26/04/2016

ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 141-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 141-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«25» ԱՊՐԻԼԻ 2016 Թ.                                                      ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1917-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի N 16 արձանագրային որոշման մեջ լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ հաստատված  հավելվածը`

 

    Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգը՝ համաձայն հավելվածի։   

 

 

 

      ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ                                              

 

 

 

 

 

 

 

 

 

           Հավելված

 Հայաստանի Հանրապետության

 արդարադատության նախարարի

2016 թ. ապրիլի 25-ի  N 141-Ա հրամանի

 

 

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԿԻՑ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.  Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարին կից հասարակական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) խորհրդակցական մարմին է: 

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

2. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն է (այսուհետ` Խորհրդի նախագահ): 

3. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Խորհրդի նախագահը: Խորհրդի կազմում ընդգրկվում են առնվազն 15  անդամներ: Խորհրդի անդամների առավելագույն  թվաքանակը հաստատվում է Խորհրդի նախագահի կողմից:

4. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ  շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, արդարադատության ոլորտում (այսուհետ՝ ոլորտ) ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել  կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի,  փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն  ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են արդարադատության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով  համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և  նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են (դրամաշնորհ կամ ծառայությունների մատուցում՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն) ստանում Նախարարությունից:

Խորհրդի նախագահը, ելնելով Նախարարության  գործունեության առանձնահատկություններից, կարող  է Նախարարության կողմից ֆինանսավորվող  կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա, որը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:

Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպություններին Խորհրդում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են Խորհրդում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխելու դիմում ներկայացնել Նախարարություն, եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատակարգի (այսուհետ՝ Աշխատակարգ) 4-րդ կետով նախատեսված պահանջներին:

5. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով սույն Աշխատակարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող  անձինք և կազմակերպությունները Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարության հիման վրա, հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետներում դիմում  են ներկայացնում Խորհրդի նախագահին` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվի սույն Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:

6. Խորհրդի նախագահը Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին՝ հնգօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին: Խորհրդի նախագահի որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում:  Խորհրդի նախագահը Աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող անձանց և կազմակերպությունների դիմումները քննարկում և որոշում է կայացնում՝ հաշվի առնելով Խորհրդի անդամների առավելագույն թվաքականը պահպանելու անհրաժեշտությունը:

7. Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակի համալրման անհնարինության դեպքում Խորհուրդը կազմավորվում է սույն Աշխատակարգի 4-րդ կետի պահանջներին բավարարող անձանց փաստացի թվաքանակով: Խորհրդի լրացման նպատակով Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է նոր հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց:

8. Երկու տարին մեկ անգամ Խորհրդի անդամների մեկ երրորդը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ հաշվի առնելով Աշխատակարգի 3-րդ կետով նախատեսված՝ Խորհրդի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով Նախարարության պաշտոնական կայքէջում Խորհրդի գործունեության 2 տարին լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Խորհրդի նոր անդամների համալրման նպատակով հրապարակվում է հայտարարություն: Ռոտացիայի արդյունքում Խորհրդի անդամների նվազագույն թվաքանակը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է Խորհրդում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվաքանակի համամասնությամբ:

 Խորհրդում նոր անդամների համալրման նպատակով հրապարակված հայտարարության հիման վրա դիմում չներկայացնելու դեպքում ռոտացիա չի կիրառվում և հետագայում ռոտացիայի կիրառման նպատակով Նախարարության պաշտոնական կայքջում հրապարակվում է հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակման պահից 2 ամիս անց:

Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս եկած անդամը կարող է Խորհրդում ընդգրկվելու նպատակով դիմում ներկայացնել Խորհրդի կազմից դուրս գալուց 2 տարի անց:

9. Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն անձին կամ կազմակերպությանը, որի գործունեությունը առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցչությունների ներգրավվածությունը:  Խորհրդում նոր անդամի ընդգրկումը կատարվում է սույն Աշխատակարգի 5-րդ կետով նախատեսված կարգով:

10. Խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով անձի կամ կազմակերպության ներկայացրած դիմումի  մերժումը պետք է պատշաճ կարգով հիմնավորվի Խորհրդի նախագահի կողմից:

11. Խորհրդի նախագահը կարող է իր նախաձեռնությամբ Խորհրդի նվազագույն կազմից բացի որպես Խորհրդի լրացուցիչ անդամ ընդգրկել այլ շահագրգիռ անձի վերջինիս համաձայնությամբ, եթե գտնում է, որ տվյալ անձի մասնակցությունը կարող է էական նշանակություն ունենալ Խորհրդի ընթացիկ աշխատանքների համար: Խորհրդի անհատական կազմում լրացուցիչ անդամ ընդգրկելու վերաբերյալ Խորհրդի նախագահը կայացնում է պատճառաբանված որոշում:

12. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն երեք ամիսը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի նախաձեռնությամբ` ելնելով տվյալ ոլորտում առկա խնդիրների լուծման հրատապության անհրաժեշտությունից:

13. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին:

