Քննարկվել են Հայաստանի և Իրանի արդարադատության ոլորտներում համագործակցությունը խորացնելուն վերաբերող հարցեր

22/12/2015

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

 Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ իր գործունեությամբ Սեյեդ Քազեմ Սաջադին կնպաստի հայ-իրանական առկա բարեկամական հարաբերությունների խորացմանը:

 ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների փոխանակմանը, արդարադատության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, իրավական փոխօգնության հետագա զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ այցելություններ կազմակերպելուն վերաբերող  մի շարք հարցեր: