Պրոբացիայի ծառայություն


 ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Ծառայության նպատակներն են`

1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովման միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ` նաև նրանց ֆիզիկական ու հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրանց դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

      3) հասարակության անվտանգության ապահովումը` կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.      

      4) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցումը.  

      5) քրեական արդարադատության իրականացմանն աջակցությունը:

  1.  Ծառայության խնդիրներն են՝

1) քրեական վարույթի ընթացքում «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորումը` գնահատելով ռիսկերն ու հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները.

4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը.

5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը.

6) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը:


ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության կանոնադրություն