14. Խորհրդի նիստերը նախագահում և վարում է Խորհրդի նախագահը կամ նրա  կողմից լիազորված անձը: Խորհրդի նիստերը բացառիկ դեպքերում կարող է վարել նախարարի տեղակալը: 

15. Խորհրդի անդամներից բացի, Խորհրդի նիստերին Խորհրդի նախագահի կամ Խորհրդի անդամների կեսից ավելիի համաձայնության դեպքում կարող են հրավիրվել Խորհրդի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետող տվյալ Նախարարության աշխատողները, Նախարարության հասարակայնության հետ կապերի համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցները, այլ նախարարությունների ներկայացուցիչներ, պետական մարմինների աշխատակիցները և օրակարգում քննարկվող հարցերին առնչություն ունեցող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք:

16.  Խորհրդի նիստերը դռնբաց են:

 

 

     III. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

17. Խորհրդի նիստերն անցկացվում են Խորհրդի նախագահի կողմից հաստատված օրակարգով:  Խորհրդի օրակարգը ձևավորվում է Խորհրդի  նախագահի և կամ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Խորհրդի նախագահը որոշում Է Խորհրդի նիստի անցկացման օրը, վայրը և ժամը: Խորհրդի նիստերի անցկացման մասին անդամները ծանուցվում են նիստից առնվազն քսան օր առաջ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ Խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար կարող Է այն ներկայացնել նիստից առնվազն տաս օր առաջ` այդ մասին տեղեկացնելով Նախարարության աշխատակազմին՝ կցելով անհրաժեշտ նյութերը:

18. Խորհրդի օրակարգում նշվում են`

1) Խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը

2) Խորհրդի նիստում քննարկման ենթակա հարցերի շրջանակը:

19. Խորհրդի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Խորհրդի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

20. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն և քարտուղարությունն իրականացնում է Նախարարության աշխատակազմի հասարա­կայնության հետ կապերի համար պատասխանատու ստորաբաժանումը:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԲՆՈՒՅԹԸ, ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Խորհուրդը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ: Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է Նախագահողի ձայնը:

22. Խորհրդի նիստի արձանագրության մեջ նշվում է`

1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող խորհրդի անդամների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տվյալները.

4) քննարկվող հարցերի  և ելույթների հիմնական դրույթները.

5) նիստին մասնակցող խորհրդի անդամների ներկայացրած հանրային առաջարկները, դիտողությունները և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները.

6) ընդունված որոշումները՝ ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

23. Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրում է նիստը նախագահողը և  նիստի արձանագրությունը կազմող աշխատակիցը` նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

24. Խորհրդի աշխատանքների հետ կապված ծանուցումները և տեղեկատվության փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` խորհրդի անդամների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներով:

25. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Նախարարության աշխատակազմում և հրապարակվում Նախարարության պաշտոնական կայքէջում Խորհրդի նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում:

26. Խորհրդի նիստը նախագահողի որոշմամբ կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում Խորհրդի նիստի արձանագրության մեջ:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՆԱԽԱԳԱՀՈՂԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

27. Խորհրդի նախագահը`

1) վարում է Խորհրդի նիստերը.

2) հաստատում է Խորհրդի օրակարգը և ստորագրում Խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) որոշում է Խորհրդի նիստերին հրավիրվող այլ անձանց կազմը.

4) ընտրում և հաստատում է Խորհրդի կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

28. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) ներկայացնել հարցեր՝ Խորհրդի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնել կարծիք՝ Խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի շուրջ.

3) մասնակցելու քվեարկությանը.

29. Խորհրդի անդամը պարտավոր է մասնակցել Խորհրդի նիստերին:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

30. Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է `

1) Խորհրդի անդամի  դիմումի հիման վրա.

2) Խորհրդի նիստերին երեք անգամ անհարգելի բացակայելու դեպքում.

3) Ռոտացիայի արդյունքում Խորհրդի կազմից դուրս գալու դեպքում.

4) Խորհրդի անդամին առաջադրվող պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ նոր փաստերի առկայության դեպքում.

5) Խորհրդի կազմում ընդգրկված կազմակերպության լիազոր ներկայացուցչին փոխելու և կազմակերպության կողմից ներկայացված նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ դիմումը բավարարելու դեպքում:

31. Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ:

32. Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվում է Խորհրդի նախագահի պատճառաբանված որոշմամբ, որը հնգօրյա ժամկետում առաքվում է տվյալ անձին կամ այն կազմակերպությանը, որին անդամակցում է տվյալ անձը: Սույն Աշխատակարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով Խորհրդի կազմում անդամությունը դադարեցվելու դեպքում տվյալ անձը երկու տարի ժամկետով զրկվում է Խորհրդի կազմում ընդգրկվելու իրավունքից:

 

VII. ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

33. Խորհրդի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են Խորհրդի բոլոր անդամներին վերջիններիս ցանկությամբ հնգօրյա ժամկետում, իսկ Խորհրդի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են Նախարարության պաշտոնական կայքէջում:

34. Խորհրդի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը խորհրդի անդամներին ապահովում է քարտուղարությունը: 

35. Խորհրդի գործունեության տարեկան հաշվետվությունը մինչև մյուս տարվա հունվարի 20-ը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում: