09/09/2010
ՀՀ արդարադատության նախարարի հրամանը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու կարգը հաստատելու մասին
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 սեպտեմբերի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 10210344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 սեպտեմբերի 2010 թ. ք. Երևան |
N 184-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 51.9-րդ հոդվածի 8-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Գ. Դանիելյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 184-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական հատուկ ծառայություն) թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքին (այսուհետ` Oրենք) և սույն կարգին համապատասխան:
2. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քրեակատարողական վարչության պետի կողմից լիազորված ստորաբաժանումը (այսուհետ` լիազոր ստորաբաժանում):
3. Oրենքի 51.9-րդ հոդվածի 8-րդ մասում նշված բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է լիազոր ստորաբաժանումը:
4. Քաղաքացիական հատուկ ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու յուրաքանչյուր մրցույթ անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ մրցույթի հարցաշարերը հաստատվում է քրեակատարողական վարչության պետի կողմից:
5. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից և խնդիրներից:
6. Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
7. Քաղաքացիական հատուկ ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար Oրենքի 51.9-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր բնագավառի հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) քանակը պետք է պակաս չլինի թեստային առաջադրանքում տվյալ բնագավառի համար նախատեսված տոկոսի եռապատիկից:
8. Հարցերը և խնդիրները կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի:
9. Լիազոր ստորաբաժանումը հարցաշարերը զետեղում է համակարգչում: Համակարգչում զետեղվում է նաև կոդավորված և համարակալված հարցերի և խնդիրների երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
10. Լիազոր ստորաբաժանումը մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հրապարակում է հարցաշարերն իրենց պատասխաններով:
11. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից և խնդիրներից` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխաններն ու միասնականացնում:
12. Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը` մինչև թեստավորման փուլը սկսվելը:
13. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
14. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր: