11/05/1999
ՀՀ արդարադատության նախարարության հրամանը դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Աճուրդի անցկացման կանոնակարգը» հաստատելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
11.05.1999 թ. ք. Երևան |
N 744 |
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ «ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ
Հաստատել ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության «Աճուրդի անցկացման կանոնակարգը»:
Նախարար |
Դ. Հարությունյան |
Հաստատում եմ` |
ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
1. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք հայտով նախատեսված գույքի գնի հինգ տոկոսի չափով նախավճար են մուծում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ներկայացուցչին կամ ծառայության համապատասխան դեպոզիտ հաշվին: Կանխիկ նախավճարի, ինչպես նաև ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցված նախավճարը վճարելու վերաբերյալ փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է աճուրդը սկսելուց մեկ ժամ առաջ:
Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձանց կանխիկ մուծված նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց անմիջապես հետո, իսկ ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցվածը` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նախավճարը ենթակա է վերադարձման նաև այն դեպքում, երբ աճուրդը չի կայացել:
2. Աճուրդում հաղթած է ճանաչվում այն անձը, որն առաջարկել է ամենաբարձր գինը:
Աճուրդում հաղթած անձը և հարկադիր կատարողն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների վերաբերյալ արձանագրությունը:
Եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա նա կորցնում է իր մուծած նախավճարը:
Եթե հարկադիր կատարողը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթած անձին վերադարձնել նախավճարի կրկնապատիկը:
3. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է այն անցկացնելու օրվանից եռօրյա ժամկետում հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման դեպոզիտային հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Այդ գումարը չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:
4. Աճուրդում հաղթած անձի կողմից գնման գինը մուծելուց հետո` եռօրյա ժամկետում հարկադիր կատարողը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների վերոհիշյալ արձանագրությունը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:
5. Վերոհիշյալ կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի հայցով դատարանը կարող է ճանաչել անվավեր:
Աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է դրանում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
6. Աճուրդը համարվում է չկայացած եթե.
1) Աճուրդին ներկայացել է միայն մեկ գնորդ կամ չի ներկայացել որևէ գնորդ.
2) աճուրդի ընթացքում վաճառվող գույքի նախնական գնի հավելում չի կատարվել.
3) աճուրդում հաղթած անձը չի մուծել գնման գինը:
Աճուրդը հայտարարվում է չկայացած աճուրդը կազմակերպող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի որոշմամբ ոչ ուշ քան նշված հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը:
7. Յուրաքանչյուր կրկնակի աճուրդ անցկացնելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինն իջեցվում է քսան տոկոսով:
Կրկնաճուրդն անց է կացվում չկայացած աճուրդից ոչ ուշ քան մեկ ամիս հետո:
8. Աճուրդներն անցկացվում են դասական (մեկնարկային գնի բարձրացմամբ) եղանակով:
Գրանցված է |