Ներկայացվել են ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումների վերաբերյալ անկախ փորձագիտական ուսումնասիրության արդյունքները

30/11/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի եզրափակիչ դիտարկումների վերաբերյալ անկախ փորձագիտական ուսումնասիրության միջմասնագիտական քննարկմանը: Այն իրականացվել է Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությանը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը, իրագործմանը և գնահատմանը ծրագրի շրջանակում:

Որպես Անչափահասների արդարադատության խորհրդի նախագահ՝ Սուրեն Քրմոյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և ընդգծել, որ խորհրդի ձևաչափով երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված հետևողական ջանքերը տալիս են իրենց տեսանելի արդյունքները: Նախարարի տեղակալը հատկապես կարևորել է երեխաների մասնակցությամբ կամ նրանց վերաբերող խնդրահարույց թեմաների լուսաբանման ժամանակ անձնական տվյալների պաշտպանության շրջանակում նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված խորհրդատվական որոշումների, ցուցումների հրապարակումը: Սուրեն Քրմոյանը հորդորել է քննարկման մասնակիցներին շարունակել համատեղ ջանքերով վերհանել անչափահասների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները և քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ: Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարն առաջարկել է խորհրդի շրջանակում ձևավորել անչափահասների իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտային շրջանակում մասնագիտացված փորձագետների շտեմարան, որոնք, ըստ հնարավորության և անհրաժեշտության, կներգրավվեն համապատասխան գործընթացներում:

Այնուհետև, ծրագրի շրջանակում ներգրավված անկախ փորձագետ Նարինե Սոլոմոնյանը քննարկման մասնակիցներին ներկայացրել է փորձագիտական ուսումնասիրության արդյունքները, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև: