Հաշվետվություն Մաս 4․ Քրեակատարողական համակարգ

30/04/2021

2020 թվականի ընթացքում մի շարք հաջողություններ են գրանցվել Հայաստանի քրեակատարողական համակարգում։

• «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ է արձանագրվել։ Վերջին 9 տարիների համեմատությամբ 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ից սկսած՝ մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի դեպքում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում: 

• Բարելավվել են քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանները․ աշխատանքները կատարվել են բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։

• Լուծվել է տարիներ շարունակ ամենազգայուն խնդիրներից մեկը համարվող` սննդի հարցը։ Սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին, որի արդյունքում ներկա դրությամբ բոլոր ՔԿՀ-ներում գործում է սննդի ապահովման նոր համակարգ։

• Շուրջ 30 տոկոսով բարձրացվել է  քրեակատարողական ծառայողների աշխատավարձերը։ Արդյունքում հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները։

• Հետևողական միջոցներ են ձեռնարկվել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ոլորտում։ Քրեական ենթամշակույթի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվել են տեղեկատվական բազաներ և մշակվել գործողությունների ծրագիր։  Բարեփոխումները շարունակվում են։