Անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը
05/09/2016
Սեպտեմբերի 5-ին ՀՀ արդարադատության նախարարությունում անցկացվել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը, որին մասնակցել է թեստավորման փուլը հաղթահարած 7 թեկնածու:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանն առաջին փուլը հաղթահարած յոթ դիմումատուներին ներկայացրել է նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների, լուծման փուլի ընթացակարգը: Արսեն Մկրտչյանը, տեղեկացրել է նաև, որ այս տարի նոտարների որակավորման ստուգման գործընթացում կիրառվում է նոր մեթոդ, այն է՝ քննությունն անցկացվում է դիմորդների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Որակավորման ստուգման երկրորդ փուլի ընթացքում թեկնածուներին տրվել է տասը խնդիր, որոնք վերաբերել են ժառանգության, գույքի վարձակալության, անշարժ գույքի փոխանակության, անշարժ գույքի առքուվաճառքի և հիփոթեքի, կառավարվող բազմաբնակարան շենքից անշարժ գույքի գնման իրավունքի պայմանագրերին առնչվող ոլորտներին և այլն:
Նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվեն հնգօրյա ժամկետում: