Հասարակական կազմակերպությունների հետ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիրը

19/12/2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻՊ Գործողությունների ծրագրի համակարգող Վիգեն Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 18-ին անցկացվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրի վերանայման նպատակով հասարակական կազմակերպություններից ստացված առաջարկների վերաբերյալ քննարկում:
Նախարարի տեղակալ Քոչարյանը ողջունել է պետական մարմինների, միջազգային և հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը և նշել, որ ներկայացված ոլորտային առաջարկները, եթե չընդգրկվեն 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրում, ապա առաջիկայում կքննարկվի դրանց ներառումը 2020 թվականի Ծրագրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են արդարադատության, պաշտպանության, կրթության և սոցիալական ոլորտներում հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները: Համապատասխան գերատեսչությունների աշխատակիցներն անդրադարձել են նաև ՄԻՊ Գործողությունների ծրագրի առաջընթացին, ըստ ոլորտների առանձնացրել  ծրագրի ազդեցությունը, ինչպես նաև քննարկել ի հայտ եկող հնարավոր խոչընդոտներին և սպասվող մարտահրավերներին վերաբերող հարցեր: