21/03/2013

Հաշվետվություն՝ ՀՀ Նախագահի 2012թ-ի հունիսի 30-ի թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների ծրագրից բխող 2012 թվականի ընթացքում մշակված օրինագծերի վերաբերյալ

 2012 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգարդրությամբ հաստատված միջոցառումների շրջանակներում 2012 թ. և 2013 թ. մայիսի դրությամբ` ծրագրով նախատեսված իրավական ակտերը մշակվել են և մասամբ արդեն ընդունվել ՀՀ ԱԺ կողմից: Մասնավորապես.

 1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով փոփոխություններ են նախատեսվել վարչական դատավորների թվաքանակի ավելացման և դատավորների կենսաթոշակների վերաբերյալ: ՀՀ Ազային ժողովի կողմից 2012 թ. դեկտեմբերի 19-ին նախագծերն ընդունվել են երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

Վերոհիշյալ օրենքների ընդունումը պայմանավորված էր առաջացած հրատապ խնդրով՝ վարչական դատարանի գերծանրաբեռնվածությամբ, որը ստեղծման օրվանից մինչև վերոհիշյալ օրենքների ընդունումը չէր ստացել իր վերջնական լուծումը։

 ՀՀ վարչական դատարանի գերծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջնահերթ միջոցառում էր վարչական դատարանի դատավորների թվի ավելացումը 10-ով ՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ դատական օրենսգրքում, որի ապահովմանն է ուղղված վերոհիշյալ օրենքների ընդունումը:

Օրենքների ընդունումը ուղղված էր նաև դատավորների կենսաթոշակի հետ կապված հարցերի լուծմանը:

Նախատեսվել է դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն ձեռք բերելու հիմքով լիազորությունները դադարեցրած նախկին դատավորին վճարել կենսաթոշակ լիազորությունների դադարեցման պահից՝ հաշմանդամության կենսաթոշակից օգտվելու պահից սկսած, և ոչ թե տարիքային կենսաթոշակի հասնելու պահից, ինչպես նախկինում: Կենսաթոշակի և հավելավճարի կարգավորման բնագավառում անհրաժեշտ էր, որպեսզի բոլոր դատավորների պարագայում նախատեսվի նույնական մոտեցում:

 2) «Դատախազական ծառայության մասին»,  «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,  «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն: Նախագծերն արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը և ուղարկվելու են ՀՀ Ազգային ժողով:

 Նշված նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորող առանձին նորմատիվ իրավական ակտ ունենալու հանգամանքով և դրանից բխող մնացած օրենքների միջև առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

 3) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն ուղղված են դատավորների թեկնա­ծությունների ցուցակում ընդ­գրկելու համար թեկնածուների առաջադրման թափանցիկ և օբյեկտիվ ընթացակարգերի և  դատավորի թեկնածուի ոչ միայն մասնագիտական գիտելիք­ների, այլև որպես դատավոր գոր­ծելու ունակության և արդյունա­վետո­­ւթյան, տրամաբանական հմտությունների գնահատմանը հնարավորություն տվող  մեխանիզմների մշակմանը:

 Առաջարկվող փոփոխությունները, ի թիվս այլոց, միտված են առավել մանրակրկիտ կարգավորումներ նախատեսելու դատավորների ընտրության գործընթացի վերաբերյալ՝ կանխատեսելի դարձնելով դատավորների պաշտոնին հավակնողներից ակնկալիքները և երաշխավորելով դատավորների ընտրության գործընթացի օբյեկտիվությունը:

 4) «Արդարադատության ակադեմիայի մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքների նախագծերը մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է ամբողջությամբ:

  «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագծով ներդրվում է դատական և դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը, որը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին և դրա արդյունավետությունը հիմնավորվում է նաև տարբեր միջազգային փաստաթղթերում: «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի մասին» օրենքի ընդունմամբ ակնկալվում է առաջընթաց մի քանի ուղղություններով`

-ռեսուրսների օպտիմալ կառավարում, այն է` մեկ կառույցում ուսումնառության կազմակերպումը հնարավորություն կտա դատական և դատախազական համակարգի կադրերի համար ընդհանուր թեմաներով համատեղ առարկայական կուրսեր դասավանդել.

-դատախազական և դատական համակարգերի մասնագիտական մերձեցում, երբ դատավորների և դատախազների որոշ տեսական և գործնական ծրագրերով համատեղ ուսուցումն ու վերապատրաստումը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն ուսուցման գործընթացում փորձի փոխանակման, այլ նրանց հետագա աշխատանքի վրա:

 5) «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նոր խմբագրությամբ է շարադրվել ամբողջ օրենսգիրքը:

Առաջարկվող կարգավորումների հիմնական նպատակը  քաղաքացի-պետություն հարաբերություններում պետության գերակա դիրքի սահմանափակումն է և այդ սահմանափակման նկատմամբ արդյունավետ վերահսկողությունը:

Նախագծով առաջարկվում է հանել վարչական դատավարության համակարգին օտար այն կարգավորումները, որոնք բնորոշ են քաղաքացիական դատավարությանը, վարչական դատարանները բեռնաթափել իրենց ոչ բնորոշ լիազորություններից, օրինակ, վճարման կարգադրություն արձակելուց:   Առաջարկվում են լայնածավալ, սկզբունքային փոփոխություններ, որոնք վերաբերում են, մասնավորապես, ի պաշտոնե քննության սկզբունքի հստակեցմանը, դատարանի պարզաբանման և մատնանշման պարտականության ներդրմանը,  վիճարկման հայցի պարագայում վարչական ակտի ավտոմատ կասեցմանը, միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործերի ընդդատությանը, հայցի ապահովման ինստիտուտի ներդաշնակեցմանը:

6) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը սույն թվականի փետրվարի 28-ին ՀՀ կառավարության կողմից արժանացել են հավանության և ներկայացվել են ՀՀ ԱԺ քննարկմանը: Ներկայումս նախագծերը ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով՝ 2-րդ ընթերցման:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի սահմանում արտագնա դատական նիստերի անցկացման հիմքերը, կարգը, արտագնա դատական նիստ նշանակելու մասին որոշմանը ներկայացվող պահանջները:  

 7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը դրվել են շրջանառության մեջ: Իսկ սույն թվականի փետրվարի 20-ին նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն: Ներկայումս դրանք լրամշակվում են և կրկին կներկայացվեն ՀՀ կառավարություն:

Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա դատավորների միջև գործերի բաշխման արդյունավետ և թափանցիկ համակարգ: ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հաստատել է դատարաններում գործերի բաշխման պատահական ընտրության կարգ, որը, սակայն, լիարժեք չի ամրագրում գործերի բաշխման օբյեկտիվ չափանիշները:

Նախագծով առաջարկվում է ներդնել գործերի բաշխման այնպիսի մի համակարգ, որի պարագայում հնարավոր կլինի գործերի բաշխումն իրականացնել օրենքով նախապես որոշված հստակ չափանիշների հիման վրա` բացառելով սուբյեկտիվ մոտեցումները: Ընդ որում, այն պետք է գործի համակարգչային հատուկ ծրագրի միջոցով` հնարավորինս բացառելով մարդկային միջամտությունը:

 8) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և դրան կից «Դատական ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը դրվել են շրջանառության մեջ: Կարծիքները ստացվել են և ներկայումս ամփոփվում են:

Առաջարկվող նոր կարգավորումներն ուղղված են դատական իշխանության ինքնակառավարման մարմինների նոր համակարգի ձևավորմանը: Առաջարկվում է ստեղծել դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման նոր մարմին՝ Դատավորների խորհուրդ, որը կապահովի բոլոր դատավորների մասնակցությունը դատական իշխանությանը վերաբերող էական հարցերի լուծմանը՝ ներդնելով դատավորների ինքնակառավարման առավել արդյունավետ մոդել:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է նաև տարանջատել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական տույժի վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտներին: 

 9) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը դրվել է շրջանառության մեջ և ներկայումս ստացված կարծիքների հիման վրա լրամշակվում է:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը հատուկ կարգավորումներ չի նախատեսում դատական վիճակագրության վարման առումով: Գործնականում  դատական վիճակագրության վարման և հրապարակման գործառույթը իրականացնում է դատական դեպարտամենտը: Սակայն գոյություն չունի որևէ օրենսդրական կարգավորում, որը կսահմանի դատական վիճակագրության տվյալները հանրությանը մատչելի դարձնելու պարտադիր պահանջ և կնախատեսի հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների պարտադիր նվազագույնը:

 Նախագծով առաջարկվող կարգավորումը նպատակ ունի օրենսդրորեն ամրագրել դատական իշխանության գործունեության վերաբերյալ տվյալների թափանցիկության ապահովման պահանջը՝ այն դիտարկելով որպես հանրության առջև հաշվետվողականության, դատական համակարգի գործունեության որակի մասին դատողություններ կատարելու և դատական իշխանության գործունեության արդյունավետության բարձրացման ոլորտում պետական քաղաքականության իրականցման կարևորագույն երաշխիք: Նախագիծը նախատեսում է վիճակագրական տեղեկատվության հավաքագրման նվազագույն պահանջները, ժամկետները, դրանց հրապարակման և տարածման կարգը: