Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ազդարարման համակարգի ներդրման վերաբերյալ հանրային քննարկում

13/10/2017

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել  «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի  վերաբերյալ հանրային քննարկում: Միջոցառումն անցկացվել է Մեծ Բրիտանիայի կառավարության հետ համատեղ իրականացվող  «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի շրջանակում:

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են  ենթաօրենսդրական ակտերի, մասնավորապես՝   «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» և «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը հաստատելու, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Սուրեն Քրմոյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է  հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում մշակվող նախագծերին, վերահաստատել  Արդարադատության նախարարության՝ հասարակական կազմակերպությունների և բոլոր շահագրգիռ կողմերի հետ ակտիվ և արդյունավետ  համագործակցության պատրաստակամությունը և նշել որ նման հանդիպումները ՀԿ-ների հետ շարունակական բնույթ կկրեն:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները ՀԿ-ների ներկայացուցիչներին են ներկայացրել նաև ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և արձանագրել քաղհասարակության ներկայացուցիչների առաջարկությունները:

Հիշեցնենք, որ «Աջակցություն ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագիրը կնպաստի ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության արդյունավետ իրագործմանը և հնարավորություն կընձեռի ներդնել ազդարարների պաշտպանության մասին օրենքից բխող ենթաօրենսդրական կարգավորումները, ինչպես նաև բարձրացնել քաղաքացիական հասարակության և հանրային իրազեկվածության մակարդակն ազդարարների պաշտպանության ոլորտի վերաբերյալ: