ԱՆ իրավաբանական ինստիտուտի մասնաշենքը նորոգման վերջին փուլում է. Արմնյուզ

29/05/2014

Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը 2015-ին կունենա ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող բարեկարգ ուսումնական շենք: Նախարարության հատուկ` քրեակատարողական ու դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները վերապատրաստման դասընթացներ կանցնեն Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում: 

Այս տարի շահագործման են հանձնվել կենտրոնի նկուղային ու առաջին հարկերը: Վերանորոգման աշխատանքների ընթացքին Արդարադատության նախարարն է հետեւում: Մինչեւ սենյակներով անցնելը` շնորհավորանք Առաջին հանրապետության օրվա առիթով: Հովհաննես Մանուկյանն ուսումնական կենտրոն է եկել ոչ թե լավն արձանագրելու, այլ ինչպես ինքն ասաց` թերությունները տեսնելու: 

Ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ, մարզադահլիճ, հրաձգային վարժասարք ու փակ հրաձգարան` մարտական զենքով կրակելու համար: Առաջինը նախարարն է փորձում` հետո լրագրողները: Հաղթողները նաեւ պարգեւատրվում են: 

Ինչպե՞ս աշխատել ազատազրկվածների հետ: Այս ուսումնական պատժախուցը կօգտագործվի Նախարարության ծառայողներին վերապատրաստելու համար: Ազատազրկվածների փոխարեն` դերասաններ կլինեն:

Գիշերակացով ուսումնական կենտրոնում վերապատրաստում եւ ուսուցում կարող են անցնել 30 ծառայողներ: Նախատեսված է 60 ակադեմիական ժամ` վերապատրաստման համար, նույնքան` հատուկ ուսուցման: