Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

27/09/2017

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարար Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան միջև համագործակցությունը և իր գոհունակությունը հայտնել Իրանի օրենսդիր մարմնի կողմից «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դատապարտյալների փոխանցման մասին» կնքված համաձայնագիրը վերջերս վավերացնելու փաստի առնչությամբ՝ վստահեցնելով, որ այն նոր որակ կհաղորդի իրավական ոլորտի ներկայիս համագործակցությանը:

Դեսպանը նախարարին է փոխանցել ԻԻՀ արդարադատության նախարարի ողջույնն ու բարեմաղթանքները և ընդգծել, որ նշված սերտ համագործակցությունը երկու երկրների բարեկամական և խորը հարաբերությունների արդյունքն է, որին նպաստում են Իրանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցերը:

Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանը անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին ու քննարկել ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորությունը: