Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին

11/04/2016

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող/ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, այլք:

Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ ներկայիս փոխգործակցությունը և նշել, որ այժմ էլ կառույցները համագործակցում են Մարդու իրավունքների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրի, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգրքի նախագծի համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են էլեկտրոնային քվեարկության մեխանիզմի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՄԱԿ-ի գործընկերների հետ ստեղծած հանձնախմբի աշխատանքներին, ընտրական գործընթացն առավել վստահելի դարձնելուն ուղղված մի շարք հարցերի:

Ջեֆրի Ֆելթմանը շնորհակալություն է հայտնել նախարարին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ ակտիվ համագործակցության և նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ աշխատանքները հնարավորինս թափանցիկ և ներառական կազմակերպելու համար: