Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
14/06/2018
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 14-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան միջև համագործակցությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը վճռական է զարգացնելու հարաբերությունները Իրանի հետ:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել, որ ներկայիս սերտ և զարգացող համագործակցությունը երկու երկրների բարեկամական հարաբերությունների արդյունքն է:
Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարն ու դեսպանն անդրադարձել են ՀՀ-ում պատիժը կրող իրանցի դատապարտյալներին Իրան փոխանցելու հարցին, երկու երկրների միջև իրավական ոլորտում համագործակցությունն առավել խորացնելուն ուղղված աշխատանքներին, Հայաստանի և Իրանի օրենսդրությունը ուսումնասիրելու նպատակով դատավորների, իրավաբանների համար դասընթացներ կազմակերպելու և ՀՀ արդարադատության նախարարի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարվելիք այցի հնարավորություններին: