Ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը շարունակվում է

21/05/2018

Կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը բարձրացնելու նպատակով Հայաստանի ողջ տարածքում շարունակվում է ՀՀ արդարադատության նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության համատեղ ջանքերով իրականացվող ազդարարման համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավը:

Հանրային իրազեկման արշավի նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը «Ազդարարման մասին» ՀՀ օրենքի, դրանով կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հայտնող անձանց համար նախատեսված երաշխիքների, անանուն ազդարարման հնարավորության մասին: Իրազեկման արշավի շրջանակներում Հանրապետության միջպետական ճանապարհներին և Երևան քաղաքում փակցվել են ազդարարումը խրախուսող պաստառներ:

Միաժամանակ, ազդարարման նկատմամբ դրական վերաբերմունք սերմանելու  նպատակով նկարահանվել են հոլովակներ՝ հայտնի անձանց և ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս ցուցադրվում են հանրապետական ծածկույթ ունեցող հեռուստաալիքներով: Հոլովակները կարելի է գտնել հետևյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UCcrqLoMYdRoCILvbBTssGlA/videos