Արդարադատության նախարարն ընդունել է Իրանի Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահի գլխավորած պատվիրակությանը

13/07/2016

 ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 13-ին ընդունել է եռօրյա այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ  Նասեր Սարաջիի գլխավորած պատվիրակությանը:

 Արփինե Հովհանիսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը Իրանի հետ ունի բարձր մակարդակի բարեկամական հարաբերություններ, և որ երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունը թևակոխել է խորացման ու զարգացման նոր փուլ:

 ԻԻՀ Վերահսկողության գլխավոր կազմակերպության նախագահ  Նասեր Սարաջին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել այս տարվա մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Իրանի արդարադատության նախարար Մոստաֆա Փուրմոհամադի՝ Արփինե Հովհաննիսյանին ուղղված հրավերը՝ փոխադարձ այցով Իրանում գտնվելու վերաբերյալ:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանակմանն ու իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր: