Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

01/04/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկի գլխավորած պատվիրակությանը:

 Արփինե Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել Արդարադատության նախարարության գերակա ծրագրերը, սահմանադրական բարեփոխումներից հետո իրավական ակտերում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն ու դրա շուրջ շահագրգիռ կողմերի հետ ընթացող հանդիպումների արդյունքները:

 Կողմերը նաև անդրադարձել են ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող ծրագրերին: 

Մարտինա Քուիկը շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ վերջին տարիներին հայ-շվեդական հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են և մտել որակական նոր փուլ:

 Հանդիպման ավարտին կողմերը փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել: