Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին փուլը
27/10/2016
Հոկտեմբերի 27-ին մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին մասնակցել է 34 դիմումատու: Առաջին խմբի թեկնածուների թեստավորումը մեկնարկել է 10:00-ին, իսկ երկրորդ խմբինը՝ 15:00-ին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վիգեն Քոչարյանը, հաջողություն մաղթելով մասնակիցներին, ներկայացրել է թեստավորման ընթացակարգը և նշել, որ ՀՀ արդարադատության նախարարության նոտարների որակավորման ստուգման հանձնաժողովի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության կայքում նախապես հրապարակվել է թեստի նմուշը և հարցաշարը: Թեստերում ներառված հարցերը վերաբերել են՝ ՀՀ Սահմանադրությանը, «Նոտարիատի մասին», ՀՀ Քաղաքացիական օրենսգրքին, ինչպես նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ թեստը բաղկացած է հարյուր հարցից և անցողիկ միավորը ութսունն է. յուրաքանչյուր հարցին ճիշտ պատասխանելու դեպքում դիմորդը կստանա մեկ միավոր, սխալ պատասխանի, կամ մեկից ավելի պատասխաններ նշելու դեպքում նշված հարցի համար դիմորդը կստանա զրո միավոր:
Կից ներկայացնում ենք նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը հաղթահարած անձանց ցանկը: