Վիգեն Քոչարյանը մասնակցել է ԵԽ արդարադատության արդյունավետության եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

04/12/2018

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը դեկտեմբերի 3-ից 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական կոմիտեի (CEPEJ) 31-րդ լիագումար նիստին:

Արդարադատության արդյունավետության եվրոպական կոմիտեի նիստի շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդես է եկել ելույթով: Իր խոսքում Վ. Քոչարյանը նշել է, որ այս տարվա գարնանը Հայաստանի քաղաքացիները դուրս եկան փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու երազանքի երկիր կերտելու իրենց ցանկությունը, երկիր, որտեղ օրենքի գերակայությունը,  մարդու իրավունքները և ժողովրդավարությունը ոչ միայն խոսքեր են, այլ իրականություն: Վիգեն Քոչարյանն ընդգծել է, որ նոր իշխանության ձևավորումը Հայաստանում իրականացվել է Սահմանադրությանը համապատասխան և օրենքի գերակայության ու ժողովրդավարական կառավարման սկզբունքներին համահունչ:

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ իրական արդարադատության ապահովումը, դատական իշխանության անկախությունը, հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդումը, ինչպես նաև դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության վերականգնումը  Հայաստանի նոր կառավարության առաջնային օրակարգային հարցերից են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վ. Քոչարյանն անդրադարձել է նաև այս տարվա ապրիլին ուժի մեջ մտած նոր դատական օրենսգրքի կարգավորումներին, մշակման փուլում գտնվող 2019-2024թթ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին, ինչպես նաև արդարադատության ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին ու հետագա քայլերին՝ կարևորելով ԵԽ աջակցությունը բարեփոխումների գործընթացին: