Փոխնախարար Քրմոյանն ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին

08/10/2018

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Ատլանտայի հանրային պաշտպանի գրասենյակի տնօրենի տեղակալ Լուանա Ուոլշին: Հանդիպումը կայացել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և  Ամերիկյան խորհուրդների ֆինանսավորմամբ իրականացվող Professional Fellows Program ծրագրի շրջանակում:

Ողջունելով հյուրին Արդարադատության նախարարությունում՝ փոխնախարար Քրմոյանը ներկայացրել է վերականգնողական արդարադատության ներդրման ուղղությամբ Նախարարության կողմից կատարվող աշխատանքները և այդ համատեքստում շնորհակալություն է հայտնել փորձով փոխանակվելու պատրաստակամության համար: 

Հանդիպման ընթացքում Լուանա Ուոլշը ներկայացրել է Ատլանտայում կիրառվող վերականգնողական արդարադատության համակարգը, կրկնահանցագործությունների նվազեցմանն ուղղված և իրավախախտում կատարած անձանց վերասոցիալականացման նպատակով իրականացվող գործընթացները, որոնք ըստ կիրառության բաժանվում են տարբեր փուլերի՝ նախքան ձերբակալությունը, նախքան մեղադրանքի առաջադրումը, մեղադրանքի առաջադրումից հետո և ազատազրկումից հետո իրականացվող ծրագրերի:

Սուրեն Քրմոյանը նշել է, որ նոր օրենսդրության մշակման գործընթացում հիմք կընդունվի ներկայացված փորձառությունը ևս, ու ընդգծել, որ վերականգնողական արդարադատության համակարգի արդյունավետ ներդրումը պահանջում է շահագրգիռ մարմինների կողմից համատեղ ներգրավված աշխատանք:

Հանդիպման ավարտին կողմերն առաջիկայում ևս համագործակցության պատրաստականություն են հայտնել: