18/12/2006

Հարկադիր էլեկտրոնային աճուրդներից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների անցկացման կարգը սահմանելու մասին


«Գրանցված է»
ՀՀ արդարադատության 
նախարարության կողմից
14 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10207069

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 դեկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

թիվ 234-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշման 1-ին կետի գ) ենթակետի համաձայն.

 

Հրամայում եմ՝

 

1. Սահմանել հարկադիր էլեկտրոնային աճուրդներից «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդներին անցման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Դ. Հարությունյան


Հավելված


Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի դեկտեմբերի 18-ի
N 234-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 29-35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԱՆՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդներից անցումը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝ 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդներին:

2. Հարկադիր աճուրդները կազմակերպվում և անցկացվում են Ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 12-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-35-րդ հոդվածներով նախատեսված հարկադիր աճուրդների կազմակերպման և անցկացման դեպքերը սահմանելու մասին» թիվ 1495-Ն որոշմամբ սահմանված դեպքերում:

 

II. ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՑ ԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻՆ

 

3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդներից անցումը հարկադիր աճուրդներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով:

 

III. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

4. Հարկադիր աճուրդների անցկացման մաuին հրապարակային ծանուցումը իրականացվում է Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Լոտը (գույքը), որի վերաբերյալ գնային հայտ չի ներկայացվել՝ հարկադիր աճուրդի է ներկայացվում հարկադիր էլեկտրոնային աճուրդում սահմանված վերջին մեկնարկային գնով:

6. Չկայացած լոտը հարկադիր աճուրդի է ներկայացվում նախորդ աճուրդի համար սահմանված գնից 10 տոկոսի չափով իջեցված գնով:

7. Լոտը (գույքը), որի վերաբերյալ գնային հայտ է ներկայացվել՝ հարկադիր աճուրդի է ներկայացվում հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում տվյալ լոտի համար առաջարկված ամենաբարձր գնով:

8. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցները համարվում են հարկադիր աճուրդների մասնակիցներ՝ նախավճարի առկայության դեպքում:

9. Հարկադիր աճուրդի ներկայացված Լոտը (գույքը), որի համար մեկնարկային գին է համարվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում տվյալ լոտի համար առաջարկված ամենաբարձր գինը, համարվում է հարկադիր աճուրդով վաճառված, եթե հարկադիր աճուրդի ընթացքում գնային հայտ չի ներկայացվել, իսկ աճուրդի հաղթող է համարվում հարկադիր էլեկտրոնային աճուրդի ընթացքում տվյալ լոտի համար ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:

 

IV. ՀԱՐԿԱԴԻՐ ԱՃՈՒՐԴԻՑ ԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ

 

10. Հարկադիր էլեկտրոնային աճուրդ իրականացնող համակարգի վերականգնումից հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի հրամանով՝ վերսկսվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը, օրենքով սահմանված կարգով:

11. Եթե լոտի վերաբերյալ մինչև հարկադիր էլեկտրոնային աճուրդի վերսկսվելը, որոշում է կայացվել հարկադիր աճուրդներ անցկացնելու մասին, ապա դրա հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը վերսկսվում է հայտարարված հարկադիր աճուրդներն անցկացնելուց հետո:

12. Վերսկսված հարկադիր էլեկտրոնային աճուրդի լոտի մեկնարկային գին է սահմանվում չկայացած հարկադիր աճուրդներից հետո օրենքով սահմանվող մեկնարկային գինը: