Քննարկում` «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
28/03/2025

Դեռևս 2025 թվականի մարտի 20-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդես էր եկել տեսաուղերձով, որտեղ ներկայացրել էր լայն քննարկման առարկա դարձած Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախատեսող օրենքի նախագծի մշակման հիմնական նպատակը, և բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են նախագծի հետագա ընթացքով, հրավիրել էր մասնակցելու Արդարադատության նախարարության կողմից կազմակերպվող հանրային քննարկմանը:
Նշվածի լույսի ներքո 2025 թվականի մարտի 27-ին Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորությամբ տեղի ունեցավ նախագծի հանրային քննարկումը` պետական մարմինների և փաստաբանների մասնակցությամբ:
Հանրային քննարկման մասնակիցների կողմից բարձրացված հիմնական մտահոգություններն էին`
-
Նախագծի ընդունման արդյունքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ օրինակ դրամական պահանջ նախատեսող վարչական ակտը՝ տուգանքի մասին որոշումը վիճարկվի, դատարանը իր հերթին հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովման միջնորդությունը չբավարարի և այն ենթակա լինի հարկադիր կատարման:
-
Փոփոխությունն ազդելու է վարչական դատարանի ծանրաբեռնվածության վրա և հանգեցնելու է նրան, որ գործերի քննության ժամկետներն ավելի երկարաձգվեն:
-
Կարող է ձևավորվել հակասական պրակտիկա հայցի ապահովման միջնորդությունների բավարարման կամ մերժման առումով:
-
Վարչական մարմինների վրա դրված բեռը և պատասխանատվությունը դրվում է հայցվորի վրա:
-
Նախագծի կարգավորումները կարող են նսեմացնել վարչական դատարանի դերը, ստեղծելով իրավիճակ, երբ վերադասության կարգով բողոքարկման դեպքում վարչական ակտի գործողությունը կասեցվելու է, իսկ վարչական դատավարության դեպքում այդ հարցը պետք է լուծի դատարանը:
Ի պատասխան նշված մտահոգությունների` նախարարության ներկայացուցիչները շեշտեցին, որ`
-
Նախագծի նպատակը այն չէ, որ անձը, ով վիճարկում է տուգանքի մասին որոշումը, այն վճարի մինչև դրա դատական կարգով բողոքարկումը: Ներկայումս արդեն իսկ օրենսդրությամբ և դատական պրակտիկայով նախատեսված է, որ հարկադիր կատարումը հնարավոր է միայն անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա, իսկ ակտը դառնում է անբողոքարկելի` կա՛մ բողոքարկման ժամկետը ավարտվելուց հետո, կա՛մ եթե բողոքարկվել է` դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո։
-
Կատարողական վարույթ հարուցվում է միայն անբողոքարկելի դարձած վարչական ակտի հիման վրա և վերջերս Վճռաբեկ դատարանը իր որոշումներից մեկում նույնպես ամրագրել է, որ վարչական ակտը համարվում է անբողոքարկելի, երբ սպառվում են այն վարչական կամ դատական կարգով բողոքարկելու ժամկետները:
-
Նախագծով Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը տարիների ընթացքում այնպես է փոփոխվել և վարչական ակտի կասեցումից բացառությունների ցանկը այնքան է ընդլայնվել, որ հոդվածը կորցրել է իր տրամաբանությունը:
-
Նախագիծն ուղղված է պաշտպանելու հանրային շահերը այն դեպքում, երբ անձն անբարեխիղճ կերպով փորձում է չարաշահել իր դատավարական իրավունքները, ինչի արդյունքում կասեցվում են այնպիսի ակտեր, որոնք ուղղված են, օրինակ` շրջակա միջավայրի պաշտպանությանը, անձանց առողջության պահպանմանը, սննդի անվտանգության ապահովմանը, քաղաքաշինական գործունեության ապահովմանը և հանրային շահով պայմանավորված նմանատիպ այլ ոլորտներին:
-
Դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելումն ինքնին կարող է հանգեցնել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը` բացառելով անհիմն հայցերի ներկայացումը դատարան: Միաժամանակ, նախարարության ուշադրության կենտրոնում է գտնվում վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու հարցը:
-
Նախագիծը ոչ մի դեպքում չի կարելի ընկալել, որպես դատավորների կարգավիճակի նսեմացում, այլ հակառակը, նախագծով նման կարևոր գործառույթը վստահվում է հենց դատավորներին, որոնք յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է գնահատեն դրա կիրառման անհրաժեշտությունը:
-
Սահմանված են մի շարք երաշխիքներ անձանց իրավունքների պաշտպանության համար, այդ թվում` հայցի ապահովման միջոց կիրառելը մերժելու դեպքում այն հնարավոր կլինի բողոքարկել:
-
Նախագիծն ավելի է բարձրացնելու վարչական մարմինների և ընդհանուր առմամբ պետության պատասխանատվության մակարդակը և ստիպելու է ավելի լուրջ մոտենալ վարչարարությանը, քանի որ արդեն իսկ կատարված, բայց հետագայում անվավեր ճանաչված ակտերի դեպքում պետությունը ստիպված է լինելու հատուցել անձին պատճառված վնասները: