառայողական քննության նյութերին կցել հետևյալ փաստական տվյալները`

1) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի, ծառայողական քննությանն առնչվող անձանց բացատրությունները: Բացատրություն տվողը ստորագրում է դրա յուրաքանչյուր էջը և վերջում,

2) զննության և ուսումնասիրության արձանագրությունները, որոնք կազմվում են ծառայողական քննության ընթացքում ծագած առանձին հարցերի պարզաբանման, ինչպես նաև պաշտոնական փաստաթղթերում եղած տեղեկություններն ամրագրելու և դրանց պատճենները ծառայողական քննության նյութերին կցելու անհրաժեշտությունից ելնելով,

3) տեղեկանքները, որոնք կազմում են առանձին փաստերի, հանգամանքների առկայությունը, գործողությունների կատարմանը մասնակցելու ենթակա անձանց բացակայությունը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված առանձին գործողությունների կատարման անհնարինությունը փաստելու վերաբերյալ: Տեղեկանքում նշվում են այն կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և ժամը, այն ստորագրում են այն կազմողը և ներկա գտնվողները,

4) ծառայողական քննությանն առնչվող այլ փաստաթղթեր կամ նյութեր կամ դրանց պատճենները:

18. Կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը, ծառայողական քննությանն առնչվող անձինք կարող են կանչվել ծանուցագրով, որը ստորագրությամբ հանձնվում է նրանց: Կանչով անհարգելի չներկայացած քրեակատարողական ծառայողը ենթակա է կարգապահական տույժի «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

19. Ծառայողական քննություն իրականացնող անձը կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին, ծառայողական քննությանը մասնակցող անձին, այլ անձին բացատրում է նրանց իրավունքները և պարտականությունները, որոնց կապակցությամբ կազմված արձանագրությունների տակ նրանք նշում են կատարում և ստորագրում:

20. Ծառայողական քննության ընթացքը և արդյունքները ծառայողական քննություն իրականացնող անձը պետք է գրանցի արձանագրություններում կամ գրավոր այլ փաստաթղթերում:

Ծառայողական քննության ընթացքն ու արդյունքներն արձանագրող փաստաթղթերը պետք է կազմվեն այնպես, որ ապահովվի դրանց բովանդակության հստակ ընկալումը:

21. Ծառայողական քննություն իրականացնող անձը ծառայողական քննության հիմքում չի կարող դնել կամ օգտագործել այն փաստական տվյալները, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ կամ այլ անօրինական գործողություններով, ինչպես նաև տվյալ գործողությունը կատարելու իրավունք չունեցող անձի կողմից:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները ծառայողական քննություն իրականացնող անձը գնահատում է իր ներքին համոզմունքով` հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումով, ծառայողական քննության ընթացքում հավաքված հավաստի տվյալների բավարար ամբողջությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

22. Ծառայողական քննությունը կարող է կասեցվել, եթե՝

1) Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների քննարկմանն է ուղարկվել ծառայողական քննության նյութեր` մինչև համապատասխան որոշում կայացնելը կամ մինչև քրեակատարողական ծառայողի նկատմամբ կայացված դատարանի վերջնական որոշման օրինական ուժի մեջ մտնելը,

2) ծառայողական քննության ժամկետն ավարտվելուց հետո հայտնի չէ այն քրեակատարողական ծառայողը, որը այդ գործով պետք է ենթարկվի կարգապահական տույժի,

3) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա քրեակատարողական ծառայողի գտնվելու վայրը,

4) կարգապահական տույժի ենթակա քրեակատարողական ծառայողը ծանր հիվանդ է կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս և առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը,

5) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարմանը:

23. Սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում այն կասեցվել է: Ծառայողական քննությունը վերսկսելուց հետո այն ավարտվում է ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում:

24. Սույն կարգի 22-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  7

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

  

25. Ծառայողական քննությունը ցանկացած փուլում դադարեցվում է, եթե՝

1) ծառայողական քննություն նշանակած անձն արձակում է հրաման ծառայողական

քննությունը նշանակելու մասին հրամանը չեղյալ ճանաչելու մասին,

2) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը մահացել է, և կարգապահական պատասխանատվության ենթակա քրեակատարողական այլ ծառայողներ չկան,

3) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը իրեն լրիվ մեղավոր ճանաչելով տվել է գրավոր համաձայնություն իր նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև հիմնավորված բացատրություն` քննվող դեպքի վերաբերյալ, եթե չկան բավարար հիմքեր ենթադրելու, որ նա դրանով ցանկանում է պարտակել կարգապահական խախտում կատարած այլ անձանց կամ կարգապահական այլ խախտում,

4) կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի մասնակցությունը կարգապահական խախտման կատարմանն ապացուցված չէ և սպառված են նոր փաստական տվյալներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

26. Ծառայողական քննությունը դադարեցնելու վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնող անձի կողմից կազմվում է եզրակացություն, որը ներկայացվում է ծառայողական քննություն նշանակած անձին` վերջինիս կողմից եզրակացության քննարկման հիման վրա համապատասխան որոշում ընդունելու նպատակով: Եզրակացությունը և ծառայողական քննություն նշանակած անձի հրամանի քաղվածքը տասնօրյա ժամկետում տրվում են կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին:

 

Գ Լ ՈՒ Խ  8

  

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼԸ

  

27. Ծառայողական քննության արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ, որը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական և եզրափակիչ մասերից: Եզրակացության՝

1) ներածական մասում շարադրվում են տվյալներ` եզրակացությունը կազմելու վայրի, ծառայողական քննությունը սկսելու առիթի և ժամկետի մասին,

2) նկարագրական-պատճառաբանական մասում շարադրվում են տվյալներ` ծառայողական քննության ընթացքում պարզված հանգամանքների և դրանց հիմնավորումների վերաբերյալ, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի մեղավորությունը կամ անմեղությունը հաստատող փաստական տվյալներ, ծառայողին բնութագրող այլ հանգամանքներ, ինչպես նաև ծառայողի վերջին մեկ տարում ստացած գործող կարգապահական տույժերի կամ խրախուսանքների վերաբերյալ տվյալներ,

3) եզրափակիչ մասում շարադրվում են ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ արված հետևությունների, ծառայողական քննություն նշանակած անձին ներկայացվող առաջարկությունների, ծառայողական քննություն իրականացնող անձի անվան, ազգանվան, զբաղեցրած պաշտոնի, կոչումի, ինչպես նաև եզրակացությունը կազմելու տարվա, ամսվա և ամսաթվերի մասին:

Եզրակացությունը ստորագրում է նաև կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողի անմիջական ղեկավարը: Եթե անմիջական ղեկավարը համաձայն չէ եզրակացության հետ, ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձին ներկայացնում է անհամաձայնությունը պատճառաբանող զեկուցագիր:

28. Ծառայողական քննության արդյունքներով եզրակացությունը կազմելուց հետո մինչև դրա հաստատումը կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է այդ մասին, ծառայողական քննություն կատարած անձի ներկայությամբ ծանոթանում է եզրակացությանը, ծառայողական քննության իրեն վերաբերող նյութերին (բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների):

29. Ծառայողական քննության նյութերը, դրա արդյունքներով կազմված եզրակացությունը ներկայացվում են ծառայողական քննությունը նշանակող անձին` համապատասխան որոշում ընդունելու նպատակով:

30. Ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը, նախքան որոշում կայացնելն անհրաժեշտության դեպքում խորհրդակցում է ծառայողական քննություն իրականացնող անձի հետ, լսում է կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողին:

31. Քննարկման արդյունքներով ծառայողական քննություն նշանակող պաշտոնատար անձը`

1) ամբողջությամբ կամ մասնակիորեն հիմք ընդունելով ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը` կայացնում է համապատասխան որոշում,

2) ծառայողական քննություն իրականացնող անձին եզրակացություն փոխելու գրավոր կամ բանավոր ցուցում է տալիս` դրանում եղած ձևակերպումներից և հետևություններից առանձին կետեր հանելու կամ փոփոխելու միջոցով,

3) ծառայողական քննություն իրականացնող անձին լրացուցիչ գործողություններ կատարելու և առանձին հանգամանքներ պարզելու համար տալիս է հանձնարարականներ` նշելով կատարման համապատասխան ժամկետը:

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կազմվում է նոր եզրակացություն, իսկ նախկին եզրակացությունը կցվում է ծառայողական քննության նյութերին:

32. Ծառայողական քննության արդյունքների մասին հնգօրյա ժամկետում տեղեկացվում է կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող քրեակատարողական ծառայողին:

33. Ծառայողական քննության ընթացքում նախապատրաստած նյութերը և ներկայացված բոլոր փաստաթղթերը կարվում են: Նյութերին կցված բոլոր փաստաթղթերը համարակալվում և ցուցակագրվում են ըստ ժամանակագրական հերթականության:

Ըստ տարիների կատարված ծառայողական քննության նյութերին տրվում են առանձին համարներ` դրանց գրանցման և հաշվառման մատյանի հերթական համարների համաձայն: Գրանցման և հաշվառման մատյանում գրառվում են ծառայողական քննության անցկացման հիմքը, այն անցկացնող քրեակատարողական ծառայողների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող քրեակատարողական ծառայողների անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, ծառայողական քննության սկիզբը և ավարտը, ինչպես նաև այլ տվյալներ:

34. Ծառայողական քննության արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կարգով:

35. Ծառայողական քննության նյութերն արխիվացվում են օրենքով սահմանված կարգով: