05/04/2013
ՀՀ արդարադատության նախարարի 4 ապրիլի 2013 թվականի N 01 պաշտոնական պարզաբանումը
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1 հոդվածի առաջին մասի համաձայն` այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո՝ աուդիտորական եզրակացության հետ:
Տվյալ դեպքում տարաբնույթ է ընկալվում վերոնշյալ իրավական ակտի հոդվածի դրույթը, որը վերաբերում է ակտիվների արժեքի որոշման պահին, այսինքն վերջինս որոշվում է հաշվետու տարվա դրությամբ, թե՞ հաշվետու տարվա ցանկացած պահի դրությամբ:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի պաշտոնական պաչզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ պաշտոնապես պարզաբանում ենք՝
«Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1 հոդվածի առաջին մասի համաձայն` կուսակցությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտորական եզրակացության հետ այն դեպքում, եթե նրանց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը հաշվետու տարվա ավարտի դրությամբ, այլ ոչ թե հաշվետու տարվա ցանկացած պահին՝ ակտիվների արժեքը օրենքով սահմանված չափը գերազանցելու դեպքում:
|
Հ. Թովմասյան |