Սուրեն Քրմոյան. «Ազդարարման էլեկտրոնային հարթակը կնպաստի կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը»
10/11/2017
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հանրային քննարկում:
Հանդիպմանը ներկա են եղել պետական և հասարակական կազմակերպությունների շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչներ:
Սուրեն Քրմոյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ նրանց ներկայացված ենթաօրենսդրական ակտի նախագիծը բխում է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջից և էապես նպաստելու է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը:
Հանրային քննարկման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը քննարկման մասնակիցներին առավել մանրամասն ներկայացրել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը: Ըստ դրա՝ հարթակը կոռուպցիոն հանցագործությունների և այլ բնույթի խախտումների մասին իրազեկ անձին հնարավորություն է տալու հայտնել դրանց մասին համապատասխան իրավասու պետական մարմնին ներքին և արտաքին ազդարարման միջոցով, ինչպես նաև մուտք գործելով ազդարարման էլեկտրոնային հարթակ, ընտրել բաց տվյալներով ազդարարման և անանուն եղանակով ազդարարման ռեժիմները: Վերջինիս ընտրության դեպքում՝ ներդրվող էլեկտրոնային լուծումները երաշխավորելու են ազդարարող անձի տվյալների բացահայտման անհնարինությունը:
Հաջորդիվ, ներկայացված նախագծի վերաբերյալ տեղի է ունեցել հարց ու պատասխան: