Կայացել է Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի ամփոփման միջգերատեսչական կոմիտեի հանդիպումը

12/06/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր մասնակցել է Հայաստան–Եվրոպայի խորհուրդ 2015-2018 թվականների գործողությունների ծրագրի ամփոփիչ հանդիպմանը:

Իր ելույթում Վիգեն Քոչարյանը շնորհակալական խոսք է հղել ԵԽ գործընկերներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ԵԽ երևանյան գրասենյակն առանցքային գործընկեր է Արդարադատության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված բոլոր բարեփոխումների համար:

Փոխնախարար Քոչարյանը նշել է, որ ազգային մակարդակում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների արդյունավետ կիրառումը կարևոր օրախնդիր է Հայաստանի համար, որի ուղղությամբ Արդարադատության նախարարությունն իրականացրել է ծավալուն օրենսդրական աշխատանքներ: Փոխնախարարը միաժամանակ կարևորել է առկա օրենսդրական գործիքակազմի արդյունավետ կիրառման հմտությունների և հնարավորությունների զարգացումը՝ ընդգծելով այդ համատեքստում ևս ԵԽ գործընկերների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

Իր խոսքում փոխնախարար Քոչարյանն անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան քաղաքացիների բողոքների խնդրին, քրեական արդարադատության ոլորտում նոր օրենսդրական փոփոխությունների ընթացքին, խափանման միջոցների կիրառման հետ կապված հարցերին, կորուպցիայի դեմ պայքարին, ընտանեկան բռնության մասին ՀՀ օրենքով նախատեսված մեխանիզմների իրագործման, ինչպես նաև Անձնական տվյալների պաշտպանության գործակալության ինտիտուցիոնալ կայացման և կարողությունների զարգացման անհրաժեշտություններին:

Վիգեն Քոչարյանը վստահեցրել է, որ առկա են բոլոր նախադրյալները համագործակցության մեծ ներուժն իրացնելու 2019-2022 թվականների Հայաստան-ԵԽ նոր գործողությունների ծրագրի շրջանակներում :